615079548312677651Հուլիսի 2-ի երեկոյան Մարշալ Բաղրամյան պողոտայում Եվրոպական Միության դրոշներ բարձրացնելու առիթով առաջացած միջադեպը, որն ավարտվեց դրանք բռնությամբ իջեցնելու և անգամ անարգելու գործողություններով, դարձել է հասարակական լայն քննարկման առարկա:

Հիմնադիր խորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ ապագա Հայաստանը պետք է որդեգրի հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն:

Միևնույն ժամանակ՝ հայաստանակենտրոնությունը այլամերժություն և մեկուսապաշտություն չէ:

Այդ պատճառով վնասակար և անընդունելի ենք համարում այլ քաղաքակրթական և ազգային խորհրդանիշների նկատմամբ որևէ անհարգալից վերաբերմունք: Իսկ եվրոպական քաղաքակրթության նկատմամբ մերժողականությունը, նրա խորհրդանիշների անարգումը, ինչպես նաև դրանք կրողների հանդեպ բռնությունը խորապես դատապարտելի է, քանի որ այդ քաղաքակրթության օրրանը մեր Հայրենիքն է, ուստի այն առավել քան հարազատ է մեզ համար: Այս հանգամանքով է պայմանավորված նաև ցուցարարների նկատմամբ բռնությունների հարցով մեր քաղաքացիական հասարակության սպասումը Եվրոպական դատարանից:

Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ մեր երկրի թալանի դեմ ուղղված այս շարժման խորքային նպատակը Հայաստանի ինքնիշխանության հաստատումն է, որի խորհրդանիշը եռագույնն է: Ուստի մենք պետք է պայքարենք ոչ թե մի ուժային կենտրոնի դրոշն իջեցնելու և մյուսինը բարձրացնելու, այլ Հայաստանի դրոշը մեր գլխից վեր ծածանելու համար:

Ըստ այդմ՝ քաղաքական առումով նպատակահարմար չէր Եվրոպական Միության դրոշների բարձրացումը հանուն Հայաստանի դրոշի ընթացող պայքարի բեմում: Դա մյուս կողմի սադրիչներին ոչ միայն հնարավորություն տվեց օգտվելու առիթից և տպավորություն ձևավորելու, իբրև թե Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքվածները դեմ են Եվրոպական Միությանը և եվրոպական քաղաքակրթությանը, այլև նսեմացրեց պայքարի բուն նպատակը:

Իրականում, սադրիչներից բացի, Եվրոպական Միության դրոշներն իջեցնելու պահանջ ներկայացնող քաղաքացիները որևէ հակաեվրոպական տրամադրություն չունեին, այլ գործում էին բացառապես մեր ինքնիշխանության դիրքերի վերահաստատման ու անվտանգության սպառնալիքների չեզոքացման մղումով:

Իր հերթին՝ Հունաստանի օրինակով հարկ է նկատի ունենալ, որ Եվրոպական Միության դրոշի տակ մտնելն ինքնին չի երաշխավորում երկրի ազգային անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը:

Մեր ժողովուրդը գիտակցում է, որ օտարին հանձնված ՀԷՑ-ի, ինչպես նաև մյուս ռազմավարական օբյեկտների ու ենթակառույցների միջոցով իրականացվող համակարգված թալանը կասեցնելու համար հարկավոր է մեր հողի վրա գերակա դարձնել մեր դրոշը, ազգայնացնել այդ օբյեկտներն ու ենթակառույցները և ձևավորել նրանց նկատմամբ վերահսկողության գործուն ժողովրդավարական մեխանիզմներ:

Ուստի մեր երկրի թալանի դեմ ուղղված այս և հետագա բոլոր շարժումները կարող են հաջողության հասնել այն դեպքում, եթե բացահայտ կերպով բարձրացնեն ինքնիշխանության ու ժողովրդավարության դրոշը և հետամուտ լինեն դրանց հաստատմանը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

www.preparliament.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert