hetq.am – Աննա Մուրադյան

Փախուստ դեպի սահման

Հեռավոր 1975 թ. Արաքսի ղամիշներում թաքնված 12-ամյա Սամվելին հմայում էր Մասիսի գեղեցկությունը, ու նա, որ մինչ այդ որոշել էր կտրել Արաքսն ու հատել սահմանը, անբացատրելի պատճառներով միտքը փոխում է: Թեպետ, չէր էլ կարողանալու նախնական ցանկությունն իրագործել, որովհետև առավոտյան կողմ սահմանը հսկող զինվորականները բռնեցին. շաբաթ օրը՝ մարտի 1-ին, դասից հետո տուն գնալու փոխարեն, դպրոցական պայուսակը ձեռքին, ճանապարհ էր ընկել դեպի սահման:

«Արտաշատի ՊԱԿ-ում տարեց մի սպա այնպիսի գազազած տոնով էր հարցաքննում, որ մտածում էի` հիմա-հիմա մի ապտակ եմ ստանալու, բայց հարցին, թե ինչու եմ ցանկացել Արաքսն անցնել, ասացի, որ ուզում էի գնալ ու պապիս գյուղը տեսնել: Դուք չէի՞ք ուզի:- «Հետքին» պատմում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը,- Այս պատասխանով նա միանգամից հանգստացավ, ու բոլոր հարցերը վերջացան: Զինվորական հագուստով մեկին էլ կարգադրեց, թե սոված կլինի երեխան, տարեք հաց տվեք:

Կերակուրի կարիք իսկապես էլ կար, քանի որ դպրոցականը Երևանից դեպի Թուրքիայի սահման 5 օր ճանապարհին շատ քիչ էր սնվել՝ ձեռք չտալով ունեցած 35 կոպեկ դրամագլխին: Երևանում էլ մի լիմոնադի շիշ էր հանձնել, որից ստացված 10 կոպեկից 5 կոպեկով լուցկի էր գնել, իսկ մնացած 5 կոպեկով էլ կապիտալը համալրել: Ճանապարհին նորից շիշ էր հավաքել՝ մոտ 4-5 հատ, որոնք հանձնել էր մայրուղու վրա գտնվող մի խորտկարանի:

«Ես գիտեի, որ էնտեղ դժվար էլ շիշ ընդունեին, բայց պեչենիներ կային ցուցադրված, որոնք ուզում էի ուտել, բայց մայր գումարս չէի ուզում ծախսել,- ժպտալով հիշում է Կարապետյանը,-  էդ կինը նայեց վրաս, հետո՝ հայացքիս, հետո՝ պեչենիներին ու ասաց, որ շշերը կվերցնի, ու 40-50 կոպեկի չափով պեչենի տվեց»:

Ապագա հուշարձանագետ Սամվելը տնից փախել էր: Պատճառն անորոշ էր: Հավանաբար, ինքն իր ու շրջապատի հետ ունեցած անհամաձայնությունը: Երկու սալիկ շոկոլադը, որ շպրտել էր դպրոցի երկրորդ հարկից: «Գոնե մեզ տայիր՝ կուտեինք»,- հետո հիշելու էր նրա ընկերը՝ Արմեն Քերոբյանը:

«Սամվելիկ, ես քո պապան եմ»,- դասամիջոցին նրան էր մոտեցել տարեց մի մարդ ու ձեռքը խոթել այդ շոկոլադները: Ուրիշ ոչինչ չէին խոսել: Թեպետ մեծանալով` արդեն հետը կապ պահում էր: «Նա անսպառ էներգիա ուներ, համաշխարհային գրականության գիտակ ու բոհեմի մարդ»,- նկատում է Կարապետյանը:

Եթե երեխայի ծնունդը նպաստում է ընտանիքի ամրացմանը, ապա փոքրիկ Սամվելիկի պարագայում ճիշտ հակառակն է եղել. նրա ծնվելուն պես ծնողները բաժանվել են:

Այս դրվագը հետագայում էլ նրա վրա ազդել է, որի արդյունքում մազաթափվեց: Սակայն, ինչպես ինքն է ասում, դա շատ օգտակար եղավ մասնագիտական գործունեության մեջ, քանի որ հայի նման չէ. «Դեպքեր են եղել, երբ տեղացիներն իմ վրա հարձակվել են, մի անգամ ասացի, որ Լատվիայից եկած կաթոլիկ եմ ու ինձ հետաքրքիր են աշխարհի բոլոր կաթոլիկները»:

Հետո նրա մայրն ամուսնացել է, ու Սամվելի բախտից, թե նախախնամության կամքով, նրա հայրացուն սիրում էր բնությունն ու ընկերներով յուրաքանչյուր տարվա օգոստոսի առաջին կիրակին բարձրանում էին Արագած: Երբ Սամվելն ութ տարեկան էր, նրան հետները վերցնում են հերթական արշավին, ու այդ դեպքը նրա համար ճակատագրական է լինում:

«Դա իմ կյանքի առաջին արշավն էր, որ կանխորոշեց իմ գործունեության հետագա ընթացքը: Բարձրացա Արագած ու խփնվեցի այդ գեղեցկության վրա»,- ասում է նա:

Կարապետյանը կարծում է, որ կան դիպվածներ, որոնք ճակատագրական նշանակություն են ունենում մարդու համար. «Թեպետ, եթե մոտդ պարարտ հող չլինի, այդ դիպվածը կողքից կանցնի»:

Այդպիսի մի դիպված էր նաև խոհանոցի գազօջախի վերևում գտնվող քարտեզը, որը փակցված էր խոհանոցի ինչ-ինչ ծակուծուկերը փակելու համար: Սակայն քարտեզի վրա Եվրասիան էր, որտեղ պետությունները տարբեր գույներով էին ներկված: Ինքն էլ՝ տակավին 2-րդ դասարանցի, թառելով գազօջախի վրա՝ ժամերով պոկ չէր գալիս քարտեզից: Նայում էր հատկապես մայրաքաղաքներին: Մայրն ասել էր, որ Թուրքիայի մի կեսը ժամանակին Հայաստան է եղել: Անուններ. Էրզրո՞ւմ: Այո, դա հայկական կեսում է: Դրանից հետո ուշադրությունը Թուրքիայի այդ կեսին էր: Գույնի հարց առաջացավ: Ինչպե՞ս է պատահել, որ հերիք չէ Հայաստանի մի մասն այլ գույնով է ներկված, դեռ մի բան էլ եղածն իր գույնը չունի ու կարմիրով է ներկված՝ ուրիշի գույն է վերցրել: Հարց, որը պատասխան չուներ:

«Դա առաջին անարդարությունն էր, որին հանդիպեցի, երկրորդն էլ այն էր, որ ՍՍՀՄ պատմություն անցնելիս ես ասացի, որ գրված է ՍՍՀՄ ժողովուրդների պատմություն, բայց հայ ժողովրդի մասին ոչինչ գրված չէ. դա ռուսների մասին է»:

Նա դպրոցում լավ չէր սովորում, փոխարենը կարդացել էր Լեոյի բոլոր հատորներն ու հայոց բոլոր պատմավեպերը:

Այս ամենի արդյունքն այն էր, որ դպրոցական Սամվելիկը սկսեց ինքնուրույն ճամփորդել ու արշավներ կազմակերպել: «Իմ համադասարանցիներից ևս մի 5 հոգի իմ խելքին էին, դասից փախչելով` գնում էինք, հետո մեզ մի քարի ու մի սարի տակից բռնում ու բերում էին տուն: Ընկերներիս ծնողներից ոմանք իրենց երեխաներին սաստել էին, թե Սամվելիկի հետ ընկերություն մի արեք, իր պատճառով դասից փախչում եք»:

Սակայն տարիներ հետո Կարապետյանը փաստելու էր. իր այն ընկերները, ովքեր մասնակցել են այդ արշավներին ու առիթ ունեցել այդ ճանապարհով ճանաչել Հայաստանը, հետագայում չեն լքել Հայաստանը:

Իսկ դեպի Թուրքիայի սահման 12-ամյա Սամվելիկի փախուստից հետո մայրը հասկանում է, որ Սամվելի համար «կարելիի և չի կարելիի» հարցերը փակված են. եթե որդին մի բան մտքին դներ, անպատճառ անելու էր:

Բախտավոր հուշարձաններ և կատարված մուրազներ

Սամվելն ընկերներին լուսավորելու և արկածային ոգին խրախուսելու համար բարձրաձայն կարդում էր «Ռոբինզոն Կրուզոն» ու բարկանում, որ նրանք չեն կարդացել: Նրանք 3-4 օրով արշավներ էին կազմակերպում, և ընկերներից մեկի՝ Արմենի ծննդյանին տոնին ստացած հեռադիտակը իսկական նվեր էր փոքրիկ արկածախնդիրների համար:

Իսկ 8-րդ դասարանում ներկարարի օգնական աշխատելով՝ Սամվելը գնում է առաջին «Смена» ֆոտոապարատն ու իր սեփական հեռադիտակը: Բացի այդ, նա ընկերների շրջանում փոքրիկ հիմնադրամ է բացում ու արգելում սնվելը:

«Այն 10-15 կոպեկները, որ ծնողները տալիս էին երեխաներին ընդմիջում անելու համար, մենք հավաքում էինք, ու մի քանի ամսից մոտ 30 ռ. հավաքվեց, որով 6 հոգու համար գնեցինք ուսապարկեր, ջրաման, կողմնացույց»,- ասում է նա:

Դպրոցի վերջին զանգից հետո՝ մայիսի 25-ին, նա միանգամից ուղևորվել է դեպի Արցախ, որը եղել է ամենաերկար ճանապարհորդությունն ու տևել 51 օր՝ ոտքով: Իջևանից Շամշադինով դեպի Ադրբեջան:

«Նախ` փող չունեի տրանսպորտով գնալու, բացի այդ էլ` մտածում էի, որ հայկական լեռների ու ձորերի գեղեցկությունը վայելելով կգնամ ու այդպես էլ արեցի: Ու սիրահարվեցի Արցախի թե́ բնությանը և թե́ մարդկանց»,- պատմում է Ս. Կարապետյանը:

Նա 1978-1989 թթ. աշխատել է Ադրբեջանի ՍՍՀ-ի տարածքում՝ մինչև Գետաշեն-Շահումյան: Եղել է Ադրբեջանի մոտ 700 գյուղում, կատարել 40 ճամփորդություն: Մինչև 1993թ. այցելել է Ջավախք ու Կախեթի:

Գեղամա լեռների վրայով երրորդ օրն արդեն առաջին հայաբնակ գյուղում էր: Ինչո՞ւ հենց Արցախ: Որովհետև մինչև դպրոցն ավարտելը Հայաստանն արդեն «դորդուբեշ» էր արել: Հետո մտածել է` Վրաստա՞ն, թե՞ Ադրբեջան: Ադրբեջան: Քանի որ ադրբեջանցիները մահմեդական են, ու ճիշտ կլիներ գնալ, քանի հայկական հուշարձանները տեղում էին: Նա ձեռքով արտագրել էր Մակար Բարխուդարյանի «Արցախ» գիրքը, քանի որ այն տարիներին պատճենահանման սարք չկար ու պայուսակում պահում էր որպես ուղեցույց:

«Այդ տետրը բազմիցս արտագրվել է, քանի որ ամեն գյուղ մտնելիս մարդիկ ուզում էին իմանալ իրենց գյուղի պատմությունն ու արտագրում էին իրենց գյուղին վերաբերող մասը: Իսկ Բարխուդարյանը միայն հուշարձանների մասին չէ, որ գրել է, նա գյուղերի մասին հսկայական տեղեկություններ է թողել»:

Ահա մի նոր հուշարձան: Միշտ մտածել է, որ եթե անգամ տվյալ հուշարձանը հայտնի է, ապա բավարար չափով ուսումնասիրված չի եղել: Քանի որ վերծանված արձանագրություններում բազմակետեր կային, որը նշանակում էր, որ այդ մասերը լավ վերծանված չէին: Իսկ ինքը մինչև վերջ վերծանում էր. «Դա ինձ ոգևորում ու առաջ էր մղում»:

Արձանագրությունները գրված են, որպեսզի ինչ-որ մեկը կարդա: Հարյուրավոր արձանագրությունների առաջին ընթերցողը եղել է Կարապետյանը. «Ես, ուրեմն, արձանագրողի մուրազը կատարել եմ»:

Ահա սահմանախաչ խաչքար: Վերծանելիս սարսռել է, քանի որ սահմանախաչերը եզակի են, ու այս մեկն էլ Կարապետյանի գործունեության ընթացքում միակն էր: Ընկած Շամքոր գետի ափին՝ թվագրված 1314 թ., թիկունքին 3 տող. «Քուր գետից Տավուշի ձորով մինչև Ոսկանապատ իշխում էր տիար Սարգիսը»:

«Այն հուշարձանը, որի համար ես ժամանակ եմ գտել ու այցելել եմ, բախտավոր է, որովհետև նա բավարար չափով է անմահացել»:

«Ա»-ի և «Բ»-ի միջև կապը

Կարապետյանն այժմ ապրում է երկրորդ կնոջ՝ Էմմայի հայրական տանը, որի նկուղը փորել և վերածել է աշխատասենյակի: Շաբաթվա երկու օրը Գիտությունների ազգային ակադեմիայում է, մնացած օրերի մեծ մասը՝ տան աշխատասենյակում:

Մինչև Էմմայի հետ ամուսնանալը հանդիպել էր Գայանե Դոմբաևային, ով դարձավ նրա երեք երեխաների մայրը՝ պարգևելով երկու որդի և մեկ դուստր: Գայանեի հետ ամուսնացավ, որովհետև բազմաթիվ էքսկուրսիաներից մեկի ժամանակ, երբ Կարապետյանը զբոսաշրջիկներին տեղեկություններ էր հաղորդում տեղանքի մասին, շատերն էին նրան լսում, սակայն այդ աղջիկը նաև գրում էր:

«Որովհետև նա, ով իմ կողքին է, պիտի կիսի իմ հայացքները»:

Հետո Գայանեին շատ պատահաբար հանդիպում է Երևանում:

«Բայց ես անընդհատ ճանապարհորդությունների մեջ էի: Ճամփա էի գնում՝ երեխան չէր քայլում, հետ էի գալիս՝ քայլում էր: Մեկ այլ ճամփորդությունից առաջ չէր խոսում, գալիս էի՝ արդեն խոսում էր»:

Հոգեպես իրեն մենակ էր զգում: Կինն իսկապես լավ կին էր, սակայն միմյանց հետ հոգեպես կապված չէին:

«Մեր հաղորդակցությունը հիմնականում սահմանափակվում էր երեխաների համար այս կամ այն կարիքը հոգալու մասին շփումներով, ու կարծես օտար լինեինք իրար»:

2004թ. ամուսնալուծվում է: «Պատճա՞ռը,- հարցրել էր դատավորը` մի տարեց, պատկառելի տարիքով կին:- Այն, ինչ պատմում եք, միայն այն մասին է, թե ինչքան լավն է ձեր կինն ու որքան նվիրված է երեխաներին»:

Պատճառը թղթի վրա գրել ու հանձնել է դատավորին:

«Տարիների ընթացքում խորացած մշակութային տարբերությունը անհնարին է դարձրել մեր համատեղ կյանքը»:

Կինը, փաստորեն, ռուսական կրթություն ուներ, իսկ Կարապետյանի կարծիքով՝ ռուսական կրթությունն անջնջելիորեն փոխում է մարդու մտածողությունն ու աշխարհայացքը:

«Ես կարծում էի, որ տարիների հետ նրան կհայացնեի, սակայն ռուսական կրթության հետ չկարողացա պայքարել»:

Երկու տարի անց ամուսնանում է Էմմայի հետ, ով նրան հասկանում է կես խոսքից:

«Երբ ես ասում եմ «ա», ինքը «բ»-ն հասկանում է»:

Էմման պատմաբան է, ակադեմիական կրթություն ունի, որը Կարապետյանն այդպես էլ չունեցավ, որովհետև սովորելու համար ժամանակ չկար: Իսկ Էմման իր աշխատանքի կարևորագույն մասերից է, ու առանց նրա այդ գործունեությունն անհնար է պատկերացնել: Միասին են եղել վերջին բոլոր գիտարշավներին` Հնդկաստանի ու Իրանի հայ գաղթավայրեր:

Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ Սամվել Կարապետյանի կեցվածքի պատճառը

Դժվար է Կարապետյանի հետ խոսել այլ բանի մասին, քան իր աշխատանքի` հայոց հուշարձանները, արձանագրություններն ու հին բնակավայրերը:

Սամվել Կարապետյանը հուշարձանագրությամբ է զբաղվում: Այդպես են կարծում բոլորը: Ինքը, սակայն, կարծում է, որ իրականում բնակավայրերի պատմություն է հավաքում:

«Իսկ հուշարձաններն, անշուշտ, բնակավայրի շատ կարևոր մասն են կազմում, օրինակ` որևէ գյուղի գերեզմանոցը կարծես այդ գյուղի անձնագիրը լինի»:

Երբ իր գործընկեր Արմեն Հախնազարյանն առաջարկել էր գնալ Թուրքիա, Կարապետյանը սկզբում մտածել էր, թե ինչքան ընդարձակ տարածքում մարդն աշխատի, այնքան տուժում է աշխատանքը:

«Նույնիսկ երբ Վրաստանում էի աշխատում, մտածում էի, որ Արցախը տուժում է»:

Բացի այդ, չէր ցանկանում իր պապերի տուն որպես տուրիստ գնալ: Հիմա կարծում է, որ շատ միամիտ մտքեր էին: Ու վերջապես գնաց: 2004 թ.՝ 11 օր տևողությամբ առաջին այցելությունը: Ցայսօր 13 գիտարշավ է իրականացրել՝ տարին երկու անգամ հաճախականությամբ:

«Ու հիմա հասել եմ կյանքիս այն կետին, որ արված գործերի հաշվետվությունն եմ ներկայացնում: Ու եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով չկարողանամ այն մինչև վերջ իրագործել, շարունակողները կան»:

Ազգային ակադեմիայում 24 հոգանոց մեծ թիմ է աշխատում` գիտաշխատողներ ու գիտնականներ, որոնցից երեքն առնվազն իր չափով վարակված են այս գործի նկատմամբ անհագուրդ տենչով:

«Ու ինձ լավ եմ զգում, որ կարողացել եմ մի վիճակ ստեղծել, երբ այսօրվա կադրերն իրենց աշխատանքի համար վճարվում են. դա ինձ համար երազանք էր»:

Կարապետյանը հայտնի է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքով: Սակայն ասում է, որ իր համար դա երրորդ կարգի հարց է:

«Ուղղակի իմ գործը ամեն գյուղի պատմությունն է: Տարիների ու տասնամյակների ընթացքում կաթիլ-կաթիլ հավաքելով` անվերջ առնչվել եմ եկեղեցու հետ կապված հարցերին ու միմիայն վատն եմ տեսել: Անսահման վշտացած եմ, որ նման անողնաշար ու ապազգային, դարեր քարշ եկող, օտարին ծառայություն մատուցող ու հարկ տվող կառույց ունենք»:

Սամվել Կարապետյանը երջանիկ է: Հավանաբար, աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը: Ասում է, որ միշտ էլ երջանիկ է եղել:

«Որովհետև եղել է գործի պաշտամունքն ու խորքային համոզմունքը, որ հայրենիքի համար օգտակար գործ եմ անում, ու այդ համոզմունքն էն գլխից էլ եղել է»:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert