«Մեծ ողբերգություն է այն, ինչը վերապրել է իմ ժողովուրդը, ինչը վերապրել է իմ ընտանիքը, մարդիկ, ում բախտ եմ ունեցել տեսնել կենդանության օրոք, մարդիկ, ում ճանաչում ու սիրում եմ, ինչպիսին մեծ տատիկս էր: Մեծ անարդարություն կա այն իրողության մեջ, որ անգամ խոշոր երկրները, որոնք իրենց ժողովրդավար են անվանում, չեն ճանաչել այս փաստը: Իսկ քանի դեռ չարիքը չարիք չի կոչվել, միշտ վտանգ կա, որ այն կկրկնվի»:

Նա, ում անունը հաճախ է հնչում, ով կայուն կերպով հայտնվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց ԹՈՓ-20 ցուցակում՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի ու «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, խնամքով է ընտրում բառերը: Որպես մարդ, ում հաճախ են «պետության խոսափող» անվանում, նա պետք է ծայրաստիճան զգույշ լինի ցանկացած հարցին ի պատասխան հնչեցված ձեւակերպումների մեջ, եւ հատկապես այնպիսի կարեւոր հարցին, ինչպիսին է «ի՞նչ է Ձեզ համար ցեղասպանությունը».

«Հարյուր տարի առաջ սպանել են մեծ տատիկիս ընտանիքին: Իր ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սրախոխող են արել: Իսկ նա ընդամենը հինգ տարեկան էր: Նա փրկվեց, որովհետեւ նրան հասցրեցին գորգի մեջ փաթաթել ու հենել պատին: Թուրքերը նրան ուղղակի չնկատեցին, իսկ նա կանգնած լսում էր, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սրախոխող անում:

Իմ մյուս մեծ տատիկն ինձ պատմում էր, թե ինչպես իր աչքի առաջ իր եղբայրներին, քույրերին ու ծնողներին մի գիշերվա ընթացքում սպանեցին: Փրկվեցին միայն նա ու կրտսեր քույրիկը: Մեռնելուց առաջ իրենց հայրը հասցրեց մեկական ոսկի տալ, որը տատիկն այտի հետեւում թաքցրեց: Իր բախտը բերեց. տեղի թուրքերից մեկն իրեն՝ փոքր աղջնակին, տարավ իր ընտանիք: Միայն մի քանի տարի անց նա տուն վերադարձավ»:

Գերդաստանի այն մի ճյուղի պատմությունը, որն այս մեծ տատիկից է սերում, իր «Ճշմարտությունը՝ թոռներին» գրքի մեջ նկարագրել է Մարգարիտա Սիմոնյանի պապը: Նենեկայի պատմությունով էլ այն սկսվում է.

Նկարի վրա արաբերեն գրերով՝ թուրքերեն գրված է՝ «Տրապիզոնի հուշերը».- (Նոր Խոսք)

 

Տրապիզոնի տեսարան
Լուսանկարը՝ Հայաստանի ազգային արխիվի

«Նենեկան փոքրիկ աղջիկ էր, երբ Տրապիզոնում (Տրապեզունդ, Հյուսիսային Թուրքիա) ցեղասպանության ժամանակ  իր գեղեցկության շնորհիվ՝ նա բնությունից օժտված էր բաց մազերով ու կապույտ աչքերով, խուսափեց յաթաղանից: Հարուստ մի թուրք որդեգրեց իրեն, ստեղծեց բոլոր պայմանները թուրքերենն ու թուրքական սովորույթներն ուսումնասիրելու համար, կրոնափոխ արեց դեպի մահմեդականություն, որպեսզի ապագայում իրեն ամուսնացնի թուրքի հետ: Ի դեպ, այդպես էին վարվում նաեւ ուկրաինացի, ռուս, բուլղարացի, սերբացի ու այլ աղջիկների հետ ամենուր, ուր սփռվում էր Օսմանյան կայսրությունը:

Ինչպես Նենեկան ինքն էր խոստովանում, թուրքական ընտանիքում մի քանի տարի անցկացնելուց հետո մոռացել էր իր մայրենի լեզուն ու ազատորեն տիրապետում էր թուրքերենին: Միայն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից ու օտարերկրյա հանրության ճնշումից հետո հնարավոր դարձավ նրան ազատել: Նենեկային տեղափոխեցին Ղրիմ… 1922-ին 16 տարեկան հասակում նրան ամուսնացրել են Նշանի հետ»: Այսպիսով, Մարգարիտայի ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում:

Մարգարիտան հասցրել է տեսնել Նենեկային. «Մինչեւ ութ տարեկան նա իմ մասին հոգ էր տանում ու խնամում էր: Ինչպես պապս իր գրքի մեջ է գրում՝ «համով ուտելիքներ էր տալիս», հեքիաթներ ու տարբեր պատմություններ էր պատմում: Ջարդի ժամանակ նա ինը տարեկան էր ու Ալիսա անունով կրտսեր քույր էլ ուներ: Վերջինիս նույնպես հաջողվել է փրկվել: Նրան տարել են թուրքական ընտանիք, տեղափոխել Ստամբուլ: Պապս իր գրքում գրում է, որ մինչեւ 1933 թվականը նամակագրական կապ էր պահում նրա հետ, իսկ հետո կապը կտրվեց: Հետագայում Արտաքին գործերի նախարարության, դեսպանության, Կարմիր խաչի աջակցությամբ նրան գտնելու բոլոր փորձերը ձախողել են: Թուրքական կողմը լռում էր: Թե ինչ տեղի ունեցավ Ալիսայի հետ հետագայում, ինչպես դասավորվեց նրա ճակատագիրը, մենք չգիտենք: Իր պատվին Ալիսա անվանեցին իմ կրտսեր քրոջը»:

ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԽՈՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ

«Գիտե՞ք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, ու ինձ համար դժվար է աշխարհաքաղաքական տեսանկյունից դատողություններ անել ու խոսել Հայաստանի անունից՝ որպես պետության: Սակայն ես հայ եմ, իմ մեջ հայի արյուն է: Ես կարող եմ խոսել ժողովրդի անունից:

Իսկ ժողովուրդը չի ապրում ու չի դատում աշխարհաքաղաքական դասակարգումներով՝ թե ինչ ձեռք կբերի Հայաստանը ու թե ինչ կկորցնի: Ահա թե ինչու ես այլ բանի մասին եմ խոսում. ես ասում եմ, որ ինձ, որպես հայի, ով հիշում է իր նախատատին ու հիշում է այդ բոլոր պատմությունները, անսովոր է գիտակցել, որ կան երկրներ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ստացվում է, որ այդ երկրները չեն ճանաչում, որ իմ մեծ տատիկների ու իմ ընտանիքի հետ այդպես են վարվել: Ինձ, ինչպես եւ ցանկացած մարդու, սա շատ անարդար է թվում ու համաշխարհային խաղաղության համար շատ վտանգավոր, թող որ բառերս էլ ամպագոռգոռ հնչեն», -ասում է Մարգարիտան:

Նա հակված չէ իր մեջ ձեւավորված արժեհամակարգը դիտարկել որպես ազգային պատկանելության հետեւանք. «Եվս մեկ անգամ կրկնեմ՝ ես հայուհի եմ, սակայն առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացի եմ, եւ այսօր դժվար է տարբերակել, թե իմ արժեհամակարգի որ մասն է հայկական, իսկ որը՝ ռուսական կամ համամարդկային: Ես երբեւէ չեմ խորհել այդ մասին: Ու ես երբեւէ չեմ մտածել այն մասին, թե ինչպես Ռուսաստանում կարող են մեկնաբանել իմ այս կամ այն քայլը՝ ելնելով իմ ազգային պատկանելությունից: Այս առումով ես ժամանակակից մարդ եմ:  Ես ինքս մարդկանց չեմ դիտարկում իրենց ազգային պատկանելության տեսանկյունից ու այլոց խորհուրդ չեմ տալիս այդպես անել:

Չեմ կարծում, որ դա նշանակություն ունի: Առավել կարեւոր են աշխատանքի արդյունքը, համոզմունքները, աշխարհայացքը, անշուշտ՝ մասնագիտական որակները: Ինչ վերաբերում է արժեքներին, ապա երիտասարդության տարիներին ես ուսանել եմ Նահանգներում ու կարող եմ ձեզ ասել, որ հայրիշխանական «մեկ հարկանի Ամերիկայում» կան շատ արժեքներ ու ավանդույթներ, որոնք մեր սովորույթներից առավել պահպանողական են:

Ամեն ինչ կանեմ երեխաներիս լավ մարդ դաստիարակելու համար: Առաջին հերթին կաշխատեմ նրանց հայերեն սովորեցնել, որն ինքս չգիտեմ ու շատ եմ ցավում: Լինում են իրավիճակներ, երբ ես ինձ անհարմար եմ զգում, երբ հայերի շրջանում չեմ կարողանում մասնակցել զրույցին, քանի որ չեմ հասկանում, թե ինչի մասին են նրանք խոսում: Սակայն աղջկաս համար կրկնուսույց եմ վարձել, ով շաբաթը երկու անգամ է իր հետ պարապում՝ գրքեր է կարդում, հեքիաթներ է պատմում, նրանք զրուցում են, երգեր են երգում: Որդիս դեռ փոքր է, սակայն երբ մի փոքր էլ մեծանա, անպայման իր հետ էլ կսկսենք պարապել: Որովհետեւ եթե մանկության ընթացքում լեզուն չսովորես, ապա այն երբեք մայրենի չի դառնա:

ՀՈՒՍՈՎ ԵՄ` ԵՐԵԽԱՆԵՐԻՍ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ՄԱՅՐԵՆԻ ԿԴԱՌՆԱ:

Ամեն տարի ապրիլի 24-ին մեր ընտանիքում մենք անպայման ոգեկոչում ենք մեր՝ 1915թ. խոշտանգված նախնիների հիշատակը: Հայաստանն իրենց հայրենիքն է: Երկիր, որը ձեւավորել է իմ նախնիների մշակույթը, իրենց արժեհամակարգը, անձնական որակները: Երբ ես դադարեմ շատ աշխատելը, կուզենայի ինքս ինձ համար մի ճամփորդություն կազմակերպել դեպի Հայաստան, որպեսզի ավելի լավ ճանաչեմ այն, զգամ այն»:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:​

Նյութի աղբյուրը՝ https://100lives.com



Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert