Ցյուրիխ, 1977. ՀՅԴ/ՌԱԿ/ՍԴՀԿ-Թուրքիա երկխոսությունՀայ վրիժառուների (ԱՍԱԼԱ, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ) գործողությունները Թուրքիայի իշխանություններին ստիպեցին բանակցությունների մեջ մտնել սփյուռքյան կուսակցությունների առաջնորդների հետ: Արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը Միացյալ Նահանգներ այցի ընթացքում սփյուռքահայ ղեկավարության հետ հանդիպելու իր ցանկության մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի թեմի հոգևորականներից Օշական վարդապետ Չոլոյանին: Անակնկալի եկած հայ հոգևորականը տալիս է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՄՆ-ում բնակվող Հրաչ Աբրահամյանի հասցեն:

Թուրք արտգործնախարարի առաջարկը հայկական կուսակցությունների համար անակնկալ էր: Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի է ունենում ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի և ՍԴՀԿ-ի միջկուսակցական խորհրդակցական ժողով` քննարկելու թուրք նախարարի առաջարկը: Երկօրյա խորհրդակցություններից հետո, որին մասնակցում էին երկուական անդամներ երեք կուսակցություններից, որոշվում է ընդունել թուրքերի առաջարկը:

1977թ. նոյեմբերի 27-ին Ցյուրիխում կայանում է հայ-թուրքական հանդիպում, որին մասնակցում էին մի կողմից` Թուրքիայի արտգործնախարարն ու ծագումով քուրդ նրա խորհրդական Օրթայ Աքսոյը, մյուս կողմից` Շավարշ Թորիկյանը` ՀՅԴ-ից, Բարունակ Թովմասյանը` ՌԱԿ-ից, Ավետիս Դեմիրճյանը` ՍԴՀԿ-ից, ինչպես նաև Հրաչ Աբրահամյանը: Այդ հանդիպման մասին, որ տարիներ շարունակ պահվել է գաղտնի, շատ բան հայտնի չէ: Մասնակիցների մեծ մասը հեռացել է կյանքից: Միայն վերջին տարիներին սփյուռքյան մամուլում և որոշ գրքերում հպանցիկ անդրադարձ եղավ ցյուրիխյան բանակցություններին:

“Բոլորիս տրամադրությունը բարձր էր: Թուրքական պետությունը առաջին անգամ խոսակցություն էր սկսում իր գործած ցեղասպանությունից ճողոպրած հայության ներկայացուցիչների հետ”,- մոտ երկու տասնամյակ անց գրել է այդ հանդիպման մասնակիցներից Ավետիս Դեմիրճյանը:

Ռամկավար գործիչ Հայկ Նագգաշյանը, ով մասնակցել էր Բեյրութի միջկուսակցական ժողովին որպես ատենագիր, իսկ հետագայում իր գրքում անդրադարձել նաև Ցյուրիխի հանդիպմանը, պնդում է, որ հայ-թուրքական երկխոսությունը “ուղղակի արդյունքն էր 1973թ. հունվարի 27-ին Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների սպանությամբ սկսած վրիժառական շարժմանը, որին պիտի զոհ գնային հինգ տասնյակ թուրք դիվանագետներ և ավելի մեծ թվով վիրավորներ` աշխարհի չորս ծագերում”: “Յանիկյանի վրիժառական արարքը ազդանշան եղավ, որ հանձնառու հայ երիտասարդները շարունակեն ծերունազարդ հայորդու սկսած գործը նախ անհատական կերպով, հետո արդեն, 1975թ. սկսած` կազմակերպված կերպով` ԱՍԱԼԱ անվան տակ”,- գրում է Նագգաշյանը, ով նաև ներկայացնում է Ցյուրիխի ժողովի օրակարգի նյութերն ու ընթացքը այնպես, ինչպես “Բարունակ Թովմասյանը ինձ պատմեց բոլոր մանրամասնություններով, մինչ ես արձանագրում էի դրանք` իբրև տեղեկագիր ներկայացնելու մի քանի օր հետո տեղի ունենալիք ՌԱԿ Կենտրոնական Վարչության ժողովին”:

Ցյուրիխի “Դոլդեր Գրանդ Հոթել”-ի “Գրին Ռում” ժողովասրահում դեմ դիմաց նստել էին Թուրքիայի երկու ներկայացուցիչներ և չորս հայեր: Առաջինը խոսակցությունն սկսում է Հրաչ Աբրահամյանը` ներկայացնելով երեք կուսակցությունների ներկայացուցիչներին: Ապա, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, որպես պատվիրակության ավագ անդամ, խոսք է տրվում Բարունակ Թովմասյանին, ով շնորհակալություն է հայտնում և գնահատում թուրք արտգործնախարարի նախաձեռնությունը: Թովմասյանը հույս է հայտնում, որ վերջին հիսուն տարիներին իր տեսակի մեջ առաջին այս հավաքը եթե անգամ դրական արդյունք չտա, ապա կարող է նոր շփումների առիթ ստեղծել երկու ժողովուրդների միջև, որոնք “դարեր շարունակ միմյանց հետ ապրել են սիրով”:

Թուրքիայի արտգործնախարարը հայ ժողովրդին “օգտակար” լինելու մտադրությունը ցույց տալու համար կատակով հիշում է իր գերդաստանին վերագրվող հայկական ծագման մասին, իբրև ապացույց բերելով իր նախնիների ազգանունը` Չաղլայանենք, որն այսօր թուրքացված ձևով է գործածվում: Թուրք դիվանագետը զգացական ևս մեկ երանգ տալով իր “հայասիրական” կեցվածքին, հավելելով, թե “առաջացած տարիքի բերումով ինքը կարող է չլինել թուրքական հաջորդ կառավարությունների կազմում”: Նա հայ կուսակցական գործիչներին խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել այդ պատեհությունը:

Չաղլայանգիլն ասում է, որ “մեր ետևում ունենք սոսկալի անցյալ, երկուստեք պատահեցին դեպքեր, որոնք պատիվ չբերեցին մեր երկու ժողովուրդներին”: “Մենք գործիք դարձանք մեծ պետությունների ձեռքում, որոնք մեզ օգտագործեցին` ի նպաստ իրենց շահերի: Ներկայումս տակավին, կարծում եմ, նույն է ձեր և քրդերի դեպքում: Պետք է իմանաք, որ մենք Օսմանյան կայսրության պետական ժառանգորդներն ենք, բայց ոչ նրա անցյալի վարած քաղաքականության”,- ասում է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիայի թիվ մեկ դիվանագետի խոսքերից պարզ է դառնում, որ գլխավոր շարժառիթը, որ ստիպել է նրան հանդիպելու սփյուռքյան երեք ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, հայ վրիժառուների հակաթուրքական գործողություններն են: “Ինձ բավական նեղ կացության մեջ են դնում` հարց տալով, թե մինչև ե՞րբ են թուրք դեսպանները թռչունի պես խփվելու: Այսպես խոսողներին իմ պատասխանը հետևյալն է. մենք պետություն ենք և չենք կարող նրանց պես վարվել: Ճիշտ է, մեր միջոցները ավելի լայն են, մենք որպես պետություն ի վիճակի ենք վարձել հարյուրավոր մարդասպաններ ու նույն ձևով պատասխանել: Սակայն պետք է որոնել հնարավորություն` ներկա վիճակից հետ դառնալու, գտնելու մոդուս վիվենդի”- ասում է Չաղլայանգիլը և հայ քաղաքական կուսակցություններին մեղադրում ՙհայ երիտասարդներին` թուրքի դեմ պայքարի հրահրելու համար”:

Թուրք դիվանագետներ սպանելու արշավը վերջ տալու Չաղլայանգիլի պահանջի առնչությամբ հայ կուսակցական գործիչները նկատում են, որ “հասկանալով հանդերձ այդ արշավին լծված հայ տղաների ցասումը, իրենք չեն բաժանում հարցերը արյունով լուծելու գործելակերպը, բայց նաև չեն կարող դատապարտել և մանավանդ արգելք լինել նրանց”, քանի որ նրանք որևէ կապ չունեն հայ կուսակցությունների հետ: “Հակառակը, նրանք կուսակցությունների խաղաղ և օրինավոր գործելակերպից դժգոհ, անջատված տարրեր են, որոնք աշխարհի չորս անկյուններից գտնելով համախոհներ, ստեղծել են իրենց անկախ կազմակերպությունները, կազմել գործելու իրենց ոճն ու ծրագրերը”:

Շավարշ Թորիկյանը պատասխանում է, որ “մեր երկու ժողովուրդները ճակատագրով պարտավորված են ապրելու կողք կողքի”, բայց թուրքերը տեղահանեցին, ջարդեցին ու բնաջնջեցին հայ ժողովրդին, քանդեցին հայկական մշակութային կոթողները, բռնագրավեցին հայերի հարստությունը: “Պարոն նախարար, պետք է ընդունեք, որ հայ ժողովրդի նկատմամբ գործվել է ահռելի անարդարություն, մեր ձգտումն է, որ հատուցվի գործված անարդարությունը”- ասում է Թորիկյանը: Ավետիս Դեմիրճյանը շարունակում է, որ իրենք ներկայացնում են քաղաքական կազմակերպություններ, տանում են քաղաքական աշխատանք, թուրք ժողովրդի հանդեպ չունեն թշնամություն, սկզբունքորեն դեմ են ահաբեկչությանը: “Մենք թուրք ժողովրդի հետ ապրել ենք կողք-կողքի: Օսմանյան կայսրության կառուցող տարրն էր հայ ժողովուրդը, սակայն այսօր ցրված ենք աշխարհով մեկ, մեր պապենական հողերը խլված են”- ասում է հնչակյան ներկայացուցիչը:

Չաղլայանգիլը պատասխանում է, որ հայերի ու թուրքերի միջև “բարի հարաբերությունների” վերահաստատման համար պետք է գտնել դեղամիջոցը: “Ձեր երիտասարդությանը հանդարտեցնելու համար հարկավոր է մի բան անել: Ի՞նչ եք առաջարկում”,- հարցնում է թուրք արտգործնախարարը:

Թորիկյանն ասում է. “Մենք սպասում ենք դրական քայլեր թուրքական իշխանությունների կողմից: Նախ պետք է սխալն ընդունել, դատապարտել այն, ընդունել հայ ժողովրդի իրավունքները և գոհացում տալ դրանց”: Թովմասյանն ավելացնում է. “Ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդին հաջողվել է վերականգնել ու պահանջատեր դառնալ: Պարոն նախարար, հարց եք տալիս, թե ինչ պետք է անել: Ինչո՞ւ չեք հետևում Գերմանիայի օրինակին: Նրանք խելացի գտնվեցին, դատապարտեցին կատարվածը և հրեա ժողովրդին հատուցում տվեցին”:

Չաղլայանգիլն ասում է, որ առաջարկների մեջ կան դրական և բացասական տեսակետներ: “Դրական է, օրինակ այն, որ սխալները պետք է սրբագրվեն: Բայց ինչպե՞ս: Ձեր հարցը Օսմանյան կառավարության հետ էր, ոչ թուրք ժողովրդի: Ընդունում եմ, որ ներկա Թուրքիան պետք է մի բան անի` ցավերն ամոքելու համար: Հողային հարցի շուրջ ես չեմ կարող ձեզ հետ բանակցել: Դուք պետականություն չէիք Օսմանյան կայսրության մեջ: Դուք այլ համայնքների շարքում հանայնքներից մեկն էիք, ձեր հողային պահանջները օրինական որևէ հիմք չունեն: Ես չեմ արդարացնում Օսմանյան կառավարության վարած մեթոդները խաղաղ ժողովրդի դեմ: Սակայն ճիշտ էլ չէ ասել, թե թուրքերն էին ամեն ինչ անողը: Պետությունը կարող էր ձեր հեղափոխականներին բռնել և կախել, ոչ թե անմեղներին ջարդել: Անցյալի վրա ծանրանալը մեր իրավիճակին լուծում չի բերի: Պետք է մտածենք այդ մասին, բայց պետք է նաև ընդունենք, որ հողային պահանջները և դիվանագետների սպանություններն այստեղ ու այնտեղ ընդունելի ձևեր չեն: Մենք էլ ունենք երիտասարդություն, որ կարող է նույն մեթոդներին դիմել: Մենք պետություն  ենք, փոխադարձելու միջոցներ ունենք”:

Թորիկյանն առարկում է, ասելով, որ Թուրքիան պետք է իր կեցվածքը փոխի. “Հնարավոր չէ հարցը փակել` անցյալի մասին չխոսելով կամ ասելով, որ երկու կողմերն էլ  հանցավոր են: Հիմնականը հայկական հարցի լուծումն է, հայ ժողովրդի ստեղծագործելու և գոյատևելու իրավունքն է իր պապենական հողերի վրա”: Դեմիրճյանը հավելում է, որ հայկական հարցի դրական արդյունքից է կախված հայերի և թուրքերի միջև հարաբերությունների բարելավումը: Թուրքիայի արտգործնախարարը հավաստիացնում է, որ պատրաստ է թուրքական կառավարության և հայկական երեք կուսակցությունների միջև բանակցությունների համար հող նախապատրաստել, եթե այն դրվի ընդունելի պահանջների շրջագծի մեջ: “Նյութական հատուցումը, վերաբնակեցումը և հայերին որոշ դյուրություններ ընձեռնելը ընդունելի հարցեր են, սակայն բնավ ընդունելի չէ հողային ձեր պահանջը: Որևէ թուրք, անգամ դավաճան թուրք, չի ընդունի այդ պահանջը”:

Մեկօրյա հանդիպումն ավարտվում է հեռախոսահամարներ փոխանակելով և կրկին հանդիպելու մաղթանքով:

Այդ հանդիպումից երկու ամիս անց տեղի ունեցավ թուրքական կառավարության փոփոխություն, նոր կառավարության կազմում Չաղլայանգիլի անունը չկար:

Թուրքիային երկխոսության մղող հայկական զինյալ պայքարը հաջորդ տարիներին տկարացավ և ի վերջո դադարեց Թուրքիային աջակցող միջազգային հատուկ ծառայությունների և գաղտնի գործակալությունների դավերի ու ճնշումների արդյունքում, որոնց զոհ գնացին “զինյալ պայքարի մի շարք կազմակերպիչներ ու ազատամարտիկներ”:

Ցյուրիխյան հանդիպման մասին կարճ անդրադարձ կա Ռամկավար Ազատական կուսակցության փաստաթղթերից մեկում: Այն նոր բան չի ավելացնում նրան, ինչի մասին գրվել է վերևում: Միակ նորությունը, ըստ փաստաթղթի, այն է, որ “հանդիպման մասին տեղյակ են պահվել հայրենի պետության պատասխանատուները”, այսինքն` Խորհրդային Հայաստանի իշխանությունները:

Հատված Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից:

Լուսանկարում՝ Բարունակ Թովմասյանը

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert