Թե ինչպես վերացվեցին նախամաշտոցյան հայոց գրերը«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում պատմաբան Աշոտ Աբրահամյանի նախամաշտոցյան հայ գրչությանը նվիրված աշխատությունից մի հատված, որում հեղինակն ապացուցում է նախամաշտոցյան գրի առկայությունը և ներկայացնում այն բոլոր պատճառները, թե ինչու այդ գրերը մեզ չեն հասել, և թե ինչպես են դրանք վերացվել եկեղեցու կողմից: Ստորև ներկայացնում ենք հատվածը.

«Նախամաշտոցյան հայ գրի և գրականության գոյությունն ապացուցող կարևոր կռվաններից է հին հայկական հարուստ, քերականորեն օրինաչափված գրական լեզվի գոյությունը, որը ժառանգեցին և օգտագործեցին V դարի հայ մատենագիրները: Համոզված կարելի է ասել, որ V դարի «ոսկեդարյան» կոչվող լեզուն սկսնակ գրական լեզու չէ:

Հինգերորդ դարի ինքնուրույն և թարգմանական մատենագրության լեզվի հարստությունը նկատի ունենալով՝ գրաբարագետ հայագետներից շատերը անկարելի են համարել, որ հայ գրական լեզվի սկզբնավորությունը համարվի հինգերորդ դարը: Ա. Մ. Գարագաշյանը, ով համարվում է վենետիկյան դպրոցի հմուտ գրաբարագետներից մեկը, քննության առնելով հայոց գրական լեզվի սկզբնավորության հարցը՝ հանգել է հետևյալ եզրակացության. «… չէ ճշմարիտ այն, որ ընդհանրապէս կը  կարծուի, թէ Հայք յառաջ զՄեսրոպ չունէին նշանագիր, ուստի և էին անմասն գրութենէ: Նայելով հանգամանաց հայերէն լեզուին յառաջ քան զՄեսրոպ՝ անհնար էր լեզուին առանց դպրութեան հասնել յայն աստիճան զարգացման՝ յորում կը գտնենք զնա ի հատակոտորս երգոց վիպասանաց, որոնց կատարեալ նմանութիւն է թարգմանչաց լեզուն»:

Տեղին է հիշել այն դիտողությունը, որն արել է Վ. Բրյուսովը հայ գրական լեզվի սկիզբը V դարը համարող գիտնականներին. «Անկարելի է ընդունել, գրել է նա,- որ  հայկական գրականությունը հանկարծ կարող էր կանգնել աշխարհի առջև կատարյալ ստեղծագործությամբ (նկատի ունի Աստվածաշնչի թարգմանությունը-Ա. Ձ.), ինչպես Աթենաս Պալլասը, որը դուրս է գալիս Զևսի գլխից՝ կատարյալ զինվածությամբ»:

Լեզվաբաններից Ս. Ղազարյանը, ուսումնասիրելով բարբառների սկբնավորության հարցը, եկել է այն եզրակացության, որ «…հայերենը հինգերորդ դարում ունեցել է իր բարբառները, որոնք գրաբարի կողքին շարունակել են իրենց գոյությունը և զարգացել ու կատարելագործվել են»:

Հայոց գրական լեզվի հնության և հնամենիության ապացույց են նաև հնագույն ժամանակների գրական այն փշրանքները, որոնք հինգերորդ և հետագա դարերի մատենագիրների շնորհիվ հասել են մեզ և բնավ չեն տարբերվում հինգերորդ դարում գործածվող գրական լեզվից: Դրանցից է Վահագնին նվիրված հանրահայտ երգը, տարբեր ավանդազրույցները՝ Արտաշես և Սաթենիկ, Տիգրան և Աժդահակ և այլն:

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ…

Այս պատառիկների հիման վրա Գարագաշյանը եզրակացնում է. «Եթե հին  վիպասանական հատակոտորներ ևս, որ հասած են մեզ, առնունք ի համարի՝ կստիպվինք ընդունել, թե մատենագրական շարումն սկսված էր ի մեզ հառաջագույն քան զգյուտ գրույն: Մի՞թե կսխալինք, եթե ասենք, թե դպրություն մեր գլխովին սկսավ բազմոք հառաջ, քան զգյուտ գրուցն: Վիպասանության մնացորդք՝ են ըստ բնութեան արդարև համազգիք ընդ լեզվին թարգմանչաց, ըստ նյութույն՝ հավանականապես հեթանոսական»:

Հարց է առաջանում, եթե նախաքրիսոնեական շրջանում հայերն իրոք ունեցել են գիր և գրականություն, ապա ինչպե՞ս է, որ դրանից ոչ մի պատառիկ չի հասել մեզ: Հարցին պատասխանելու համար չպետք է մոռանալ գրի ու գրականության սահմանափակ գույությունը նախաքրիստոնեական շրջանում և քրիստոնեության կատաղի անհանդուրժողականությունը հին Հայաստանի ու նրա մշակույթի նկատմամբ, որը Հայաստանում հասած է եղել մոլեգնող չափերի. Գրիգոր Լուսավորչի և թագավորական հրամանով ու զորաբանակներով ամենուր հեթանոսական տաճարների հիմնահատակ կործանում, տաճարական ունեցվածքի բռնագրավում և ոչնչացում, մահապատիժ և հալածանք: Այս պարագայում զարմանալի կլիներ, եթե հնագույն Հայաստանի մշակույթից, առաջին հերթին գրից ու գրականությունից որևէ բաներ հասներ: Իսկ ինչ էլ որ հասել է, սոսկ պատահական, և չի նկատվել ժամանակին:

Ագաթանգեղոսի տեղեկություններից երևում է, որ քրիստոնեության տարածման առաջին իսկ քայլերը սկսվել են մեհյանների կործանումով: Տրդատ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը, բանակն առած շրջել են Հայաստանում և կործանել, քարուքանդ արել մեհյանները: Նրանք իրենց ավերածությունները սկսել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղի «սպիտակափառ Բարշամինա» աստծու մեհյանից: Ագաթանգեղոսը այդ մասին հաղորդում է. «Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին և բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին…»: Այնտեղից թագավորը և Գրիգոր Լուսավորիչը շարժվեցին Դարանաղյաց Անի, ուր գտնվում էր հայկական թագավորների պանթեոնը. «Այստեղ կործանեցին բագինը Արամազդ աստծու, որը բոլոր աստվածների հայրն էր անվանված»:

Անիից նրանք շարժվեցին Եկեղյաց գավառի Երիզա ավանը, ուր «…Փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին»:

«Այնտեղից,- շարունակում է Ագաթանգեղոսը,- Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը, Թիլ ավանում»:

Այնտեղից շարժվեցին Դերջանի Բագայառիճ գյուղը և այնտեղ էլ «Ի հիմանց բրելով քանդեցին, կուտակված գանձերը ավարի մատնեցին»:

Եվ այսպես Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը զորք առած  շրջագայում են Հայաստանում և հիմնահատակ կործանում մեհյանները ու նրանց ավերակների վրա կառուցում քրիստոնեական եկեղեցիներ:

Զենոբ Գլակի տեղեկություններից երևում է, որ հայոց հին հավատքը կամովին չի զիջել իր դիրքը. հին հավատքի և քրիստոնեության մեջ, գրեթե բոլոր վայրերում, տեղի են ունեցել կատաղի կռիվներ: Հայտնի է, օրինակ, որ Տարոնի Ողական ամրոցի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հեթանոսների և քրիստոնյաների կողմից իրար են բախվել հսկայական ուժեր: Կառավարական բանակն ունեցել է 7800 զինվոր, իսկ քրմապետ Արձանի բանակը՝ 6946  զինվոր: Քրիստոնյաներին մեծ դժվարությամբ է հաջողվել հաղթել Արձանի բանակին: Ճակատամարտում սպանվել է 1038  հոգի, որոնց մեջ նաև քրմապետ Արձանը և իր որդին:

Անհիմն չէ, երբ  Լեոն գրում է. «Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր, և Գրիգոր Լուսավորիչը, ինչպես և նրա հաջորդները, ամեն խստությամբ զինվեցին այդ անցյալի դեմ: Նրանք քանդեցին ու ոչնչացրին հեթանոսության բոլոր հիշատակները, ոչինչ չխնայեցին, որպեսզի ժողովրդի աչքի առաջ չմնա անցյալը հիշեցնող մի շյուղ անգամ: Երկիրը զրկվեց դարավոր կյանքի կուլտուրայի բոլոր նշաններից ու վկաներից, որոնք պիտի լուսավորեին անցյալի կարևոր կենսական հարցերը, ազգի քաղաքական մտավոր կացության հանգամանքները: Հայի անցյալը կորչում էր անդառնալի կերպով»:

Ժամանակը, պետք է ասել, գրավոր մշակույթի պահպանման գործում շատ դաժան է գտնվել: Մերձավոր արևելքում մեզ հայտնի են ժողովուրդներ,  քաղաքակրթություններ, որոնք անհետացել են պատմության ասպարեզից առանց հետք անգամ թողնելու: Եղել են Հին աշխարհում գործող առևտրաշատ քաղաքներ, որոնց տեղադրությունն այժմ դժվարությամբ է որոշվում:

Քրիստոնեությունը հայոց հին հավատքի նկատմամբ անհաշտ գտնվեց ոչ միայն իր հաստատման արյունոտ պայքարում, այլև նրանից հետո նույնպես: Հայտնի է, որ նա շարունակեց անհաշտ պայքարել նրա դեմ. ոչ միայն հին հավատքը, այլև քրիստոնեական դոգմատիկ կանոններից փոքր-ինչ շեղումը դիտվել է որպես աղանդավորություն: Իսկ թե ինչպիսի դաժանությամբ են վարվել այդպիսիների հետ, այդ մեզ հայտնի է եկեղեցական ժողովուրդների կողմից ընդունած կանոններից. կտրում էին աղանդավոր համարվածների ձեռքերի և ոտքերի ջլերը և աղվեսադրոշմ խարանում ճակատին: Ստեղծված այդպիսի իրադրության մեջ կարո՞ղ էր մեկը համարձակվել հեթանոսական գիրք կամ գրություն պահել իր մոտ:

Ահա թե ինչու հայոց հնագույն ժամանակաշրջանից գրավոր ցուցանյութեր պահանջողները շատ խստապահանջ չպետք է լինեն:

Հին հայ մատենագիրները նախամեսրոպյան հայ գրականության փաստի վրայով լռությամբ են անցնում, որովհետև նրանք որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել որպես բարբարոսական շրջան և հին հայկական ողջ մշակույթը կապել միայն քրիստոնեության հետ, իբր թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր տգիտությունը և խավարը, և հենց քրիստոնեությունն էր, որ եկավ հայերին «լուսավորելու»:

Այսպիսով, գրական լեզվի քննարկումը մեզ բերում է համոզման, որ V դարում հայ մատենագրության մեջ գործածված գրական լեզուն նոր չէր ստեղծվում, այլ անցյալ դարերի ընթացքում ստեղծված, մշակված, բառապաշարով հարստացած լեզուն էր, որը ժառանգվեց V դարի հայ մատենագիրների կողմից և գործածվեց»:

http://armfvn.com

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert