Երեկ կառավարության նիստի մեկնարկից րոպեներ առաջ օրակարգում հայտնվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությանը վերաբերող հարցը: ՀԷՑ-ի ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որ մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը:

Կառավարությունը երեկ, պատկերավոր ասած, ընդունեց հայտը ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ֆինանսների նախարարին եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց ուսումնասիրել գործարքի մանրամասները: Այդ ուսումնասիրությունների հիման վրա էլ կառավարությունը որոշում կընդունի` համաձայնությո՞ւն տալ գործարքին, թե՞ ոչ: Սա, այսպես ասենք, գործընթացի պաշտոնական, կամ ավելի ճիշտ՝ ձեւական մասն է:

Կառավարությունը, իհարկե, համաձայնությունը տալու է, եւ «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը, իհարկե, դառնալու է ՀԷՑ-ի նոր սեփականատերը: ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության իրավական, ֆինանսական, տնտեսական բոլոր հարցերը շատ վաղուց քննարկված եւ լուծված էին, կար նաեւ ՀԷՑ-ի վաճառքի քաղաքական որոշումը, եւ կառավարության նիստին ներկայացված վերը նշված նախագիծը ունի ընդամենը արարողակարգային բնույթ. ոչ ավելին:

Հայտնի է նույնիսկ, թե ով է դառնալու ՀԵՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԵՑ-ը գնելու է «Տաշիր Գրուպի» հիմնադիր, մոսկվաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է այդ հիմնական փայամասի սեփականատերը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաեւ «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:  Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքը ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիսը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ երեկ կառավարության նիստում քննարկված հարցը գործընթացի միայն սկիզբն է: Թե լրագրողները, եւ թե հանրության` գործարքով հետաքրքրված հատվածը ջանք չէին խնայում ՀԷՑ-ի ներկայիս սեփականատեր  «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության ներկայացրած հայտում մատնանշված  «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության ծագումնաբանությունը պարզելու համար:

Ու քանի որ վաղուց հայտնի է, որ ՀԷՑ-ի ապագա սեփականատերը դառնալու է Սամվել Կարապետյանը, ուստի ջանքերը ուղղված էին «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության եւ Սամվել Կարապետյանի կամ նրա շրջապատի ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ ունեցած կապը գտնելուն: Այդ ջանքերը ապարդյուն անցան` կապը այդպես էլ չգտնվեց: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ ապագա գնորդը Սամվել Կարապետյանը չէ: Պարզապես գործարքը իրականացվել է երկու կամ ավելի փուլերով: Իսկ գործարքի սխեման հետեւյալն է:

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցվել է 2010 թվականին, բնականաբար, օֆշորում` Կիպրոսի Լառնակա քաղաքում: Ու չնայած ընկերությունը արդեն 5 տարեկան է, սակայն այդ ընթացքում երբեք ոչ մի գործարք որեւէ այլ ընկերության հետ չի կատարել: Այլ կերպ ասած, սա «կույս» ընկերություն է: Նման ընկերություններ օֆշորներում գրանցվում են 100 հազարներով, եթե ոչ միլիոններով:

Այս ընկերությունները որեւէ գործով չեն զբաղվում, չունեն աշխատակազմ: Սրանց գոյության իմաստը մեկանգամյա գործարքներն են: Օրինակ, ՀԵՑ-ի պարագայում այս ընկերությունը հանդես է գալու ընդամենը միջանկյալ սեփականատեր: «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» իբր գնելու է ՀԷՑ-ը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից եւ որոշ ժամանակ անց վերավաճառի արդեն իրական սեփականատիրոջ: Այդ միջանկյալ շրջանում ՀԷՑ-ում որոշակի «լվացումներ» կիրականացվեն, մի քիչ պարտքեր դուրս կգրվեն, մի քիչ վարկեր «կմաքրվեն» եւ այլն, ու մի որոշ ժամանակ անց ի հայտ կգա նոր` իրական սեփականատերը: Ընդ որում, բացառված չէ, որ նոր սեփականատերը այս օֆշորային ընկերությունից գնի ոչ թե ՀԷՑ-ի բաժնետոմսերը, այլ հենց ընկերությունն ամբողջությամբ, որի սեփականության ներքո է գտնվում ՀԷՑ-ը: Այստեղ սկզբունքային ու բովանդակային տարբերություն չկա:

Սկզբունքայինն ու բովանդակայինն այն է, որ Հայաստանի ամենախոշոր ընկերությունը` ՀԷՑ-ը դառնում է նման կեղտոտ ու մութ գործարքի առարկա: Թերեւս բոլորին է պարզ, որ սա դասական ավանտյուրիստական սխեմա է: Իրեն հարգող ոչ մի ընկերություն, որը գործում է թափանցիկ բիզնեսի կանոններով, եւ նրա համար թանկ է իր հեղինակությունն ու համբավը, երբեք չի դիմի նման մութ սխեմաների: Բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի ապագա սեփականատերը չի գնում այն ժամանակակից, քաղաքակիրթ, թափանցիկ, հարգի ճանապարհով:Այսինքն չի կանգնում ու հայտարարում, որ այո, ես եմ ցանկանում գնել ՀԷՑ-ը, ունեմ այս ու այս ծրագրերը, կատարելու եմ այսքան ներդրում, բարձրացնելու եմ արդյունավետությունը,  այսքան շահույթ եմ վաստակելու, ու դա ինձ հալալ է: Պատասխանը շատ պարզ է:

Ոչ նախկին, ոչ ներկա, եւ ոչ էլ ապագա սեփականատիրոջը ՀԷՑ-ը չի հետաքրքրել որպես ցիվիլ բիզնես: ՀԷՑ-ի հիմնական գրավչությունը դրա բերած ստվերային ահռելի եկամուտներն են, որոնք ոչ մի տեղ չեն երեւում եւ ուղղակի գրպանվում  են մարդկանց մի որոշակի խմբի կողմից: Ամենակոպիտ ու համեստ հաշվարկներով՝ էլէներգիայի ուռճացված սակագնի շնորհիվ ՀԷՑ-ը տարեկան ապահովում է մինչեւ 150 միլիոն դոլար «լեւի» եկամուտ:

ՀԷՑ-ի թափանցիկ ու արդյունավետ կառավարումը նշանակում է, որ այդ «լեւի» եկամուտները զրոյանում են, իսկ սակագինը նվազում է: Գործող իշխանության համար սա անընդունելի հեռանկար է, այդ իսկ պատճառով ամեն ինչ արվում է, որպեսզի ՀԷՑ-ը չդառնա որեւէ հեղինակավոր ու վստահելի ընկերության սեփականություն:

Դեռ 2000 թվականին ՀԷՑ-ի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում մի քանի հանրահայտ, էլէներգիայի բաշխման գործում մասնագիտացված ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից…: Սակայն ՀՀ իշխանությունները այնպիսի խայտառակ ավանտյուրաներ արեցին, որ ի վերջո ՀԷՑ-ը մասնավորեցվեց օֆշորային «Միդլենդ Ռեսուրսեզ» ընկերությանը: Այդ ժամանակվանից սկսած՝ ժամանակակից բիզնես կանոններով առաջնորդվող որեւէ արեւմտյան վստահելի ընկերություն նույնիսկ չի էլ նայում ՀԷՑ-ի կողմը: Չեն նայում այն պարզ պատճառով, որ բոլորին ամեն ինչ հայտնի է:

Եւս մի փոքրիկ մանրուք, որը թույլ կտա պատկերացնել, թե ՀԷՑ-ի վաճառքը ինչ աստիճանի կեղտոտ գործարք է: Վերը նշված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը մեկ այլ օֆշորային ընկերություն է «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդ» անունով: Իսկ այս «Տուրվայի» հիմնադիրն ու սեփականատերն էլ մեկ այլ, կրկին օֆշորային ընկերություն է՝ «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» անունով:

Այսինքն, վաճառքի այն սխեման, որով անցնելու է մեր երկրի խոշորագույն ձեռնարկությունը` ՀԷՑ-ը,  արդեն նույնիսկ ավանտյուրիզմ չէ: Դա պարզապես ցինիզմ է: Թե ինչպիսին է լինում օֆշորներում հայտնված ձեռնարկությունների ճակատագիրը՝ պարզ երեւում է «Նաիրիտի» օրինակից: «Նաիրիտը» մինչեւ վերջ թալանած «Ռայնովիլ» ընկերության հետքերը մինչեւ հիմա չեն կարողանում գտնել:

http://armtimes.com/hy/read/70384

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert