Արամ Մեհրաբյանը «Նախ անհրաժեշտ է, որ «Սփյուռքը» որպես կաղապարված հասկացություն հաղթհարվի, նորովի վերսահմանվի, միգուցե ընդհանրապես դուրս մղվի մեր բառապաշարից:  Որտեղ է սկսվում եւ ավարտվում սփյուռքը, ես չգիտեմ, եւ արդյոք այն պայմանավորված է միայն աշխարհագրությամբ, դժվար է ասել: Հայեր, որոնք իրենց անհանգստություններով, միջոցներով, երազանքներով անքակտելիորեն կապված են հայրենիքի հետ, ամենօրյա մասնակցություն ունեն մեր կրթական, գիտական կամ մշակութային ոլորտներին, պիտի կոչվեն սփյուռքահայե՞ր».- Արամ Մեհրաբյան

Մեդիամաքսը շարունակում է հարցազրույցների շարքը Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ: Փորձում ենք տարբեր կարծիքներ լսել այն մասին, թե արդյո՞ք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար:

Այսօր մեր զրուցակիցն է «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը:

– Գրեթե բոլորը համակարծիք են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարեդարձը պատվով կազմակերպվեց: Սակայն ինձ համար բաց մնաց ապագայի հարցը, եթե ոչ 100, ապա գոնե մոտակա 20 տարիների տեսլականը: Ապագան առհասարակ վերացական հասկացություն է, բայց կարծում եմ, մենք չենք փորձում ձեւակերպել ապագայի մասին մեր պատկերացումները: Մենք ի՞նչ ապագա ենք ցանկանում Հայաստանի, Սփյուռքի, հայ ազգի համար:

– Առանձնակի ուշադրությամբ չեմ հետեւել, գնահատականներ տալ չեմ կարող: Քանի որ ակնհայտ էր՝ թե խորհրդանշանից, թե կարգախոսից, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը զուտ միջոցառումներից այն կողմ չէր անցնելու: Ավաղ, մենք կրկին անգամ սահմանափակվեցինք եւ գոհացանք ծեսով ու ծիսականությամբ:  Մենք իսկապես լավ կազմակերպվում ենք ծեսի շուրջ:

Միայն ապագայի հարցը չէ, որ բաց է մնացել: Անցյալն էլ բազմաթիվ բաց հարցեր ունի: Մեր անցյալը պատմականությունից այն կողմ չի անցում, չի գիտակցվում, չի վերապրվում: Տպավորություն է ստեղծվում, որ դա մեր անցյալը չէ: Ապացույցը` ահավասիկ մեր ներկան:

Ապագան վերացական չէ, եթե խարսխվում է հավատի վրա: Ապագան ստեղծագործվելու կարիք ունի, այն չի տրվում, այլ արարվում է: Անհատական պատկերացումներն ու գաղափարները պիտի վերածենք հավաքական պատկերացումների եւ գաղափարների:  Մենք պիտի ստեղծագործենք մեր ապագան: Ստեղծագործությունն է, որ փրկում է ներկան սոսկ անցյալ դառնալու անխուսափելիությունից: Մեր շարժման եւ զարգացման ուժը պիտի լինի ապագայի ձգողականությունը, այլ ոչ թե անցյալի իներցիան:

Անհրաժեշտ է նաեւ, որ մենք խոսենք եւ երկխոսենք մեր պատկերացումների, երազանքների, ծրագրերի մասին: Մտահոգիչ է երկխոսելու ցանկության բացակայությունը:

Երկխոսությունը պայմանավորված է լեզվով, խոսքով, բառ ու բանով: Բառի եւ խոսքի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի արդյունքում դրանք արժեզրկվել են: Ինչպես չվաստակած գումարն է մսխվում, այնպես էլ չվաստակած բառն ու խոսքը:

Ցավոք, իշխանություն-ժողովուրդ երկխոսությունը փոխարինվել է կողմերի փոխադարձ հեգնանքով, ցինիզմով, անբովանդակ մենախոսություններով, կենացներով, որոնք «երաշխավորում» են մեր անվերջ վերադարձը դեպի պետականության զրոյական աստիճան, կրկին միակ հնարավորությունը թողնելով հերթական «հեղափոխությանը» կամ հերթական խզմանը: Անլրջությունից ծնված հեգնանքը վտանգում է պետության, ժողովրդի ճակատագիրն ու ապագան:

 

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Խզման երեւույթը վերջին հարյուրամյակի թերեւս առանցքային թեմաներից է: Մարդ-Աստված, Մարդ-Բնություն, Մարդ-Մարդ, անցյալ-ներկա-ապագա, բառ-իմաստ խզումներից կարելի է ենթադրել, որ խզումը նախեւառաջ մեր մեջ է, առկա է ներքին խզում, մարդն ինքն իրեն անհաղորդ է, շփոթված  ու մոլոր, իր էությանն օտարացած ու խորթացած, մասնատված ու «մասնագիտացած»: Անհատը՝ անհատելին, որքան ասես հատվեց: Ներքին երկխոսությունը դառնում է անհրաժեշտություն, բայց մենք խուսափում ենք, նախընտրելով փախուստը կամ զվարճանքը (որ ըստ էության նույնն է): Փախուստ, ոչ միայն տարածքից, այլ նաեւ ժամանակից` անցյալից, ներկայից, ապագայից: Ժամանակը «խեղդվում է» զվարճանքի մեջ, դրա վկայությունը ակնառու կերպով տալիս են հեռուստաեթերը, իրար հաջորդող անբովանդակ «միջոցառումները»:

– Իսկ ովքե՞ր պետք է վարեն այդ երկխոսությունը:

– Իրականում գոյություն ունի երկու հարթություն, որոնց միջեւ երկխոսությունը գրեթե անհնարին է: Մի կողմում ժողովրդի այն հատվածն է, որը Հայաստանին վերագրել է լուսանցքային դեր, իսկ մյուսում` նրանք, որոնք հավակնում են Հայաստանը կենտրոն դարձնել:

Լուսանցքային մարդն ունակ չէ ինքն իրեն գնահատելու, նա փորձ չի անում ինքնաճանաչման, կարիք ունի ուրիշի, որ ճանաչվի եւ գնահատվի: Ուզում է սիրված լինել, բայց ինքնասիրություն չունի: Ուզում է, որ իրեն պատվեն, արժեւորեն, բայց արժանապատվություն չունի: Դրսից հրամանների եւ ուրիշի անհրաժեշտություն ունի: Իր մայրենի լեզվից ու մշակույթից անվերջ խորշող… Եվ վերջապես. նա հայրենիք չունի: Դժվար է այսպիսի մարդկանց հետ երկխոսել: Այստեղ է հիմնական խզումը: Հեշտ է լուսանցքում լինել, քանի որ պատասխանատվություն չես կրում. ամեն ինչ քո փոխարեն մտածված է, քեզ մնում են միայն «զվարճանքն ու խրախճանքը»:

Պետության ստեղծման «Ռուբիկոնը անցնելու» մեր ամբողջ գաղափարը հենց գիտակցության փոխակերպումն էր՝ լուսանցքայինից կենտրոնայինի: Հայ Մարդը ձգտում է դեպի կենտրոն, դրա վկայությունը մեր պատմությունն է, հատկապես մշակույթի պատմությունը:

Երկխոսության որոշակի դրսեւորում նկատվում է Հայաստանը կենտրոն համարողների միջեւ, եւ դրա արդյունքում ծնվում են փոքրիկ օազիսային կենտրոններ:

– Իսկ մենք այսօր կենտրոն դառնալու ռեսուրսն ունե՞նք:

– Ես չեմ դիտարկում Հայաստան-կենտրոնն իբրեւ այլընտրանք, այլ դիտարկում եմ իբրեւ միակ հնարավորություն: Հիմնական ռեսուրսը մարդն է: Որակապես նոր Մարդը` Կոստան Զարյանի ոգեկոչած «Արարատյան Մարդը»:

– Սինգապուրում, որը, թերեւս, այդպիսի պետության լավագույն օրինակն է, այդ փոխակերպումը կայացավ, նախեւառաջ, առաջնորդի շնորհիվ, որն այն կյանքի էր կոչում շատ կոշտ մեթոդներով:

– Ստանդարտ մոդելներ գոյություն չունեն: Չես կարող վերցնել մի երկրի մոդելը եւ փորձել կրկնօրինակել: Լուծումները ներսից պետք է լինեն:

Պատմությունից հայտնի են օրինակներ, երբ պետությունները կենտրոնի իրենց դերը զիջել ու դարձել են լուսանցքային: Եվ հակառակը՝ լուսանցքային պետությունը գիտակցության փոխակերպման արդյունքում դառնում է կենտրոնային եւ սկսում թելադրել՝ գիտական, քաղաքական, մշակութային առումներով:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Նախ պետք է կարողանանք տարբերակել առաջնային խնդիրները երկրորդականից, պատճառները` հետեւանքներից, միջոցները` նպատակներից:

Պետությունը մեխանիզմ չէ, եւ համոզված եմ, որ այն, մանավանդ Հայաստանի պարագայում, պետք է դիտարկվի որպես օրգանիզմ:

Խնդիրների լուծման մեր հատվածական մոտեցումն անարդյունավետ է:

Միայն տնտեսության կամ կրթության զարգացմամբ հնարավոր չէ բան փոխել: Բոլոր խնդիրները փոխկապակցված են, եւ դրանք պետք է դիտարկվեն ամբողջական օրգանիզմի համատեքստում:

– Մենք երբեմն կարողանում ենք Ձեր նկարագրած կենտրոնի դերում հանդես գալ: Հայկական տաղավարը Վենետիկի բիենալեում գլխավոր մրցանակ շահեց, Triada-ի ստեղծած Shadowmatic խաղը Apple Design Award ստացավ: Բայց դրա հետ մեկտեղ Սյունիքում շարունակում է պաշտոնավարել Սուրեն Խաչատրյանը, ում անվան հետ բազմաթիվ հանցագործություններ են կապվում:

-Մենք կենտրոնի ձգտող ազգ ենք: Դա է մեր ճակատագիրը, դա է վկայում մեր մշակույթի պատմությունը:  Եվ այսօր էլ անհատներ, խմբեր, ելնելով ներքին անհրաժեշտությունից, երեւակայությունից իրականացնում են ծրագրեր, որոնք արարում են մեր երկրի ապագան:

Ցավոք, սեփականաշնորհված պետության պարագայում, երբ պետաիրավական համակարգն առաջնորդվում է «ախպերության», այլ ոչ թե հավասարության սկզբունքով, մենք երաշխավորված չենք նման քրեական երեւույթներից:

– Սփյուռքը դեր ունի՞ խաղալու այս խնդիրներում:

– Նախ անհրաժեշտ է, որ «Սփյուռքը» որպես կաղապարված հասկացություն հաղթհարվի, նորովի վերսահմանվի, միգուցե ընդհանրապես դուրս մղվի մեր բառապաշարից:  Որտեղ է սկսվում եւ ավարտվում սփյուռքը, ես չգիտեմ, եւ արդյոք այն պայմանավորված է միայն աշխարհագրությամբ, դժվար է ասել: Հայեր, որոնք իրենց անհանգստություններով, միջոցներով, երազանքներով անքակտելիորեն կապված են հայրենիքի հետ, ամենօրյա մասնակցություն ունեն մեր կրթական, գիտական կամ մշակութային ոլորտներին, պիտի կոչվեն սփյուռքահայե՞ր:

Արամ Մեհրաբյանը Արամ Մեհրաբյանը

Առաջին հանրապետության եւ Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին, երբ նյութական եւ սոցիալական պայմաններն անհամեմատ ավելի ծանր էին, մարդիկ եկան: Տաղանդավոր մտավորականներ ու գիտնականներ եկան: Պետություն ստեղծելու պատմական հնարավորություն էր ընձեռնվել: Եկան հստակ գիտակցելով, որ հայրենիքը չի տրվում, հայրենիքը պետք է «գրավել»: Այդ ծանր պայմաններում խնդիր է դրվում հիմնելու համալսարան ու կոնսերվատորիա, կազմակերպելու Անիի պեղումները… Նաեւ այս մարդկանց անձնական զոհողությունների գնով է, որ այսօր հսկայական հոգեւոր-մշակութային կապիտալի ժառանգորդ ենք:

90-ականներին էլ եկան, մի փոքր ավելի զգույշ, բայց եկան: Այսօր էլ են գալիս: Ազատվելով ամեն տեսակ պատրանքներից, գալիս են` մեզ հետ լուսանցքը կենտրոն դարձնելու երազանքով, կամքով ու ծրագրերով:

Արամ Մեհրաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Լուսանկարները` Մեդիամաքս

www.mediamax.am

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert