Վահրամ Աղաջանյան, Ստեփանակերտ, 20 Հոկտեմբեր 2015

Հնարավո՞ր է արդյոք լուծել ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի օգտին: Պատասխանելով minval.az ադրբեջանական կայքի այս հարցին, ռուս քաղաքագետ, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Գիտությունների Ակադեմիայի Տնտեսագիտության (Էկոնոմիկայի) ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաեւը պատասխանել է. “Այո, բայց դա երկարատև եղափոխության (էվոլյուցիայի) խնդիր է: Պետք է զինվել համբերությամբ”:

Ըստ ռուս փորձագետի, Հայաստանում ընկերա-տնտեսական (սոցիալ-տնտեսական) իրավիճակի վատթարացումը կստիպի Երևանին տարածքային զիջումների գնալ ղարաբաղյան հարցում:

“Եկեք, օրինակ, տեսնենք, թե ինչ է փոխվել վերջին հինգ տարիների ընթացքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը սաստկացրել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) շրջափակման գործոնը: Այս շրջապատում (ֆոնին) հնարավոր է դարձել փոխել Հայաստանի հասարակական կարծիքը փոխզիջման օգտին: Ադրբեջանի ռազմատեխնիկական զարգացումը իր հերթին ավելի նշանակալի գործոն է դառնում պաշտոնական Երեւանի վրա ճնշում գործադրելու համար, ստիպում ՀՀ վերնախավին նյարդայնանալ: Տնտեսական ճգնաժամից դուրս գալու ցանկությունը ավելացնում է “տարածքներ փոխադրամիջոցային (տրանսպորտային) միջանցքների դիմաց” բանաձևի կողմնակիցների թիվը: Այսինքն տարբեր կողմերից ուժեղանում են ճնշումները Երևանի վրա և նվազում են մանևրելու նրա հնարավորությունները”, – նշել է Ա. Կարավաեւը:

Ռուս քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի ռազմական հնարավոր գործողությունը  (օպերացիան) Հայաստանի և ԼՂՀ դեմ հազիվ թե հաջողությամբ պսակվի: Այդ պատճառով էլ Բաքուն պետք է համբերությամբ զինվի` խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար:

“Կարո՞ղ էր արդյոք Ադրբեջանի ռազմական գործողությունը, ասենք, հինգ տարի առաջ, հանգեցնել հարցի լուծմանը: Կասկածում եմ: Իսկ եթե այն ձախողվեր՞: Այնպես որ, դրական ուժականություն (դինամիկա) Բաքվի համար, այնուամենայնիվ, կա: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը այս նյութին (թեմային) նվիրված իր ելույթներում պատահական չէ ընդգծում այն միտքը, թե դիվանագիտական ռեսուրսները Բաքուն դեռ չի սպառել”, – ասել է մոսկվացի փորձագետը:

Ալեքսանդր Կարավաեւը ընդունում է այն կարծիքը, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններն այսօր վերելք են ապրում: “Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար “վերելք” սահմանումը միանգամայն թույլատրելի է, բայց երկկողմ կապերի դինամիկան նշմարվում էր նաև անցյալում: Մոսկվայի ու Բաքվի կառուցողական ու գործնական (պրագմատիկ) հարաբերություններն իրականություն դարձան Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հոր` Հեյդար Ալիեւի առաջին հանդիպումներից հետո: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում, անշուշտ, եղել են և անկումներ, բայց ընդհանուր դինամիկան, կրկնեմ, բնորոշվում է կայուն զարգացող հարաբերություններով: Առարկայականորեն (Օբյեկտիվորեն) դա հազվագյուտ օրինակ է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ֆոնի վրա և շահեկանորեն առանձնանում է ՌԴ ԱԳՆ-ի մյուս ուղղություններից: Հիմա այդ հարաբերություններն առավել գրավիչ են, քանի որ Ադրբեջանը, չդիմանալով Արեւմուտքի քաղաքական ճնշումներին, հայտնվել է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական նույն հատվածում:

Առարկայական (Օբյեկտիվ) իրողությունների ազդեցության պատճառով Ադրբեջանը գտնվում է պայմանական պատնեշների (բարիկադների) հակաարևմտյան հատածում (սեկտորում), որի ոչ պաշտոնական (ֆորմալ) ղեկավարը ներկայում Ռուսաստանն է, Մոսկվան է հիմա գլխավորում այս ճամբարը:

Այնպես որ, նոր պայմաններում ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են հարաճուն զարգացման փուլում, առաջին հերթին`տնտեսական ոլորտում: ՌԴ-ն ու Ադրբեջանը կանգնած են նույն խնդիրները կարգավորելու անհրաժեշտության առջև. խոսքը նախևառաջ ոչ հումքային ապրանքների արտահանման և արտարժույթի ներհոսքի ապահովման մասին է: Բացի այդ, Բաքվի եւ Մոսկվայի վերնախավը (էլիտան) ընդհանուր պատմա-քաղաքական նախադրյալ (բեքգրաունդ) ունի: Մեր երկրները միանման ուղղվածություն ունեն նաև իշխանական համակարգը պահպանողական տիպարով (մոդելով), այսպես կոչված`”ոչ ազատական (լիբերալ) ժողովրդավարության” սկզբունքով ձևավորելու խնդրում: Գոյություն ունի փոխազդեցության ևս մեկ գործոն. դա ադրբեջանական բիզնես-էլիտայի շահերն են Ռուսաստանում: Մենք գտնում ենք, որ այդ բաղադրիչների ու մի շարք այլ գործոնների տեսանկյունից Ադրբեջանը Ռուսաստանի համար գուցեև ավելի մտերիմ գործընկեր է, քան ՌԴ-ի այլ դաշնակիցներ Անկախ Պետությունների Համագործակցությունում (ԱՊՀ):

Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս վերելքը ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա: Մոսկվան բացահայտորեն կանցնի Ադրբեջանի կո՞ղմը, թե՞ պարզապես կսահմանափակի սպառազենի մատակարարումների ավելացմամբ:

Ադրբեջանցի լրագրողի այս հարցին ռուս փորձագետը տալիս է շատ պարզ ու անկեղծ պատասխան. “Ժամանակակից զենքի մատակարարման ավելացումը Մոսկվայի կողմից ինքնին արդեն մեծ աջակցություն է Բաքվի դիրքերի ուժեղացման համար: Բայց Ռուսաստանը մտադիր է կարգավորել այս հակամարտությունն այնպես, որ երկու դաշնակիցներն էլ մնան իր ուղեծրում: Ահա այս խնդիրը շատ ավելի բարդ գործ է, քան կարգավորման գործընթացի պարզապես հեռավոր, “ներգրավված” կառավարումը: Ղարաբաղի հարցում Մոսկվայի համար որոշիչ չէ այն փաստը, որ Հայաստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) ու Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամ է, իսկ Ադրբեջանը ընտրել է “Չմիավորման շարժման” դաշինքին անդամակցելու ռազմավարությունը: Այդ փաստը Երևանին է հիասթափեցնում”:

http://www.keghart.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert