PosterՄիայն Քաջարանի հանքավայրից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2013 թ.-ին արդյունահանել է`
Պղինձ – 45 000 տոննա – 329 մլն ԱՄՆ դոլար
Մոլիբդեն – 8 000 տոննա – 212 մլն ԱՄՆ դոլար
Ոսկի – 546 կգ – 25 մլն ԱՄՆ դոլար
Արծաթ – 31 տոննա – 24 մլն ԱՄՆ դոլար

Այսինքն 590 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության մեզ բոլորիս պատկանող ընդերքի հարստություն, ինչի օգտագործումը մեր պետությունը 100 տոկոսով հանձնել է մասնավոր ընկերություններին` դրա դիմաց ստանալով նվազագույն հարկեր և տուրքեր, իսկ հետագա սերունդներին ժառանգելով թունավոր պոչամբարներ, աղտոտված հող և ջուր ու խաթարված առողջություն:
ԴԵՌ ԵՐԿԱ՞Ր ԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ…

Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի մեր պետության, այսպես կոչված իշխանությունները, ժողովրդին պատկանող հարստության օգտագործման իրավունքը ոչ միայն 100 տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաև ստեղծել են այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ այդ հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են իսկական հարկային դրախտում:

Ինչո՞ւ են այդքան հրապուրիչ Հայաստանի ընդերքի պաշարները

Poster

 

Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Կանադայի Տորոնտո քաղաքում Դանդի Փրեշս Մեթալս ընկերությունը, Կանադա-Հայաստան Գործարարների Խորհրդի հետ համատեղ կազմակերպում է ֆորում՝ Հանքարդյունաբերությունը Հայաստանում և կանադական հանքարդյունաբերական ընկերությունների դերը խորագրով: Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի խոսքերով՝ համաժողովի նպատակը ինչպես Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների քննարկումն է, այնպես էլ հայրենիքում ներդրողների թիվն ավելացնելը:

Բոլորիս լավ հայտնի է, որ այսօր թույլ զարգացած և կոռուպցիայի մեջ թաղված երկրների բնական պաշարները դիտվում են իբրև համեղ պատառ զարգացած երկրների համար։ Համաշխարհային հանքարդյունաբերական մեքենան գեղեցիկ տերմինների, խոստումնալից բառերի և միջազգային չափանիշների անվան տակ շարունակում է անխնա շահագործել այդ երկրների բնական ռեսուրսները, հնարավորինս ցածր հարկեր և տուրքեր վճարելով օգտագործում է օգտակար հանածոներն ու հեռանում՝ անդառնալի վնաս հասցնելով այդ երկրների շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Ակնհայտ է, որ դա անհնար կլիներ իրականացնել առանց այդ երկրների կառավարող մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ մասնակցության և աջակցության, որոնք ջանք չեն խնայում այդ պաշարների թալանն արագ և անխափան իրագործելու համար, քանզի դրանից իրենց էլ է որոշակի բաժին հասնում:

Տորոնտոյում անցկացվելիք այս ֆորումը մեզ հիշեցնում է 2014 թ. մարտի 25-26-ը Երևանում տեղի ունեցած միջազգային համաժողովը, որտեղ միջազգային բանկերն ու ֆինանսական այլ հաստատությունները, օտարերկրյա դեսպանները, տեղական ու միջազգային փորձագետները և հանքարդյունաբերական որոշ ընկերություններ հավաքվել էին՝ քննարկելու Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերության հիմնական անելիքներն ու ուղենիշերը: ՀՀ կառավարության մասնակցությունն այդ համաժողովին սահմանափակվեց հիմնականում երկրորդական դեմքերով, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները կամ ընդհանրապես ներկա չգտնվեցին երկօրյա քննարկումներին կամ սկսվելուց կարճ ժամանակ անց լքեցին այն: Հիմա էլ Կանադայում Դանդի Փրիշս Մեթալս ընկերությունն է կազմակերպում ֆորում, որին մասնակցելու են այդ ընկերության ղեկավարներն ու բաժնետերերը, կանադական ընկերություններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգևորականներ, Կանադայի աշխատանքի նախարարը, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Դանդի Փրեշս Մեթալս Կապան ընկերությունը (նախկինում Դինո Գոլդ Մայնինգ) Հայաստանում շահագործում է Սյունիքի մարզում գտնվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: Հետաքրքրական է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի վիճակն ու անելիքները պետք է ներկայացնի և քննարկի մի ընկերություն, որի գործունեությանը մեր հանրությունը բավական քաջատեղյակ է: Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) 2013 թ. մայիս 13-ին hetq.am կայքում հրապարակված հոդվածում մանրամասն անդրադարձել էր ընկերության գործունեության այն հիմնական փաստերին, որոնք հակասում էին կանադական ընկերության կողմից հռչակած` բնությանը վնաս չհասցնելու, մարդկանց առողջությունը, կյանքն ու աշխատանքը հարգելու բարձր արժեքներին: Այդ փաստերը, հատկապես աշխատակիցների իրավունքների խախտումները, հետագայում տրված ասուլիսներից մեկի ժամանակ հաստատեց նաև ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սեդրակ Ասատրյանը: Այդ ամենից հետո ընկերությունը ոչ թե փորձեց շտկել իր խախտումներն ու հրապարակային պատասխան տալ դրանց, այլ որոշեց մանիպուլյացիա անել՝ Դինո Գոլդ Մայինինգ անվանումը փոխելով Դանդի Փրիշս Մեթալս Կապանի։

Syuniq movie.Still002

Կանադահայ գործարարներին, Սյունիքի նախկին մարզպետին և այսօր կառավարական մակարդակով Հայաստանում որոշումներ կայացնողներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 29,7 հազար քառ․ կիլոմետր տարածք, որտեղ արդեն իսկ շահագործման իրավունք ունեն մոտ 460 հանքավայր, որոնցից 26-ը մետաղական են, ևս 71 մետաղական հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում և սպասում է շահագործման: Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներ, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար:

Հազարավոր հեկտար տարածքներ արդեն իսկ թաղված են հանքավայրերի մակաբացման և դատարկ ապարների տակ, իսկ հողերը հարստացած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Հանուն կարճաժամկետ շահի ոչնչացվում են դարերի ընթացքում ստեղծված անտառային էկոհամակարգեր` ինչպես օրինակ Թեղուտի անտառը: Մակերևույթային և ստորերկրյա ջրերն աղտոտված են պոչամբարներից բաց թողնվող թափոնաջրերից, արտահոսքերից և ներծծումից, որոնք հետագայում օգտագործվելով ոռոգման և այլ նպատակներով` ծանր մետաղները տեղափոխում են գյուղատնտեսական մթերքների մեջ, այնտեղից էլ մարդկանց օրգանիզմ (կարող եք նայել համապատասխան գիտական հետազոտությունները): Եվ այս ամենի մոտ 90 տոկոսը տեղաբաշխված է և իրականացվում է հենց Սյունիքի մարզում՝ ընդամենը 4506 քառ․ կիլոմետրի վրա:

Poster2Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի մեր պետության, այսպես կոչված իշխանությունները, ժողովրդին պատկանող հարստության օգտագործման իրավունքը ոչ միայն 100 տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաև ստեղծել են այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ այդ հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են իսկական հարկային դրախտում: Մեզ և հաջորդ սերունդներին բնության կողմից շնորհված պաշարներն արդյունահանելու դիմաց սահմանված են այնպիսի վճարման ենթակա դրույքաչափեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին:

Հայաստանում հանքարդյունաբերական ընկերություններն ամբողջությամբ ազատված են նաև պոչանքների, լցակույտերի և մակաբացման ապարների տեղադրման համար վճարներից, որոնք եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափերով` ինչպես օրինակ Էստոնիայում է, 1 տոննայի դիմաց 1.06 եվրո, ապա դրանք կկազմեին տարեկան 100 միլիոնավոր եվրո գումարներ, ինչը շատ ավելի մեծ գումար կկազմեր, քան հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները միասին վերցված:

Մեր Հայրենիքի շրջակա միջավայրն աղտոտելու և մարդկանց առողջությունը վտանգելու համար սահմանված են այնպիսի ցածր տուգանքներ և բնապահպանական վճարներ, որ աղտոտողին ավելի ձեռնտու է վճարել այդ չնչին գումարները, քան թե ներդնել նոր տեխնոլոգիաներ և մաքրման համակարգեր: Վերահսկողության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, այդ ընկերությունները չեն պահպանում նույնիսկ այդ օրենքներն ու իրենց տված թույլտվություններում նշված պայմանները:

Որևէ մեկը կմտաբերի՞, թե այսօր Հայաստանում որտեղ է օգտագործվում լեռնահանքային արդյունաբերությունից ստացված հումքը: Մենք չունենք մեր հումքը վերջնական արտադրանքի վերածող ոչ մի ձեռնարկություն: Տպավորությունն այնպիսին է, որ հենց հիմա փող աշխատելու բուռն ցանկությունը կուրացրել է հայ պաշտոնյաներին, որից մեծ հոժարությամբ օգտվում են օտար պետությունները՝ էժան գներով մեզնից ստանալով իրենց անհրաժեշտ հումքը: Դատարկ ու սին են նաև աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունները, քանի որ համաձայն Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011-ին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատել է 15.500 մարդ, ինչը կազմել է երկրի ընդհանուր զբաղվածության մոտ 1%-ը, իսկ ՀՆԱ-ի աճին այն նպաստել է ընդամենը 3%-ով:

Եվ սրանք բոլորն անժխտելի փաստեր են: Կանադայի կառավարությանն ու ժողովրդին կարելի է հարցնել՝ արդյոք իրենք համաձայն կլինեի՞ն, որ իրենց երկրում նման պայմաններով հանքեր շահագործվեին, թե՞ ոչ…

Ստիպված ենք փաստել, որ մենք վաղուց չունենք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարման համակարգ: Այն այսօր թաղված է կոռուպցիայի մեջ, և պետության կառավարումը վերածվել է ընդամենը բիզնեսի: Ուստի, խնդիրը համակարգային է: Քանի դեռ Հայաստանում չեն կատարվել համակարգային, արմատական փոփոխություններ, մասնավորապես՝ քանի դեռ չի վերանայվել հանքարդյունաբերության և բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտը, հարկերի և այլ վճարների դրույքաչափերը, քանի դեռ հանքարդյունաբերական ծրագրերը չունեն երկարաժամկետ պլանավորում, քանի դեռ չի իրականացվում սպասվող շահույթի ու երկարաժամկետ էկոլոգիական վնասի գնահատում, քանի դեռ հանքերի շահագործումից ստացված գումարները չեն ծառայում Հայաստանի իրական հզորացմանը, մենք՝ որպես հայ մարդ և ՀՀ քաղաքացիներ, հայտարարում ենք, որ ամեն քայլ ձեռնարկելու ենք այդ կործանարար գործընթացը կասեցնելու ուղղությամբ, և խստորեն դատապարտում ենք հանքարդյունաբերող ընկերությունների կողմից կազմակերպվող նմանատիպ քննարկումներն ու ֆորումները, որոնք ընդամենը ծառայում են Հայաստանի ընդերքն ավելի արագ թափով շահագործելուն:

Բոլորի ուշադրությանը ներկայացնում ենք երկու տեսաֆիլմ, որոնք ցույց են տալիս, թե ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական և առողջապահական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից:

Հայաստանի կոտրվող ողնաշարը. բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմ

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար. ԱՐ հեռուստաընկերության ռեպորտաժը

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=iBKfy4U8hmk&feature=player_embedded= embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

Մանրամասները հոդվածում՝ http://www.armecofront.net/lrahos/ynderqi-pasharnery/

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert