avetisyannerԳյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության բացահայտման ուղղությամբ ի՞նչ է արվել 3 ամսվա ընթացքում, արդյո՞ք կատարված քայլերը բավարար կարելի է համարել, և ի՞նչ է հարկավոր անել: Ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել քաղաքացիական ակտիվիստները: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է քաղաքացիական ակտիվիստ Կարեն Պետրոսյանի հետ:

-Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան սպանությունից անցել է արդեն երեք ամիս: Դեպքին հաջորդած օրերին շատ քաղաքացիներ ոտքի կանգնեցին ու պահանջեցին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին, ինչպես նաև սպանության գործի քննությունը հանձնել հայկական կողմին: Ի՞նչ ենք արձանագրում երեք ամիս անց, ի՞նչ է փոխվել, և ընդհանրապես ի՞նչ առաջընթաց կա այս գործում:

-Ամենամեծ «առաջընթացն» այն է, որ մեծ հաշվով հասարակությունն այս գործի մասին ոչինչ չգիտի, ու լավ կլիներ պարբերական տեղեկատվություն լիներ, ինչն, ըստ էության, չկա կամ շատ կցկտուր է:

-Այս ընթացքում հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, ինչպես նաև, որ ռազմաբազայի աշխատախմբից մի խումբ մարդիկ տույժերի են ենթարկվել, հարուցվել են մի շարք քրեական գործեր այս դեպքի հետ կապված: Մի՞թե սա էր ՀՀ քաղաքացու պահանջը և արդյո՞ք ռուսական կողմի այդ քայլերը բավարար պետք է համարել:

Կարեն Պետրոսյան

Կարեն Պետրոսյան -Մեր պահանջն անփոփոխ է, մենք պետություն ունենք, որտեղ հանցագործություն է տեղի ունեցել մեր երկրի քաղաքացու, այս պարագայում հայ ընտանիքի դեմ, ուրեմն հանցագործին մենք պետք է դատենք, այստեղ տեսանելի և անտեսանելի շատ հարցեր կան:

ՌԴ-ից երբ պատվիրակություններ են այցելում Հայաստան, մենք լսում ենք կարծիքներ, թե ամեն ինչ արվում է հանցագործության բացահայտման համար, և դատավարությունը Հայաստանում է տեղի ունենալու:

Դեպքից արդեն երեք ամիս է անցել, ու հասարակությանը որևէ բան հայտնի չէ, ի՞նչ եք կարծում, այլևս կբացահայտվի՞ այս հանցագործությունը:

-Իհարկե մեր համար շատ կարևոր է հանցագործության բացահայտումը, բայց էլ ավելի կարևոր է մեր երկրի հեղինակությունը, երբ երկիրը պահում է իր հեղինակությունը և ինքնիշխանությունը, հանցագործության բացահայտումը դառնում է դրա ածանցյալը:

Ձեր գնահատմամբ ինչ-որ քայլեր հարկավո՞ր է ձեռնարկել, եթե հաշվի առնենք, որ ՀՀ իշխանություններն այս գործի բացահայտման հետ կապված ոչինչ չեն անում, և ռուսական կողմն էլ իր ցանկությամբ է շարժվում:

– Մեծ պահքն արդեն անցել է, ու հիմա ոչինչ չի խոչընդոտում մեզ մեր պահանջի իրացման մասով: Մենք 2 օր կսպասենք՝ հույս ունենալով, որ ՌԴ դեսպանատունը, մեր պատկան մարմիններն ինտենսիվ կաշխատեն ու կազդեն պրն. Չայկայի վրա պատասխանելու ՀՀ դատախազի հարցմանը, հակառակ դեպքում կսկսենք մտածել ադեկվատ պատասխանների ուղղությամբ… մենք որևէ ազգի ներկայացուցչի հետ համակեցության խնդիր չունենք, եթե նրանք մեզ հարգում են, հակառակ պարագայում ստիպված կլինենք իրենց լեզվով պատասխանել՝ իրենց իսկ օգտի համար…

Ինչ-որ քայլեր ծրագրու՞մ են գյումրեցի ակտիվիստները:

-2 օրից կերևա…

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի
http://galatv.am/hy/news/105339/

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert