10463026_614994125289174_7702դ70930865985դֆդֆ9241_n

Քաղաքականության մեջ «պատմական իրավունք» եզրույթ գոյություն չունի. ապագա հաջողությունների գրավականը բնավ էլ անցյալի հաջողությունները չէ, դրանով կարող ես ոգևորել միայն դպրոցականին։

Մարիամ Ծատրյան, 27.03.2015

Մտածողներից մեկն ասում էր, որ ճշմարտությունը մեղմ բառերով չես կարող պաշտպանել, անգամ ամենաուժգին և կրքոտ ձևով չես կարող պաշտպանել, եթե նրա դեմ կանգնած է իշխանությունը։ Նոր իշխանությունը չի ընդունում նախկինի գործելաոճը, փորձում է հեղինակություն ձեռք բերելու և դաշտը գրավելու համար դիմել կտրուկ և անհեռատես քայլերի։ Երկրի իրական ղեկավարը, իսկական առաջնորդը, պետական գործիչը իրավունք չունի հայրենասերի կամ հերոսի կեցվածք ընդունել. դրա հետևանքը կարող է լինել ճակատագրական, քանի ժողովուրդը զգայուն է, անխուսափելիորեն բարոյալքվում է, պարտվում։

Իշխանությունը պետական գործչի համար պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց՝ պետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար։ Իսկական առաջնորդը պարտավոր է տիրապետել քաղաքական հաշվարկի և քաղաքական կանխատեսման արվեստին, ունենալ քաղաքական հոտառություն և հեռատեսություն, լինի իրատես և առաջնորդվի սառը դատողությամբ։

Բայց զգացե՞լ եք՝ մեզ տաքն է դուր գալիս, որովհետև դրա մեջ տրամաբանությունը քիչ է, հեղինակություն ձեռք բերելը հեշտ, հերոս դառնալը՝ հասանելի։

Դեռ ապրում ենք անցյալի հերոսական դրվագներով, մեզ վերագրում գրեթե փրկչական նախասահմանումներ (իսկ սահմանին ամեն օր զոհեր են), մինչև հիմա չհասկացանք, որ պահանջերով, վերջնագրերով, «Բաքու հասնելով», «Ստամբուլն արյան ծով դարձնելով» հաջողության չենք հասնի։ Աշխարհի հետ այդ լեզվով այլևս չես խոսի։ Քաղաքականության մեջ «պատմական իրավունք» եզրույթ գոյություն չունի. ապագա հաջողությունների գրավականը բնավ էլ անցյալի հաջողությունները չէ, դրանով կարող ես ոգևորել միայն դպրոցականին։

Պիտի խոստովանենք, որ երկար ժամանակ քաղաքական մտքի բացակայության հետևանքով արմատացավ ռոմանտիզմը՝ քաղաքական ռոմանտիզմը։ Այն է՝ քաղաքական գործիչը պետք է հիշեցնի հերոսական դառը անցյալը, պատրաստ լինի նահատակվելու, ինչպես օրինակ Մամիկոնյանը։ 21֊րդ դարն է, մարտահրավերների դարը… Էժան քարոզչության մեջ հաղթանակներ չեն լինելու և դրանք չեն էլ բյուրեղանալու, հակառակը՝ անձնավորվելու է պարտությունը։

Արտաքին քաղաքականության մեջ, խոստովանենք, ունենք լրջագույն կորուստներ, շատերին հաճո պատմական իրավունքի և պահանջատիրության հարթության վրա իրատեսությունից հետքայլ կատարեցինք հայ ավանդական քաղաքական միտք, և խոստովանենք, որ ժամանակին կանխատեսված կորուստներ արդեն իսկ ունենք՝ ինքնակամ կորցրինք Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող և բանակցային կողմի մեծ ճիգերով և դժվարությամբ ձեռք բերված կարգավիճակը (ի դեպ՝ մինչև 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները Հայաստանից և Ադրբեջանից բացի ներկայացնում էին նաև Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր է՝ կարգավորման որևէ տարբերակի իրագործման համար)։

Խնդիրն ինքնորոշվող սուբյեկտի հարցից վերածվեց որպես վիճելի տարածքի պարզունակ հարցի, Հայաստանին ստիպեցին ստորագրել «Ստամբուլի խարտիան», որը նշանակում է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, պետությունների բարձր պաշտոնյաների բառապաշարում արդեն օգտագործվում է «օկուպանտ», «ագրեսոր» տերմինները, հայ֊թուրքական հարաբերությունները մնում են չլուծված, կնճռոտ։ Պատմաբանների հանձնաժողովի ստեղծմամբ, արձանագրությունների վավերացումով Թուրքիային հնարավորություն տրվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի հարցի լուծմամբ։

Դեռևս շարունակում է արդիական մնալ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» բանաձևումը։


10463026_614994125289174_7702դ70930865985դֆդֆ9241_n

 

հեղինակ՝ Մարիամ Ծատրյան

robananyan.wordpress.com

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert