ԱՐՑԱԽԻՆ՝ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ, ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցնե՛ր,

2015 թվականը եւս իր ավարտին է հասնում, ժամանակն է ակնարկ նետելու անցնող տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին՝ հուսալով, որ գալիք տարիների ընթացքում հնարավորություն կստեղծենք առավել համատեղ ջանքերով պայքարելու երջանիկ ու արժանապատիվ ապագայի համար:

Եվրոպայի Հայերի Համագումարի անունից հայրենիքում եւ աշխարհի չորս ծագերում ծվարած Հայ ժողովրդի բոլոր զավակներին մաղթում ենք երջանկություն եւ մշտական հաջողություններ, իսկ որպես ազգ՝ միասնականություն եւ անկոտրում կամք՝ դիմակայելու տեսանելի ու դարանակալ բոլոր արհավիրքներին, եւ անխոնջ պայքար՝ հանուն հայրենիքի զարգացման եւ լուսավոր ապագայի… Իսկ աշխարհին մաղթում ենք խաղաղություն:

Հայությանը հուզող հարցերը բազմաթիվ են եւ բազմաբնույթ՝ Արցախի հերոսական պայքարի հաղթանակը վերջնականապես ամրագրելու խնդրից սկսյալ մինչեւ տարածաշրջանի նոր զարգացումները եւ սիրիահայությանը սպառնացող վտանգները, որոնց մեջ ամենահուզող հարցերից են Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական ահավոր վիճակը, անօրինություններն ու օրենքի բացակայությունը և բազմաթիվ այլ հարցեր…

Անդրադառնանք ամենահրատապ եւ կարեւոր խնդիրներից մի քանիսին:

Արտագաղթ. Արտագաղթը արդեն բնութագրվում է, որպես ազգային անվտանգության խնդիր: Հայաստանի անկախության օրվանից մինչեւ այսօր, շարունակաբար աճում է արտագաղթողների քանակը : Եթե անկախության առաջին տարիներին պատերազմի, երկրաշարժի ու տնտեսության քայքայման պատճառով կարելի էր մասամբ ըմբռնումով մոտենալ արտագաղթին, ապա դրանց հաջորդող տարիներին եւ այսօր անընդունելի է նույնիսկ մեկ հայի արտագաղթը՝ լինի դա արտագնա աշխատանքի անվան տակ, թե այլ պատճառներով: Հնարավոր չէ լոկ քարոզչությամբ եւ հայրենասիրական հնամաշ ու անբովանդակ քարոզներով կասեցնել մարդկանց մասսայական արտահոսքը, այլ պահանջվում է լուրջ եւ գիտակից մոտեցումներ եւ լուծումներ, հարկավոր է իսկական հայրենասիրական դրսեւորումներ բոլորի կողմից՝ հատկապես իշխանությունների, ովքեր հանդիսանում են արտագաղթի հիմնական պատասխանատուները:

Պետք է հասկանալ, որ արտագաղթող մարդը հեռանում է իր երկրից անվերադարձ եւ չհավատալ այն հեքիաթներին, թե այդ բոլորը ժամանակավոր են եւ երբ որ է կախարդական մի փայտի հարվածով քարավանները հետ կուղղվեն դեպի Հայաստան…

Արտագաղթը յուրաքանչյուր ազգի ձուլման եւ անհետացման ամենաազդու եւ աննկատելի միջոցն է: Այն ինչը ջարդերով ու ցեղասպանությամբ չկարողացան լիարժեք կատարել բոլոր ժամանակների թուրքական իշխանությունները, այժմ սիրահոժար, մեղսավոր թույլտվությամբ իր ավարտին է հասցնում արտագաղթը: Այս բոլորի արմատը պիտի փնտրել երկրի անարդյունավետ, անխոհեմ, ազգային շահերից կտրված եւ եսակենտրոն պետական գործունեության շրջանակներում: Այնպես որ ստեղծված վիճակի համար պատասխանատու են բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես վերջին երկու տասնամյակում ՀՀ-ի քաղաքական եւ տնտեսական համակարգը տնօրինող իշխանավորները եւ նրանց հովանավորող օլիգարխները: Արտագաղթին չկա ոչ մի արդարացում:

Ցեղասպանության 100-ամյա տարելից եւ հետագա ծրագրեր ու նպատակներ.

Միջազգային լրատվությունը եւ համաշխարհային հանրությունը աննախադեպ աշխուժություն ցուցաբերեց եւ անդրադարձ եղավ 100-ամյա անցյալ ունեցող Հայոց ցեղասպանությանը, այնպես որ այլեւս հնարավոր չի լինի օսմանցիների եւ նրանց ժառանգների կողմից հայոց դեմ կատարված ցեղասպանության իրողությունը ջնջել մարդկության հիշողությունից:
Այս գործում, որոշ թերություններով հանդերձ, անհերքելի նշանակություն ունեցան Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ եւ միասնական ջանքերն ու պայքարը:

Քաղաքական դաշտում սակայն շոշափելի արդյունքներ չստացանք եւ եթե պայքարը այս նույն հունով շարունակվի ապագայում էլ շոշափելի արդյունքի չենք հասնելու: Ո՞րտեղ ենք թերացել… Մեր կարծիքով թերացման հիմնական պատճառներից է մի կողմից քաղաքա-իրավական ասպարեզում պահանջատիրության խնդրի հստակեցման եւ նպատակադրման անորոշությունը, իսկ մյուս կողմից, հենց դրա հետեւանքով, իրավական պահանջատեր հանդիսացող սփյուռքահայությանը գործնականում ածանցյալ եւ կցորդի դերակատարություն ապահովելու իրողությունը: Նվազ դերակատար չի այստեղ նաեւ Սփյուռքի անկազմակերպվածությունը եւ անմիաբան գործունեությունը… սա արդեն մի այլ թեմա է:

Նոր Սահամանադրության հանրաքվե.

ՀՀ իշխանությունները պաշտոնական հայտարարություններով հաղորդում են հանրաքվեի «արդար եւ օրինավոր» անցկացման եւ ԱՅՈ-ի, այսինքն իշխանության աներկբա  հաղթանակի մասին, իսկ մյուս կողմից ոչիշխանական խմբավորումների կողմից հայտարարվում է ընտրությունների «անարդար լինելը, լիակատար կեղծումն ու անընդունելիությունը»:

Արդար, թե՝ անարդար ընտրություն…  դարձյալ անլուծելի բարդույթի վերածված նույն լինելչլինելու հարցը… Այս հարցով անխտիր միջազգային բոլոր դիտորդների վերջնական վերլուծություններն ու եզրակացությունները հայաստանյան բոլոր ընտրություններում գրոշի արժեք չունեն, քանի որ դրանք ունեն որոշակի շահադիտական եւ կանխակալ բնույթ, միայն թե դրանցից մեկը քննադատաբար նախ նշում է թերությունները եւ տալիս իր հավանությունը, իսկ մյուսը առանց քննադատության է իր հոժարակամ հավանությունը տալիս:

Ազատ եւ արդար կարելի է համարել այն ընտրությունները, երբ հարգվում է ժողովրդի կամքն ու քվեն եւ ժողովուրդը ինքը դա համարում է ազատ եւ արդար: Դատավորը ժողովուրդն է: Իսկ Հայաստանի Հանրապետությունում անցկացված ընտրություններից քանիսո՞ւմ են ժողովրդի կամքն ու ընտրությունը հարգվել …

Ի՞նչ արժեք կունենա այն երկրի սահմանադրությունը, որ հիմնված լինի կեղծիքների ու ստոր գործակցությունների գնով ձեռք բերած ձայների վրա:

Հայ ժողովուրդը արժանի եւ ունակ է ունենալու տնտեսապես եւ քաղաքականապես հզոր եւ ժամանակակից հայրենիք, ուժեղ եւ ամուր պետականություն, այնպիսի մի երկիր եւ սփյուռք, որին ոչ մի օտար ուժ չհանդգնի անտեսել եւ հաշվի չնստել նրա հետ: Իսկ Սփյուռքը պիտի լինի ժամանակավոր երեւույթ եւ ոչ հավերժական…

Որպես սփյուռքում գործունեություն ծավալած կազմակերպություն, Եվրոպայի Հայերի Համագումարը ցանկանում է եւ ձգտում հնարավորինս աջակցել համախմբելու եւ համատեղ աշխատելու հայրենասեր եւ ազատ մտածող բոլոր ուժերին, որոնց նպատակն է հայապահպանումը եւ Սփյուռքի կազմակերպվածությունը ի խնդիր հայության գերագույն նպատակների:

Հայությունը, թե’ հայրենիքում եւ թե’ սփյուռքում, ունի հսկայական ներուժ՝ ստեղծելու իր երազած երկիրը… հարկավոր է միայն կամք, ազնվություն եւ հայրենասիրություն, ապա այդ հնարավորություններից օգտվելու խելամիտ մոտեցում եւ ծրագիր:

Եվրոպայի Հայերի Համագումարը, թեեւ սահմանափակ, սակայն, իր կարելիության սահմաններում աշխատել եւ աշխատելու է այդ ուղղությամբ: Հայ ժողովուրդը հազարամյակներ պայքարել է արհավիրքների եւ փորձությունների դեմ եւ երբեք գլուխ չի ծռել ժամանակների տարատեսակ թշնամիների առաջ:

2016 թվականի Ամանորի շեմին, ներքին եւ տարածաշրջանային բազում մարտահրավերներին հաղթահարելու և վառ ապագայի տեսլականով կրկին անգամ շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցների Նոր Տարին եւ Ս. Ծնունդը եւ մաղթում երջանկություն, հաջողություն եւ հաղթանակներ:

Եվրոպայի Հայերի Համագումար

26 դեկտեմբերի 2015

Շվեդիա

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert