Ինչպես տեղեկացրել ենք, Հետաքննող լրագրողների կոնսորցիումը գաղտնազերծել է շվեյցարական բանկում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հաշիվը: Այս առթիվ կաթողիկոսի խոսնակը պարզաբանել է, որ 1,1 մլն դոլարը պատկանում է Մայր Աթոռին, որ դեռևս Վազգեն Ա և Գարեգին Ա կաթողիկոսների օրոք է այդպես եղել: Այսինքն, ՀԱԵ Մայր Աթոռի հաշիվը բացվում է ոչ թե իրավաբանական անձի, այլ՝ ֆիզիկական անձի, իմա՝ Ամենայն հայոց կաթողիկոսի անվամբ:

Կարծես հոդաբաշխ բացատրություն է, չնայած, այնուհանդերձ, հարց է առաջանում, թե ինչու՞ է հայաստանյաց եկեղեցու բանկային հաշիվը բացվում կաթողիկոսի անվամբ, երբ եկեղեցին գրանցված է, ունի իր հաշվեհամարները:

Երջանկահիշատակ Գարեգին Ա-ի մահից հետո հայտարարվեց, որ նրա հաշվին կա մոտ 900 հազար ԱՄՆ դոլար: Հայտարարությունը տարածող Մայր Աթոռի մամլո դիվանը որևէ հստակեցում չմտցրեց այն մասին, որ այդ գումարները ոչ թե Գարեգին Ա կաթողիկոսինն են, այլ եկեղեցունը: Իսկ որ երջանկահիշատակ կաթողիկոսը կարող էր նման գումար ունենալ՝ կասկած չէր հարուցում: Նա մոտ մեկ տասնյակ գրքերի հեղինակ էր: Կաթողիկոսի հեղինակած գրքերը վաճառվում էին, մեծ պահանջարկ ունեին, Հայոց եկեղեցու հովվապետը նաև նվիրում էր իր գրքերը: Հետևաբար, նա կարող էր նման ունեցվածքի տեր լինել:

Գարեգին Բ-ն իր գահակալությանն անցնելուց հետո մեկնեց Շվեյցարիա: Ինչպես հաղորդվեց ժամանակին` շվեյցարական բանկում հայ եկեղեցու հաշիվներն իր անունով գրանցելու: Այդ ժամանակ որևէ խոսակցություն չծագեց, որևէ հարց չհնչեց: Երևի շատերը չէին պատկերացնում, թե ով է բազմել Գրիգոր Լուսավորչի գահին և ինչպիսի սկանդալային պատմություններ կարող են կապակցվել նրա անվանը: Հարցեր չառաջացան, որովհետև վարպետորեն Ազգային եկեղեցական ժողովի ժամանակ այդպես էլ հաշվետվություն չհնչեց Մայր Աթոռի ունեցվածքի, դրամական հաշիվների մասին: Մինչդեռ դա անհրաժեշտ էր: Գերագույն հոգևոր խորհուրդը, որն, ըստ էության, Ազգային եկեղեցական ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ղեկավարում է ՀԱԵ-ն, երբևէ չի քննարկել եկեղեցու ֆինանսական միջոցների հարցը, որևէ մեկը Մայր Աթոռից հաշվետվությամբ հանդես չի եկել:

Հիմա հարց է առաջանում, եթե մոտ 900 հազար դոլարը ոչ թե Գարեգին Ա-ի, այլ հայ եկեղեցու սեփականությունն էր, ինչպե՞ս է գոյացել 1,1 մլն դոլարը, հազիվ թե բանկային ավանդները նման մուտքեր ապահովեին: Իսկ եթե, իսկապես, մոտ 200 հազար ԱՄՆ դոլարը տոկոսներն են, ապա ի՞նչ երաշխիք, որ ավելին չի եղել, որ կաթողիկոսը միայնակ, առանց ԳՀԽ-ի, եպիսկոպոսաց ժողովի, տնօրինել է այդ գումարները:

Այս ամենը մի բան է հուշում. ՀԱԵ-ում բավական «խառը» վիճակ է, այստեղ բացակայում են հաշվետվությունները, այստեղ ամեն ինչ գտնվում է կաթողիկոսի «գրպանում»:

Լևոն Մութաֆյան

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert