Բազմաթիվ փորձություններ ու աներեւակայելի դժվարություններ հաղթահարելուց հետո ճակատագիրը մի «բուռ» հայերի տարել-միավորել է Գերմանիայի փախստականների ճամբարներից մեկում: Իրենք՝ փախստական հայերը, դրան «հայմ» են ասում: Ճիշտ է՝ «հայ» բառի հետ որեւէ ընդհանրություն չունի, բայց, նմանության շնորհիվ, գերմաներենով առաջին բառն է, որ մերոնք անմիջապես յուրացնում են: Տեսակապն օգնում է պարբերաբար զրուցել հայմում բնակվող հայերի հետ, ծանոթանալ այն պայմաններին, որտեղ ապրում ու դեռ երկար շարունակելու են ապրել:

Կամա թե ակամա այնպես է ստացվել, որ բազմաբնակարան տան մի ամբողջ շքամուտք տրամադրվել է հայերին: Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից են՝ մի քանի ամսվա գնացածներ: Ընդհանուր մի ցավ է միավորել նրանց՝ ծանր ու լուրջ հիվանդության ցավը: Ոմանք վաճառել, ոմանք էլ Հայաստանի բանկերում գրավ են դրել իրենց բնակարաններն ու մի կերպ հասել Գերմանիա: Այստեղ՝ Հայաստանում, երկարատեւ ու թանկ բուժման կուրսեր անցնելուց հետո, երբ շարունակությունն այլեւս հաջողություն չի երաշխավորել, հայ բժիշկները գործի են դրել իրենց «բարի» խորհուրդները՝ հորդորելով հնարավորության դեպքում բուժումը շարունակել արտերկրում:

Հիմա այնտեղ՝ հեռավոր Գերմանիայում, ճակատագրի կամոք մի հարկի տակ հավաքված հայեր, գերմանացի բժիշկներին աստվածացրած, նրանցից կյանք են աղերսում: Հավատալով, որ հրաշքը հենց իր հետ կկատարվի, յուրաքանչյուրն ապրում է այդ հրաշքին սպասելով: Ծանր հիվանդությունը, սակայն, նրանց չի չարացրել, չի դաժանացրել, չի սպանել լավատեսության հույսը, որից կառչած՝ շարունակում են ապրել, յուրովի վայելելով կյանքի իրենց հասանելիք պատառիկները: Ավելին՝ ճակատագրով միավորվածները միմյանց նկատմամբ ավելի հոգատար են դարձել: Իրար օգնում են, խնամում, կարեկցում, հարկ եղած դեպքում գիշերներ լուսացնում հարեւանի անկողնու մոտ: «Մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ անբուժելի հիվանդությունը մարդու միջից հանում է մարդուն, նրան էգոիստ ու չար է դարձնում: Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ այս ամենը երկար չի ձգվելու: Սա այն հիվանդությունը չէ, որով կարելի է երկար ապրել, բայցեւայնպես, փորձում ենք ուժեղ լինել, չկորցնել մեր մարդկային տեսակը եւ կյանքի ամեն րոպեն ապրել այնպես, ինչպես կապրեինք, երբ առողջ լինեինք»,-ասաց բուժքրոջ մասնագիտությամբ տիկին Շուշանիկը: Հարեւանուհին՝ օրիորդ Անահիտը, որ բարձր վարձատրվող աշխատանքն այստեղ՝ Հայաստանում թողել եւ հասել է Գերմանիա՝ չարորակ ուռուցքով տառապող մորը խնամելու համար, զարմանում է հայի այսքան տարբեր լինելուց: «Եթե կարողանում ենք այսպես արագ մտերմանալ, միավորվել ու միասին պայքարել որեւէ բանի դեմ, զարմանում եմ, որ դա չենք անում մեր հողի վրա, մեր խնդիրները լուծելու եւ մեր պահանջները միասնական հնչեցնելու համար: Ինչո՞ւ է օտարությունը միավորում, միաբանում, իսկ սեփական տունը վանում հայի ուժերը: Մի քանի օր է՝ այստեղ եմ եւ ինձ համար բացահայտում եմ արել. այս մարդիկ ծանր հիվանդներ են, բայց առողջ բանականություն ունեն: Ապրում են «Սիրիր մերձավորիդ» պատգամով: Իհարկե՝ ենթագիտակցորեն, որովհետեւ ցավը հենց իր տեսակին է պատուհասել, իր նմանին, որը սիրո, պաշտպանության եւ հոգատարության կարիք ունի»:

Տնից ու հողից կտրված՝ հոգով-մտքով այստեղ են: Իրենց խնդիրները երկրորդելով, առաջին հարցը, որ տալիս են ամեն զանգից հետո՝ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին է: «Մեր երկիրը լավն է, իսկ ժողովուրդը՝ նամուս-թասիբով: Ափսոս, որ պառակտեցին էդ ժողովրդին: Մինչեւ նորից չվերամիավորվեն, էդ երկրում ոչինչ փոխել չեն կարող»,-ասաց տիկին Շուշանիկը՝ ինքն իրեն լրացնելով. միայն դա հասկանալու համար արժեր ապրել օտար միջավայրում:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert