serzh sargsyan zlmcivilnet.am – Մհեր Արշակյան

ՀՀ նախագահի պալատում կազմակերպված ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանից մի լրագրող հետարքրվել է. «Ինչու՞ չեք վճարում «Նաիրիտի» աշխատողների աշխատավարձը»: Պատասխանը «միստիկ» է. «Հո իմ գրպանից չեմ տալու»: Այսինքն, մարդ եմ, ունեմ գրպան, որտեղ այդքան փող չկա:

Բայց ինչու՞ է այսպիսի պատասխանը «միստիկ», այսինքն, խորհրդավոր: Որովհետև մեզ այլ «հորիզոններ» է տեղափոխում: Դուք կարծում եք թուրքերը, որոնք անցյալ դարասկզբին կոտորեցին մեկուկես միլիոն հայի, ա՞յլ բ՞ն էին ասում: Նրանք էլ իրենց գրպանից մեզ չունեին տալու պետականություն, մարդու իրավունքներ: Եվ քանի որ հայերը պնդում էին, իսկ իրենք տալու չունեին, հանդես եկան հետևյալ կարգախոսով՝ չկա հայ, չկա հայկական հարց: Երբ Զախարյան Երվանդին էներգետիկայի նախարար ես նշանակում, հենց այդ կոտորածի «դաբրոն» ես տալիս՝ ազատվել նաիրիտցիներից: Կարող ես ոչնչացնել «Նաիրիտը», բայց դրանից  նաիրիտցիներին՝ ի՞նչ: Զախարյան Երվանդը գիտի՝ պետք է նաիրիտցիների հարցերը լուծել: Ինչպե՞ս: Նրանց ինքնասպանության հասցնելով:

Ի վերջո, ինչու՞ է Սերժ Սարգսյանի ազատությունը միշտ իր քաղաքացիների դեմ: Առանց մրցակցի մնացած նախագահի ընտրություններում ասում էր՝ ինչքան ուզեմ, էնքան կխփեմ: Չեխիայի հայ համայնքին ասում էր՝ հո մի փոքր երկրում տասը հոգի շաքարավազ չի ներկրի: Հիմա էլ ասում է՝ հո իմ գրպանից չեմ տալու նաիրիտցիների աշխատավարձը: Այնպես չէ, որ նման բաներ ասելու իրավունք չունի: Թող ասի, թող բղավի, թող դրանք դարձնի ամանորյա ուղերձի մաս, բայց մեր աչքից հեռու, ի սեր Աստծո: Այս մարդը իր շուրջն ստեղծած խաղաղությունը շփոթում է նաիրիտցիներին պատեպատ տվող սոցիալական փոթորկի հետ: Նրա շրջապատում չկա մեկը, որը սոցիլական խնդիր ունի, ինքը նրանց անհոգության պաշտոնական հովանավորն է, նրանց նոր տարվա սեղանի չերևացող զարդը, նրանց օրհներգության առաջին հերոսը, նրանց սովորական հրաշքի Աստվածը: Մինչդեռ նաիրիտցիները կան: Եվ եթե նրանց հարցի լուծումը չունեք, գնացեք, թող ուրիշը գա՝ լուծի: Որովհետև դուք արդեն մատնել եք ձեզ, մատնել եք ձեր գրպանը: Այսինքն, ամբողջ երկիրը գիտի, որ եթե կա մեկը, որ բոլոր հարցերը լուծում է  սեփական գրպանից, դուք եք: Եվ դուք եք, որ ավելի տեղյակ եք այս ժողովրդի աղքատությունից ու անհուսությունից, քան աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը: Դուք եք, որ ամեն ապրիլի 24-ի խոսում եք մոխիրներից հառնող Փյունիկի մասին: Որովհետև էդ Փյունիկը դատարկ հասկացություն է, ձեզ ոչինչ չի պարտավորեցնում: Փյունիկի առջև չեք երդվել, Փյունիկը շաքարավազ ներկրել չի պատրաստվում, նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն չունի: Որովհետև Փյունիկը չկա: Մինչդեռ նաիրիտցիները կան:

Հլը եկեք մեր շենքի մուտք և տեսեք, թե քանի հոգի է վճարել իր էլեկտրաէներգիայի և գազի վարձը: Եկեք և տեսեք վերջին մի քանի օրերի իրարանցումը, որ տեղի է ունենում հոսանքն ու գազն անջատողների և բնակիչների միջև: Նրանց մի մասն ի դեպ աշխատանք ունի: Փյունիկ են, հավատացեք, կատակելու տեղ չէ, մոխիրներից հառնողների սերունդն են: Էդ բոլոր ուղերձների հասցեատերն են: Նրանք էլ իմ տեսադաշտի նաիրիտցիներն են: Ամենքն ունեն իրենց նաիրիտցին, ձեզանից ու Զախարյան Երվանդից բացի: Մեկ էլ, երևի, Խաչատրյան Սուրիկից: Սյունիքում էլ, չէ՞, կան փյունիկներ: Բայց այսպիսի հարց է առաջանում, եթե պետության ամբողջ գրպանը դուք եք, քարը տրաքի՝ Ալեքսանդր Սարգսյանը կամ Միքայել Մինասյանը, ներառյալ՝ Հովիկ Աբրահամյանը, ինչպե՞ս եք պատկերացնում շարունակությունը: Էդ որ դրսում ասում են, թե Հայաստանում կոռուպցիա կա, հենց ձեր գրպանը նկատի ունեն: Ոչ ոք կոռուպցիա ասելով երբեք մասնավոր մեկին նկատի չունի, միշտ՝ առաջինին: Ստվերն էլ է ձեր գրպանի «քաղաքացին»: Դուք ուզում եք ասել, որ ձեր գրպանը ծակ է, մինչդեռ ինչքան ուզեք, էնքան կխփե՞ք, կամ «հո էս փոքր երկրում տասը հոգով շաքարավազ չեն ներկրի՞»: Սրանք նախագահի խոսքեր չեն, այլ լայնորեն փակ գրպանով մարդու խոսքեր են: Սրանք իրենից միայն գրպան ներկայացնող մարդու խոսքեր են: Եվ այս պետությունը պետք է, ի վերջո, ընտրություն կատարի՝ կամ ինքը, կամ ձեր գրպանը: Որովհետև էլ տեղ չկա այնպիսի ծուռ համակեցության, ինչպիսին ձեր գրպանի ու Հայաստանի Հանրապետության համակեցությունն է: Ու ձեզ թվում է, թե նաիրիտցիները մինչև ձեր պաշտոնավարման վերջը պիտի ապավինեն ձեր ողորմածությա՞նը: Բացառեք նրանց ծնողներին ու երեխաներին, բացառեք նրանց ժպիտը, և դուք ճիշտ կլինեք՝ նրանք կմնան ձեր «ողորմածության» սովյալը:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert