10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ
Հայաստանը և Թուրքիան,
ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում, ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված արձանագրության,
վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկիի եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,
վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու և հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը,
հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող` երկու երկրների միջև հավատի և վստահության մթնոլորտ ստեղծելու և պահպանելու կարևորությունը, ինչպես նաև վճռական լինելով զերծ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, խրախուսել վեճերի խաղաղ կարգավորումը, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները ստեղծելու կարևորությունը,
հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,
կարեւորելով ընդհանուր սահմանը բացելու իրենց որոշումը,
վերահաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,
դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,
հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և ուղիներ մշակելու եւ խաղաղության, փոխըմբռնման ու ներդաշնակության ձգտելու իրենց պատրաստակամությունը,
համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիային համապատասխան, սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:
Սույն արձանագրությունը և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունն ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրություն
10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ
Հայաստանը և Թուրքիան,
ղեկավարվելով նույն օրը ստորագրված` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությամբ,
նկատի ունենալով վստահության և միմյանց շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,
որոշելով զարգացնել և ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտական, տեխնիկական, մշակույթի և այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,
աջակցելով երկու երկրների միջև համագործակցության խթանմանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, հատկապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և ՍԾՏՀ-ի շրջանակներում,
հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցել տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ` տարածաշրջանի ժողովրդավարական և տեւական զարգացման ապահովման համար,
վերահաստատելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը,
վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` դիմակայելու տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության դեմ առկա ընդհանուր սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը,
- համաձայնում են բացել ընդհանուր սահմանը սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
- համաձայնում են`
երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,
իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար,
առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,
համագործակցել գիտության և կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաև մասնագետների և ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,
համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,
ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,
սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով.
- համաձայնում են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից, սույն արձանագրության` վերը նշված երկրորդ գործառութային կետում նշված հանձնառությունների արագ իրականացման նպատակով:
Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումբ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարների մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո:
Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, և կգործեն շարունակաբար` մինչև իրենց մանդատի ավարտը:
Ըստ անհրաժեշտության` միջազգային փորձագետներ կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
Սույն արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը սույն արձանագրության անբաժանելի մասն է:
Սույն արձանագրությունը և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:
Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու
Հավելված
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր
Ձեռնարկվող քայլեր Ժամկետ
- ընդհանուր սահմանի բացում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում
- երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից երկու ամիս անց
- միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի հաստատում նախարարների մակարդակով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում
- միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպում
միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների
աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով
- ստորև նշված ենթահանձնաժողովների միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս անց քաղաքական խորհրդակցությունների հարցերի ենթահանձնաժողով,
– տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքների և ցանցերի հարցերի ենթահանձնաժողով,
– իրավական հարցերի ենթահանձնաժողով,
– գիտության և կրթության հարցերի ենթահանձնաժողով,
– առևտրի, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության հարցերի ենթահանձնաժողով,
– բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով,
և
– պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման նպատակով, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն, առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ
Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան,
Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու: