Պրն. Ծառուկյան, պրն. Օսկանյան, դուք արտագաղթի գովազդ եք անում և սանդի մեջ ջուր եք ծեծում…

Դոկտ. Արամայիս Միրզախանյան

The Royal Institute of Technology, Stockholm,

Պարսիկ իմաստասերն  ասում է.- « Երբ մարդ լուռ է, դժվար է կռահել՝  նա գոհարավաճա՞ռ է, թե՞ բամբակ գզող»: Իսկ հայերս ունենք ոչ պակաս իմաստուն ասացվածք, ըստ որի, շատ խոսողին ու միտք չարտահայտողին  ասում են.- «Սանդի մեջ ջուր է ծեծում » :

Այս օրերին Հայաստանում քաղաքական կուսակցությունների  համագումարների թեժ մթնոլորտ  է, և մրցադաշտը խիստ հագեցած է… Մենք՝ սփյուռքահայերս, մասնակցություն  չունենք այս մրցավազքի մեջ, սակայն ինձ նմանները, որ Հայաստանում հարստություն ու բիզնես չունեն, պաշտոն ու դիրք չունեն, ու ընտրելու ու ընտրվելու իրավունք չունեն, երբեմն, երբեմն փորձում են, մեր ժողովրդի շահերից ելնելով, իրենց սրտացավ կեցվածքը դրսևորել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Հայաստանում:

Սիրելի ընթերցող, ներողամիտ եղիր, նախաբանը երկար ստացվեց…

Խոսքս պրն. Գ. Ծառուկյանի ու պրն. Վ. Օսկանյանի ելույթների մասին է՝ հնչած «Հայաստանի Բարգավաճ կուսակցության»  (ՀԲԿ)-ի համագումարի ընթացքին: Լավ է, որ սրանից առաջ բախտ ենք ունեցել լսելու կուսակցապետին ու ՀՀ նախկին արտաքին գործոց նախարարին, և նրանց գոհարավաճառ լինելու մեջ համոզված չենք… բայց որ այսքան անորակ բամբակ կարող են գզել, այդ էլ չէի սպասում…

Պրն. Ծառուկյանը ասում է.

«Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք.“Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները հասնում են լրջագույն հաջողությունների՝ կյանքի տարբեր բնագավառներում դառնալով հայտնի դեմքեր, գործիչներ: Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում է մեկ-երկու տարում ոտքի կանգնել…»

Հարգելի  մեծահարուստ պրն. Ծառուկյան,  այս արտահայտությունը ոչ միայն անորակ բամբակ գզել է, այլ արտագաղթի բացահայտ գովազդ է…  Ձեր ասածների մեջ ոչ մեկ իրականություն չկա: Հայաստանից արտագաղթածների մեծ տոկոսը վատ է ապրում: Այդ մարդկանց չվիրավորելու նպատակով չեմ նշում այն նվաստացուցիչ աշխատանքների ցանկը, որով նրանք զբաղվում են Հայաստանից դուրս: Դուք լավ գիտեք, թե Հայաստանից գաղթած հայ կանայք ինչպիսի անպատվաբեր աշխատանքով են զբաղված Թուրքիայում, Արաբական Էմիրաթներում, Իրանում և այլուր : Դուք և Ձեր կուսակցությունն, անշուշտ,  տեղյակ եք, Թե Կալիֆորնիայի բանտերում քանի հազար հայ կանայք ու տղամարդիկ են բանտարկված գողության, անառակության, թմրադեղերի առ ու վաճառքի մեղադրանքներով, իսկ ժուլիկությամբ զբաղվող կազմակերպված  բանդաները «մեծ համբավ» ունեն:

Եվրոպական սոցիալապես առավել բարեկեցիկ երկրներում Հայաստանից գաղթածների՝ նպաստով ապրողների թիվը համեմատվում է սոմալիացիների, թուրքերի ու բանգլադեշցիների հետ : Հայաստանի գաղթականների  ծանր հոգեկան ու կարոտախտի տառապանքները գումարելով նշվածի հետ, ամեն մի ազնիվ , պատվախնդիր ու ազգասեր մարդու մոտ, խորը ցավ է առաջանում: Պրն. Գագիկ Ծառուկյան, այս մարդիկ Ձեր և ձեզ նման օլիգարխների զոհերն են :Դուք և Հայաստանը բռնագրաված  Ձեր գործակիցներն են այս դժբախտությունների պատճառը:

Արդար լինելու համար մեջ բերեմ Ձեր հետևյալ միտքը.

« …Ուստի, մենք մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր՝ ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում»:

Գովելի ցանկություն է: Իսկ քսան տարի շարունակ ինչո՞վ էիք զբաղված       ( ընթերցողը կասի թալանով ): Հարգելի պարոն, Դուք՝ Հայաստան երկիրը շահագործող օլիգարխներդ, աշխարհի առաջին ու վերջին  կեղեքիչները չեք, դուք համաշխարհային դրամատիրական անարդար համակարգի մեկ օղակն եք…

Պրն. Ծառուկյան, Ձեր ասածների մեջ նաև չնչին տոկոսով ճշմարտություն կա: Հայաստանից գաղթածների   մի շոշափելի մաս, ունենալով Հայաստանում  ձեռք բերած գիտելիքներ, իրենց ամենօրյա քրտնաջան, ազնիվ ու կարգապահ աշխատանքներով, կյանքի տարբեր բնագավառներում լուջ հաջողությունների են հասել: Ուսանողները նույնպես զգալի առաջադիմություններ են գրանցում:Սակայն այս հանգամանքը Ձեզ իրավունք չի վերապահում արտագաղթի գովազդ անել, թե դրսում ամեն ինչ լավ է:

Պարզվում է, որտեղ դուք չկաք, այդտեղ լավ է…

Իսկ նոր բարգավաճած  նախկին արտգործ նախարարը  (ՆԱՆ)՝  պրն. Վարդան  Օսկանյանը  ասում է.

«…Մայիսի 6-ին մենք ընտրելու ենք Հայաստանի նոր խորհրդարանը: Դա սոսկ խորհրդարանական ընտրություն չէ, դա Հայաստանի ապագայի ընտրությունն է: … Մայիսյան ընտրությունները իրոք Հայաստանի համար լինելու են ճակատագրական: »:

Այսպիսի բամբակ պրն. Օսկանյանը դեռ  չեր գզել: Ոչ ավել, ոչ պակաս, «Հայաստանի ապագայի ընտրությունն է» : Աստծո սիրույն, մի վախեցրեք , ի՞նչ եք պատրաստվում անել: Պրն.  ՆԱՆ, հայ ժողովուրդը Ձեր աշխատանքի թղթապանակին լավ ծանոթ է: Այս մասին հետո:

Պրն.  Օսկանյանը շարունակում է.

«… Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 871 հազար մարդ: Այսինքն՝ մենք իջել ենք 3 միլիոնի հոգեբանական շեմից, և այլևս չենք կարող ասել, որ 3-միլիոնանոց երկիր ենք, որովհետև չենք: Ակնհայտ է, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյա-հոգեբանական իրավիճակը կտրուկ չփոխվի, ոչ հեռու ապագայում մենք արդեն հատած կլինենք 2,5 միլիոնի շեմը:»

Ինչպիսի դառն իրողություն ու ցավալի ինքնախարազանում: Պրն. ՆԱՆ,  Ձեր իշխանության տարիներին ինչքա՞ն մարդ է արտագաղթել  Հայաստանից և ինչու՞…

Իմ հարցի պատասխանն արդեն դուք տվել եք.

«Գնում են, որովհետև կորցրել են հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ:

Գնում են անարդարությունների պատճառով:

Գնում են, որովհետև չեն վստահում:

Գնում են, որովհետև չեն կարողանում հանապազօրյա հացը վաստակել :»

Գովելի է Ձեր համարձակությունը, այսպես հստակ պատասխանելու համար: Խնդրում եմ նույն համարձակությամբ պատասխանեք. Մարտի Մեկի ոճրագործությունից հետո քանի՞ հազար մարդ է լքել Հայաստանը: Դուք այդ ժամանակ երկրի արտգործ նախարարն էիք և մեղսակից եք: Այդքան հեշտ պիղատոսի նման ձեռքներդ լվանալ չեք կարող, ժողովուրդը թույլ չի տա, իսկ պատմությունն անողոք դատավոր է…

Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել,

Դուք ասում եք.

«Բարգավաճ Հայաստանն»իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը:

Պրն. Օսականյան, մեր ժողովուրդը կյանքի փորձ ունի, երկրում տիրող դասակարգային կեղեքիչ տնտեսական համակարգում ձեր ասածները անհնարին է, անհամատեղելի  ազատ շուկայական կապիտալիստական հարաբերություններում: Ձեր կուսակցապետը, նրա օլիգարխիկ ընկերներն ու կաշառակերության ու օրինազանցության  մեջ հմտացած իշխանությունները, այդ թույլ չեն տալու:

Կապիտալիստական շահագործող սիստեմը ամբողջ աշխարհում սնանկանում է…  Երկրագնդի կեսից ավելին, միլիարդավոր մարդիկ ապրում են աղքատության, անգրագիտության, գործազրկության, հիվանդությունների ու սոցիալական անապահովության ծայրահեղ վիճակում: Այս բոլորը դրամատիրական համակարգի դիկտատուրայի անարդար էության արգասիքներն են… Այս համակարգը Հայաստանում հրաշք գործել չի կարող:

Ձեր խոսքը ավարտում եք .

«բոլորս՝ ընտրողներ, թե ընտրվածներ, պետք է նայենք մեկմեկու և ասենք, որ միասին աշխատանք ունենք անելու, որպեսզի մենք, մեր երեխաները, մեր ծնողները, մեր հարևաններն ու մեր բարեկամները վստահեն իրենց և իրենց երկրի ապագային:»

Հարգելի նախկին սփյուռքահայ, նախկին արտգործ նախարար, դուք իսկապես սանդի մեջ ջուր եք ծեծում ու բամբակ եք գզում և հարգանք չունեք ձեզ լսողների նկատմամբ: Ձեր այս տողերի մեջ մեկ հատիկ բռնվելիք միտք չկա, ժողովրդի ու երկրի առաջ ծառացած հարցերին ոչ մեկ գիտա- տնտեսական մոտեցում չկա: Դուք Ձեր քննությունը հանձնել եք… Ժողովուրդը ձեզ՝ «Հայաստանի ապագայի ընտրությունը» թույլ չի տա…

Հայաստանին ու մեր ժողովրդին կփրկի  միայն տնտեսական համակարգային փոփոխությունը, որտեղ դուք «բարգավաճելու»  և գիշատիչ «արծիվները» մեր ժողովրդի գլխին ճախրելու հնարավորություն չեն ունենալու:

Stockholm, 18. 03. 2012


Հ.Գ.

Հարգելի ընթերցող, խնայելով իմ և ձեր ժամանակը, ՀՀկ »-ի համագումարին չեմ անդրադառնում: Այդ մասին ԶԼՄ –ներում բավականին տեղեկություններ կան: Միայն ավելացնեմ, այնտեղ «լոխ լավ է», «արևածագ» է…

Նյութերը ամբողջությամբ տեսնել այստեղ.

http://www.7or.am/am/news/date/2012-03-17

 

 

 

 

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.
Share on Facebook

2 Responses to “Պրն. Ծառուկյան, պրն. Օսկանյան, դուք արտագաղթի գովազդ եք անում և սանդի մեջ ջուր եք ծեծում…”

  1. Հարգելի պրն.Ա.Միրզախանյան:Թույլ տվեք իմ զգացմունքները Ձեր հոյակապ վերլուծության առթիվ լրացնել բանաստեղծություններիցս մեկով՝ ՉԵՄ ԳՆԱԼՈՒ
    Չեմ գնալու էլ Հայաստան,
    Այնտեղ փուջ է,էլ ԿՅԱՆՔ չկա
    Պիտի խեղդեմ վիշտս իմ մեջ,
    Ու պիտ թաղեմ,որ չարթնանա.
    Էլ ո՞ւր գնամ՝
    Շունը՝ տիրոջ չի ճանաչում,
    Ամեն մեկը ինքնիշխան է,
    Էլ ո՞ւր գնամ՝
    Մարդը մարդուն էլ չի հարգում՝
    Գայլ է դարձել, կամ ՍՈՒԼԹԱՆ է
    Եվ ինչու մենք ԵԼԱՆՔ ՈՏՔԻ
    Ինչի ՞ համար կտրիճ դարձանք,
    Ախր ինչու՞ թողած տուն տեղ եւ անոթի
    Աստծո զորու՝ հերոսացանք…
    Ու կռվեցինք, ու հաղթեցինք
    Քաջ ֆիդային մեր տղերքով,
    Հաղթանակի Դրոշ դրինք
    Մեր Շուշիում փառք ու պատվով…
    Եվ ո՞վ կռվեց՝ ով վայելեց,
    Խեղճ ժողովուրդ էս ու՞ր հասար,
    Ինչու կյանքը այսպես մթնեց
    Ինչու թափվեց արյուն վարար…
    Նորից, կրկին ,եւ որ անգամ
    Պանդխտության ցուպն առած.
    Ու մոռացած հազար ՊԱՏԳԱՄ,
    Հող հայրենի, տուն տեղ թողած,
    Թողած գրքեր ու ՍՈՒՐԲ ՄԱՏՅԱՆ,
    Համն ու հոտը ԱՐԱՐԱՏՅԱՆ,
    Ելավ ճամփա ժողովուրդը՝…հաղթանակած
    Դարձավ ԼՔՈՂ՝ անունով սին,
    Դարձավ ԼՔՈՂ՝ հուշերով հին,
    Դարձավ ԼՔՈՂ՝ հեռու ՀՈՂԻՑ,
    Դարձավ ԼՔՈՂ՝ մերժված կյանքից.
    Եվ ով գցեց ՄԵԶ էս օրը
    Չվայելի հինն ու նորը,
    Աստծու կրակ թափվի գլխին,
    Թուք,նախատինք՝ օխտը պորտին…
    Չէ,չեմ գնա ես Հայաստան
    Ինձ տեղ չկա,ես ՕՏԱՐ եմ,
    Մերժված եմ ես,անտուն,անբան
    Սա էր բախտս՝ պիտ ՏԱՌԱՊԵՄ…
    09.06.07.Հայֆա,Իսրայել:

  2. Antranig Bedrossian sagt:

    amen inch asvads e khizakhoren. Lriv hamadzeyn em

Leave a Reply

Powered by WordPress | Find BlackBerry Phones for Sale Online. | Thanks to Top Bank CD Rates, Free MMORPG Games and Home Information Packs
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net