ԱՅՍՕՐ ԼՐԱՑԱՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 88 ԱՄՅԱԿԸ:

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 – Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։

[video type="youtube" id="7c2EEpFpduA" width="400"]Default Message[/video]

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը։
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքդ քեզ արհամարհես ու համարես,
քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը … հզոր Հանրությունը …
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս։
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տառապես։
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման։
Արշալույսի նման բացվես նրա՛նց համար,
Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար։
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար։
Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգեվոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես ոգեվորվա՜ծ։
Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ,
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան …
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ …
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել …

 

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (Հունվար 24, 1924 – Հունիս 17, 1971) — հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։

Մանկություն
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար;

Հասուն տարիներ
1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Գրական կյանք
Կեղծանուններ
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի (Հախվերդեան 1981, էջ 39)։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։ Օրինակ, «Գրական թերթում» իր ակնարկներից մեկը՝ Իմ գյուղը, տպագրել է Շավարշ Հովհաննիսյան կեղծանվամբ։

Գիտական աշխատանք
Սևակի Գրական Ինստիտուտում ավագ գիտական աշխատող լինելու տարիների հիմնական աշխատանքներից է Սայաթ Նովա մենագրությունը (Սևակ 1987), որն էլ պաշտպանում էր որպես թեկնածուական աշխատանք, բայց աշխատանքի հիմնորոշության պատճառով արժանացավ դոկտորի կոչման։

Ստեղծագործություններ
Գրքեր
•    Անմահները Հրամայում են 1948
•    Անհաշտ Մտերմություն 1953
•    Սիրո Ճանապարհ 1954
•    Անլռելի Զանգակատուն 1959
•    Մարդը ափի մեջ 1964
•    Սայաթ Նովա 1969
•    Եղիցի լույս 1969
•    Ձեր Ծանոթները 1971

Պոեմներ
•    Անլռելի Զանգակատուն
•    Եռաձայն Պատարագ
Հայտնի բանաստեղծություններ
•    Մոր ձերքերը
•    Անքնություն
•    Մարդ էլ կա, մարդ էլ
•    Քիչ ենք, բայց հայ ենք
•    Ծերանում ենք

Տպագություններ
•    Սևակ, Պարույր (1987), Սայաթ Նովա (1ին տպ.), Երևան: Սովետական գրող
Ֆիլմ
•    Պարույր Սևակ – Կամ «Եղիցի լույս» Սցենարի հեղինակ Շահե Տատուրյան, Ռեժիսոր Լևոն Մկրտչյան – (Ողջ Ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սեվակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները:) Հայֆիլմ, Կինոստուդիա (1984)

Այցելեք նաև
•    Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն
Գրականություն Պ. Սևակի և նրա ստեղծագործությունների մասին
•    Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
•    Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
•    Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ։
•    Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
•    Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
•    Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
•    Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։

Աղբյուրներ
•    Հախվերդեան, Լեւոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին տպ.), Պէյրութ: Ալթափրէս
Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Պարույր Սևակին

•    Սևակի բանաստեղծությունները ձայնային տարբերակով
•    Սևակի բանաստեղծությունները
•    Պարույր Սևակի բանաստեղծությունները
•    «Սևակի սրտի պահապան» – ԱրմենիաՆաու
•    «Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն» Ս․ Գալոյան
•    Ժամանակակից Համլետի մենախոսությունը
•    Պարույր Սևակ
•    Պարույր Սևակի բանաստեղծությունները
•    Հ. Չարխչյան, Սեւակ և Ստալին
•    Եղիցի Լույս և Եղեվ Խավար

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net