Այսօր ապրիլի 7-ն է՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի օրվան՝ Ապրիլի 24-ին, մնացել է 17 օր: Որքան մոտենում է Ցեղասպանության Հարյուրամյակը, այնքան ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երեւանը եւ Հարյուրամյակի պատասխանատու կառույցները եւ դրանց աշխատանքների համար պատասխանատու անձիք ոչ միայն դավաճանաբար տապալել են Հարյուրամյակը քաղաքական եւ կազմակերպչական հարթություններում, այլեւ Ցեղասպանության տարելիցը վերածել են ամոթալի բիզնեսծրագրի:

Ցեղասպանության Հարյուրամյակի քաղաքական եւ կազմակերպչական տապալումը հնարավոր դարձրեց նաեւ Հարյուրամյակի բարոյական տապալումը՝ ներդրված, նվիրաբերած հսկայական ֆինանսական միջոցների մսխումը, համազգային ցավի, պատմական ողբերգության՝ անբարո բիզնեսի վերածումը, մարդկային վշտի, զոհերի հիշատակի անարգումը՝ ցածրաճաշակությամբ, գռեհկությամբ, ցուցամոլությամբ: Եւս 17 օր եւ Հարյուրամյակի կազմակերպչական ծանակումը կավարտվի, կմոռացվի նրա աղավաղված խորհրդանիշների պճնամոլության աճուրդը, սակայն կմնա ցավը, կսկիծը, ամոթը այդ ամենի եւ բոլոր նրանց համար, ովքեր հնարավոր դարձրեցին Հարյուրամյակի անարգումը: Բարոյական անկման՝ մարդկային, ազգային եւ աստվածամերժ այս մեղքը ծանրանալու է նրանց բոլորի վրա, ովքեր Հարյուրամյակը վերածեցին շոուբիզնեսի:

Ողջերից նրանք չեն ամաչում կամ վախենում, ողջերի առջեւ հաշվետու եւ պատասխանատու չեն զգում իրենց: Սակայն 1.5 միլիոն նահատակված հայերի հոգիները հետապնդելու են նրանց եւ հաշիվ են պահանջելու:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի բարոյական տապալումը ամոթալի եւ ցավալի իրողություն է:

Ապրիլի 4-ին Երեւանում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել հայկական Սփյուռքին ֆինանսական ներդրումներ կատարել հայկական բանկերում՝ Հայաստանի «տնտեսության աշխուժացման» եւ «հայրենիքի հզորացման» համար: ՀՀ իշխանությունների համար Հայաստանի «տնտեսության աշխուժացման» գտնված հնարավորություն էր նաեւ Ցեղասպանության 100-ամյակը: Հարյուրամյակին ընդառաջ՝ «տնտեսության աշխուժացման» եւ «հայրենիքի հզորացման» առաջին ավետաբերը դարձավ թանաքագույն անմոռուկը, որի՝ Հարյուրամյակի պաշտոնական խորհրդանիշի հայտարարվելու անհեթեթ գաղափարի կենսագործմամբ ազդարարվեց անմոռուկի շոու-բիզնեսի, ապա եւ՝ դրա արտադրության՝ սովորական բիզնեսի մեկնարկը: Եթե բիզնեսը հայրենիք չուներ, ապա անմոռուկի խորհրդանիշը տեր ուներ՝ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում. դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը, ուր էլ պետք է դիմեն այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Անմոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար:

Անմոռուկների բիզնեսը դարձավ Հայաստանի Հանրապետության գլխավոր այցեքարտը: Երեւանի «Արմենիա» միջազգային օդանավակայանի՝ առանց ԱԱՀ-ի վաճառքի (Duty Free) հատվածում սկսեց գործել անմոռուկի անկյուն, ուր անմոռուկի կրծքանշանն արժե 2000 դրամ, գրիչը՝ 4000 դրամ եւ այլն:  Հարյուրամյակի բիզնես-ծրագիրը միսուարյուն էր ստանում. 200-10000 դրամ արժողությամբ անմոռուկային պարագաները զանգվածային արտադրության էին վերածվում՝ ապահովելով հսկայական ֆինանսական միջոցներ: Սկիզբ էր դրվել  «Հարյուրամյակի արտադրության» անբարո ծրագրին: Անմոռուկի արտադրության զանգվածայնացումը՝ զարդարանքի, պճնանքի առարկաների, շապիկների, անձրեւանոցների, տորթերի, խանութների զեղչերի վրա ավելիով ապացուցեց, որ Ցեղասպանության հավերժական խորհրդանիշը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, գիտակցաբար դուրս մղվեց Հարյուրամյակի խորհրդանիշներից եւ միջոցառումներից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով ոչ ոք չէր կարող զարդարանքի եւ պճնանքի առարկաներ, հագուստներ արտադրել, տորթեր պատրաստել կամ զեղչեր առաջարկել, Ցեղասպանության հուշահամալիրը կարող էր խանգարել Հարյուրամյակով արագ փող սարքելու անպատվաբեր գործին: Հարյուրամյակի ծրագրերի գլխավոր տնօրինությունը չքմեղանում է՝ իրենք չեն կարող վերահսկել արտադրական ապօրինի գործընթացը: Սակայն Հայաստանում նույնիսկ երեխան գիտե՝ այստեղ անգամ  ինքնաշեն մանկական պարսատիկի պատրաստումը կարող է վերահսկվել կամ կասեցվել, ուր մնաց՝ պաշտոնապես ճանաչված Հարյուրամյակի խորհրդանիշինը: Բացի այդ: Սփյուռքում պատրաստված անմոռուկների վաճառքից ստացված գումարները ծրարներով փոխանցվում էին Հայաստան՝ իշխանություններին՝ Սփյուռքի նախարարությանը, Հարյուրամյակի աշխատանքները կարգավորող պետական հանձնաժողովին, գործադիր տնօրինությանը: Սրանք դեռ համեմատաբար փոքր գումարներ էին, սակայն թե դրանց, թե հսկայական ֆինանսական նվիրատվությունների մասին ձկան պես լուռ էին բոլորը: «Ս/թ մարտի 19-ին ես Ցեղասպանության 100-ամյակի աշխատանքները կարգավորող պետական հանձնաժողովի անունով հարցեր եմ ուղարկել, որը, ինչպես հետո ինձ ասացին, փոխանցել են ձեզ: Մի շարք հարցեր ուղարկել եմ նաեւ «Հայաստան» Հիմնադրամին, որտեղից ինձ նույնպես ասացին, որ միայն դուք կարող եք դրանց պատասխանել: ՀՀ Սահմանադրության 27, 27.1 եւ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-8-րդ հոդվածների համաձայն դուք պարտավոր եք հնգօրյա ժամկետում պատասխանել իմ հարցերին: Տվյալ դեպքում խախտվել են Սահմանադրությունը եւ ՀՀ օրենքը, որոնց հետ մեկտեղ՝ ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, եւ անտեսել եք ձեր պարտավորությունը՝ հաշվետու լինել ՀՀ քաղաքացիների առջեւ: Ավելին: Ցեղասպանության 100-ամյակի առիթով՝  նաեւ Սփյուռքահայության առջեւ: Ես դեռ զերծ եմ մնում ձեր լռությանը հեռուն գնացող բացատրություններ տալուց: Օրենքն արգելում է ձեզ քմահաճ վերաբերմունք ցուցաբերել իմ հարցերին եւ անպատասխան թողնել դրանք: Մանավանդ որ, 100-ամյակի դեպքում դուք եւ Հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկատվության բացարձակ մենաշնորհ եք սահմանել»,- 100-ամյակի ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Արման Ծատուրյանին ուղղված իմ այս նամակը, ինչպես եւ դրան կցված հարցերը մնացին անպատասխան: Իսկ հարցերն այս էին՝

1. Ո՞ր պետությունների ղեկավարներն են պաշտոնապես հաստատել իրենց մասնակցությունը ապրիլի 24-ին Երեւանում՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին,

2. Կա՞, արդյո՞ք, 100-ամյակի ծրագրերի եւ միջոցառումների ամբողջական ցանկ, եթե այո, խնդրում եմ այն կցել պատասխանին,

3. Որքա՞ն է կազմում 100-ամյակի ընդհանուր բյուջեն,

4. Որքա՞ն գումար է ծախսել կամ նախատեսում հատկացնել Հանձնաժողովը կոնկրետ միջոցառումների եւ ծրագրերի համար, ի՞նչ հանգանակություններով են գոյացել այդ գումարները,

5. Ո՞ր ընկերությունների հետ է համագործակցել կամ համագործակցելու Հանձնաժողովը կոնկրետ ծրագրերի շուրջ, եւ որքա՞ն գումարն է հատկացվել կամ հատկացվելու այդ ընկերություններին:

Ո՛չ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ո՛չ Հարյուրամյակի պետական հանձնաժողովի կայքերում Հարյուրամյակի միջոցառումների ֆինանսական մուտքերի եւ ծախսերի մասին տող անգամ չկա. կարծես այդ գումարները երկնային մանանա են, որ թափվել են Հիմնադրամի եւ Հանձնաժողովի գլխին: Սրանք դեռ երեւացող կառույցներն են, սակայն դեռ քանի քիչ հայտնի եւ անհայտ կառույց կա, որ Ցեղասպանությամբ անարդյունավետ միջոցառումներով կամ ծրագրերով փողեր են լվանում:

Հարյուրամյակի ֆինանսական միակ հայտնի պաշտոնական թիվը 20 մլրդ դրամն է, որը 2015թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հատկացվել է Հարյուրամյակի միջոցառումներին: Սակայն ՀՀ կառավարությունից տեղեկացանք, որ չորս նախարարությունների՝ Սփյուռքի, Կրթության եւ գիտության, Մշակույթի եւ Արտգործնախարարությունից հայտեր չեն ներկայացվել միջոցառումների ֆինանսավորում ստանալու համար:  Ասել է թե՝ այդ նախարարությունները Հարյուրամյակի միջոցառումներ կամ չեն կազմակերպել, կամ արտաբյուջետային ֆինանսավորում են գտել, որի մասին տեղեկատվությունը դարձյալ բացակայում է:

Հարյուրամյակը բիզնեսի վերածելու մթնոլորտը Հայաստանում այնպես էր խտացել, որ արդեն ապրիլի սկզբից երեւանյան հյուրանոցների գները սկսեցին արագորեն բարձրանալ: Հյուրանոցների ամրագրման հանրահայտ Booking.com կայքում, ինչպես նաեւ երեւանյան հյուրանոցների պաշտոնական կայքերում մեր կատարած փոքրիկ ուսումնասիրության համաձայն (ապրիլի 6-ի դրությամբ) ապրիլի 10-11-ի եւ 19-25-ի ժամանակահատվածի մեկօրյա երկտեղանոց նույն կարգի համարներն արժեն համապատախանաբար՝

Marriott Armenia Hotel Yerevan – 184 / 422 ԱՄՆ դոլար

Hyatt Place Yerevan – 175 / 266 ԱՄՆ դոլար

Tufenkian Historic Yerevan Hotel – 153 / 210 ԱՄՆ դոլար

Golden Tulip – 191/383

Best Western Congress Hotel – 126 (երկտեղանոց) / 162 (մեկտեղանոց, երկտեղանոց չկա):

Մինչդեռ Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանում մթնոլորտի այնպիսի փոփոխություն պիտի լիներ, որ այդեւայլ հյուրանոցներն իրենք իջեցնեին վարձավճարները ոչ թե պարտադրանքի, խնդրանքի կամ ազատ մրցակցությունը խոչընդոտելու գնով, այլ սեփականատերերի նախաձեռնությամբ: Սակայն եթե Հարյուրամյակը բիզնես է իշխանությունների համար, ապա այն բացառապես բիզնես է նաեւ հյուրանոցների համար: (Ցեղասպանության նախորդ բոլոր տարելիցներին ծաղկավաճառները անվճար էին ծաղիկներ բաժանում կամ վաճառում խորհրդանշական գներով, եւ ոչ ոք չէր մտածում հիշատակի տարելիցը տարաբնույթ բիզնեսի վերածելու մասին, քանի որ մթնոլորտն այդպիսին չէր):

Հարյուրամյակի անարգման մթնոլորտի ուղղակի վկայությունն էր ապրիլի 4-ին «Հանրապետական» կուսակցությունը եւ ԱԺ համանուն խմբակցությունը ներկայացնող 3000 կանանց երջանկադեմ, անմոռուկազարդ մուտքը Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց Ցեղասպանության զոհերի համալիր: Սա  դարձավ Ցեղասպանության Հարյուրամյակի կազմակերպչական ամոթալի դրվագներից մեկը՝ համալրելով այն շղթան, որի վրա օրըստօրե ավելանում են այդ օղակները: «Ժառանգություն» կուսակցությունից Դավիթ Սանասարյանը, վերաձեւակերպելով Հարյուրամյակի «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը, Ֆեյսբուքում տարածված ՀՀԿ անդամ կանանց՝ Ծիծեռնակաբերդի երջանկադեմ լուսանկարների տակ գրառեց. «Հիշում են եւ ծիծաղում»:

Աստիճանաբար հօդս ցնդող այն վերջին կասկածների, թե՝ Հարյուրամյակի տապալումը պարզ ապաշնորհության հետեւանք է, Հարյուրամյակի պիոներական-կոմերիտական պարզունակ միջոցառումների, ֆինանսական նվիրատվությունների եւ ծախսերի գաղտնիության, ստեղծված շոու-բիզնեսի եւ սովորական բիզնեսի մթնոլորտը ցավալիորեն վկայում են, որ նրանք նույնիսկ չեն հիշում, այլ միայն ծիծաղում են:

Հայոց Ցեղասպանության Հարյուրամյակը երիցս տապալվել է՝ քաղաքական, կազմակերպչական, բարոյական հարթություններում՝ համոթ այն տապալողների եւ ի ցավ մեզ: Ի ցավ բոլոր նրանց, ովքեր չկարողացան կանգնեցնել Հարյուրամյակի անարգման՝ այս թավալգլոր ընթացքը:

Նարինե  Մկրտչյան

http://armtimes.com

Մաս առաջինը տես այստեղ՝ www.armtimes.com

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert