«Մեծ մորս դաջվածքները». սպիները` որպես դաջվածք

Շվեդիայում ապրող և ստեղծագործող սփյուռքահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» (Grandma’s Tattoos) ֆիլմը օրերս ցուցադրվեց Al-Jazeera հեռուստաաիքով` իր նյութի բացառիկությամբ մեծ հետաքրքրություն առաջացնելով ու նաև աղմուկ բարձրացնելով` թուրքերի շրջանում: Tert.am-ը զրուցեց ռեժիսորի հետ հայ կանանց առեղծվածային դաջվածքներից, ցեղասպանությանը վերաբերող տաբու թեմաներից, թուրքական արձագանքից, շվեդական վերաբերմունքից, հայկական ինքնության մութ կողմերից: Պետք է կարծել, որ շատերիս համար նոր ու կարևոր բացահայտում կլինի, ոչ միայն աղմուկ հանած ֆիլմը, այլև դրա ռեժիսորը: 

Ռեժիսոր` Սյուզան Խարտալյան

Սյուզանը ի սկզբանե հետաքննող լրագրող է եղել և աշխատել է Փարիզում: Ունի նաև դիվանագետի կրթություն: 1985-ից փոխել է ուղղվածությունը` անցնելով վավերագրական կինոյին: Կարծում է, որ չնայած լրագրության ընձեռած ֆանտաստիկ պայմաններին, ոլորտն իր համար սահմանափակ էր` սեփական պատկերացումները և մտքերը զսպելու, անպայման չեզոք մնալու իմաստով: Ւնքն այն մարդն է, որ ցանականում է նաև իր տեսակետը տեղ հասցնել, և վավերագրական կինոն իր համար ամենալավ ոլորտն է համարում: 1988-ին նկարահանել է ցեղասպանության մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը`«Վերադարձ դեպի Արարատ»-ը (Back to Ararat), որը տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Շվեդիայում: «Մեծ մորս դաջվածքները» ցեղասպանության թեմայով Սյուզանի 3-րդ ֆիլմն է և 37-րդը` նրա ֆիլմոգրաֆիայում: Սյուզանն աշխատում է հիմնականում Եվրոպայում, բայց նրա արծարծած նյութերը, թեմաները վերաբերում են Միջին Արևելքին (շատ է աշխատել Ղազայի հատվածում` պաղեստինա-իսրայելական հակամարտության թեմայով) և Հարավ-Արևելյան Ասիային, մասնավորապես` Հնդկաստանին: Իր աշխատանքներում նա հիմնականում անդրադառնում է սոցիալական և քաղաքական թեմաներին: Ասում է, որ թեժ գոտիներում աշխատելով հանդերձ` միշտ նախընտրել է նկարահանել այն, ինչ ամեն օր հեռուստաալիքներով չես տեսնի: Իսկ ցեղասպանության թեման միշտ օրակարգային է նրա համար` և ոչ միայն Հայոց Եղեռնը: Լայն իմաստով՝ Սյուզանի օբյեկտիվի թիրախը անարդարությունն է: Ու թեև Խարտալյանի աշխատանքները ոչ ստանդարտ վավերագրական ֆիլմեր են, սակայն մինչև «Մեծ մորս դաջվածքները» նրա անձնականը այնքան ուժեղ ներկայացված չի եղել իր որևէ ֆիլմում:

Ինչու են հայերը ուրանում ցեղասպանությունը

Այսօր Սյուզանը այսպես է հիշում մեծ մորը (որի հետ ապրել է շուրջ 20 տարի), նրա ողբերգությունը ու ցեղասպանությունը` իրենց ընտանիքում. «Մենք ընտանյոք այնպես էինք արել, որ այդ բաժինը մեզ չի վերաբերիլ, ցեղասպանությունը մեր ընտանիքին չէ ըսած: Ամնեզիա է. ինքդ քեզ կպարտադրես ամնեզիա, սակայն հետո կհասկնաս, որ բոլոր ճիգերը անիմաստ էին: Այդ ամնեզիան ոչ միայն չի գործած, այլ ընդհակառակը ավելի ուժեղ ազդած է»: Խոստովանում է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել իր ընտանիքի պատմությունը ներկայացնել, ցանկացել է ուղղակի դիտարկել կանանց` ցեղասպանության համատեքստում: Իր պատմությունը ընդհանուր պատման մեջ ակամա է հայտնվել: 3 տարի է զբաղվել է այս ֆիլմով: Մեկ տարի նվիրել է միայն նյութի ուսումնասիրմանը: Խնդրո առարկայի շուրջ աշխատանքների բացակայությունը և տաբու լինելը անգամ մարդկանց հետ խոսելը մեծ դժվարությունների առաջ է կանգնացրել ռեժիսորին: Պատմում է, որ մարդիկ, չցանկանալով խոսել այս ցավոտ թեմայի շուրջ, որոշ դեպքերում ագրեսիվ են պահել իրենց, նույնիսկ պատահել է, որ դուրս են արել ռեժիսորին: «Ցեղասպանության մասին մարդիկ մեծ էնտուզիազմով կխոսին, բայց երբ կանանց մասին կհարցնիս, հիշողությունը կարծես կվերանա… Կա ամոթի և հանցավոր ըլլալու զգացում »,- մեկնաբանում է Խարտալյանը: Ըստ նրա` այդ «ուրացումը» ցեղասպանուոյունը «ժխտելու» մեր ձևն է. «Թուրքիայում ժխտումի պահ կապրին, մենք ալ մեր ձևով մերժումի պահ կապրինք` այս իմաստով: Եվ հասկանալի է: Կանանց բռնաբարումը ի՞նչ կնշնակե: Հասարակության ամենազգայուն խնդիրն է: Մինչև այսօր: Շվեդիո մեջ` իր ամբողջ մոդեռն կյանքով, կին մը, որ կբռնաբարվի, ամենե վատ բանն է, ու ևս կգործեն մարդկային զգացումները` ամոթի և հանցավոր ըլլալու, հակառակ անոր, որ դու չես հանցավորը»:

Արգելված ցուցադրություն

Խոսելով թուրքական արձագանքի մասին` հեղինակը նկատում է. «Ես իհարկե սպասում էի էսպիսի արձագանքի: Ինձի համար մի քիչ տարօրինակ էր երկար լռությունը: Ֆիլմը ցույց տրվելե ետք անդրադարձան: Իրենց համար ամենագրգռիչ բանը այս պարագայում այն էր, որ ֆիլմը ցույց տրվեցավ ալ-Ջազիրայով: Ալ-Ջազիրան 500 մլն հանդիսատես ունի»: Ամեն դեպքում, ռեժիսորը պատրաստ էր, քանի որ ցեղասպանության թեմայով իր առաջին ֆիլմը` «Վերադարձ դեպի Արարատը», 2 տասնամյակ առաջ, շատ ավելի հիսթերիկ արձագանքի է արժանացել թուրքերի կողմից` այն աստիճան, որ որտեղ ուզել են ցուցադրել, թուրքերը պաշտոնապես դիմել են և փորձել էին կանխնել: Հեղինակը գտնում է, որ այսօր նման բան Եվրոպայի մեջ անել հնարավոր չէ։ Թուրքրեը դիմել էին Շվեդիայի դեսպանատան մշակույթի կցորդին, թե այս ֆիլմը շատ վատն է, և պետք է ցույց չտալ: Պատասխանը միշտ նույնն է. «Մենք` շվեդացին/եվրոպացին, մեր թելեվիզիոնին մասին ասելիք չունենք: Ան ազատ է: Կկարծեմ, որ թյուրքերը ասիկա հասկցած են»: Բայց ամենազարմանալին այն է, որ բուռն արձագանքողներից շատերը, ըստ ռեժիսորի, նույնիսկ չեն էլ տեսել ֆիլմը: Հեղինակը կարծում է, որ տեսնլու դեպքում, ռեակցիան շատ ավելի վատը կլինի, բայց ինքը ոչինչ չի կարող անել, այդպիսին է իրականությունը:

Սիրելի տատիկ

Փորձելով պատասխանել հայազգի ռեժիսորների ցեղասպանությոանն անդրադառնալու «պարտքի» մասին մեր հարցին` Սյուզանը նկատեց, որ արտասահմանում ֆիլմը դիտելուց հետո իրեն այսպիսի հարց են տալիս. «Տատիկին չէիք սիրե: Իսկ հիմա սիրո՞ւմ եք»: «Զգացումները փոխելը մի քիչ դժվար է… Մի խոսք պիտի ըսեմ, որ կրնա տարօրինակ ըլլալ, այն պահին երբ իմացա, որ տատիկիս բռնաբարել են, շատ երկար տևեց իմանալս, կարծեք թե բռնաբարումի ակտն իմ դեմ կատարված էր: Այդ զգացողությունն ունեինք` ես, իմ քույրիկները, բոլորս: Ահավոր վիճակի մեջ էինք: Շոկ էր մեր ընտանիքի համար»: «Կկարծեմ, որ երբ պատմության դասագրքեն դեպք մը դուրս կգա և կվերաբերի քո ընտանիքին, հարազատներուն, արդեն ուրիշ տարողություն կստանա: Կենթադրեմ, որ ֆիլմը այս իմաստով մարդկանց շատ ավելի կհուզե: Պարտքի առումով չեմ գիտի»: Փոխարենը Սյուզանը գիտի, իր հստակ դիրքորոշումը ունի այն դեպքերի համար, երբ հայերն են ուրանում ցեղասպանությունը. «Ցեղասպանությունը մեր նկարագրի մաս կկազմի: Մեզ ուժեղացնող այն էլեմենտն է, որի հետ, եթե ճիշտ չվարվինք, կըրնա այդ պարագային լրիվ մեռացման տանիլ: Մերժումը, որ սկսել է նաև մեր մեջ սպրդիլ, թե` «Օ, նորմալ մարդ դառնանք այլևս…» Ես նորմալ մարդ եմ, սխալ բան չունեմ, բայց նաև գիտեմ, որ այն, ինչ իմ ընտանիքս, հայ մարդը ապրել է, մարդկության պատմությանը կպատկանի և մենք պիտի տեր կանգնինք դրան` իր ահավորությամբ հանդերձ»:

Back to Ararat

Սյուզանը իր վերջին ֆիլմի մի մասը նկարահանել է Երևանում: Ասում է, որ կուզեի շատ ավելի հաճախ լինել այստեղ. «Հայաստանը այն թելն է, որ ինձ կկապե իմ նախնիներուն: Հակառակ Հայաստանի այսօրվա անապահով իրավիճակին, տնտեսական, սոցիալական մեծ խնդիրներուն, որոնց համար նաև ես տեսակետ ունեմ, այն է` կարելի չէ այսպես շարունակել, բայց բոլորով հանդերձ, երբ որ ես այդտեղ եմ, միայն այդ պահին կզգամ, որ այդ տեղեն ոչ մեկը չի կըրնա զիս դուրս նետել:
Կըրնա ըլլալ, որ հայաստանյանց իշխանությունները հանկարծ իմ տեսակետները չսիրեն և այլն, և այլն, և օրինակ դուրս նետեն: Ըսածս այն է, որ օտարի ձեռքը անհասանելի տեսնելու զգացումի իմաստով ապահով զգալու, շարունակական ապահով զգալու իմաստով Հայաստանը այն տեղն է, որ իսկապես ուրիշ տեղ այդ զգացումը չես ունենա»:
Հայաստանից Սյուզանը դեռ արձագանքներ չունի «Մեծ մորս դաջվածքների» առիթով: Իսկ այլ երկրներից առաջարկները բազմաթիվ են` այն աստիճան, որ չգիտի` հրավերներով զբաղվի՞, թե՞ նոր նախագծով: Սյուզանը արդեն նոր նախագծի վրա է աշխատում, որի աշխատանքային վերնագիրն է «Թղթակից»: Արաբական գարնան թեմայով է: Գտնում է, որ եթե ոչ հայկական փառատոններում, ապա Երևանում այլ վայրերում ֆիլմը պետք է ցուցադրվի, ինչպես արվում է Շվեդիայում: Այնտեղ ֆիլմը դպրոցներում է ցուցադրվում` բարձր դասարաններում (15 տարեկանից բարձր մարդկանց համար է): Հեղինակը մասնակցում է ցուցադրություն-քննարկումներին: Շվեդ լրագրողներից մեկը ֆիլմի մասին քննախոսականում գրել է, թե այս նյութը շվեդական մշակույթի մեջ մնայուն քննարկումի նյութ պիտի դառնա:

Հայկական ինքնության մութ կողմերը

Կարծում է, որ իր շոշափած նյութը կարևոր է նաև այլ առումով. «Երբ խոսում են ծպտյալ, իսլամացած հայերի մասին, իմ կարծիքով խոսքը վերաբերվում է այն կանանց, որոնց առևանգեցին, կամ մնացին այնտեղ և ծնունդ տվեցին առևանգողներու, բռնաբարողներու երեխաներուն: Բառերը պետք չէ ծամծմել»: Թուրքիայում խնդիր է, երբ մարդիկ իրենց իսկական ինքնության մասին նոր բացահայոտւմներ են անում, նկատում է Սյուզանը: Սակայն մենք էլ նույն կարգի խնդիրներ ունենք:
Խոսելով հայության գիրկը վերադարձած կանանց մասին Խարդալյանն ասում է. «Այս կիներեն պահանջել ենք մաքրագործվիլ, որպեսզի հայ կարենան ըլլալ: Բաներ են, որ ինձ մը համար անհասկանալի են: Ինչպե՞ս կարենաս երախայեն մը, որ 8, 10, 12 տարեկանում կառևանգվի, կբռնաբարվի, երեխա կծնի, հետո կվերադառնա և դու իրմե կպահանջես, որ մաքրագործվի: Նկարներ կան արխիվներու մեջ, ուր հայ կանայք` իրենք երեխաներ, երեխաներ գրկած են: Խոսքը նորածին երեխաներու մասին է: Մեկ օր մենք մեզի պետք է հարց տանք` ովքե՞ր էին այս երեխաները: Ինքնության բացարձակ գիծը` ով է հայ, ով չէ, կարծեմ պիտի վերանայվի: Երբ ես ասիկա կասեմ, շատ մարդիկ կգրգռվին, բայց մինչև ե՞րբ հայ մարդը իրմե պիտի վանե այն հայ մարդը, որը կրոնքով կամ յալ բանով տարբեր է իրմե: Կամ գենետիկորեն ե՞րբ կորոշես` հայ մարդը հա՞յ է, թե՞ չէ: Ես կուզիմ որ իմ ֆիլմերը ծառայեն պլատֆորմ, որի վրա մենք կարողանանք խոսիլ, մտածել, նոր հնարավորություններ փնտրել»:

Ավարտի ենթագրեր

Տատի նկարի մասին, որ օգտագործված է ֆիլմի պաստառում, որում պատկերված աղջիկը, ֆիլմից հետո էլ ասես հետապնդում է հանդիսատեսին, Սյուզանը հետևյալն է ասում: «Իր միակ հին լուսանկարն է: Չգիտեմ` ինչ առիթով է արված լուսանկարը, արդյո՞ք իր հարսանիքի լուսանկարն է, մոտավորապես 22 թվի լուսանկար է: Այդ տարում ինք զինք կհասցնե Լիբանան և որբանոց կմտնե: Որբանոցի մեջ էլ իրեն կամուսնացնեն մեծ հորս հետ»: Ֆիլմում օգտագործված է Ալան Հովհաննեսի երաժշտությունը, իսկ ֆիլմում հնչող «Յարիս բոյին մեռնեմ» երգի ընտրությունը ռեժիսորն ասյպես է բացատրում. «Որպես նշան մեծ մորս և բոլոր այդ կանանց երազած, բայց չապրած սիրո»:
«Ես անկախ ստեղծագործող եմ». այսպես է պատասխանում Սյուզանը այն հարցին, թե արդյո՞ք ֆիլմն ալ-Ջազիրայի պատվերն է, որով ցուցադրվեց` աղմուկ բարձրացնելով: «Իմ բոլոր ֆիլմերի անկախությունը պահելու համար շատ կարևոր եղած է ֆինանսավորումը: Ֆիլմիս հետ կապված բոլոր գործընթացները ավարտելուց հետո, նոր կմոտենամ մարդկանց, որոնք կուզին ֆինանսավորել: Մարդկանց, որ կըսեմ, անհատներու մասին չէ խոսքը, հատկապես հայ անհատներու մասին խոսքս չէ:Կաշխատիմ միայն հեռուստակայանների հետ, որոնք շահագրգռված են այս ֆիլմը ցուցադրելու: Եթե ես ֆիլմը կուզեմ նկարահանել, և հետո այս ֆիլմը դարակի մեջ պետք է մնա, ինձ չի հետաքրքրիլ: Ընդհակառակը, ամեն անգամ, երբ ես ֆիլմ կնկարահանեմ, կուզեմ, որ հասնի ամենամեծ լսարանին, որ կարելի է»:

Tert.am

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net