shame.am – Օսկան Քոչարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին հայ եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ: Իսկ երեկ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում` ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի: Այս երկու իրադարձությունների հիշատակումը պատահական չէ: Բանն այն է, որ նախորդած բոլոր օրերին, երբ հոգևոր հայրերը խոսում, քննարկում ու տարատեսակ որոշումներ էին կայացնում խնդիրների շուրջ, ոչ մի անգամ չհիշատակվեց այն մասին, որ Եպիսկոպոսաց ժողովին չեն մասնակցում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչները:

Եկեղեցու այս նվիրապետական և հեղինակավոր Աթոռներից մեկի բացակայությունը ոչ միայն պիտի դառնար առաջնահերթ քննության առարկա, այլև հենց ներկաները պիտի գիտակցեին, որ առանց այդ թափուր տեղը լրացնելու իրենց կայացրած բոլոր որոշումները մասամբ (եթե ոչ մեծապես) արժեզրկվում են: Սակայն փոխարենը բոլորը բերանները ջուր առան ու լռեցին: Մինչդեռ պատճառները հայտնի էին ամենքին և հետևանքները` նույնպես:

Ոչ ոք չէր մոռացել, թե ինչպես շուրջ մեկ տարի առաջ Պատրիարք Նուրհան Արք. Մանուկյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հասցեագրեց իր տեսակի մեջ աննախադեպ մի նամակ: Նամակում Պատրիարքը խիստ քննադատության էր ենթարկում վեհափառի գործունեությունը` արդարացի տարակուսանք ու կասկած հայտնելով, թե հնարավոր չէ, որ «վախի և սպառնալիքի մթնոլորտի մեջ առողջ սերունդներ հասնին, բան մը, որուն պատճառով պիտի տուժեն մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին, որոնք ամեն ժամանակե ավելի կարիքը ունին մաքրակրոն, զարգացած և իրավ եկեղեցականներու, և ոչ թե գարշապար լիզողներու»:

Կաթողիկոսը խորապես վիրավորվեց, գարշապար լիզողներն իրենց հերթին կրակի վրա յուղ լցրեցին: Այդ պահից ի վեր Երուսաղեմի Պատրիարքությունն այլևս հարազատ չէր, մերը չէր, այլ թշնամական մի կառույց, որի դեմ պիտի անհաշտ պայքար սկսեր Մայր Աթոռը: Չկար ոչ մի ճշմարտություն, այդ ճշմարտության աչքերի մեջ նայելու համարձակություն: Կար միայն վրեժխնդիր լինելու անհագուրդ ցանկություն, հանդգնությանը ճնշումներով հակադարձելու քինախնդրություն: Իսկ դրա համար առիթները քիչ չէին:

Իբրև հերթական պատրվակ դարձավ այն դեպքը, երբ Երուսաղեմի Պատրիարքության Միաբանական Ընդհանուր Ժողովը մեծամասնությամբ քվեարկեց, որ իր երկու միաբանները եպիսկոպոս ձեռնադրվեին այս տարվա նոյեմբերին, ի թիվս Ս. Էջմիածնի մյուս միաբանների: Սա կարգ է, որ տասնամյակներ շարունակ պահպանվում է, և սովորաբար Պատրիարքության որոշումն ընդունվում է ի գիտություն: Սակայն Գարեգին Երկրորդը պատրաստ էր նույնիսկ այդ ավանդույթը շրջանցել, միայն թե նվաստացած տեսներ նրանց, ովքեր հանդգնել էին խիստ որակումներ հասցեագրել իրեն: Եվ անմիջապես Երուսաղեմ առաքվեց Մայր Աթոռի մերժումը: Հիմնավորումն առավել քան անհեթեթ էր: Այնտեղ ասվում էր, թե եպիսկոպոսության թեկնածուների հարցում «վերապահումներ կան»: Եվ ուրիշ ոչ մի հիմնավորում:

Կաթողիկոսի վրեժխնդրությունն այնպես է կուրացրել նրան, որ վերջինս մոռացել է շատ էական մի հանգամանք. Երուսաղեմի Պատրիարքական Առաքելական Աթոռը պատմականորեն անկախ է որպես վարչական կառույց ու ղեկավարվում է իր Միաբանական կանոնադրության համաձայն: Այսինքն` մեծ հաշվով այն կարող է ընդհանրապես չենթարկվել ու հաշվի չնստել Էջմիածնի հետ: Սակայն առաջնորդվելով ավելի բարձր արժեքներով, քան նեղ անձնական ու ճղճիմ հակումներն են, այստեղ ծառայության գտնվող հոգևորականները շարունակում են «պարտն ու պատշաճ մեծարանքն ընծայել առ Մայր Աթոռն Արարատեան»:

Եպիսկոպոսաց ժողովին չմասնակցելու որոշումը ահազանգն է այն բանի, որ  համբերությունն էլ իր սահմաններն ունի,  և այդ սահմանները չարամտորեն խախտված են: Հիմա արդեն Երուսաղեմից հնչում են նոր մեղադրանքներ` հասցեագրված Գարեգին Երկրորդին: Այնտեղ կարծում են, որ ստեղծված լարվածության մեջ իր տխուր դերակատարումն ունի նաև Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ղեկավարությունը, որը ոչ հեռու անցյալում ցանկություն էր հայտնել ստանձնել Երուսաղեմի Պատրիարքության կալվածքների վերահսկողությունը, սակայն մերժում էր ստացել:  Իսկ ՀԲԸՄ-ի ու Գարեգին Երկրորդի ջերմ հարաբերությունները ոչ մեկի համար գաղտնիք չեն: Ստացվում է, որ հաշվեհարդարի ճանապարհին կաթողիկոսը ջանում է մի գնդակով երկու նապաստակ սպանել:

Իսկ արդյունքում այդ գնդակները խոցում են Հայ եկեղեցու հեղինակությունը, խորը, անդառնալի ճաքեր է տալիս հոգևոր դաշտի միանությունը: Եվ եթե Էջմիածնում դեռ շարունակում են խուլ ու համր ձևանալ, ապա դրսից հնչող տագնապի ձայնը այսօր հնչում է հետևյալ բառերով. «Կաթողիկոս մը, որ միայն իշխանություն կհետապնդե բրտությամբ ու բռնությամբ՝ չի կրնար ղեկավարել Եկեղեցին, որ հիմնված է սիրո, եղբայրության, համերաշխության, հավատարմության վեհագույն սկզբունքներուն վրա»:

Հետգրություն

Եկեղեցին, ինչպես ասում են, հասարակության անբաժան մասն է, հանրային բարոյականության հայելային արտացոլումը: Եվ եթե հասարակությունն այլասերված է, առաջնորդվում է օլիգարխիական պետության արժեքներով, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ արժեհամակարգ, որի հիմքում ընկած է «տանջիր և բռնաբարիր մերձավորիդ» սկզբունքը, ապա, բնականաբար, նույն արժեհամակարգն ու նույն սկզբունքը պետք է թափանցած լինեն նաև եկեղեցու էության մեջ: Դա էլ տեսնում ենք Գարեգին Բ-ի ղեկավարած կառույցում: Ցավոք, նա ոչ մի բանով չտարբերվեց Հայաստանի աշխարհիկ առաջնորդներից` Լևոն Տեր-Պետրոսյանից, Վազգեն Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից և ընդհանրապես բոլորից: Նրա խելքն ու միտքը կոմերցիան է, փող սարքելը, հարազատներին եկեղեցական պաշտոններով ապահովելը: Ինչո՞վ է նա տարբերվում Գալուստ Սահակյանից, ով իր ոչ տաղանդավոր (մեղմ ասած) մի տղային դարձրեց նախարար, մյուսին` փոխնախարար: Ոչ մի բանով: Դրա համար էլ հանրությունը վանվում է եկեղեցուց, ինչպես վանվում է իր պետությունից և արտագաղթի ճանապարհն ընտրում:

Ցավալի է և, միաժամանակ, ուրախալի, որ Գարեգին Բ-ն իր վեհափառության 15 տարվա մեջ գոնե մեկ անգամ արժանացավ իրեն վայել վերաբերմունքի, երբ 2008-ի մարտիմեկյան սրացումներից հետո նրան իր դռնից վռնդեց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը: Դա խայտառակ ապտակ էր հայ եկեղեցուն և անձամբ կաթողիկոսին: Թե ինչ է նշանակում հայ կաթողիկոսին վռնդել տան շեմից` կարծում եմ, հարկ չկա բացատրելու, հավելեմ միայն, որ հայ կաթողիկոսներին ընդունելն իրենց համար պատիվ էին համարում ԱՄՆ և մյուս տերությունների նախագահները, իսկ ԽՍՀՄ ղեկավարները, Երևան այցելելիս, իրենց պարտքն էին համարում գնալ Էջմիածին և պատվել հայոց հայրապետին:

 

լուսանկարը՝ armenianchurch.org

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert