«Անկախը» նախամաշտոցյան գրերի մասին հարցազրույց է ունեցել պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ:

– Պարոն Մովսիսյան, վերջերս պաշտպանեցիք «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Ինչո՞վ էր պայմանավորված թեմայի ընտրությունը և ի՞նչ գիտական նորույթ եք ներկայացրել հանրությանը:

– Պայմանավորված էր գիտական հետաքրքրություններիս շրջանակով: 1997-ին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս, թեման Վանի թագավորության մեհենագրությունն էր: Հետագայում շարունակեցի և 2003-ին երկու մենագրություն հրատարակեցի` «Հայկական մեհենագրություն» և «Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը»: 2006 թ. և 2007 թ. նույն թեմայով մենագրություններ հրատարակեցի անգլերեն ու ֆրանսերեն: Հետագա տարիներին նաև առանձին հարցերի հոդվածներով անդրադարձա: Այդ բոլորը հանրագումարի բերելով` ներկայացրեցի որպես ատենախոսություն՝ «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում»:

Կարևոր էր նախ և առաջ ամբողջ նյութի հավաքումը և համակարգումը, որը մեզանում, ցավոք, վաղուց չէր արվել: Գիտեք, հայագիտության մեջ տասնամյակներ շարունակ բանավեճ ընթացավ` նախամաշտոցյան գիր եղե՞լ է, թե՞ չի եղել: Ցավոք սրտի, այս մոտեցումը բացարձակ արդարացված չէր: Մի կողմ էին թողել ամբողջ հնագիտական նյութը, որն այսօր մի քանի հազար արձանագրություն է կազմում, և տասնամյակներ շարունակ քննարկում էին, թե Խորենացու, Կորյունի կամ մեկ այլ մատենագրի այս կամ այն բառը ինչպես է պետք հասկանալ, և ըստ այդմ` եղել է, թե չի եղել նախամաշտոցյան դպրություն: Սա անպտուղ բանավեճ էր և ըստ էության ոչ մի տեղ չտարավ, մինչդեռ հսկայական թվով չուսումնասիրված արձանագրություններ կային և կան:

Նախ` պետք էր դրանք համակարգել, ինչն իմ աշխատանքներում փորձեցի անել: Ի վերջո, նախամաշտոցյան դպրության մասին, բացի արձանագրություններից, ունենք երկու շատ կարևոր փաստարկ: Մեկը դպրության աստծո հիշատակությունն է հայոց նախաքրիստոնեական դիցարանում, և երկրորդը` հայոց լեզվի վիճակը V դարում: Ըստ վիճակագրական հաշվարկների` լեզուն, որը գրավոր մշակման չի ենթարկվում (այդ թվում նաև բարբառները), ունենում է առավելագույնը 7-8 հազար բառապաշար: Մինչդեռ, ըստ Ջահուկյանի, գրաբարը ոչ վերջնական հաշվարկներով 60 հազարից ավելի բառապաշար ունի: Եվ այն, որ օտար գիտնականները հայալեզու Աստվածաշունչը գնահատել են իբրև «թարգմանությունների թագուհի», պատահական չէր: Նման թարգմանություն արվեց այն բանի շնորհիվ, որ ունեինք դարերով մշակված գրավոր լեզու:

– Այսինքն՝ հայ գրականության ոսկեդարը հնարավոր չէ՞ր լինի, եթե մինչ այդ գրավոր մշակույթ չունենայինք:

– Միանշանակ: Համենայն դեպս՝ ոչ այդ մակարդակի: Օրինակով հիմնավորեմ: Նախկինում հետևում էի քրդական «Ռյա թազա» պարբերականին: Այստեղ հայերեն 10 տողանոց տեքստին համապատասխանում էր քրդերեն 15-16 տողանոցը: Պատճառն այն է, որ քրդերը բավականաչափ մշակված գրավոր լեզու չունեն, այդ պատճառով մի երևույթը բացատրելու համար մի քանի բառ է օգտագործվում: Մշակված լեզուն լակոնիկ է: Ի դեպ, գրաբարով և աշխարհաբարով գրված տեքստերն էլ են տարբերվում. գրաբարն ավելի լակոնիկ է: Բնականաբար, նման լեզուն չի կարող դարերով մշակված չլինել:

– Պարոն Մովսիսյան, իսկ որքանո՞վ են տեղին այն մտավախությունները, թե նախամաշտոցյան գրերի առկայությունը նսեմացնում է Մեսրոպ Մաշտոցի վաստակը:
– Բացարձակապես անհիմն մտավախություն է: Նախամաշտոցյան դպրության հայտնաբերման առաջին ջատագովներից մեկը հենց Մաշտոցն էր: Մաշտոցն ինքն էլ գիտեր, որ ունեցել ենք հնագույն գրեր, և դրանք գտնելու սրտացավ առաջամարտիկներից էր: Երբեք չի կարելի հակադրության մեջ դնել նախամաշտոցյան դպրության հարցը Մաշտոցի վաստակի հետ: Մանավանդ որ ունենք այսպիսի իրավիճակ. հայկական մեհենագրությունը, որ օգտագործվել է մինչև 301 թվականը, ունեցել է 200-300 նշան, այսինքն՝ դա բառավանկային համակարգ էր: Իսկ Մաշտոցի ստեղծած այբուբենը որակապես նոր համակարգ էր, 36 նիշանոց այբուբեն, որն աշխարհի ամենակատարյալ այբուբեններից է:
– Փաստորեն, կարելի է ապացուցված համարել, որ մինչև քրիստոնեության ընդունումը որոշակի գրային համակարգ ենք ունեցել:

– Այո: Եվ 301-ին այդ գիրն արգելվեց որպես նախորդ կրոնի բաղկացուցիչ: Ագաթանգեղոսն այդ մասին վկայում է. Վաղարշապատում որոշում կայացվեց գնալ և առաջինը կործանել Անահիտ դիցուհու մեծ մեհյանը Արտաշատում, ճանապարհին, սակայն, մտան և կործանեցին Տիր աստծո տաճարը: Ցավալի է, որ առաջինը կործանվեց հենց դպրության աստծո տաճարը: Այստեղ այն խորհրդանշական երևույթն էլ կա, որ հին աշխարհում գիրը համարվում էր սրբազան երևույթ և կրոնի բաղկացուցիչ մասն էր: Հաճախ, երբ մերժվում էր կրոնը, մերժվում էր նաև նրա գիրը: Դա էլ տեղի ունեցավ: Եթե մերոնք այդքան ֆանատիկոս չլինեին, կարող էին գիրը պահպանել: Մեզ մոտ քրիստոնեության ընդունումն ուղեկցվեց ավերածություններով, մինչդեռ Հունաստանում, Հռոմում դա չեղավ: Մերոնք ավերում էին, բայց նույն հիմքի վրա նույնն էին կառուցում: Ի՞նչ իմաստ ուներ, եթե կարելի էր, միայն սիմվոլիկ նշանները փոխելով, գործածել նոր նշանակությամբ:

Համոզված եմ, որ Դանիել եպիսկոպոսի մոտ պահպանված գրերը հենց հայկական մեհենագրերն էին: V դարի ոչ մի պատմիչ չի ասում, թե դանիելյան գրերը քանի նիշից էին բաղկացած: Ինչո՞ւ: Մտածելու տեղիք է տալիս: Ղազար Փարպեցու մոտ կա մի հետաքրքիր տեղեկություն: Ասում է, երբ բերեցին դանիելյան գրերը, դրանք պետք է դասավորեին հունական այբուբենի հերթականությամբ: Դրա համար Սահակ Պարթևը Մաշտոցին չորս աշակերտ տվեց, այսինքն՝ գործել է հինգ հոգանոց հանձնաժողով` Մաշտոցի գլխավորությամբ: Եվ երբ դժվարություններ էին ունենում՝ դիմում էին Սահակ Պարթևին, որը հունարեն ավելի լավ գիտեր, քան հունաց աշխարհի շատ իմաստուններ: Տեսեք, եթե դանիելյան գրահամակարգը 22, 24 կամ 29 նիշ ունենար, ինչպես երբեմն ենթադրվում է, հունական այբուբենի նմանությամբ դասակարգելը Մաշտոցի համար խնդիր չէր լինի. նա փայլուն էր տիրապետում հունարենին: Բայց հինգ հոգով աշխատում էին ու հարկ եղած դեպքում դիմում Սահակ Պարթևի օգնությանը: Սա նշանակում է, որ դա բարդ գրային համակարգ է եղել: Պատահական չէ, որ V դարի պատմիչները դանիելյան գրերի թիվը չեն նշում. սեպագիր և հիերոգլիֆիկ գրային համակարգերում մի նշանը կարող է օգտագործվել և՛ որպես գաղափարանշան, և՛ հնչյունային նշան, և՛ դետերմինատիվ՝ այլ բառերի համար: Սա շփոթ է առաջացրել. երեք կիրառություն ունեցող նշանը համարել մեկ, երկո՞ւ, թե՞ երեք միավոր:

– Պարոն Մովսիսյան, մինչև 301-ը ի՞նչ գրային համակարգեր ենք ունեցել ու որքանով են դրանք վերծանված հիմա:

– Մեր մեհենագրությունը սկսվում է ժայռապատկերներից, հնագույն գաղափարանշաններից: Այստեղ մի լուրջ խնդիր ունենք: Վաղ բրոնզե դարից` Ք.ա. XXXV-XXIV դարերից, ունենք 1000-ից ավելի հնագիտական նյութեր, որոնց վրա այս նշանները պահպանվել են: Բայց դրանք վերծանված չեն, ուստի չենք կարող ասել` դրանք արդեն հնչյունային գի՞ր են, թե՞ դեռևս զուտ գաղափարանշանային համակարգ:

Ք.ա. XXIV-IX դարերը գծային գրերի փուլն են: Այս շրջանից ունենք 300-ից ավելի արձանագրություն, որոնք ևս վերծանված չեն: Այնուհետև, ունենք Վանի թագավորության մեհենագրությունը, որը բաղկացած է մոտ 300 նշանից, գրվել է աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս շրջանից մեզ հասած հնագիտական իրերի թիվը մոտ 1800 է:
Վանի թագավորությունից հետո բավականին քիչ նյութ է մեզ հասել: Խնդիրն այն է, որ մեհենագրերը գրվել են շատ փափուկ գրանյութի վրա, որը չի պահպանվել: Արտաշատի պեղումների ժամանակ, օրինակ, ավելի քան 8000 կնքադրոշմ է գտնվել, և ոչ մի փաթեթ: Այսպիսով, մինչև 301 թ. գիր ունեցել ենք, որն արգելվելուց հետո վերածվել է մոգական նշանների` հմայագրերի: Մատենադարանում մեծ թվով հմայական բնագրեր են պահպանվում:
Ունենք չվերծանված մի սեպագիր համակարգ ևս՝ հայտնի երեք արձանագրություններով, ինչպիսիք աշխարհի որևէ այլ տեղից հայտնի չեն:
Մեհենագրերի գաղտնի գործածության օրինակ են նաև «Նշանագիրք իմաստնոց» ցանկերը: Երբ հեթանոսության վերադարձի վտանգը չկար, XII-XIII դարերից դրանք սկսեցին օգտագործվել որպես համառոտագրության նշաններ:

– Իսկ գրային համակարգերից որո՞նք են կիրառվել միայն Հայկական լեռնաշխարհում:

– Մեհենագրերը, գծային գրերը, բրոնզեդարյան նշանագրերը և դեռևս չվերծանված սեպագիր համակարգը միայն Հայկական լեռնաշխարհում են օգտագործվել: Դրան զուգահեռ Ք.ա. XV դարից մինչև Մեսրոպ Մաշտոցը ևս 7 գրային համակարգ ենք ներմուծել և օգտագործել: Դրանցից երեքը եղել են բառավանկային համակարգեր` խեթա-լուվիական հիերոգլիֆիկ համակարգը, ասուրաբաբելական սեպագիրը, Վանի թագավորության սեպագիրը, որը կարելի է համարել կես ներմուծված, կես տեղական, քանի որ ասորեստանյան սեպագիրը ներմուծեցին և էական բարեփոխման ենթարկեցին. մոտ 600 նշանից 180-ը վերցրեցին և կատարելագործեցին:

Մյուս չորսը այբուբեններ են եղել՝ հունականը, արամեականը, ասորականը և միջին պարսկական կամ պահլավականը:

– Իսկ ի՞նչն է պատճառը, որ գտնված գրավոր արձանագրությունները քիչ են ուսումնասիրված:

– Դժվարանում եմ ասել, ինձ համար էլ է շատ անհասկանալի: Երբ սկսեցի թանգարաններից հավաքել այդ նյութերը, մեծ մասի վրա ուղղակի փոշի էր նստած, հրատարակված չէին: Ես հրատարակեցի 1500 նյութ: Այսօր տարածված միտում է, չեն ուզում սև աշխատանք անել, բայց քոփի փեյստ անելը գիտության ճանապարհը չէ: Երբ հավաքում, համակարգում և ուսումնասիրում ես, լրիվ ուրիշ արդյունք է ստացվում: Վանի թագավորության մեհենագրերի վերծանության բանալին ինձ հաջողվեց գտնել, երբ բոլոր նյութերը հավաքեցի: 300 նշաններից մոտ 60-ն արդեն վերծանված է: Ուղղակի շատ փոքր են տեքստերը, մեծ, ծավալուն տեքստերը ոչնչացել են, ուստի վերծանության գործը դանդաղ է ընթանում:

 

Կարդացեք նաև`
Հարապպյանից մինչև լատինական. ի՞նչ տառերով են գրում աշխարհի ժողովուրդները Ինչո՞ւ հենց հիմա. ԿՐԿԻՆ ԴԱՌՆՈ՞ՒՄ ԵՆՔ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԶՈՀ. պատմաբան Արտակ Մովսիսյան Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից. Արտակ Մովսիսյան «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը ցույց է տալիս, որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ

ankakh.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert