57488Ստորեւ ներկայացնում եմ խոստացված նախագիծը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Նախագծում Սարգսյանի կողմից թույլ տրված՝ պաշտոնանկության հիմքեր տվող գործողությունների կամ անգործության ցանկը սպառիչ չէ: Այստեղ տեղ են գտել միայն նրանք, որոնք հնարավոր է եղել այս պահին դե յուրե հիմնավորել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 95-րդ հոդվածով նախատեսված կարգով քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտոնանկության մասին հարցը՝

Պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-85-Ն կարգադրությունը:

Փաստահավաք խումբը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի 2008թ. ՆԿ-183-Ն կարգադրությամբ: Ըստ Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգի 1-ին հոդվածի առաջին մասի, Խումբը իրականացնում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը: Խմբի աշխատանքները նպատակ ունեին օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջեւ դրված խնդիրների իրագործմանը:

Նույն կարգի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաեւ, եթե Խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն` իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով»: Ըստ այսմ, Փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու այլ կարգ, քան դրա գործունեության բնականոն ավարտը, կարգադրությամբ նախատեսված չէ: Սրան հակառակ, Սարգսյանը Խմբի գործունեությունը դադարեցրել է՝ «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգով» չնախատեսված ձեւով՝ այսպիսով չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ:

Փաստահավաք խումբը գոյության ընթացքում հրապարակել է մեկ զեկույց՝ «Ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված ուսումնասիրության արդյունքները» վերնագրով: 2009 թվականի ապրիլի 29-ին հրապարակված այդ փաստաթուղթը ստորագրել են Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանը, Խմբի անդամներ Ա. Քոչարյանը եւ Ս. Սաֆարյանը: Զեկույցում Փաստահավաք խումբը բացահայտել է նախաքննության մարմնի, դատախազության, փորձագետի կողմից թույլ տված աղաղակող խախտումներ, որոնց հետեւանքով աղճատվել են 2008 թվականի մարտի 1-ին զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան իրական հանգամանքները: Փաստահավաք խմբի գործունեության առաջին արգասիք հանդիսացող զեկույցն արդեն լրջագույն կասկածի տակ դրեց 2008թ. Մարտի 1,2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածը, որի շրջանակներում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտնվել էին բանտում, հազարավոր քաղաքացիներ ենթարկվել էին հետապնդումների: Փաստահավաք խմբի գործունեության շարունակությունը սպառնում էր Մարտի 1,2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածի փլուզմամբ, ինչը կարող էր հանգեցնել 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, 2008 թվականից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից թույլ տված քրեական հանցանքների, այդ թվում՝ 2008 թվականի Մարտի 1,2-ին Երեւանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունների բացահայտմանը:

Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը, Խմբում իրենց գործունեության ընթացքում ձեռք բերած տեղեկությունները ի մի բերելով, Խմբի լուծարումից հետո հրապարակեցին եւս չորս զեկույց, որոնք գալիս են հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանը փաստահավաք խմբի լուծարման մասին որոշումը կայացրել է խմբային շահերից ելնելով՝ անձամբ իրեն, Ռոբերտ Քոչարյանին, նրանց աջակցած բազմաթիվ անձանց օրինական քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Սույն արարքը առաջացրել է ծանր հետեւանքներ, քանի որ՝ 2008 թվականի մարտի 1,2-ին Երեւանում տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվել, իշխանությունը շարունակել է բռնազավթված մնալ Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական շրջապատի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը թույլ է տվել պետական դավաճանություն, այն է՝ օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց է տվել օգնություն, ինչն արտահայտվել է հետեւյալում: 2010 թվականի փետրվարի 2-ին Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություն:

Արձանագրության 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ կողմերը համաձայնեցին նաեւ «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»:

Նույն արձանագրության 3-րդ կետի առաջին պարբերությունը սահմանում է, որ կողմերը «Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ՝ սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով»:

Նույն փաստաթղթի «Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր» բաժնի «Ձեռնարկվող քայլեր» բաժնում նշվում է. «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով /երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտականուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/՝ հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետներիմասնակցությամբ»:

ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը:

Ռազմավարության 2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձեւաչափ գլխի, «Թուրքիայի Հանրապետություն» ենթավերնագրի ներքո սահմանված է. «Հետամուտ լինելով Հայոցցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչմանը եւ դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման,այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Այսպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր:

«Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծելու մասին դրույթը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ նրան տալով պատմական վիճելի իրադարձության կարգավիճակ, որը դեռ պետք է քննության ենթարկվի փորձագետների կողմից:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի նախագահը «ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը»:

«Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության վերը մեջբերված դրույթների տակ ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի Հանրապետությանը օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու գործուն լծակ ստանալու հարցում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ բնույթով թշնամական գործունեություն է:

3. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն  օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահի նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի թանկացման մասին մամուլում շրջանառվող լուրերը համարել է հերյուրանք: Մասնավորապես՝ ասել է (մեջբերում). «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօրՀայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո,կարող է նաեւ թանկանալ, կարող է եւ չթանկանալ» (մեջբերման ավարտը): Այս հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցներով:

Ի հակառակ Սերժ Ազատի Սարգսյանի՝ վերը մեջբերված հայտարարության, 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում այն ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2011 թվականի կեսերին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գինը արդեն իսկ բարձրացած է եղել, ինչի պատճառով 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը «Գազպրոմ» ընկերությունից ստացած բնական գազի դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտք: 2013 թվականի դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր, համաձայն որի՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20,007 տոկոսը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ, փոխանցվել է «Գազպրոմ» ընկերությանը, ինչի հետեւանքով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը անցել է «Գազպրոմ» ընկերությանը:

Այսպիսով հիմնավորվում է, որ 2013 թվականի մարտի 18-ին, վերը մեջբերված հայտարարությունն անելու պահին Սերժ Սարգսյանն իմացել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող բնական գազի թանկացումը ոչ միայն անխուսափելի է, այլեւ կայացած փաստ, ու չնայած դրան՝ ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քաղաքացիներին: Չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ նա այդ լիազորությունների բերումով դեռեւս 2011 թվականին ձեռք բերած տեղեկատվությունը թաքցրել է հանրությունից, այդ տեղեկատվությունը ծառայեցրել է իր եւ իր ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբային շահերին՝ գիտակցելով, որ այդ տեղեկատվության հրապարակայնացումը էական ազդեցություն կարող է ունենալ 2012 թվականի խորհրդարանական, 2013 թվականի նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ նրա առաջադրած թեկնածուների, այդ թվում՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանի արձանագրած արդյունքների վրա:

Սերժ Սարգսյանի կողմից լիազորությունների չարաշահումը ունեցել է ծանր հետեւանքներ: Հայաստանի Հանրապետությունը կրել է գույքային առանձնապես խոշոր չափերի վնաս, քանի որ կորցրել է «Հայռուսգազարդ» ընկերությունում իր ունեցած 20,007 տոկոս բաժնեմասը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ: Ընդ որում, տվյալ գործարքն իրականացվել է ՀՀ օրենսդրության շրջանցմամբ, ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հոդված 1-ում (մեջբերում). «առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների ստացման անհրաժեշտության» (մեջբերման ավարտ):

4. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ թույլ է տվել անգործություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2008-2013 թվականներին Արարատյան դաշտի արտեզյան ավազանից ջրառը հասել է անթույլատրելի մեծ չափերի, ինչի հետեւանքով Արարատյան դաշտի արտեզյան ավազանը հայտնվել է էկոլոգիական ճգնաժամի վիճակում: 1984 թվականին Հայկական ԽՍՀ Պաշարների Պետական Հանձնաժողովի No 9475 արձանագրությամբ որոշվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի համար 34.6 մ3/վ ծավալով ջրառը սահմանել որպես առավելագույն թույլատրելի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս քանակությամբ ջրառի դեպքում ջրային ռեսուրսների բնական հավասարակշռության վրա բացասական ազդեցություն չի լինի: Այս սահմանմանը հակառակ, 2013 թվականի տվյալներով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ծավալները հասել են 55.6մ3/վ: 2008-13թթ. միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճել են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ: Այս ամենի հետեւանքով Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 32 760 հա-ից մինչեւ 10 706 հա: 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման եւ խմելու ջրից: Խմելու-կենցաղային եւ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր այլեւս չի շատրվանում: Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում: Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը էականորեն կրճատվել են՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքը: Վտանգվել է 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: Արարատյան դաշտի հողատարածքների ոռոգման նորման ավելացել է 10-20%-ով: Այսպիսով, ուղղակի վտանգի տակ են դրվել Հայաստանի Հանրապետության ջրի ռազմավարական պաշարները:

ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ը սահմանում է. «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»: Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Չնայած հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ահազանգերին՝ Սերժ Սարգսյանը չի կատարել Սահմանադրության 49-րդ հոդվածի պահանջները, այն է՝ չի հետեւել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը, ինչի հետեւանքով կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջը, ինչն էլ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման տեսքով: Ավելին, 2008-2014թթ. վարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կառավարության 2014թ. ապրիլի 13-ի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը 2014թ. հունիսի 26-ի, ՆՀ-159-Ա հրամանագրով նշանակել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, այսինքն՝ վստահել է բարձր պետական պաշտոն եւ միջոցներ չի ձեռնարկել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման պատասխանատուների գործունեությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով քննելու համար:

Սերժ Սարգսյանը առաջնորդվել է խմբային շահերով, որովհետեւ իր քաղաքական շրջապատի ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքները խոշոր շահեր ունեն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ոլորտում:

5. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովին՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու համար:

2011-13թթ. լինելով ՀՀ զինվորական դատախազ՝ Գեւորգ Կոստանյանը 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի նախաքննության նկատմամբ իրականացրել է դատավարական ղեկավարում: Կոստանյանը դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հրապարակային հայտարարություններ՝ պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են հիմնավոր փաստեր, որ Գեւորգ Կոստանյանը կեղծել է նշված գործին առնչվող ապացույցները, խեղաթյուրել փաստերը:

Մասնավորապես՝ տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դեպքի վայրում Ավետիք Բուդաղյանին հասցված մահացու կրակոցից առաջ նրան կանչում է քրեական գործով չպարզված անձ: Նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու Բուդաղյանին կանչող անձի ինքնությունը: Նաեւ՝ չնայած Բուդաղյանին հասցված մահացու հրազենային վնասվածքը ունի վերեւից ներքեւ ուղղություն, նախաքննության մարմինը այդ կրակոցը վերագրել է Բուդաղյանի հետ միեւնույն հարթության վրա գտնվող անձանց, ովքեր չէին կարող այդպիսի վնասվածք հասցնել: Քրեական գործի տվյալների այս կեղծումները տեղի են ունեցել ՀՀ Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի անմիջական ղեկավարության ներքո, նրա դատախազական ցուցումներով: Կոստանյանի կողմից վերը նշված գործողությունները կատարելու մասին հրապարակումներն ու փաստերը հասու են եղել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ով ի հեճուկս հիմնավոր այդ փաստերի, Կոստանյանին առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, այսպիսով իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս գործողությունը առաջացրել է ծանր հետեւանքներ, քանի որ հանցանք կատարած անձինք մնացել են անպատիժ, խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ 14.1 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, ՀՀ Սահմանադրության 49 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2014 թվականի ապրիլի 13-ին ստորագրված ՆՀ-49-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: 2014 թվականի ապրիլի 26-ի ՆՀ-81-Ա հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակել Գագիկ Խաչատրյանին: Հովիկ Աբրահամյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին 2014թ. փետրվարի 14-ին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քանի երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Գագիկ Խաչատրյանը 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քան երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրություններից տեղեկանում ենք, որ նրանք վերջին 18-19 տարվա ընթացքում զբաղեցրել են բացառապես պետական պաշտոններ:

2011 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է (մեջբերում). «Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից» (մեջբերման ավարտ):

2014 թվականին ՀՀ կառավարության անդամներ նշանակելիս Սերժ Սարգսյանը չի իրագործել Հայաստանի հանրության առաջ հրապարակայնորեն իր ստանձնած պարտավորությունը եւ կառավարության երկու առանցքային պաշտոններում է նշանակել մարդկանց, ովքեր պետական պաշտոնավարման ընթացքում հաջողակ բիզնեսմենին հատուկ դրամական միջոցներ են կուտակել, ինչը պետք է համարվի կոռուպցիայի ուղղակի դրսեւորում: Այդ եւ այդօրինակ նշանակումները ՀՀ քաղաքացիների եւ միջազգային հանրության առաջ հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով, Սերժ Սարգսյանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչը ունեցել է ծանր հետեւանքներ՝ սեփական քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման տեսքով: Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում ՀՀ նախագահի լիազորություններն օգտագործելով, ստեղծել է կոռուպցիոն կապերով կապված անհատների կառավարման համակարգ, որի նպատակը ապօրինի միջոցներով 2008 թվականին բռնազավթած իշխանության պահպանումն է: Կոռուպցիոն այդ համակարգի գործունեության արդյունքում Սերժ Սարգսյանի ընտանիքը, կոռուպցիոն համակարգում ընդգրկված պաշտոնյաններն ու գործարարները կուտակել են հսկայածավալ հարստություն, ինչը Հայաստանի Հանրապետության համար ունեցել է ծանր, աղետալի հետեւանքներ: Պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում աղքատությունը Հայաստանում աճել է՝ 26.5 տոկոսից հասնելով 32.5 տոկոսի:

7. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշումը: ՀՀ կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել 2014թ. սեպտեմբերի 25-ին: Կառավարության նիստում, սակայն, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշում չի կայացվել:

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն. «Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»:

ՀՀ նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 90-րդ կետը սահմանում է. «կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող՝ կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է»:

Իրավական այս դրույթին հակառակ, Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցով քվեարկություն կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում տեղի չի ունեցել, ինչը հիմնավորվում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ձայնագրությամբ: Այսպիսով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, վավերացնելով ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշում կոչված փաստաթուղթը, չի կատարել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված իր աշխատանքային պարտականությունները՝ չի հետեւել Սահմանադրության պահպանմանը, չի ապահովել գործադիր իշխանության բնականոն գործունեությունը եւ ՀՀ Կառավարության որոշումները վավերացնելու լիազորությունն օգտագործել է իր ծառայության շահերին հակառակ, ինչը առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով Սյունիքի մարզպետ չնշանակված անձը տիրացել է Սյունիքի մարզպետի կարգավիճակին:

8. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը անցել է իր պաշտոնական լիազորությունների սահմանը, ինչն արտահայտվել է հետեւյալում. ս/թ սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ հյուրընկալվել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ եւ ներկաներից մեկի հարցին ի պատասխան ասել է (մեջբերում). «Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել» (մեջբերման ավարտ): Սերժ Սարգսյանը այսպես խոսել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի մասին: Սարգսյանի հայտարարության պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էր տվյալ գործով դատավարությունը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, եւ գործով դատավճիռ չէր կայացվել: Սարգսյանի նշված հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է հայաստանյան լրատվամիջոցների կողմից եւ ենթադրաբար հասու է եղել գործը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը եւ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում հանդես գալով որպես այդպիսին, Շանթ Հարությունյանին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ, չնայած տվյալ գործով որեւէ դատավճիռ հրապարակված չի եղել, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունեցել:

ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ Սահմանադրության հոդված 5-ը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին հանցագործություն կատարած անձ հայտարարելու որեւէ լիազորություն չուներ, այսպիսով՝ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ. խախտվել է ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, խախտվել են ՀՀ Սահմանադրության 21-րդ եւ 5-րդ հոդվածները: Շանթ Հարությունյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 2014թ. հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

 

Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի վերը բերված գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով (Պետական դավաճանություն), 308 հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ), 309 հոդվածի երրորդ մասով (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Որոշեց.

ա) ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:

բ) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

araratnews.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert