Համակարգային փոփոխություն կարող են իրագործել միայն հեղափոխական գործիչները

Հեղինակ` ՍՈՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Մեր հյուրն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը

- Մեր քաղաքական ուժերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի` այնպիսիք, որ պայքարում են հանուն իշխանափոխության, և այնպիսիք, որ պայքարում են հանուն համակարգային փոփոխությունների: Բայց արդեն որքան ժամանակ է` ո°չ առաջինն է տեղի ունենում, ո’չ էլ երկրորդը: Ինչո՞ւ:
- Պատճառը մեր քաղաքական համակարգի որակն է և այն պայմանները, որոնք երկրում վաղուց հաստատվել են, և որոնց շրջանակներում քաղաքական ուժերը պետք է ծավալեն իրենց գործունեությունը: Այստեղ է, որ կան առաջին հայացքից անհասկանալի երևույթներ, իսկ շատ հարցեր չունեն պատասխաններ: Առաջին հարցը, որին պետք է պատասխան տալ, հետևյալն է. ի՞նչ է նշանակում կուսակցական գործունեություն, եթե երկրում, բոլորի համոզմամբ, գոյություն չունի ընտրական անկախ մեխանիզմ: Սահմանադրության մեջ հստակ նշվում է, որ կուսակցությունները պետք է պայքարեն իշխանության համար օրենքով սահմանված կարգով, այն է` ազատ ընտրությունների միջոցով: Իշխանության համար պայքարելու ցանկացած այլ ձև կոչվում է իշխանության ուզուրպացիա: Հիմա բոլորը գիտեն, որ ընտրությունները չեն կայանում: Այդ դեպքում ի՞նչ պետք է անեն կուսակցությունները:

- Մասնավորապես Կոնգրեսն առաջարկում է` եկեք ժողովրդի ճնշմամբ իրականացնենք իշխանափոխություն, հետո անցկացնենք արդար ընտրություններ:

- Բայց չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված է, որ երկրում իշխանափոխություն կարելի է անել միայն ընտրությունների միջոցով:

- Փակ շրջա՞ն է:

- Աշխարհում բոլորին հայտնի է` գոյություն ունի պետության միայն ու միայն մի տիպ, որտեղ իշխանությունները փոխվում են, և նորերը ձևավորվում են ընտրությունների միջոցով: Դրանք իրավական-սահմանադրական պետություններն են: Պատկերացնո՞ւմ եք` թագավորություններում իշխանություն փոխվի ընտրությունների միջոցով: Նույնկերպ իշխանություն ընտրություններով չի փոխվում ոչ իրավական` ավտորիտար, օլիգարխիկ, տոտալիտար պետություններում: Այդտեղ իշխանությունն է ծնում մյուս իշխանությունը: Բայց մեզ մոտ բոլորն ասում են, որ իշխանությունը պետք է փոխվի միայն ընտրության միջոցով: Նույն բոլորը նաև ասում են, որ Սահմանադրությունը չի գործում, արդարադատության համակարգը չի գործում, ընտրական մեխանիզմը չի գործում: Մի կողմից սա կուսակցությունների անզորության նշան է, որոնք պարզ տեսնում են վիճակը, բայց չգիտեն` ինչ անել, մյուս կողմից հասկանում են, որ պետք է ուրիշ մեթոդներով հասնել իշխանության: Այս դեպքում հասարակությունը պետք է փորձի վերլուծել, հասկանալ, թե այդ ինչ ուրիշ մեթոդներ են: Ես ինձ համար պարզել եմ` ուրիշ մեթոդը գործող ավտորիտար ռեժիմի հետ գործարքն է: Դա այն է, որի մասին ոչ մի կուսակցություն բարձրաձայն չի ասում, բայց իրականում հենց դրանով է զբաղվում: Տվյալ դեպքում վտանգն այն է, որ կուսակցությունները, հաշտվելով այս վիճակի հետ, դառնում են հասարակությանն ապակողմնորոշող խորոշագույն մեխանիզմ: Այստեղից էլ այս լճացումը, փակ շրջանը, երբ տասնամյակներով որևէ բան չի փոխվում:

- Լավ, ստացվեց` իշխանափոխությունն անհնարին է: Իսկ համակարգային փոփոխությունը կարո՞ղ է ելքի ճանապարհ լինել:
- Այդ մասին խոսող քաղաքական ցանկացած ուժ պետք է ասի, թե ինչ է հասկանում համակարգային փոփոխություն ասելով: Իսկ դա նշանակում է գնահատել գոյություն ունեցող համակարգը ոչ թե ընդհանուր խոսքերով, այլ մատնանշել Սահմանադրության պահանջը, ցույց տալ, թե իրականո°ւմ ինչ ունենք, տալ ճանապարհային քարտեզը, որի միջոցով փոփոխությունը պետք է կատարվի:

- Օրինակ` ՀՅԴ-ն կամ «Ժառանգությունն» առաջարկում են համակարգային փոփոխություններ իրականացնել նաև օրենսդրական նախաձեռնությունների միջոցով:
- Ու վեր է կենում ռեժիմի ներկայացուցիչը և ասում, որ այդ ամենը հակասահմանադրական է, պետությանը դեմ է, և վե°րջ, հարցը փակում են:
Այնինչ հասարակությանը հետաքրքրում է մի խնդիր` ո՞վ է ի վիճակի փոխել գործող համակարգը, որը չի համապատասխանում Սահմանադրությանը, որը ոտնահարում է իր իրավունքները: Հասարակությունը պատրաստ է, պատրաստ է եղել տասնամյակներ, բայց ի՞նչ է նրան առաջարկվել: Ինչ էլ առաջարկվել է` արդյունքի չի բերել: Դրա համար եմ ասում` քաղաքական ուժերը բաժանվում են երկու խմբի` անզորության մատնվածներ և անազնիվներ, որոնք օգտվում են եղած վիճակից:

- Լավ, իսկ ինչպե՞ս փոխել այս իրավիճակը:
- Եկանք գլխավոր այն խնդրին, որի մասին մտածում ենք ոչ միայն մենք, այլև շատ ու շատ ժողովուրդներ ամբողջ աշխարհում: Ես ուսումնասիրել եմ շատ երկրների փորձը և եկել եմ այն համոզման, որ համակարգային փոփոխությունը հասարակության գործն է: Որևէ կուսակցություն երբևէ ի վիճակի չէ համակարգային փոփոխություն անել: Երբ դեմոկրատական շարժումներ են ստեղծվել, հասարակությունն ինքն է ելքեր գտել, բարձրացրել է հզոր ալիք, կազմակերպվել է և գործող քաղաքական էլիտային, այդ թվում` կուսակցություններին ուլտիմատում է առաջադրել` ենթարկվել Սահմանադրությանը: Եվ կրելով ահռելի զրկանքներ ու կորուստներ` հազարավոր մարդկանց կյանքի գնով գործող համակարգերին ստիպել է ընդունել վերջնագիրը, որի հիմնական կետն ազատ ընտրություններ անցկացնելն է:

- 2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծվեց համաժողովրդական շարժում: Բայց մեզանում այն չկարողացավ հաջողության հասնել:
- Կարևոր հարց եք տալիս: Բայց ովքե՞ր են ղեկավարել շարժումը. կուսակցությունները: Աշխարհի փորձը ցույց է տվել` շարժումներն իրենց ղեկավար կազմն իրենք են ծնել` իրենց միջից: Ցանկացած համակարգային փոփոխություն կոչվում է հեղափոխություն: Հեղափոխությունը պետական համակարգը փոխելն է: Իսկ հեղափոխությունը պահանջում է հեղափոխական գործիչներ: Հեղափոխական գործիչը մի շատ կարևոր բանով տարբերվում է կուսակցական գործչից` նրա խնդիրը իշխանության գալը չէ: 88-ի մեր փորձն էլ է ցույց տվել` նրանք ուրիշ մտածողություն ունեն, նրանց խնդիրն իշխանությունը չէ: Իսկ ցանկացած կուսակցական ղեկավարություն, որ շարժում է ղեկավարում, թույլ չի տա, որ լինեն ազատ ընտրություններ, որովհետև կարող է հանկարծ ուրիշ ուժ հաղթել: Ես չեմ հավատում, որ Հայաստանում գոյություն ունեն կուսակցություններ, որոնք կուզենան զրկանքներ կրել, աշխատանք տանել, բերել-հասցնել ընտրությունների, և ընտրվեն քաղաքական այլ ուժեր: Դա անընդունելի է անգամ հոգեբանորեն:
Իսկ մեզ մոտ ձեր նշածը շարժում չէր: Շարժումը չի կարող նպատակ ունենալ որևէ ուժի բերել իշխանության: Ոչ մի ժողովրդական շարժում այդպիսի նպատակ չի հետապնդում:
Մինչև հասարակությունը չհասունանա, չհզորանա տոտալիտար համակարգից, չի կարող թոթափել այդ համակարգը: Բայց եթե հասունացել է, նրա դեմ խաղ չկա: Կա մի կարևոր հանգամանք ևս. ցանկացած համակարգային փոփոխություն սկսվում է ինտելեկտուալ հեղափոխությունից: Առանց ինտելակտուալ բաղադրիչի` նման բան սպասել պետք չէ:

- Մեզանում այդ բաղադրիչը գործո՞ւմ է:
- Եթե արդյունքի չենք հասել, նշանակում է` ոչ: Մենք դեռ ստի մեջ ենք ապրում: Բայց բարեբախտաբար 21-րդ դարում ենք: Այն, ինչը նախկինում պահանջում էր տարիներ, հիմա կարող է պահանջել շաբաթներ: Հիմա լրիվ ուրիշ հնարավորություններ են: Պարզապես կա կամ-կամ-ի խնդիր: Կա°մ հասարակությունը հստակեցնում է իր նպատակները, դրանց իրագործման համար էներգիա է դնում, կամ էլ ոչինչ չի լինում: Յուրաքանչյուր հասարակություն ինքն է որոշում` նման խնդիր դնի իր առջև, թե ոչ:
Հիմա Հայաստանում մի քանի պրոցես է ընթանում: Հասարակության մի մասը հուսահատված հեռանում է: Մյուս մասն ընտելացել է այս վիճակին: Բայց մեկ այլ հատված կարծես թե փորձում է դնել այդ խնդիրը: Եթե խնդիրը դրեցինք, հարցը կլուծենք: Անհնարին է, երբևէ չի եղել, որ որևէ հասարակություն խնդիրը ձևակերպի, գնա պայքարելու և հաջողության չհասնի: Հարյուր հազարավորների դեմ խաղ չկա:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

hayatsk.am

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net