Հայաստանի իշխող համակարգը կարծես թե պատվել է խորհրդավոր գործընթացների շղթայով, որ անսպասելի դրսեւորումներ է ունենում Սահմանադրության փոփոխության նախագծի առաջին մի քանի դրույթների հրապարակումից առաջ եւ հատկապես հետո:

Հուլիսի 14-ին անսպասելիորեն պաշտոնանկ եղավ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա մասին կարծիքները տարբեր էին, նրա գործունեության գնահատականները միարժեք չէին, բայց մի շարք փորձագետներ հավաստիացնում էին, որ նա ուներ բարեփոխումների ծրագիր, եւ նրա նախարարության ընթացքում արդարադատության նախարարության հետ աշխատանքը արձանագրում էր դրական դինամիկա:

Հուլիսի 15-ին հրապարակվեց Սահմանադրության փոփոխության առաջին մի քանի գլուխների նախնական տարբերակը, որը արժանացավ բուռն քննարկումների: Դրան անմիջապես նախորդեց հուլիսի 16-ի կառավարության նիստի գրեթե սենսացիոն միջադեպը: Վարչապետի եւ էներգետիկայի նախարարի երկխոսությանը, որ վերաբերում էր Նաիրիտի նախկին աշխատակիցների աշխատավարձի պահանջի վերաբերյալ բողոքին, անսպասելիորեն միջամտեց այդօրինակ քայլով երբեք աչքի չընկած եւ սակավախոս ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, հայտարարելով, թե մարդիկ չեն հավատում կառավարությանը:

Մինչ հանրությունը կփորձեր հասկանալ ԱԱԾ պետի այդօրինակ անսպասելի անկեղծության հրապարակային դրսեւորման շարժառիթը կամ նպատակը, ոչ ակաս անսպասելիորեն տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի փոփոխություն: Արդեն նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը հուլիսի 18-ին հայտարարեց ազատման դիմում ներկայացնելու մասին, բացատրելով, որ ստացել է մասնավոր հատվածում աշխատանքի առաջարկ:

Առավել հետաքրքիր էր շարունակությունը: Սերժ Սարգսյանը նույն օրը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ աշխատակից, կոչումով մայոր Վլադիմիր Հակոբյանին իր մամուլի քարտուղար նշանակելու մասին: Փաստորեն, Սերժ Սարգսյանը հենց միանգամից է լուծել մամուլի խոսնակի թափուր պաշտոնի հարցը, ինչը վկայում է, որ Սերժ Սարգսյանը երկար չի մտածել եւ արդեն իսկ ունեցել է թեկնածության վերաբերյալ որոշում: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ բուն խնդիրը եղել է հենց նոր նշանակումը, այսինքն ԱԱԾ մայորի նշանակումը նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնին:

Եվ այդ նշանակումն առանձնապես հետաքրքիր է դառնում դրանից երկու օր առաջ ԱԱԾ պետի հրապարակային, բաց եւ փաստացի իշխող համակարգը շանթահարող հայտարարությամբ, թե մարդիկ չեն հավատում կառավարությանը:

Բանն այն է, որ ԱԱԾ պետի այդօրինակ հայտարարությունը տարօրինակ է բոլոր պետությունների պարագայում: ԱԱԾ-ն այն կառույցն է, որը այսպես թե այնպես գուցե տիրապետում է կամ փորձում է տիրապետել ոչ միայն հանրության, այլ հանրության գրեթե յուրաքանչյուր անդամի տրամադրության: Բայց այդ ամենը վերածվում է ոչ թե հրապարակային հայտարարությունների, այլ ներքին շրջանառության զեկուցագրերի, դրվելով բնականաբար բարձրաստիճան պաշտոնյաների, առաջին հերթին նախագահի սեղանին:

Երբ կառավարության նիստում ԱԱԾ պետը հայտարարում է, որ ժողովուրդը չի հավատում կառավարությանը, դա փաստացի քաղաքական հայտարարություն է:

Երբ այդ հայտարարությունից երկու օր անց երկրի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվում ԱԱԾ մայորը, դա փաստացի նշանակում է, որ կամ ԱԱԾ-ն է Հայաստանում վերցրել քաղաքական իշխանությունը, կամ Սերժ Սարգսյանն է իշխող համակարգի առաջ ստանձնում ԱԱԾ պետի «անկեղծ» քաղաքական հայտարարության պատասխանատվությունը, իշխող համակարգին մեսիջ հղելով, որ իր հենարանն այլեւս ԱԱԾ-ն է:

Փաստացի, Հայաստանում մի քանի օրվա ընթացքում կամ տեղի է ունեցել, կամ մեկնարկել է ներիշխանական նոր թավշյա հեղաշրջում, որի պարագայում միայն մինչեւ վերջ պարզ չէ, թե ով է դրա հեղինակը եւ ով է դրա «զոհը»:

Միաժամանակ կարեւոր հարցերից է նաեւ, թե որն է գլխավոր շարժառիթը: Այն ներքի՞ն է եւ պայմանավորված է Սահմանադրության փոփոխության գործընթացո՞վ, թե գեներատորն այլ տեղ է եւ պայմանավորված է Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի աշխուժացման նոր փուլով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

www.lragir.am

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert