LRAGIR:AM – ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան

Պոզների հետ հայկական նախագահի ամոթալի հարցազրույցի հետքերով կարիք է առաջացել ի վերջո հրապարակավ քննարկելու հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված վերջին 25 տարիների քաղաքագիտական-տեսականը:

Հայաստանը սահմանը բացելու ջատագովն է տարիներ ի վեր, բայց և պատասխանատուների կողմից նույնիսկ տարրական բացատրություններ չկան, թե «ինչու»՞:

Ոչ մեկը չի հիմնավորել, թե ինչն է ավելի էժան արտահանվելու և ինչն է ավելի էժան ներմուծվելու: Եվ թե այդ հակակշիռները մեզ ինչպես են երանության հասցնելու:

Առանց ֆիզիկական սահմանի առկայության, ու մարդկանցից տարրական հավանություն ստանալու, սեպտեմբերի 3-ին, մեկ մարդու՝ տնտեսությունից, ֆինանսներից, արտադրությունից, կառավարումից ու  մենեջմենթից անվերջ հեռու, բանասեր նախագահի թուլության պատճառով հայտնվեցինք ԵՏՄ-ում:

Տեսականորեն դասագրքային ճշմարտություն է, որ անկլավ երկիրը չի կարող լիարժեք պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել որևէ այլ հեռակա երկրի կամ երկրների միասնության հետ, առանց միջանկյալ երկրների աջակցության, կամ առնվազն բացարձակ չեզոքության:

Անմիջական սահմանը չունեինք, միջանկյալ երկրներն էլ ոչ միայն չեզոք չէին, այլ բացահայտ թշնամական են, բայց մենք արհեստականորեն հայտնվեցինք ԵՏՄ-ում: Մեզ արդեն որևէ բան զարմանալի չէ, և կատարվածի վրա էլ զարմանալ պետք չէ: Նախագահը որոշեց՝ մտանք ԵՏՄ:

Պուտինը որոշեց՝ Հայաստանը որպես օբյեկտ-խաղալիք քարշ տվեց ԵՏՄ: Լուկաշենկոն ուզեց՝ ձեռ առավ մեր տհասությունը, Նազարբաեւն ուզեց՝ ձեռ առավ մեր ինքնիշխանությունը՝ Ալիեւի նամակը մերոնց դեմքին շփացնելով:

Ու հիմա էլ պարզվում է, որ մենք այդ միության մեջ համ կանք, համ չկանք, ոչ լիարժեք ենք, ոչ լիիրավ ու ոչ էլ որևէ մեկին պետքական:

Իրականում մենք ստացանք այն, ինչին արժանի էինք մեր ապաշնորհ դիվանագիտությամբ ու չկայացած սուբյեկտայնությամբ՝ անպատվությունը:

Բայց վերադառնանք ներկա պահին, էլ ավելի կարևոր՝ հայ-թուրքական սահմանի տրամաբանություններին, քանի դեռ ավելի սարսափելի նոր «սեպտեմբերի 3-ով» մի այլ պատուհասի մեջ չենք հայտնվել ազգովի:

Նախ հասկանանք, թե ինչ բան է պետական սահման ասածը:

Պետական սահմանը բավական բարդ ֆիզիկական ու ֆունկցիոնալ կառույց է: Այն սահմանազատում է պետությունների տարածքները միմյանցից, որպես տարբեր սեփականություններ: Բայց դա սահմանի երևի ամենատարրական ֆունկցիան է:

Ւսկ սահմանի հիմնական ֆունկցիան հարևան երկրներում եղած տարատեսակ պոտենցիալների հավասարակշռման բազմաչափ մեխանիզմ լինելն է: Սահմանն է այն պաշտպանական արգելքը, որն ապահովում է պետության ավտոնոմ, արտաքին ինտերվենցիաներից պաշտպանված տնտեսություն ունենալը, սկզբունքային ազգանպաստ քաղաքականություն վարելը, շահավետ արտաքին ու ներքին առևտուր ապահովելը, դեմոգրաֆիկ ինտերվենցիաներից պաշտպանվելը:

Եթե խորը նայենք, ապա կտեսնենք, որ  առանց դիֆերենցված, մանրակրկիտ ձևակերպված ու կարգավորվող  ֆիզիկական ու ֆունկցիոնալ պետական սահմանի, չի կարող որևէ սուվերեն պետություն գոյություն ունենալ:

Եվրամիությունն էլ փորձեց սահմաններն իր ներսում բացել: Եվ մեկ տասնամյակում հայտնվեց տնտեսական, ֆինանսական ու դեմոգրաֆիկ անլուծելի խնդիրների առջև: Այսօր արդեն բացահայտ խոսվում է այդ քաղաքականության սխալ-կործանարար լինելու մասին:

Իսկ հայ-թուրքական սահմանի դեպքում, ուր երկրների հարաբերությունները բացահայտ թշնամական են, տնտեսական, ֆինանսական ու դեմոգրաֆիական պոտենցիալներն էլ հարյուրավոր անգամ տարբեր, ապա թույլ կողմի համար սահմանը փակ պահելը միակ փրկօղակն է չկործանվելու համար:

Որովհետև եթե բաց սահմանով մի հարյուր վագոնով կավելանա ապրանքաշրջանառությունը, ապա նաև հարյուր անգամ կավելանա դեմոգրաֆիկ ճնշումը ու մի 100 ճամպրուկով էլ կավելանա ֆինանսական ինտերվենցիան, և ողջ Հայաստանը ծածուկ կգնվի մեկ, կամ մի քանի թուրք փողատերերի կողմից, ոնց հիմա է մեջ-մեջ արված մի բուռ օլիգարխների կողմից:

Ընդդիմախոսները կասեն, որ թուրք գործարարները հիմա էլ կարող են անել դա: Այո, կարող են, բայց չեն անում. ինչու՞:

Առաջին հայացքից անբացատրելի վիճակ է՝  հայ նախագահները, պառլամենտականներն ու դիվանագիտական կորպուսները գլխապատառ կողմ են ոչ հայանպաստ՝ հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ Թուրքիան, որին դա անչափ ձեռնտու է՝ «զարմանալիորեն» դեմ է:

Հետևաբարև, պետք է հիմնավոր բացատրություն գտնել այս հակամետ «տարօրինակություններին»:

Այն, որ հայ նախագահները խամաճիկ են եղել ու ենթարկվել են արտաքին ուժերի քմահաճույքներին, որևէ կասկածի տեղիք չի տալիս: Դա դրսևորվել է բազմիցս և պատշաճ փաստագրված է: Բացի այդ, եթե ինքնուրույն լինեին, նրանցից որևէ մեկը կփորձեր տնտեսագիտորեն ու քաղաքականով  հիմնավորել սահմանը բացելու իր տենչանքը: «Սերգոջանի» անլուրջ հումորը մի կողմ թողած, ինձ որևէ այլ  հոդաբաշխ բացատրություն հայտնի չէ:

Իսկ թուրքականի մասով մտածել, թե թուրքական դիվանագիտությունն է տգետը, չի հասկանում իր լավն ու վատը, կամ թուրք փողատերն է հիմար՝ նույնն է, թե ասել, որ արեգակն է երկրի շուրջը պտտվում:

Հետևաբար, թուրքական դիվանագիտական և գործարար մարդկանց այս «տարօրինակ» վարքի առումով կան այլ խորքային գործոններ, որոնք շղարշված են:

Իմ և շատ-շատերի կարծիքով միակ տրամաբանական գործոնը հայերի արտագաղթն է երկրից: Նույն ծիրում է նաև ադրբեջանական շարունակվող ոչ պատերազմ-ոչ խաղաղություն, ամենօրյա զոհերով լի ագրեսիվ քաղաքականությունը, որը ևս դատարկում է մեր երկիրը:

Միացյալ թուրքերին պետք չէ հայերով բնակեցված Հայաստան: Իրենց պետք է հայազուրկ տարածք, որպեսզի հետագայում գլխացավանք չունենան երկիրը հայերից դատարկելու ու նոր գենոցիդի մեղադրանքի մեջ հայտնվելու: Մենք մեր ձեռքով արտաքսվում, ինքնագենոցիդվում ենք, և թուրքական միակ անելիքը արտագաղթի տեմպը ապահովելն է:

Մի տասը տարուց երկրում էլ հայ չի մնա, և տարածքն ավտոմատ, առանց որևէ միջազգային գլխացավանքների, կանցնի թուրքերին:

Սա է փակ սահմանի հետ կապված՝ հայ-թուրքական ամբողջ առեղծվածը: Հայերը սահմանի բացմանն են ձգտում, որովհետև քաղականապես տգետ են, թույլ են, խամաճիկ են, անպատասխանատու են, ու երևի իշխանավոր պատասխանատուների վեջներն էլ չէ:

Իսկ թուրքերն էլ սահմանը փակ են պահում, որովհետև հեռահար, ռազմավարական շատ ավելի հզոր նպատակ են իրագործում, քան բաց սահմանը կապահովեր՝ դատարկում են Հայաստանը:

Ալիեւը սա պարզ ու հստակ է ասում: Թե մեր, և թե իրենց համար է ասում: Ինքն ասում է ու անում, իսկ մենք լսում ենք ու շարունակում ռեակտիվ վարքն ու անբացատրելի ապասուբյեկտայնությունը:

Սովետական Հայաստանը գրեթե ինքնաբավ էր հումքի առումով, որպես արտադրող: Այն, ինչ արտադրվում էր Հայաստանում, հիմնականում տեղական հումքի վրա էր: Վրացական ու ադրբեջանական երկաթուղիները բաց էին մեր համար, բայց և այնպես, Հայաստանի տնտեսականը նախագծող մենեջերները  տնտեսությունը կառուցել էին տեղական հումքի վրա:

Հետսովետական, անկախ Հայաստանում տնտեսական քաղաքականության ճարտարապետներ դարձան բացարձակ տգետները, որոնք ավիրեցին երկիրն ու փոշիացրեցին եղած բոլոր ռեսուրսները:

Ահավոր արդյունք է՝ ավերված երկիր, արտագաղթող ժողովուրդ, աբսուրդային արտաքին քաղաքականություն, միջազգային ապասուբյեկտայնություն, տգետ իշխանություններ, քրեական օլիգարխիա, ամենակուլ ոստիկանապետություն: Բարեկամանալ թշնամուն, ոնց միջազգային դեմագոգների դրդմամբ հայ իշխանավորներն են պատկերացնում, անհնար է, քանի որ թուրքը թշնամի է գիտակցված նպատակներով: Չես կարող ավելին առաջարկել, ինչին ինքն է ձգտում:

Իսկ ի հեճուկս դեմագոգների ու թշնամիների, փակ պահել սահմանները, ոնց երկրի շահերն են պահանջում, ուղեղ և խիզախություն է պետք, որը չկա:

Գնալ ռեֆորմների ու հանդուրժել մասնագիտականի, իրավունքի ու արժանապատվության մուտքը երկիր, ևս անհնար է թվում, որովհետև հրեշ-իշխանավորների կոհորտաներ ու գերդաստաններ են բուծված, որոնք հենց դրության տերերն են:

Առհասարակ որևէ քայլ անելու ռեսուրսը չկա՝ թալանը խժռել է բոլոր ոլորտները, հուսալքել և ապականել շարքային մարդուն:

Պատային վիճակ է, որը պաշտպանված է հայկական դատարան կոչված անոմալիայով ու զինված քրեական բանդաներով:

Վերջաբանում ասեմ, որ այս ամենը մենք գիտեինք, բայց կարևոր էր միասնականորեն իմանալ նաև սահմանի հետ կապված մանրամասները, որ սրանից հետո, իր անսահման մեծամտությամբ սահման բացելիս, կամ որևէ այլ տխմարություն անելիս, ամեն իշխանավոր իմանա, որ իր քայլերը կողքից տեսանելի են, հաշվարկելի և քննարկելի:

Զարհուրելի վիճակ է՝ պետությունը մեր ձեռքն է կրակն ընկած, մենք՝ պետության:

Ամեն դեպքում, նույնիսկ անհույս, բայց շեշտեմ, որ քննարկում են ամեն ինչ՝ ներառյալ անհնարինը, բայց անում են հնարավորը:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert