Արմեն Ռուստամյանն ասում է, որ այդ «փոփոխության հիմքում ընկած են նավթադոլարները, ուրիշ բան չկա: Կոռուպցիոն ճանապարհով իրենք հասել են ադրբեջանամետ մեծ լոբբիի ձեւավորմանը»:» Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է արել կամ անում Հայաստանի կոռումպացված իշխանությունը: 10 տարիների ընթացքում Հայաստանից արտերկիր է դուրս բերվել 7,5 մլդ դոլլար, թող 500 դոլլարը ծախեին ու այդ «կոռումպացիոն ճանապարհով» հասնեինք հայաստանամետ մեծ լոբիի ձեւավորմանը. -(Նոր Խոսք)

Ստորեւ ներկայացնում ենք armtimes.com-ի հարցազրույցը Արմեն Ռուստամյանի հետ.

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ դառնալու է բանաձեւ:

Սույն փաստաթղթում բառացիորեն գրված է հետեւյալը. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Խոսքը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով զեկույցի մասին է, որի հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Թադեուշ Իվինսկին են: «Այս անգամ բանը բանից իսկապես անցնում է: Արդեն աբսուրդի է հասնում այս ամենը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով ներկա է եղել մայիսի 28-ին տեղի ունեցած մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Մեր հարցին՝ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ փաստաթուղթը, որն ընդամենը մեկ շաբաթից ԵԽԽՎ բանաձեւ է դառնալու, Ռուստամյանը պատասխանեց. «Շատ վատ հետեւանք: Ադրբեջանը դա կօգտագործի եւ դա էլ անում է, տեսնում է՝ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքն իրենց ձեռնտու չէ, ուզում է շրջանցել դա եւ հարցը տեղափոխել ուրիշ ատյաններ, որտեղ իրենց ձեռնտու բանաձեւեր ստանալով՝ կփորձի ամրապնդել դիրքերը բանակցային գործընթացում»:

Նշենք, որ երեկվանից ՀՀ-ում են մեր երկրի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք էլ զեկույց պետք է պատրաստեն Հայաստանի մասին, որը, սակայն, միայն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քվեարկության կդրվի եւ բանաձեւ կդառնա: ՀՀ պատվիրակության անդամները երեկ Հայաստանի հարցով համազեկուցողներից պահանջել են՝ պահել պարիտետը եւ մեր երկրի վերաբերյալ զեկույցում էլ մեր տեսակետը ներկայացնել: «Հարցը շատ լուրջ է դրված, որովհետեւ ադրբեջանցիները ցանկացած առիթով իրենց տեսակետները փորձում են փաստաթղթավորել, իսկ երբ մենք ենք ուզում այդ հարցը բարձրացնել, ասում են, որ դա իրենց լիազորություններից դուրս է: Մենք համազեկուցողներին բացատրեցինք, որ ԵԽԽՎ-ն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն իր դիրքերն ամրապնդի բանակցային գործընթացում եւ խուսափի որեւէ զիջումից: Այսինքն՝ ԵԽԽՎ-ն ինքը հիմա բացառում է փոխզիջումները, իսկ առանց փոխզիջումների բանակցություններ տեղի չեն ունենում: Հետեւաբար՝ ԵԽԽՎ-ն նպաստում է բանակցությունների ձախողմանը, այնինչ՝ ԵԽ պատգամավորների մանդատը ճիշտ հակառակն է ասում, որ պիտի քաջալերեն բանակցությունները: Ասացինք, որ ձեր ընդունած ամեն մի այսպիսի փաստաթղթից հետո լարվածություն է առաջանում սահմանին, որովհետեւ Ադրբեջանը համարում է, որ ամբողջ աշխարհը իր հետ է եւ բնականաբար՝ ինքը արդար իրավունք ունի իր տարածքները հետ վերցնել ցանկացած եղանակով: Այս վիճակից պետք է դուրս գալ»,- ասաց Ռուստամյանը, ով նաեւ առանձին հանդիպում էր ունեցել համազեկուցողների հետ: Ադրբեջանի մասին զեկույցում նշված է, որ Հայաստանի ագրեսիան խոչընդոտում է Ադրբեջանի ժողովրդավարացմանը, այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, որ հայկական լոբբին փորձում է սեւացնել Ադրբեջանում կազմակերպված առաջին Եվրոպական խաղերը եւ այլն: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն ընդունում են, որ սույն փաստաթուղթն անցկացնելու հարցում որեւէ խնդիր լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանը չի ունենալու. այն արդեն կարելի է ընդունված փաստաթուղթ համարել: Մեր հարցին՝ արդյո՞ք ՀՀ պատվիրակությունը մեղքի իր մեծ բաժինը չունի, որ ադրբեջանական պատվիրակությունը մեկը մյուսի հետեւից ոչ հայանպաստ փաստաթղթեր է կարողանում անցկացնել, Ռուստամյանը պատասխանեց. «Մեր պատվիրակության թերությունը ես չեմ ասում՝ չկա: Կան թերություններ: Բայց այստեղ բոլորովին այլ գործոններ են աշխատում: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է իրավիճակը կամաց-կամաց փոխվում հօգուտ Ադրբեջանի, եւ այդ փոփոխության հիմքում ընկած են նավթադոլարները, ուրիշ բան չկա: Կոռուպցիոն ճանապարհով իրենք հասել են ադրբեջանամետ մեծ լոբբիի ձեւավորմանը»: Հայաստանի հարցով համազեկուցողները մեր պատվիրակության ներկայացուցիչներին ասել են, որ Ղարաբաղի հարցով ՀՀ-ի տեսակետը կներկայացվի զեկույցի մեմորանդումային մասում, որը, սակայն, լիագումար նիստի քվեարկության ժամանակ բանաձեւի մաս չի դառնում: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները, սակայն, պահանջել են պահել պարիտետը: Կկարողանա՞ն նրանք հաջողության հասնել, թե ոչ՝ դժվար է ասել: Դա կարող է հայտնի դառնալ միայն աշնանը, երբ պատրաստ կլինի «Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվանումով զեկույցը: Ամեն դեպքում, համազեկուցողները խոստացել են նկատի ունենալ ՀՀ-ի տեսակետը եւ մինչ մոնիտորինգի հանձնաժողովում զեկույցը քվեարկության դնելը կրկին այդ հարցը քննարկել հայկական կողմի հետ: Այսօր նախատեսված է Ֆիշերի եւ Միլի հանդիպումը Հովիկ Աբրահամյանի, այնուհետեւ Սերժ Սարգսյանի հետ:

Բացի Ղարաբաղի հարցի վերաբերյալ քննարկումներից, համազեկուցողները ՀՀ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել են նաեւ ՀՀ-ում ընթացող փոփոխություններով: Մասնավորապես՝ նրանց հետաքրքրել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը, ընտրական համակարգի սպասվող փոփոխությունները, դատաիրավական բարեփոխումները եւ այլն: Համազեկուցողները կհանդիպեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert