Շուտ էր պետք երգել, Արև, դե հետ եկ,

Ուշ է, ու արդեն ՎԸԱՃԱՌՎԱԾ Է,

Ո՞ւր էին, Արև, աչքերդ դարի,

Երբ միայն Վն էր ու ԱՃԱՌՎԱԾ չէր,

Թողեցիր տառից ուրիշ տառ ծնվի:

Արարատ լեռդ դու վաճառեցիր


«Անթուրք եղեռն»ը, իսկապես, նոր խոսք է ժամանակակից հայ գրականության մեջ: Եվ այդ նոր խոսքն Արև Մալինցյանն արտահայտում է բոլորովին նոր, սակայն շատ հարազատ ոճով: Կարդալիս սարսուռ ես զգում. կարծես քեզ հետ խոսում են անմիջական ու պարզ Սևակը, Չարենցը, կարծես Թումանյանն է բարձրաձայն մտածում:

Ասում է.

Սաղսալամաթ ես անցկացրի

Երեսունից ավել տարի:

Ի՞նչ իմանամ, բայց, թե վաղը

Կարմիր լոբու քանի՞ ճախ է

Տընկըվելու ճամփիս կեսին


Ոճը հարազատ է, հիշեցնում է հին ու կարոտած ժամանակները, երբ գրողը ժողովրդի ցավերն արտահայտում էր լացով, ծիծաղով, քրքիջով, քմծիծաղով` հարազատ մնալով պարզ լեզվին, պարզ մտածողությանը, պարզին:

«Անթուրք եղեռն»-ը կարդալիս պետք չէ փնտրել գրողին պինդ բռնել ու հարցնել, թե ինչ նկատի ուներ այս կամ այն միտքն արտահայտելիս, և, բաց չթողնել, մինչև չպատասխանիԻնչը հիմա, ցավոք, ոչ բոլոր հեղինակների մասին կարող ես ասել:

Արևը Գորիսի անուշ բարբառը խառնում է գրականին ու ստանում աննկարագրելի անկեղծ հայկական շունչ` Գորիսի համ ու հոտով համեմված: Նա ծնվել ու դպրոցն ավարտել է Գորիսում, հետո ընդունվել է ԵՊՀի լրագրության ֆակուլտետ: «Անթուրք եղեռն»-ում ընդգրկված են նրա տասը տարվա մտորումները` սկսած 2003թ.-ից:


Արեւ Մալինցյան

Տեսեք. նա կարոտում է հայրենի տունը, որը Բակունցի երկրում է, ու երազ է տեսնում.


Եկ գնանք Գորիս..

Եկ Դիլան դայու աշունում նստենք`

Բոստանի ժանգոտ դռներից այն կողմ

Եկ տատիս պատմած հեքիաթը լսենք`

Բակունցի ձայնով

 


Նա բողոքում է երկրի տերերից ու կիսում ժողովրդի ամենօրյա ցավը, հոգսը: Հեգնում է, ծիծաղում, բայց` արցունքն աչքերին, երբ հայտնաբերում է, որ հենց առաջինը իր` որպես հայի, անտարբերության պատճառով են իր տունը տվել օտարին.


Շուտ էր պետք երգել, Արև, դե հետ եկ,

Ուշ է, ու արդեն ՎԸԱՃԱՌՎԱԾ Է,

Ո՞ւր էին, Արև, աչքերդ դարի,

Երբ միայն Վն էր ու ԱՃԱՌՎԱԾ չէր,

Թողեցիր տառից ուրիշ տառ ծնվի:

Արարատ լեռդ դու վաճառեցիր

 

Կամ մեկ այլ հատված.

 

Քանի որ առանց նուրբ ու մեղմ սիրո
Որքան էլ տիրես դու ինչոր մեկին`
Կույս ես թողնելու, ինչպես անկարող,
Անկարող, անկող, որ չունի մի կող,
Որից կարող է ծնվել հայրենիք
Կամ գոնե սիրո մի վերջին կաթիլ դեպի հայրենիք


Տեսեք. նա խոսում է նաև համամարդկային երևույթներից ու այստեղ ևս ասումխոսում կատակում է, բայց` մեծ ցավն աչքերում.


Յոդի ցանց եմ մե~ծ արել երկնքում,

Որ Աստծո մեջքը երբեք չմրսի

Որ մարսի ստեղծած աշխարհն իր կորա~ծ….


Կամ.


Հիմա եմ ուզում գերեզման սարքել,

Թարմ հողաթմբին ուզում եմ պառկել

Բոլորն այստեղ են. հարևա~ն, ընկե~ր

Ու հոգեհացի մշտական դեմքե~ր,

Որ մեռնողի հետ կապ ունեն այնքան,

Որքան ես հիմա մեր բարեկամի

Գեր Ծաղիկ կովի օխտը դարդի հետ


Կամ ցույց է տալիս հայկական սովորույթներն ու սովորությունները.


Քիթս թափառում է ճիշտ

Հայկական հոտառությամբ

Ձեր տներում այն անկուշտ

Հյուր է` կեղծ հոգածությամբ


Եվ, վերջապես, սիրում է. մեկ` նրբորեն, մեկ` խենթի պես:


Ուզո՞ւմ ես փրկեմ քեզ ինձնից

Հեռու լինելու վախից, կարոտից,

Վաղվա կարկուտից

Ուզո՞ւմ ես փակեմ

Ճանապարհները պտտահողմերի

Հսկա ժայռերով,

Թուրքի գանգերով


Կամ.


Երբ դու ժպտում ես,

Ուզում եմ երկնքից արևը բերել,

Խցկել սառնարան.

Սիրածդ միրգը չմրսի որ էլ


Շատ երկար կարելի է մեջբերումներ անել:

«Անթուրք եղեռն»-ը 120 էջից է կազմված: 120 էջ` 120 մտածելու առիթ, սիրելու, փշաքաղվելու, մարդ մնալու առիթ:

Մեր հարցին, թե ինչու է ժողովածուն վերնագրել «Անթուրք եղեռն», Արև Մալինցյանը պատասխանում է.

«Հիմա այն, ինչ ինքներս ենք անում մեզ հետ, իսկական եղեռն է` սպիտակ, թափանցիկ, սև, ինչպիսին կուզեք` թեկուզ առանց թուրքերի: Հիմա մեր թեթև ձեռքով փնթիացած, անթրաշ երկրում գլխատված սերեր, սեր չտեսած կույս հղիներ, ատելությամբ հղի աչքեր տեսնելու համար թուրք պետք չէ, մենք մեզ հերիք ենք, հայը հային հերիք է` անթուրք եղեռն կազմակերպելու համար»:

«Անթուրք եղեռն»-ն արդեն վաճառքում է Երևանի, Գորիսի գրախանութներում և www.artbtidge.am կայքում` արտասահմանում ձեռք բերելու համար: Գնեք այն ձեզ համար, գնեք ձեր ծնողների համար, ովքեր, թերևս, կարոտել են և կգտնեն Արև Մալինցյանի տողերում մեր բանաստեղծների շունչը: Այս ժողովածուն մեր կարծիքով պետք է ունենա յուրաքանչյուր հայ ընտանիք` Հայաստանում ու արտերկրում:

(Նոր Խոսք)

 

Հ.Գ. այս մասին տես նաեւ . Կյանքն ինչպես կա «Անթուրք եղեռն»-ում

 

Եվրոպայում գրքի ձեռք բերման համար կարող եք դիմել «Նոր Խոսք»ին հետեւյալ էլ. հասցեներով.

info@norkhosq.net

ankz95@yahoo.de



Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert