image«Գրեթե բոլոր թուրքական հեռուստաալիքների թողարկումները սկսվում են Դիարբեքիրի մասին հաղորդումներով: Այնտեղից Թուրքիայի օդուժի կործանիչները շարունակում են հարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին եւ Սիրիայի սահմանամերձ տարածքներում «Իսլամական պետության» որոշ թիրախների: Մեկնաբանելով այդ հաղորդագրությունները՝ շատ թուրք փորձագետներ, որպես կանոն, ակադեմիական միջավայրից, արտաքուստ աջակցելով Անկարայի գործողություններն ահաբեկչության դեմ պայքարում, չեն կարողանում թաքցնել հետագա ընթացքի վերաբերյալ մտահոգությունները՝ հաշվի առնելով այն, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերներն ԻՊ-ի հետ պայքարին «3-ից 10 տարի» ժամկետ են կանխատեսել: Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի համար դա շատ երկար ժամկետ է: Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել է, որ դեռ անհնար է կանխատեսել՝ որքան կձգվի այս պատերազմը» ,-գրում է regnum.ru-ն:

«Կարո՞ղ էր Թուրքիան խուսափել իրադարձությունների այսպիսի ընթացքից: Այս հարցն այսօր հռետորական է հնչում: Ի՞նչ կլինի հետո: Թուրքական Milliyet թերթը գրում է`թեեւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բացառել է Սիրիայի տարածք ցամաքային զորքեր մտցնելը, մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները կտեղափոխվեն այդ տարածք: Կոչ է արվում հատուկ ուշադրություն դարձնել, թե ինչպես է Դամասկոսը սկսել գիտակցել նոր իրականությունը՝ նկատի ունենալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությունն այն մասին, որ «բանակը ստիպված էր լքել երկրի մի մասը, որպեսզի պահպաներ երկրի առավել կարեւոր ուղղությունները եւ ամենախիտ բնակեցված ու զարգացած տարածաշրջանները»: Հետեւաբար, թուրքական սցենարը, որի համաձայն ԻՊ-ից ազատագրված Սիրիայի տարածքներ հնարավոր կլինի տեղափոխել ոչ միայն փախստականների ճամբարները, այլեւ փոխանցել այն, այսպես կոչված, չափավոր ընդդիմության վերահսկողությանը, սկզբունքորեն ոչինչ չի փոխում:

Սա գիտակցելով՝ Անկարան իր հատուկ ծառայությունների հովանու ներքո ձեռնարկել է սիրիացի թուրքմենների զինված ստորաբաժանումների ձեւավորումը: 5000 անձից բաղկացած միավորված ուժերը կղեկավարի 20 հոգուց բաղկացած շտաբը: Ժամանակակից Սիրիայի տարածքում ապրում է շուրջ 100 հազ. սիրիացի թուրքմեն: Այս ուղղությամբ թուրքական իշխանությունների գործունեությունը կտրուկ ակտիվացավ 2011 թվականին Սիրիայի ճգնաժամի բռնկումից հետո: Այդ ժամանակ հայտնվեցին «Սիրիական թուրքմենական դաշինքի» եւ «Սիրիական ժողովրդավարական թուրքմենական շարժման» նախագծեր, որոնք ի սկզբանե ունեցել են տարբեր խնդիրներ, գաղափարախոսություն, ազդեցության գոտիներ եւ սեփական ռազմականացված միավորումներ: 2012 թվականի դեկտեմբերին «Շարժումը» եւ «Դաշինքը» միավորեցին ջանքերը, սակայն ոչ թե Ասադի ռեժիմի դեմ, այլ տարբեր իսլամական արմատականներից ինքնապաշտպանության նպատակով: Այժմ Անկարան հույս ունի սիրիացի թուրքմենների օգնությամբ իրագործել Սիրիայի հյուսիսային մասի թրքացման ծրագիրը՝ դուրս մղելով այդտեղից քրդերին, թեեւ ոչ բոլոր թուրքմեններն են աջակցում Թուրքիայում մշակված նախագծին՝ Սիրիայի մասնատմանը»:

«Խոսքը գնում է ԻՊ-ից հետո երկրորդ աշխարհաքաղաքական նախագծի մասին, եթե հաշվի չառնենք հայտնի եւ ԶԼՄ-ներում տարածված «Մեծ Քրդստան» նախագիծը: Թուրքմենների զգալի մասը «միասնական Սիրիային» կողմ է հանդես գալիս: Սիրիայում Անկարան փորձում է բախում սանձազերծել քրդերի եւ թուրքմենների միջեւ: Իրաքում ահաբեկիչներին դիմակայում են զորքերը եւ անվտանգության տեղական ուժերը, ինչպես նաեւ քրդական ռազմականացված Փեշմերգա խմբավորման ինքնապաշտպանական ուժերը: Սիրիայում Ասադի վարչակարգը ռմբակոծում է միայն ԻՊ-ի կողմից գրավված բնակավայրերը: Սակայն լարվածության օջախները տարածվել են այդ երկրներում հենց թյուրքերի բնակեցման աշխարհագրությամբ, եւ հետո միայն քրդերի:

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը ենթադրում է. «Կա մեծ հավանականություն, որ Թուրքիայում քրդերի ինքնավարություն ստանալու դեպքում տարածաշրջանի պետությունների փլուզման գործընթացը կտեղափոխվի Ադրբեջան»: Դրա հետ մեկտեղ նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Թահիր Սուլեյմանովը հայտարարել էր. «Ադրբեջանում պաշտոնապես ապրում է 13 հազար քուրդ, սակայն նրանց թիվը շատ ավելի մեծ է, ըստ իրենց տեղեկությունների, նրանց թիվը մոտ 2,5 մլն. է…»: Ադրբեջանում քրդերի թվի նոր տվյալները տեղեկատվական շրջանառության մեջ դնելն Աղաեւը դիտարկում է որպես բավականին լուրջ պահանջ ոչ միայն հատուկ կարգավիճակի, այլ նաեւ Ադրբեջանում «քրդական հարցի» լուծման հնարավոր մեթոդ՝ երկրի դաշնայնացման միջոցով:

Թուրքիայի քրդերի իշխանությունների հետ հարաբերությունների վատթարացման հետ մեկտեղ փախստականների հոսքը (քրդերի) Թուրքիայից կարող է տեղափոխվել Ադրբեջան: Եվրոպացի փորձագետները չեն բացառում, որ Թուրքիային «կպատառոտեն» Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում եւ Իրանում սեղմ բնակվող քրդերը: Թուրքիայում կարող են փակել ընդդիմադիր Ժողովրդա- դեմոկրատական ​​կուսակցությունը (ԺԴԿ), որը խորհրդարանական ընտրություններին ստացավ 80 պատգամավորական մանդատ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԺԴԿ-ն անվանեց Քրդստանի աշխատավորական կուսակցության «քաղաքական թեւ»:

Մի կողմից ԱՄՆ-ն հարթել է սիրիացի քրդերի հետ հարաբերությունները, մյուս կողմից նրանք իրենց երկարաժամկետ աշխարհաքաղաքական նպատակների հաշվարկով տարածաշրջանում հետաքրքրված են ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ: Վաշինգտոնը պետք է ընտրի 2 կողմերից մեկին:

Իրաքում թուրքերը չկարողացան կամ չուզեցին կոտորել ԻՊ-ին: Սիրիայի ուղղությամբ Անկարան դեռ հակաասադյան դիրքորոշում ունի, թեեւ, ըստ առկա տեղեկությունների, թուրքերը դեռ փորձում են Դամասկոսի հետ համակարգել իրենց մարտական ավիացիայի հարվածներն ԻՊ-ի դիրքերին:  Սակայն քրդական աղբյուրները հաղորդում են, որ հարվածներն ավելի շատ հասցվում են իրենց սիրիացի հայրենակիցներին: Եթե սա իրոք ​​այդպես է, ապա Անկարան շարունակում է լուռ աջակցել ԻՊ-ին եւ բացահայտ կերպով սիրիական ազատ բանակին, որը պայքարում է Դամասկոսի դեմ:

Իհարկե, Թուրքիան տարածաշրջանում ունի իր սեփական շահերը, սակայն ոչ միայն նա: Արեւմուտքի հետ մեկտեղ այնտեղ ներկա են Իրանը եւ Ռուսաստանը: Այս առումով, Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ որեւէ փոփոխություն երկրի արտաքին քաղաքականության մեջ տեղի չի ունենա. Թեհրանը շարունակելու է պահպանել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի, Սիրիայի, ինչպես նաեւ Եմենի շիաների հետ: Հետեւաբար, նոր ծնվող աշխարհաքաղաքական ռեբուսի բաղկացուցիչ մասերի մեծ մասը Մերձավոր Արեւելքում դեռ չի դրսեւորվել: Թուրքական լրատվամիջոցներում շրջանառում են, որ ամբողջ ինտրիգը թաքնված է այն հանգամանքում, թե Թուրքիան արդյո՞ք հաշվարկել է իր ուժերը՝ մտնելով շատ վտանգավոր խաղի մեջ, երբ ամենապարզ, բայց չմտածված որոշումը կարող է հանգեցնել նոր եւ ամենաանսպասելի խնդիրների, որոնք կդադարեն միայն թուրքական լինել:

Աղբյուր` Regnum.ru

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

http://galatv.am/hy/anatylitcs/118513/

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert