«Ապազգայնացնելով հասարակությանը՝«ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ: Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. եթե օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը, ապա կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը: Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում: Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր,- սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը:»

 

Լրտեսական կրքեր

Գնդապետ Դանը ամերիկացի զինվորական է, հետախույզ, 24 տարի ծառայել է բանակում: Թոշակի է անցել 1995թ.: Կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսից ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլն: Վարել է զինվորական բարձր պաշտոններ և շտաբներում, և ռազմադաշտում: Հայտնի է բազմաթիվ քաղաքական, վերլուծական, «լրտեսական» հոդվածներով: Ունի գաղափարակիրների մեծ խումբը, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական հիմնախնդիրներով:

Եթե մտադիր եք ծնկի բերել որևէ մրցակից հզոր երկրի, որի կենսափիլիսոփայությունն ի սկզբանե եղել է ուժեղ, անկախ և ամբողջական լինելը, և դա նրան հաջողվել է, և որը ձեր երկրի մրցակիցն է ու շահերի հակառակորդը, բայց դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով՝ ռազմական ուժով ծնկի բերել, ապա սույն հարցադրման պատասխանը շատ պարզ է. այդ երկիրն ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից՝ պատերազմելով, այլ ներսից՝ փլուզելով:

Թեև ի տարբերություն ռազմական միջոցներով հաղթանակի այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փլուզելու այս մարտավարությունը կլինի նույնքան, եթե ոչ ավելի արդյունավետ: Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա  դրա համար օգտագործում եք այդ երկրի ժողովրդին: Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական ուժերի կորուստն է բացառվում, թե՛ ձեր ռազմական ենթակառուցվածքն է անվնաս մնում:

Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության համոզմունքները և կյանքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային թիրախները, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը (Clausewitz) իր «Պատերազմ» գրքում անդրադարձել է այս խնդրին, թե ինչպես է պետք հայտնաբերել և նշանառու հարձակում գործել այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հիմնասյուները կամ հասարակության ծանրության կենտրոնը:

Ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարևորագույն տարրն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում առավելագույն վնաս եք պատճառում հակառակորդին, որը և ձեր վերջնական նպատակին հասնելու կարևորագույն գործոնն է:

Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը, մտածողությունը: Դո՛ւք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու բարոյահոգեբանական, հոգևոր արժեհամակարգը, որի վրա հիմնված է նրանց կեցությունը: Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը՝ կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխք:

Ծանրության կենտրոնների վերահսկումով հնարավոր է իրականացնել երկրի անկումը, այն «ներսից փլուզելու» ճանապարով: Դա ճշմարտության նրանց ընկալման մեզ ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումը, ինչպես նաև երկրի տնտեսությունը:

Եթե ուզում ես ձևավորել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը կյանքի մասին հիմնական տեղեկությունները և պատկերացումները քաղում է լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն):

Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը ձևավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրև փաստ:

Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ցանկացած բնագավառում: Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:

Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Ուսման մեջ խրախուսել և առաջ քաշել այն երեխաներին, որոնք հակված են ձեր սկզբունքներին ու գաղափարախոսությանը: Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է: Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, այդ արժեքներից պետք է հրաժարվել՝ հանո՛ւն ազատության: Նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները: Սովորեցրեք դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները: Զգուշորեն համոզեք, որ, ի վերջո, դուք չեք ուզում իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել:

Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար:

Ձևավորեք քաղաքական գաղափարախոսություն՝ ներթափանցելով կառավարություն:

Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և բարեկեցիկ, լավ կյանք: Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը: Նշանակելով կոռումպացված դատավորներ, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և, որ ամենակարևորն է, անհուսության զգացողություն: Եթե կարողացել եք ներթափանցել և հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը: Բանակի համար ստեղծեք և ավելացրեք անհարկի սահմանափակումներ ու պարտավորություններ, ստեղծեք զինվորին նվաստացնող մթնոլորտ և դրանով կկարողանաք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ մարտունակության առումով: Մի երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի:

Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն: Ապազգայնացնելով հասարակությանը՝«ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն: Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար նրանք չդառնան հերոսության տիպարներ:

Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին. եթե օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը, ապա կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը: Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում են դեպի մահաբեր թուլացում:

Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր,- սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը:

Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է՝ կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են:

Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ:

Առաջին՝ հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:

Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» և նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը:

Եվ, իհարկե, հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց: Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրանց անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:

Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով ձեռնածության և խելամիտ ուղղորդումների՝ կկարողանաք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը՝ օգտագործելով իր իսկ քաղաքացիներին:

Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված բազմությունները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ճանապարհ:

Այսպես դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց կենտ մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան ոչնչացնել նրան:

 

Հ. Գ. Ժամանակ առ ժամանակ ես վերանայում եմ անցյալում գրված իմ հոդվածները՝ որոշելու համար, թե իմ մեթոդների հետ համեմատած ներկայում ի՞նչ արդյունքներ կան: Այս մեկը ես գրել եմ 2001 թվականին, միջազգային լրատվական իմ սյունակի համար: Իմ հոդվածի ճշմարտացիության առումով դո՛ւք եղեք իմ դատավորը: Ի՞նչ կարող եմ ասել լիովին վստահ. կարող եմ ասել, որ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում:

Ազատ թարգմանությունը՝ Արթուր Արմինի

/ըստ համացանցային նյութերի/

Անդին 1, 2014

http://andin.am/hraparakakhosutyun

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert