Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեց և որոշվեց 2015 թվականի ապրիլի 23-ին սրբերի շարքը դասել Հայոց ցեղասպանության նահատակներին:

Եպիսկոպոսաց ժողովին մասնակցած 61 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների շարքում ներկա չէին Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Կիրակի օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:

Ի՞նչն էր Երուսաղեմի պատրիարքության՝ Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուց հրաժարվելու պատճառը:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի օգոստոսին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված իր նամակում տարակուսանք էր հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ. «Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»:

Ապա պատրիարքը նշել էր, որ տարիներ հետո համոզվել է՝ Վեհափառ հայրապետին ավելի շատ հետաքրքրում են արտաքինն ու նյութականը:

Նամակից հետո պատրիարքը այս տարի հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց առաջին անգամ: Ավելի ուշ հարցազրույցում նա նշել էր, որ Վեհափառի հետ հարաբերությունները բարելավվել են. «Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է: Սա ամեն մարդ թող լավ իմանա: Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է»,-հարցազրույցում նշել էր պատրիարքը՝ իր այցը հիմնավորելով եպիսկոպոսաց ձեռնադրության հետ կապված հարցերի քննարկման հետ:

Եվ ահա, Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկին՝ Պարետ Ծ. Վարդապետի Երիցյանին, Վեհափառը մերժել է ձեռնադրել:

Հայոց Կաթողիկոսի մերժողական նամակը տարակուսանք է առաջացրել Երուսաղեմի միաբանության մոտ, քանի որ երկար տարիներ Պարետ Վարդապետը ծառայել է Էջմիածնական թեմերում՝ Կալիֆոռնիա, Կանադա և այլն:

«Մենք երկու թեկնածուներ էինք ընտրել, որոնք կաթողիկոսին ներկայացրինք, որ անցյալ կիրակի մյուս երեք հոգու հետ, որ ձեռնադրվեցին, մերոնք էլ ձեռնադրվեին: Կաթողիկոսը երկուսից մեկի նկատմամբ իր վերապահություններն արտահայտեց, և դա է հարցը: Մենք էլ հենց ուզում ենք իմանալ, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել: Եվ եպիսկոպոսաց ժողովի հրավերը մերժվել է այս պատճառաբանությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը։

Նա նշեց, որ կապված Վեհափառի՝ երկու թեկնածուներից մեկին մերժելու հետ, Երուսաղեմի պատրիարքության իշխանությունը որոշեց չմասնակցել եպիսկոպոսաց ժողովին և նաև մյուս թեկնածուին, որին կաթողիկոսը համաձայն էր ձեռնադրելու, չուղարկեց:

Արիս սրբազանը տեղեկացրեց, որ նամակ են ուղարկել Վեհափառին և հիմա սպասում են պատասխանին:

Պարետ Ծ. Վարդապետը նամակ է ուղղել վեհափառին. «Վեհափառ Տէր, կարդացի Ձեր նամակը ուղղուած Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանին, Պատրիարքին Հայոց Երուսաղէմի, որուն մէջ կը յայտնէք ձեռնպահութիւն իմ եպիսկոպոսական ձեռնադրութեան մասին, առարկելով «վերապահումներ կան»: Նկատի առնելով հարցին լրջութիւնը, իմ արժանապատւութիւնը եւ Միաբանական Ժողովին որոշումը, իմ արժանաւորութիւնը հաստատող գաղտնի քուէարկութեամբ Միաբանութեանս Ընդհանուր Ժողովին կողմէ, կու գամ Ձերդ Վեհափառութենէն խնդրել, եթէ հոս պահանջք բառը զօրաւոր է, անհրաժեշտ հարթումը կատարել արտայայտուած առարկութիւնները անհատներու կողմէ գրաւոր եւ ստորագրուած իրենց կողմէ ինձ եւ Միաբանութեանս ներկայացնելու, եւ ես պատրաստ եմ զանոնք նոյնիսկ հրատարակել թէկուզ իմ մասին: Այլապէս չեմ ընդունիր ոեւէ «վերապահում» առանց գրաւոր փաստի: Ուրիշ՝ ոչինչ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը չընդունի եպիսկոպոսաց ժողովի որոշումները, Արիս սրբազանը ասաց, որ Ժողովի որոշումները հարգում են: Ընդունված որոշումների դեմ որևէ առարկություն չունեն:

Մեկ այլ խնդիր էլ կապված է Երուսաղեմի հայոց պատրիարքության և Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Արիս սրբազանը պատմեց, որ միությունը որոշ ժամանակ առաջ ցանկություն է ունեցել պատրիարքության կալվածքները իր հովանավորության տակ վերցնել. «Մենք մերժեցինք: Մեր կալվածքների պատասխանատուն մենք ենք միայն և չենք ցանկանում որևէ այլ կազմակերպություն այդ կալվածքները ղեկավարի, մենք միայն ուզում էինք, որ բարեգործականը մի քանի ազնիվ մարդկանց անուններ մեզ տար, որ մեզ խորհուրդ տային մի քանի իրավաբանական հարցերում՝ մեր կալվածքները մատակարարելու պարագայեն, բայց ոչ թե մեր կալվածքները բարեգործականին հանձնելու: Նրանք ուզում էին ամբողջական կալվածքները վերցնեին իրենց տիրապետության տակ»,- նշեց Արիս սրբազանը:

Հաշվի առնելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերտ առնչությունը ՀԲԸՄ նախկին և ներկա ղեկավարության հետ՝ այս խնդիրը ևս կարող է պատճառներից մեկը լինել Երուսաղեմի հայոց պատրիարքության և Մայր Աթոռի միջև հարաբերությունների վատթարացման:

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը սպասում է Վեհափառի նամակին:

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

http://www.1in.am/1486898.html

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert