Գեներալը կամ հիշողության կորուստ ունի, կամ հանձնարարական է կատարում

Օրերս գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով հրադադարի պայմանագրի մասին, այն համարել էր «ավազին գրված պայմանավորվածություն»:  Azatamart.am-ը գեներալի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել 1994-1997 թվականներին ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ Ժիրայր  ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻՑ:

-Վերջերս ռուսական RT հեռուստաընկերության եթերում գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել էր, թե Բիշքեկում ստորագրված զինադադարի պայմանագիրը դավաճանություն է: Այն ժամանակ Դուք եղել եք ՀՀ նախագահի ավագ խորհրդականը եւ մասնակցություն եք ունեցել այդ պայմանագրի կնքման գործընթացին: Գեներալը հիմքեր ունի՞ նման հայտարարություն անելու:

-Գեներալի ու մեր զինվորականության նկատմամբ իմ ունեցած ողջ հարգանքով հանդերձ, եւ որպես հրադադարի բանակցություններին  քաջատեղյակ մարդ, ստիպված եմ մի քանի հարցի վրա ուշադրություն հրավիրել։

Այդ զինադադարը ՀՀ  այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցումներով ու ամբողջ իշխանության՝ ներառյալ գեներալիտետի համաձանությամբ ձեռք բերված համաձայնություն էր: Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։

-Ինչպե՞ս կնքվեց պայմանագիրը: Եթե այն պետական գաղտնիք չի պարունակում, կխնդրեի պատմել այդ մասին:

-Այդ զինադադարը չորս ամիս տեւած գործընթաց էր: Սկսվեց Բիշքեկում, անցավ դեսպան Կազիմիրովի տեքստով ու ավարտվեց հուլիս-օգոստոս ամիսներին՝ hավելյալ նոր տեքստով ու հայտարարություններով: Հուլիս-օգոստոս ամիսներին կողմերի միջեւ ուղղակի բանակցված Հավելյալ փաստաթղթերի համաձայն՝ մայիսյան այդ նախնական ու ժամանակավոր նկատված զինադադարը ամրագրվեց որպես մշտական՝ մինչեւ քաղաքական պայմանագրի ստորագրությունը։

Զինադադարը ստորագրվեց ոչ միայն որովհետեւ հայկական կողմն էլ հոգնած էր, այլ նաեւ՝ որովհետեւ մեր կողմի համար հավելյալ ռազմական գործողությունները հավելյալ քաղաքական հարցեր չէին լուծելու, չէին կարող հարցի քաղաքական կողմը լուծել: Մարդիկ մոռանում են, որ հայկական կողմը չէր, որ պատերազմի դիմեց հարցը լուծելու համար: Մերը ինքնապաշտպանական պատերազմ էր, որն ունեցավ նաեւ իր հարձակողական կողմը: Այսօր մտածել, թե մենք զենքի դիմեցինք Ադրբեջանին պարտադրելու համար, որ ԼՂ-ի անկախությունը ճանաչի, պատմության խեղաթյուրում է։

Թե առանձին մարդիկ կամ ուժեր հավելյալ ի՞նչ կարելիություններ վերագրեցին ռազմական գործողություններին՝ դա ուրիշ հարց է։ Ես խոսում եմ պետական քաղաքականության մասին։

Այլ կերպ մտածողները, ուրեմն, կողմնակից պիտի լինեին մշտական պատերազմի: Չպետք է մոռանալ, որ 12-րդ դարում չենք ապրում, որ կարողանայինք մի քանի ճակատամարտով թշնամուն պարտադրել մեր ուզածը: Մարդիկ չպետք է մոռանան, որ այդ պատերազմում, ինչպես այսօր, մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ: Արդեն հստակվում է այն, ինչ որոշ մարդկանց համար հստակ էր դեռ այն ժամանակ: Իսկ այս հարցի մեջ մենք բարեկամ չունենք: Կան ուժեր, որոնք շահագործում են իրադրությունը, որն այլ բան է։

-Զինադադարը, սակայն, խաղաղության չտարավ: Մինչեւ հիմա էլ շարունակվում են հրադադարի խախտումները հարեւան երկրի կողմից:

- Զինադադարը ստորագրվեց հնարավորություն ստեղծելու համար, որ խաղաղության խնդիրը լուծվի: Այդ առիթն օգտագործվեց,  թե ոչ՝ այլ հարց է: Այստեղ էլ մարդիկ մոռանում են, որ մեզ համար պատերազմը չի կարող կյանքի ձեւ լինել: Այսօր տեսնում ենք, որ խաղաղության բացակայությունն ինչ ավերածություններ է գործում մեր բյուջեի, քաղաքական ու տնտեսական դաշտի, մեր մտածելակերպի ու հոգեբանության վրա, որոնց հետեւանքներից մեկն է արտագաղթը: Այս մասին չխոսելը դեռեւս  հարցի լուծում չէ:

-Ինչպե՞ս կարելի է  ընկալել գեներալի խոսքերը՝ նկատի ունենալով, որ նա նույնիսկ եթե ինչ-որ բան սխալ է համարում, դրա մասին խոսում է քսան տարի հետո:

-Անկախ նրանից, թե գեներալի հիշողությունն իրեն դավաճանում է կամ ոչ, նա արտահայտում է ինչ-որ մտածելակերպ՝ անցյալի ու ներկայի, թերեւս նաեւ ապագայի մասին: Այսինքն՝ ամեն հարց կարելի է պատերազմով լուծել, որ պատերազմի դաշտից դուրս ոչ մի ասպարեզ իմաստ ու արժեք չունի: Սա լավագույն դեղահաբն է մշտական պատերազմ ու վստահ պարտություն ապահովելու համար:

Թերեւս սխալ ենք հասկանում գեներալի խոսքերը: Անցյալի մասին խոսելով՝ թերեւս նա ներկայի մասին է խոսում։ Այսինքն՝ նրա խոսքերը գուցե որպէս հանձնարարական պիտի ընդունել: Այս պարագայում նա ասում է. հայե՛ր, ԼՂ-ի անկախություն ձեռք բերելու համար պիտի վերսկսեք պատերազմը: Եվ հետո՞…

-Այսինքն, ենթադրվում է, որ նման  հայտարարության համար առնվազն երկու պատճառ կարող էր լինել. կամ գեներալը հիշողության կորուստ ունի, կամ էլ այն կատարվել է հատուկ նպատակո՞վ: Ի՞նչը կարող էր լինել այդ հատուկ նպատակը:

-Պիտի նախընտրեի մտածել, որ գեներալի հիշողությունն է իրեն դավաճանում: Թերեւս այն ժամանակ նա կասկածներ ունեցել է հրադադարի մասին: Նման երկմտանք ուրիշներն էլ են ունեցել, եւ դա բնական էր: Ու հիմա այդ երկմտանքն է, որ խաղ է խաղում իր հիշողության հետ։

Ավելի աննպաստ պիտի լիներ գեներալի համար, եթե պատերազմը վերսկսելու նպատակով ինչ-որ հանձնարարական է կատարել կամ հանձնարարական է տալիս:

- Հասկանալու համար, թե հանձնարարական լինելու պարագայում ում  ցուցումով է գեներալը նման հայտարարություններ անում, գուցե փորձենք մտածել, թե ու՞մ կարող է օգուտ լինել պատերազմի վերսկսումը, եւ ի՞նչ կշահեն կամ կկորցնեն Արցախն ու Հայաստանը:  Ո՞ւմ, ո՞ր ուժին է այսօր ձեռնտու հրադադարի խախտումը:

-Պատերազմի վերսկսումը նախեւառաջ Ադրբեջանի շահերից է բխում, թեեւ վստահ եմ, որ գեներալի նպատակը դա չի եղել ու չի կարող լինել: Նրա հայրենասիրությունը չէ, որ կասկածի տակ է, այլ դատողությունն ու հաշվարկը: Ի վերջո, հստակ է, որ ներկա ստատուս քվոյի պայմաններում Ադրբեջանը ոչինչ չի ստանում: Իսկ պատերազմի պարագայում շանս ունի մի բան փոխելու ի նպաստ իրեն: Համենայնդեպս, նրանք այդպես են մտածում։

Կա նաեւ մի այլ պարագա։ Իմ կարծիքով, եւ սա առաջին անգամը չէ, որ ասում եմ, պատերազմի վերսկսման պարագայում Ռուսաստանն ինքն իրեն իրավունք կտա ռազմականորեն միջամտելու, «տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող անուղղելի փոքր հարեւաններին կարգի հրավիրելու» եւ դրանով Հարավային Կովկասում ավելի ուժեղացնելու իր դիրքերը։ Մոտավորապես այսքանն էլ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ ու մասնագետներ արդեն ասել են:

-Ձեր կարծիքով միջազգային հանրության համար այսօր որքա՞ն կարեւոր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Նկատի ունեմ՝ միջազգային հանրությունն այսօր Ղարաբաղի համար ժամանակ ունի՞, նկատի ունենալով Ուկրաինայի իրավիճակը:

-Միջազգային հանրություն հասկացողության նշանակությունը մի քիչ չափազանցված է։ Տարբեր երկրներ, առավելագույնը՝ երկրների տարբեր խմբեր, նույնիսկ հակառակ շահեր են հետապնդում նույն այդ Ուկրաինայում ու նաեւ Մերձավոր Արեւելքում: ԱՄՆ-ը  եւ Եվրոպան պիտի չցանկանային  այսօր իրավիճակի սրացում տեսնել մեր տարածաշրջանում. եթե վաղը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի, նրանք մեզ ասելու են՝ «մենք ձեզ ասացինք, որ պիտի ինչ-որ բան վերադարձնեք, բա ի՞նչ էիք ակնկալում, եթե պարտվեք, մեզանից օժանդակություն չխնդրեք» ու այնքան, ինչպես արեցին 1993-ի վերջին, երբ Ադրբեջանը որոշեց լայնածավալ գործողությունների անցնել ու մենք բողոքում էինք նրանց մոտ։ Նրանք պարզապես ոչ ժամանակ ունեն, ոչ էլ հավես, մանավանդ որ դեմ են եւ՛ ԼՂ-ի անկախությանը, եւ՛ տարածքները պահելուն: Սակայն նույնը չեմ կարող ասել մեր մոտիկ ու ոչ այնքան մոտիկ մի քանի հարեւանների մասին, որոնք նույնպես այդ միջազգային հանրության մաս են կազմում, մեզ համար ավելի անմիջական կարեւորություն ունեն ու կարող են օգուտներ քաղել պատերազմի ստեղծած խառը վիճակից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

azatamart.am

 

бутони за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net