SM_SharmazanovԿուշտ լինելու գինը

ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին ունեցած հայ զոհերի մասին հարցին, ասել է. «Դա էլ մեր անկախության գինն է»: Եթե մեր անկախության գինը զոհերն են, շատ «մարդկային» հարց է ծագում՝ ինչու՞ այդ զոհերը դուք չեք: Իսկ դուք չեք, որովհետեւ այդ տղաների մահը իրենց անկախության գինն է, ձերը չէ: Եվ ինչպե՞ս է, որ սահմանամերձ բնակչի կամ զինվորի դեպքում սպանվելն է անկախության գինը, իսկ Հովիկ Աբրահամյանի, Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյանների, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի համար՝ իրենց բիզնես կայսրությունները: Դուք մեզ, ավելի ճիշտ՝ այդ զինվորների մայրիկներին բութի տե՞ղ եք դրել: Նրանք ձեր երեսին չեն շպրտում այս ամբողջը, որովհետեւ մի հատ էլ էնպիսի մեդիա-կայսրություն եք ստեղծել, որտեղ բացառել եք այս ձայները:

Ի՞նչ է ձեզ համար հայ զինվորը: Ովքե՞ր են այդ զոհերը, որոնք գուցե դպրոցում էլ լավ չեն սովորել եւ դեռ մի կարգին չեն էլ իմաստավորել, թե ինչ է անկախությունը: Իրենց իմացած անկախությունը բանակից փախչել չկարողանալու կամ բանակից փախչել չփորձելու փաստն է: Սա է ամբողջը: Իրենք իրենց ծնողների անզորության եւ չարքաշ օրերի մեջ են տեսնում անկախության գինը: Իրենց ծնողները «վճարել» են այս անկախության համար, ուստի ուրիշ ոչ մի բանի համար վճարելու կարիք չունեն: Նույնիսկ՝ ամենավատ կյանքի: Այս ամենը տեսել եւ տեսնում են սահմանի բերան գնացող նրանց որդիները, որոնք, կրկնում եմ, կարգին չգիտեն, թե ինչ է անկախությունը: Մինչդեռ դուք գիտեք: Բանակում չեք ծառայել,- սա փաստ է,- ու հենց այդպիսով էլ գիտեք անկախության գինը: Որովհետեւ, եթե ծառայած լինեիք, շատ ավելի հեշտ կլիներ էդ գինը տեսնել նաեւ ուրիշի մահվան մեջ:

Ես, դիցուք, չեմ կարողանում տեսնել: Ծայրահեղ դեպքում, չեմ կարողանում տեսնել անկախության անունից: Որովհետեւ չեմ ծառայել: Բայց շատ խելոք եւ նույնիսկ «սահմանին զոհված» պետք չէ լինել, հասկանալու համար, որ ձեր անկախության գինը ձեր բարեկեցությունն է: Եվ որ սահմանը հակացուցված է էդ բարեկեցությանը: Ցանկացածի մահը միայն ընդգծում է էդ բարեկեցությունը, որովհետեւ դուք գծել եք մահվան եւ բարեկեցության սահմանը, ընկերներ: Էդ տղաները պետք է զոհվեն, որպեսզի ինչ-որ մեկը կանգնի եւ ասի, որ դա մեր անկախության գինն է, որպեսզի ուրիշ ոչնչի վրա չբարդի «անկախության գինը»: Չբարդի մեր խորհրդարանի «հեղինակավոր» անունների, մեր կառավարության, Աստված գիտի անբարոյականության ինչ գնով, նախարար դարձածների, Վլադիմիր Գասպարյանի (էպիտետներ պետք չեն՝ ինքն իրեն հերիք է) վրա: Մեր զինվորների մահը սրանց բոլորի բարեկեցության գինն է, սովածի անկախության գինը չէ այն իմաստով, որ դուք սոված անկախությունը չեք ընկալում: Որովհետեւ սոված եք եղել, որ դարձել եք հանրապետական: Սոված եք եղել, որ անկախության «վրայով» վազել եք դեպի բարեկեցություն, որտեղ մի օր ԲՀԿ նախկին նախագահը Գագիկ Ծառուկյան է, մեկ այլ ձեզ հարմար օր՝ Դոդ:

Ուրիշի սովածությունն ընկալում եք, բայց ձեր սովածությունը՝ ոչ: Ուրիշի արտագաղթն ընկալում եք, ձերը՝ ոչ: Որովհետեւ ի՞նչ իմաստ ունի անկախությունը, եթե անբարոյականությունը չի ապրեցնում: Այդ պատճառով եք կեղծում հանրաքվե ու ընտրություններ, այդ պատճառով եք մարդկանց դնում էն վիճակում, որ տեսախցիկների առաջ իրար սպանելով հաց են փախցնում միմյանց ձեռքից:

Դուք տեսե՞լ եք թե էս նախատոնական օրով ինչպես են մարդիկ միմյանց ձեռքից խլխլում Սամվել Ալեքսանյանի ժամկետանց ձրի ձեթերը: Էդ զոհվող զինվորների մայրերն էլ կարող են այնտեղ լինել, գիտե՞ք: Տեսել եք: Ինչպե՞ս կարող եք տեսած չլինել: Բա ինչու՞ եք երկիր «կառուցում», էլ ի՞նչ իմաստ ունի երկիր «կառուցելը», եթե չպետք է վայելեք նման տեսարանները:

Ի՞նչ կապ ունի անկախությունը, պարոն Շարմազանով: Եվ, ընդհանրապես, այս ամենում որտե՞ղ է անկախությունը: Անկախությունն Աստծո նման բան է՝ ինքը պարզապես կա: Անկախությունը վերջին բանն էր, որ մեզ թույլ տվեցինք; Դրանից հետո հայտնվեցիք դուք: Դու քո ամեն օրով իմաստավորում, լցնում ես այն: Ինքն, այո, զոհաբերություններ «ընդունում» է, բայց էդ զոհաբերություններն անմիջապես զրոյացվում են, երբ ինչ-որ մեկն ասում է, որ դրանք անկախության գինն են (կարդացեք Թումանյանի «Խոսող ձուկը»): Մենք մեր անկախության իրական գինը չենք կարող ասել, ինչպես չենք կարող ասել, թե քանի հոգի է «Ոչ» քվեարկել վերջին հանրաքվեում, որովհետեւ այնպես անճանաչելի եք կեղծել այդ հանրաքվեն, որ «այո» քվեարկողն անգամ իր «այո»-ն չի կարող ճանաչել էդ կեղծիքի մեջ:

Հետեւաբար անկախության իրական գինը անկախությունը կեղծելն է որպես արժեք: Մեղմ եմ ձեւակերպում: Այդ տղաները եւ սահմանամերձ բնակիչները այնտեղ սահման են պահում, դուք այստեղ անկախություն եք կեղծում: Կեղծում եք, ինչպես օղին են կեղծում, ինչպես ուսուցչին են կեղծում, ինչպես օրենքն ու Սահմանադրությունն են կեղծում: Էդ տղաները գնում են մի զուլալ բան անելու, հավանաբար առաջին ու վերջին զուլալ բանն իրենց կյանքում, բայց դուք այստեղ մխտռում եք նրանց ապագա հպարտությունը՝ որ ՍԱՀՄԱՆ են պահել: Չէ՞ որ դա ոչ միայն մասնակցություն է, դա նաեւ մթնոլորտ մաքրել է, դա պետականության զուլալությունն ապահովել է (էս ինչե՞ր եմ ասում ձեզ): ՍԱՀՄԱՆ-ն էդ տղաների անկախության միակ տեսադաշտն է: Պատկերացնու՞մ եք՝ երբ նրանք արդեն որպես հասուն մարդ վերադառնում են՝ ինչեր են տեսնում: Ձեր դուրը կգա՞ր, եթե դուք վերադառնայիք ու տեսնեիք, որ էս կյանքի «պարահանդեսից» դուրս եք շպրտված: Դուք արդյունքում դառնում եք էդ տղաների միակ «կրթությունը»: Եվ փաստորեն ձեր կերպարն է էս պետությունը լցոնում հակաքաղաքացիներով: Որպեսզի կուշտ լինեք:

Մհեր Արշակյան

civilnet.am

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert