hetq.am – Գրիշա Բալասանյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, այսօր թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի ու եկամուտների հայտարարագիրը, որը վերաբերում է 2014թ. մայիսի 1-ից մինչև այս տարվա մայիսի 1-ն ընկած ժամանակատվածին:

Արգամ Աբրահամյանն ամբողջությամբ չի հայտարարագրել իր եկամուտները և ներկայացրել է «համեստ» դրամական միջոցներ:

Ըստ ներկայացրած հայտարարագրի` Արգամ Աբրահամյանը Երևան քաղաքի Վարդանանց փողոցում ունի 177.8քմ մակերեսով բնակարան, Ազատության պողոտայում՝ 0.228հա տնամերձ հողամաս, Իսահակյան փողոցում 200քմ մակերեսով շենք-շինություն, ինչպես նաև 0.06հա հողամաս: Համայնքի ղեկավարի թեկնածուն Մխչյան գյուղում ունի 0.5հա հողամաս:

Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է ընդամենը մեկ ավտոմեքենա` 2015թ. արտադրության Mercedes-BenzS-500:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է եկամտի ընդամենը երեք աղբյուր` «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ, որտեղ տնօրեն է և ստացել է 1 մլն 400 հազար դրամ աշխատավարձ, ինչպես նաև երկու ընկերություններից ստացած շահաբաժիններ` «Արգ-Լև-Գազ» ՍՊԸ-ից` 78 մլն դրամ և «Մայ-Արգ» ՍՊԸ-ից` 27 մլն 780 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա վարչապետի որդին այսօրվա դրությամբ իր հաշվին ունի 44 մլն դրամ և 75 հազար դոլար:

Նշենք, որ «Հետքը» անդրադարձել է Աբրահամյանների ընտանեկան բիզնեսին: Հայտարարագրի ժամանակահատվածում Արգամ Աբրահամյանը առնվազն 18 ընկերություններում ունեցել է բաժնեմաս, որոնք խնամքով թաքցրել է: Այդ ընկերություններն են`

  1. «Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ- 100%
  2. «Սթրատեջիկ Փրոփըրթի Մենեջմենթ» ՓԲԸ- 100%
  3. «Իմպերիում Պլազա» ՓԲԸ- 100%
  4. «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ- 100%
  5. «Դալար Բարդի» ՍՊԸ- 100%
  6. «Ջուլի» ՍՊԸ- 100%
  7. «Արգամիկ» ՍՊԸ- 100%
  8. «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ- 50%
  9. «Արտֆուդ» ՍՊԸ-ը- 50%
  10. «Մայ-Արգ» ՍՊԸ- 50%
  11. «Արգ-Լեվ-Գազ» ՍՊԸ-50%
  12. «Աբովյան Սիթի» ՍՊԸ- 50%
  13. «Ռայթ Սթոուն» ՍՊԸ- 40%
  14. «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ- 33%
  15. «Տրանս գազ» ՍՊԸ- 30%
  16. «Ֆորցա» ՍՊԸ- 25%
  17. «Եվրոպա-Բետ.ամ» ՍՊԸ- 20%
  18. «Ֆրանկ Մյուլեր  Երեւան Ուազ Դիսթրիբյուշն» ՓԲԸ- 12%

Ի դեպ, այս ընկերությունները գրանցված են պետռեգիստրում եւ հստակ երևում են վարչապետի որդու մասնաբաժինները:

Լուսանկարը` armtimes.com-ի

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert