Հայ գրականության մեջ համարյա թե եզակի են այն գրական արձակ գործերը, որոնց կարելի կլինի որակել որպես համաշխարհային գրականություն, որոնք իրենց արծարծած թեմայով, իրենց ոճով և գաղափարաբանությամբ անժամանց են: Կարելի է անվարան ասել, որ այդտեղ իր առանձնահատուկ տեղն է գրավում Շահան Շահնուրի՝ «Նահանջը առանց երգի վեպը»:

Այս վեպը իր լեզվական բարդ կառուցվացքով, հայ մարդու, հայ եկեղեցու, թագավորների և կուսակցությունների բացասական կողմերը «դաժանորեն» քննադատող մի գլուխգործոց է և այդ իմաստով իր ուրույն տեղն է գրավում հայ գրականության մեջ: Շահնուրի տառապանքից ծնված դառը խոսքերը ոչ մեկին չեն խնայում, նա իր քննադատությամբ երբեմն անցնում է նույնիսկ պատշաճության սահմանները: Այս վեպը մի հայելի է, որ երիտասարդ Շահնուրը դեմ է պահում յուրաքանչյուր հային և նա կարող է այնտեղ նկատել իր իրական պատկերը, իր եսին, իր եկեղեցուն, իր թագավորներին, իր նախնիներին, իր անցյալը, ներկան և ապագան, այդ պատճառով էլ հայ ընթերցողը առաջին ընթերցումից իրեն վիրավորված է զգում, երբեմն նա չի կարողանում հասկանալ այն, ավելի շուտ նա ցանկանում է իրեն անջատել ընդհանուրից, և հետո նա չի ցանկանում ճշմարտությունը նկատել, նկատել, որ դա իրոք իր պատկերն է, նկատել, որ դա իրոք իր «տխեղծ» դեմքն է, այո նա չի ցանկանում ճանաչել իր իրական եսին: Որովհետև ոչ ոքի համար հաճելի չէ դառը ճմարտության երեսին նայել, որովհետև նա երբեք չի ցանկանում իր անձի քննադատությունը լսել և դրանից դասեր քաղել:

Երիտասարդ Շահնուրը ազգային ահավոր ողբերգության պատճառով հոգեվարքի մեջ է: Ընկել է մի աշխարհ, որտեղ ամեն ինչ տակն ու վրա է: Նա մեկն է այն հազարավոր հայ երիտասարդներից, որոնք եղեռնը վերապրած, փորձում են իրենց գոյը պաշտպանել օտար միջավայրում, օտար բարքերի ու սովորությունների շրջապատում: Նրանք վերապրել են, բայց ազգին բաժին հասած ճակատագիրը նրանց նետել է մի ահավոր փոթորկալից օվկիանոս և նրանք պետք է փորձեն նախ լող սովորել: Նրանք նույնիսկ ժամանակ և առիթ չունեն կատարվածը հասկանալ, ընկել են մի աշխարհ, ետև թողնելով նահապետականը, ազգայինը, հայ ընտանիքը, հայ աղջիկը, որը այդ ընտանիքի հիմնադիրը պետք է լիներ: Եթե նա վերապրել է, ապա մնացել է լքված, կամ էլ դարձել է թուրքի, կամ քուրդի կին, հարճ, դարձել է թուրքի, կամ քուրդի մայր: Նրանք մի միջավայր են ընկել, որտեղ մարդկային հարաբերությունները, բարոյականը, կինը, սերը նոր որակումներ ունեն, որտեղ «բոզը» և «Աստվածը» ասես նույն իմաստն ունեն և նրանք չեն կարողանում այդ բառերին «սահմանում մը տալ»: Եթե առաջինը միմիայն իր միակ հարստությունը՝ իր մարմինն է վաճառում, ապա այդ Աստված կոչվածը ամբողջ ժողովուրդներին, ամենից առաջ սակայն հայ ժողովրդին և դա դարեր շարունակ և դեռ այդ միամիտ հայը Նարեկ է ստեղծում, առաջին տողով սկսած մինչև վերջին տողը, փառաբանում է այդ Աստծուն և այդպիսով մոլորեցնում, ապակողմնորոշում է իր գալիք սերունդներին, որոնք այդ ազգակործան վարդապետության քարզչության շնորհիվ «թունավորվում» են, դառնում են «հաշմանդամ», կամազուրկ, անզոր՝ «խածնելու», «կռվելու», պայքարելու:

«Հայերը գիրք մը ունին: Անոնց ամենագէշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամէնէն ավելի անբարոյական գրքն է ան – Նարեկը: Կ’ամբաստանեմ զայն իբրև ամենամեծ թշնամին հայութեան, կ’ամբաստանեմ այն թշուառականը, որ անոր տողերը թքաւ: Եւ ըսել թէ որքա՜ն փառահեղ ճակատագիր մը ունեցաւ այդ թունավորիչ հատորը: Հայերը զայն ընդունեցին, իւրացուցին, ընդգրկեցին: Ոչ մեկ սերունդ չխորհեցաւ զայն ջնջել, որովհետև անոր լեզուական և բանաստեղծական ինչ ինչ յատկութիւններէն խաբուելով ծածկուած թոյնը չնշմարեց: Ընդհակառակն փոխանցեցին որդիէ որդի, արիւնէ արիւն, ու ան եկավ մինչև մեզ: Թունաւորուեցանք, ազգովին թունաւորուեցանք: Ահա թե ինչու պարտուածներ ենք, պարտուածներ ենք, որովհետև ան վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյութիւնը մեր եսին, մեր ոյժին, կամքին, անհատականութեան. – չկռուեցանք, չխածինք, չմաքառեցանք: Քրիստոնէական վարդապետութեան անոր սխալ ու թերի մեկնութիւնը ընդունելով եղանք անմտօրէն կրաւորական, համակերպող, աղերսակու, անգիտակից: Մենք մեր անձէն դուրս չելանք, չունեցանք նպատակ. խմբովին չլսացանք դէպի կարելիութիւնը, անկարելին և մեծ իտէալ մը մեզ բոլորս իր ճանկերուն մեջ չշաղուեց: Կ’ամբաստանեմ այն թշուառականը որ…»

Հապա որքան այժմեական են Շահնուրի վերջին դիպուկ բառերը, որքան են համապատասխանում վերջին հարյուր տարվա հայ ջոջերի՝ «…անմտօրէն կրաւորական, համակերպող, աղերսարկու, անգիտակից …» կեցվածքին:

Ժամանակին հայ ջոջերը աղերսագրերը – աղերսագրերի հետևից էին ուղարկում քրիստոնյա պետություններին: Իսկ որոշ միամիտներ ասում էին, երբ որ Թուրքիան քաղաքակիրթ պետություն դառնա, ապա այն ժամանակ հայերի վիճակն էլ այդ երկրում կլավանա: Րաֆֆին նրանց պատասխանում է. մինչև Թուրքիան քաղաքակրթվի, ապա այնտեղ մեկ հայ էլ չի մնա: Նա կանխատեսում է վտանգը, բազմիցս կրկնում է՝ քրիստոնիաների պատճառով թուրքիան կորցրել է ամբողջ Բալկանը, իսկ արևելքում միայն հայ քրիստոնյա ժողովուրդն է, որ սպառնում է վտանգել մնացած Օսմանյան Կայսրության ամբողջականությունը: Քրիստոնիա պետությունների միջամտությունը կանխելու համար Թուրքիան ոչնչացնում և ոչնչացնելու է հայությունը, ցույց տալու համար, որ չկա հայ, չկա նաև հայկական հարց: Րաֆֆին իր գլխավոր հերոսների օրինակով փորձում էր հայ ժողովրդին կոչ անել, միայն զենքի միջոցով և ժողովրդական ուժերի համախմբումով կարելի կլինի կասեցնել աղետների աղետը, որոնք մութ ու փոթորկալից ամպերի նման կուտակավում էին Արևմտյան Հայաստանի երկնքում:

Սակայն ոչ հայ ջոջերի բազմաթիվ աղերսագրերը, հասցեագրված արևմտյան քրիստոնյա պետություններին, ոչ էլ  հայդուկների իրարից բաժան և ժողովրդից կտրված հատ ու կենդ կռիվները, ոչ էլ հայ բանաստեղծների՝ հայ ժողովրդին փառաբանուղ երկերը կարողացան փրկել հայությանը և կատարվեց այն ինչ որ Րաֆֆին կանխատեսել էր: Իսկ մյուս կողմից կյանքը անգամ ևս իր օրինաչափություններով հաստատեց, որ միայն համաժողովրդական, իրոք ամենալայն իմաստով՝ համաժողովրդական պայքարով և դիմադրությամբ, կարելի կլիներ փրկել հայ ժողովրդին: Մուսա լեռ, Վան, Սարդարապատ:

Շահնուրը ահավոր ցավից գալարվում է, հառաչում, չի կարողանում կատարվածը հասկանալ: Եվ իրո՞ք, ինչպե՞ս կարելի է եղեռնը հասկանալ, մի ժողովուրդ, որ եղեռն է թույլ տալիս, մի ժողովուրդ, որ անպաշտպան, անօգնական, անդիմադիր կառափնարան է քշվում, մի ժողովուրդ որ չի կռվում, չի պայքարում, դարձել է կրավորական, նահանջող: Ինչպե՞ս կարելի է գիտակցել այդ բոլորը և չբղավել:

«…Հայը ամուլ է, անծին, անպտուղ: Հայը դատարկ է, փուճ, ունայն, սնոտի:»

Անխուսափելի է եղեռն վերապրած երիտասարդ գրողի և իր նախնիների բախումը, ով դեռ նոր կյանք մտնելով և գրական փորձեր անելով, կորցրեց իր բոլոր պաշտելի բանաստեղծներին, գրողներին, մտավորականներին, կորցրեց՝ հայրենիք, տուն-տեղ, ազգ, ազգի ապագա:

«Ներքինիներ են մեր բոլոր պապերը. անոնք ոչինչ կրցեր են քանդակել միսով…»

«…Որքան որ մտածումս ետև տանիմ, Հայերը կտեսնեմ միշտ այնպես ինչպես որ են այսօր: Պզտիկ, գաճաճ, տխեղծ: Իւրաքանչյուրը անդիմադրելի պաշտամունքը ունի ի’ր կաշիին, ի’ր մորթիին: Եսամոլ, անձնասէր, անմիաբան, նպարավաճառ…»

Հապա թագավորները, որոնք ոչ միայն կույր են եղել, այլ ցնորված, որը այնքա՜ն է համապատասխանում մեր օրերի իշխանավորների կեցվածքին:

«…Հաջորդ թագաւորը որ կկուչեր Աբգար, Գագիկ կամ Խոսրով, կոյր էր:»

«Ըսի թէ կոյր էր ան. և որպեսզի լավ տեսնէ, իր ամբողջ գահակալութեանը ընթացքին թռչնիկի մը երկու պզտիկ թևերը անցուց իր ականջներուն:»

Ի՞սկ հայ անհատը, որտե՞ղ է կանգնած նա:

«…Հիացում և առատ ներբող ունի օտարին բոլոր արժէքներուն, արժանիքներուն, մեծություններուն: Շատ անգամ կուրօրէն կը փառաբանէ զանոնք. սակայն երբոր հաճի ակնարկը տարձնել իր ազգին, անմիջապես տարակոյսով և թերահաւատութեամբ լեցուն քննադատի մը կը կձևափոխուի: Կը խորշի, կը սոսկայ հպատակութեան գաղափարէն. պզտիկութիւն կը համարէ ուրիշի մը մտածումը բաժնելով միաբանիլ ու գործակցիլ անոր, երբոր հրամայողը ինք չէ: Ինք ինք է և ինք բան մը չէ…»

«…Այո’, այս տիպարը պատահական չէ, միայն ժամանակի մը ծննունդ չէ. սակայն մինչդեռ անցեալի մեջ կարելի էր մասամբ զինքը անտեսել, իր վատառողջ մեղկացումը չէզոքացնել, թողնելով որ ազգին թիւը բազմապատկելու իր միակ դերը կատարէ, հիմա անկարելի կը դառնայ իրեն հանդէպ անտարբեր մնալ: Ոչ թէ որովհետև այժմ ճակատամարտ կայ ու կենսապայքար, այլ որովհետև կայ բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, կայ բան մը ահեղ, անդիմադրելի որ իր անունը կ’ոռնայ բոլոր քառուղիներէն. նահանջն է ան: Նահանջը Հայերուն: Կռիւը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս կուգայ պարտված կամ յաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգայ: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտոյտ տուող զառիթափին վրայ սա նահանջը կը ջնջէ, կը ձուլէ, կ’անհետացնէ ամեն բան…» «…Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենք  դեռ կը նահանջենք բանիւ և գործով, կամայ և ակամայ, գիտութեամբ և անգիտութեամբ, մեղա՜, մեղա՜ Արարատին…»

Այո այդ նահանջը հոգիներուն: Այսօր արդեն սփյուռքահայության մեծամասնությունը կանգնած է այն անդունդի եզրին, որի հաջորդ քայլը ձուլում և օտարացում է նշանակում: Սակայն այսօրվա մեր ամենամեծ ազգային դժբախտությունը, դա Հայաստանի իրավիճակն է, որի հետևանքը, մասսայական արտագաղթն է:

Այո, այո, մեր այսօրվա իրականությունն է սա, նահանջել ու նահանջում է սփյուռքահայությունը, նահանջում է հայաստանաբնակ հայությունը, առանց երգի, առանց պայքարի, առանց մտածելու, առանց ազգի ապագայի մասին մտածելու: Նա գալիս է խտացնելու սփյուռքահայության նոսրացած շարքերը, գալիս է՝ «ուժեղացնելու սփյուռքահայությունը, որպեսզի փրկի Հայաստանը» (Հայաստանից հեռացած մտավորական): Գալիս է իր երեխային նետում է այս համընդհանուր  ձուլման հորձանուտը: Գալիս է օտար հողում ծածանելու եռագույնը և «քրիստոնիա քաղաքակիրթ» աշխարհից և թուրքից պահանջելու, որ ճանաչեն ցեղասպանությունը, չուզենալով դեմ գնալ այն կառավարությանը, որը երկիրը հասցրել է այն օրին, ինչ որ այսօր է: Որ հենց այդ պատճառվ հենց այդ թուրքին են ապավինում Հայաստանից հեռացածները, առօրյա ապրուստ հայթայթելու համար: Անտեսելով, որ հայ մայրերը, միգուցե նաև իրենց բարեկամները, իրենց երեխաներին տանում են հենց այդ թուրքի երկիրը և հենց այդ թուրքի մոտ նրանց ծառայլու են ուղարկում…

Այս օրերին աշխարհի համայն հայությունը ցնծության մեջ է, ամենից առաջ սակայն Հայաստանի ինշխանությունները և միչև զզվեցնելու չափ, նրանց կողմից թողարկվող երկրի հաղորդակցության միջոցները: Ի՞նչ է պատահել. Վատիկանում Պապը քաջություն է ցուցաբերել և ասել, որ իրոք հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել: Եվ դրա համար Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկան են շտապում նրա հետ ողջագուրվելու:

Երբեք չի կարելի մոռանալ և բոլորի պարտքն է, միշտ հիշել Շառլ Ազնավուրի տարիներ առաջ ասված տառապալից Խոսքերը.

«Այս ընթացքում Հայաստանը տառապում է, ամեն օր Հայաստանը դատարկվում է: Քիչ ժամանակ անց այն կդառնա մի դատարկ խխունջ: Ո՞ւմ է դա ձեռնտու: Երեք մաֆիոզի՞: Լավ լսեք ինձ: Ես ուզում եմ, որ այնտեղ` երկրում, որն արդեն մեռնելու վրա է, իմ ժողովրդի համար մի բան տեղի ունենա: Որքա՞ն են այնտեղ: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները մատնացույց են անում 3,6 մլն: Բայց դա ճիշտ չէ…» «…Շատ կարճ ժամանակում նրանց թիվը կդառնա 1 մլն 800 հազար: Եվ կիջնենք մինչեւ 1 մլն բնակչություն` մաֆիոզների ձեռքում:»

Եթե Շահան Շահնուրը հիմա ողջ լիներ, անկասկած որ կբղավեր.

«Մեղա՜, մեղա՜ Արարատին:»

Սամվել Հովասափյան

Բեռլին, ապրիլ 2015

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert