Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն այցելել է «Լույս» հիմնադրամ

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն այցելել է «Լույս» հիմնադրամ

Ամուլսարում ոսկու պաշարներ փնտրող «Գեթոիմ» ընկերությունը Սերժ եւ Տիգրան Սարգսյանների հիմնադրած «Լույս» կրթամշակութային հիմնադրամին 122 միլիոն դրամ (մոտ 256 հազար ամերիկյան դոլար) է նվիրաբերել: Այս մասին նշված է «Լույս»-ի 2014թ. տարեկան հաշվետվության մեջ:

Համահայկական բնապահպանական ճակատն այս նվիրատվության մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, այն համարելով կասկածելի: Նախ՝ ընկերությունը հանքի շահագործումը չի էլ սկսել, շահույթ չի ստացել, բայց ինչ որ նվիրատվություններ է անում: ՀԲՃ անդամ Լեւոն Գալստյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր ունեցած մի շարք փաստարկներից երկուսը, որոնք իրավունք են տալիս կասկածելու, որ «Լույս» հիմնադրամի միջոցով գումար է հասցվում իշխանական շրջանակների որոշ անձանց: 2015թ․ մարտի 10-ին կառավարությունը, շրջանցելով անվտանգության հետ կապված շատ հարցեր, փոխել է բաց հանքերի ավտոմոբիլային ճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերը, որը Բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված «Լիդիանին» կազմակերպությանը հնարավորություն է ընձեռել Ամուլսարի շահագործման ծախսերը նվազեցնել մոտ 100 միլիոն դոլարով: Այսինքն՝ կառավարությունը կայացրել է որոշում, որը բխում է անմիջապես հանքարդյունաբերողների շահերից: «Հայաստանի կառավարությունը շատ է սիրում տարատեսակ նվերներ մատուցել հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին: 2014թ. հուլիսի 31-ին էլ ընդունել էր աննախադեպ մի որոշում, որով ըստ էության թույլ էր տվել տեղափոխել Ամուլսարի տարածքում հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները՝ դրանով իսկ խախտելով ՀՀ տարբեր օրենքների դրույթներ եւ միջազգային կոնվենցիաներ: «Լիդիանն» իշխանություններին է լավություն անում, իշխանությունները՝ նրան: Մենք կոռուպցիայի մասին հաղորդում չենք ներկայացնում, այլ հիմնելով մեր տեսածի վրա, ենթադրում ենք, որ սրանք կոռուպցիոն ձեւեր են, որոնց միջոցով մեկը մյուսին գումարներ են փոխանցում: Ինչպե՞ս է, որ ոչ եկամուտ ունես, ոչ շահագործում ես սկսել, բայց արդեն 250 հազար դոլար նվիրատվություն ես անում Սերժ Սարգսյանի հիմնադրամին»,-մեզ հետ զրույցում նշեց Լ. Գալստյանը։

Հիշեցնենք, որ «Lydian International Ltd»-ի հիմնական բաժնետերերից են այնպիսի լուրջ կազմակերպություններ, ինչպիսին է IFC-ն եւ Եվրոպական բանկը: «Լիդիանի» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է նաեւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: «Լիդիանի» դուստր ընկերությունը «Գեոթիմ»-ը նվիրատվությունը մեկնաբանեց այս կերպ. «Անցյալ տարի մենք որոշեցինք աջակցել «Լույս» հիմնադրամին՝ հույս ունենալով, որ մեր ֆինանսական աջակցությունը կօգնի մի քանի ուսանողների ստանալ բարձրակարգ կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում: Մի օր նրանք կարող են ներդնել իրենց գիտելիքները Հայաստանի զարգացման մեջ եւ, ինչու ոչ, նաեւ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությունը բարելավելու մեջ»: «Գեթոիմ»-ից հստակ չհայտնեցին, թե կոնկրետ որ ամսաթվով է փոխանցվել գումարը:

Հայաստանում տարբեր նվիրատվություններ անելը մեղմ ասած ոչ միանշանակ է ընդունվում:  Մամուլն անդրադարձել է, որ պարտքերի տակ հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարբերաբար նվիրատվություններ է կատարել «Լույս» հիմնադրամին: Նախորդ տարի ՀԷՑ-ը 1,5 միլիարդ դրամ է փոխանցել՝ ինքը լինելով ֆինանսական ծանր վիճակում: Հենց 1,5 միլիարդ է կազմում 108 ուսանողներին արտասահմանյան ԲՈՒՀ-երում կրթությաւն ստանալու օժանդակության գումարը:

Կան մի քանի հիմնադրամներ, որոնց հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում են Սերժ Սարգսյանի հարազատները: «Լույսում» ինքն է, անպտղության բուժման կարիք ունեցող ընտանիքներին օժանդակող «Արագիլ» հիմնադրամում՝ Ռիտա Սարգսյանը, «Փյունիկ» հիմնադրամում՝ Լեւոն Սարգսյանը: Բոլոր այդ հիմնադրամների գլխավոր գործընկերները հանքարդյունաբերող ընկերություններ են՝ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունների խումբը, «Գեոպրոմայնինգը» (2014թ. նվիրաբերել է 207,5 միլիոն դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (259 միլիոն դրամ: «Լույս»-ը նախորդ տարի ստացել է 4,2 միլիարդ դրամ (8,8 միլիոն դոլար) նվիրատվություն, որից ծախսել է 2,9 միլիարդ (6,1 միլիոն): Մնացած գումարը պաշտոնապես մնացել է հիմնադրամի հաշվեկշռում: Եթե հիմնադրամի ծախսած 1,9 միլիարդ դրամի ստացողների անունները հայտնի են եւ նշված են տարեկան հաշվետվության մեջ նշված են, ապա մնացած 556 միլիոն դրամի շահառուների վերաբերյալ նշված է «այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»: Ուշագրավ է, որ նման աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, 100 միլիոն դրամ էլ կառավարությունն է նվիրաբերել մասնավոր այս հիմնադրամին:

«Փյունիկ» հիմնադրամը պարբերաբար փողեր է ստանում «Հայռուսգազարդից», ՀԷՑ-ից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, «Արփա-Սեւան» ԲԲԸ-ից, որը պատկանում է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին, Մանվել Բադեյանի «Եվրոստան Ույուտից», Բարսեղ Բեգլարյանի «Արարատբանկ»-ից, անգամ ծայրաղքատ Գյումրու բյուջեից: Իսկ պատգամավոր Վարդան Այվազյանը, որը հայտնի է որպես հանքերի բիզնեսի մեջ ընդգրկված պաշտոնյա, որի բանկային հաշիվներին, սակայն, ընդամենը 72 հազար դոլար եւ 13 միլիոն դրամ գումար կա, միաժամանակ եւ՛ «Լույսի», եւ՛ «Արագիլի» մշտական դոնորների ցանկում է: Քաղաքական դաշտում խոսում են, որ Սերժ Սարգսյանն անձամբ քվոտաներ է սահմանում, թե ովքեր որքան պետք է վճարեն այս կամ այն հիմնադրամին:  «Լույս» հիմնադրամն իր գործունեության առաջին տարիներին գրանցված էր Տիգրան Սարգսյանի բնակարանի հասցեում:

http://armtimes.com/hy/read/67976

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert