Ռուսական ինքանթիռի խոցումը թուրքական զինուժի կողմից կարո՞ղ է բերել ռուս-թուրքական ռազմական գործողությունների: Կանխատեսումներ կան, որ կարող է անգամ պատերազմ սկսվել, ՌԴ պետդումայում հնչել են Թուրրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու կոչեր:
Ռուս-թուրքական լարված հարաբերությունների զարգացման հեռանկարի վերաբերյալ hayeli.am-ի այս հարացադրմանն արձագանքելով՝ քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա.Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ երկու երկրների միջև ռազմական ուղղակի բախումը բացառում է: Քաղաքագետի կարծիքով՝ <<խոցում>> բառից պետք է հրաժարվել. << Այդ բառը մեր լեզվում վաղուց մի տեսակ ասպետական ռոմանտիկ իմաստային նրբերանգ է ձեռք բերել: Պատերազմն առավել դաժան և առավել պրագմատիկ արվեստ է: Խփվել է ռուսական ռազմական ինքնաթիռ: Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, իսկ դա նշանակո՞ւմ է, որ նման բախումն անխուսափելիորեն հանգեցնելու է լայնամասշտաբ համաշխարհային պատերազմի: Գոնե այս փուլում նման զարգացում անկնկալելն անհեթեթ է>>,- նշեց մեր զրուցակիցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարեց, որ պատահարը լուրջ հետևանքներ կունենա Թուրքիայի և ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Ինչպե՞ս կարող են արտահայտվել այդ լուրջ հետևանքները՝ հարցին ի պատասխան Հայկ Ա.Մարտիրոսյանը նշեց. <<Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական գրեթե բոլոր կարևոր նախագծերը կչեղարկվեն, ինչպես նաև կսկսեն ինտենսիվ հարվածներ հասցվել սիրիական թուրքմեններին, որոնք Թուրքիայի ռազմական գործակալներն են Սիրիայում և հանդես են գալիս որպես ընդդիմություն: Չեմ բացառում նաև, որ կկասեցվեն քաղաքացիական թռիչքները Թուրքիա և որ քրդերը ռուսներից էլ օժանդակություն կստանան: Խոսքը վերաբերում է հատկապես YPG խմբավորմանը, որոնք նույն Թուրքիայի տարածքում այդ պետության դեմ պայքարող Քրդական Բանվորական Կուսակցության սիրիական թևն են: Ռուսաստանն այս պատերազմում լրջագույն խաղադրույք է կատարել և իր քարտերի համար պայքարելու է մինչև վերջին հնարավորությունը: Իսկ Թուրքիան իր այս քայլով ոչ միայն վնասել է ռուսական արշավին, այլև՝ Միացյալ Նահանգներին, որը Ռուսաստանի հետ օդային դեկոնֆլիկտի մասին համաձայնագիր էր ստորագրել: Վստահ եմ, որ Սպիտակ Տունը նույնպես անընդունելի է համարում Անկարայի այս քայլը, սակայն առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում Թուրքիայի՝ սեփական պատկերացումներով սեփական շահերը միահեծան ուղով առաջ մղելուն>>::

Ինչպիսի՞ն կարող են լինել զարգացումներն այս համատեքստում Հայաստանի համար: Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն առայժմ ուղղակիորեն ներգրավված չէ սիրիական պատերազմում, սակայն Հայաստանն այս պատահարից, որքան էլ որ այն ողբերգական լինի, կարող է օգուտներ քաղել. << Թուրքական քայլը ոչ միայն նշանակում է ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ վատթարացում, այլև՝ ռուս-ադրբեջանական մերձեցման փաստացի կասեցում: Իր այդ մեկ դավադիր հրթիռով Թուրքիան նաև հարվածել է սեփական բոլոր շանսերին՝ Ռուսաստանին ղարաբաղյան հարցում որևէ հնարավոր զիջման դրդելու առումով: Վստահ եմ, որ որքան էլ Վաշինգտոնում գտնվեն մարդիկ որոնք կպնդեն, որ ռուսական ինքնաթիռն այնուամենայնիվ խախտել է թուրքական օդային տարածքը՝ Սպիտակ Տունն ու Վաշինգտոնն ընդհանրապես այնուամենայնիվ եթե ոչ բարձրաձայն, ապա փաստացի մեծապես դժգոհ են Թուրքիայի այդ պահվածքից: Եվ դա նույնպես Հայաստանին խիստ ձեռնտու հանգամանք է>>,- եզրփակեց Հայկ Ա.Մարտիրոսյանը:

http://hayeli.am/article/792204

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert