Սեռով պայմանավորված աբորտների առկայությունը Հայաստանում տարեց տարի լայն թափ է ստանում: Դրան, առաջին հերթին, նպաստում է երկրի սոցիալական վիճակը, սական քիչ չեն դեպքերը, երբ ապահովված ընտանիքները ևս, գերադասում են ունենալ մեկ-երկու երեխա, նախապատվություն տալով տղա երեխաներին, նախապես ընտրելով սեռը: 

Օրերս՝ Երևանի Հյուսիսային պողոտայում սելեկտիվ աբորտների դեմ իրականացված «Հայաստանի չծնված աղջիկները» անվանումով ակցիան ևս ապացուցեց, որ վերոնշյալ խնդիրը կա, հրատապ է և ուշադրության արժանի:

Հայկական ընտանիքներում, հիմնականում, որերո՞րդ երեխայից են ծնողներն ազատվում: Ի՞նչն է պատճառը, որ մեզ մոտ ազատվում են հենց աղջիկ երեխաներից: Մի՞գուցե ակցիայի մասնակիցների կողմից են գույները խտացված ու չափազանցված: Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նախ զարմացավ ` ի՞նչ ակցիա է, որտե՞ղ և այլն, ապա մեզանից հետաքրքվելուց հետո հավաստիացրեց, որ այդ ամենն այնքան էլ ճիշտ չէ և չի համապատասխանում իրականությանը: «Իհարկե, չափազանցություն կա, սակայն պետք է նշել, որ մեր ավանդական հայկական ընտանիքներում ընտանիքի հայրը` տոհմը շարունակելու համար ձգտում է տղա երեխա ունենալ: Հիմնականում ազատվում են երրորդ երեխայից հետո, եթե, իհարկե, սպասվում է աղջկա ծնունդ»,-ասաց տիկին Ավագյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր առկա է հավասարակշռության խախտում, որի համաձայն նորածինների հարաբերակցությունը՝ 100 աղջկա դիմաց կազմում է 113 տղա, սակայն նորմայի դեպքում պետք է լինի` 102-106 :

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանում նման շեղումներ առկա են 1990-ականներից: Ներկայումս մինչև 15 տարեկան տղաները 39 հազարով գերազանցում են աղջիկներին։ 2011-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ հայաստանյան ընտանիքների մի մասն աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին լույս աշխարհ գալ՝ նախընտրելով ունենալ տղա երեխա: «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում» ուսումնասիրության մեջ նշված է` «Հայաստանը տարեկան կորցնում է շուրջ 1400 աղջիկ, ինչը մեծ հարված է Հայաստանի` առանց այն էլ ծանր վիճակում գտնվող ժողովրդագրական իրադրությանը»: Հետևաբար, ըստ ՄԱԿ-ի տվյալների, եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող, կամ, այսպես կոչված, սելեկտիվ, աբորտները, ապա մինչև 2060 թվականը 93 000 մայր չի ծնվի:

Իսկ ի՞նչ է արվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ` նվազեցնելու համար սեռով պայմանավորված աբորտները: Գայանե Ավագյանի խոսքով՝ ըստ օրենքի, Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը թույլատրելի է համարվում մինչև 12 շաբաթական ժամկետը, որից հետո, արդեն, այն խստիվ արգելվում է: Մեր այն հարցին, որ թեև նախարարության կողմից «խստիվ արգելվում է» ընդհատել 12 շաբաթական հղիությունը, սակայն գաղտնիք չէ, որ, այսօր, շատ բժիշկներ` գաղտնի, վճարովի հիմունքներով հեռացնում են պտուղը, տիկին Ավագյանը միանշանակ հերքեց գաղտնի աբորտների հանգամանքը` նշելով, որ թեև դա դժվար վերահսկելի գործ է, սակայն նման բան բուժհաստատություններում գոյություն չունի:

Հ.Գ. Չնայած՝ մասնագետները հավատացնում են, որ այն` ինչ տեսնում ու լսում ենք իրականությանը չեն համապատասխանում, սական տարեցտարի նվազող ծնելիության իրական պատկերն այլ բան է ասում, հատկապես, երբ աբորտների զգալի մասը տեղի է ունենում օրենքով արգելվող ժամանակաշրջանում` թույլատրելի 12 շաբաթականից անց, երբ արդեն երևում է պտղի սեռը: Ի՞նչ է ստացվում` ՀՀ ԱՆ-ն պատշաճորեն չի՞ վերահսկում բուժհաստատությունները, թե՞ մեկ ուրիշ պատճառ կա, որի մասին զգուշավորությամբ լռում են:

Հասմիկ  Մովսիսյան

www.analitik.am

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert