Զարուհի Փոստանջյանի Թուրքիայի դեմ նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը այսօր եւս մի գրավոր հռչակագիր է ԵԽԽՎ-ում դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է Թուրքիային:

Հռչակագրին իրենց ստորագրություններով միացել են եւս 34 պատվիրակներ, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակության այլ անդամներ, մեր երկրի հարցով նախկին համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն, ներկա համազեկուցող Աքսել Ֆիշերը եւ այլք:

Փաստաթղթում ասված է, թե Թուրքիայում լրջորեն շարունակում է խոչընդոտվել արտահայտման ազատությունը «Քրեական օրենսգրքի» եւ Ահաբեկչության դեմ օրենքի միջոցով, եւ արված փոփոխությունները բավարար չեն.

ԵԽԽՎ 35 պատվիրակներն իրենց մտահոգությունն են արտահայտում այս առնչությամբ եւ կոչ անում հանրային գործիչներին ձեռնպահ մնալ զրպարտության վերաբերյալ գործընթացներ նախաձեռնելուց, «որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ մամուլի ազատության վրա»:

Գրավոր հռչակագրին միացածները նաեւ կարծում են, որ թուրքական իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն համացանցի, ռադիոյի եւ հեռուստատեսությանը վերաբերող օրենսդրությունը. «Եվ մասնավորապես ընդունեն, որ համացանցի պարբերական գրաքննությունները եւ կայքերի արգելափակումը իրավասու վարչական մարմինների կողմից հակառակ են նրան, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակություններում»:

Փաստաթղթում նաեւ հիշատակված է Հրանտ Դինքի սպանությունը եւ կոչ արված իշխանություններին՝ «քայլեր անել արդյունավետորեն պաշտպանելու լրագրողներին բռնություններից եւ ահաբեկումներից»:

Եվս մի մեջբերում այս հռչակագրից. «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված Ցեղասպանության շարունակական ժխտմամբ եւ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ լրագրողների եւ գրողների նկատմամբ հետապնդումների համար: Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց ստանձնած միջազգային մարտավորությունների շարունակական խախտումները»:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն այսօր եւս մի գրավոր հռչակագիր էր դրել շրջանառության մեջ՝  «Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագիրը», ըստ որի՝ սկսելով այդ հանքարդյունաբերական ծրագիրը՝ Հայաստանի իշխանությունները խախտել են մի շարք օրենքներ, եւ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ անչափելի կլինի բնությանը հասցված վնասը:

http://www.aravot.am

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net