Իշխանություն-դաշնակցականներ կոալիցիայի մասին ոմանք սարկազմով են խոսում: Դաշնակները պինգ-պոնգի կարգով պատասխանում են, երբեմն խելոք բաներ են ասում, բայց հիմնականում չափն անցնում՝ մեկ-մեկ էլ կոմիքսի են հասցնում: «Ով Դաշնակցության հետ չի համագործակցում, ինքն է կործանվում»,- ասում են եւ հիշում երիտթուրքերին, բոլշեւիկներին, սովետահայ պարտոկրատիային, ՀՀՇ-ին… 125 տարվա փորձ ունեցող կուսակցությունը կարող էր իշխանության հետ կոալիցիայի մեջ մտնելու ավելի հիմնավոր եւ կոռեկտ բացատրություն գտնել: Բայց ունենք այն, ինչ ասվել է, ուստի հարկ է պինգ-պոնգը շարունակել:

Պատմությունից հայտնի է, որ Կոստանդնուպոլսի հայ ինտելիգենցիան եւ կղերականությունը դեմ են եղել Թուրքիայում ֆիդայական պատերազմի դաշնակցական կոնցեպցիային, իսկ պրովինցիալ բնակչությունը բացարձակապես մերժել է զենք վերցնելու եւ սուլթանական ռեժիմը տապալելու ռոմանտիզմը: Պատմությունը դաժան է, փաստերը ցույց են տալիս, որ Արեւմտյան Հայաստանում հայ հեղափոխական գործի կազմակերպիչները հիմնականում կովկասահայեր էին, Կովկասից էին Թուրքիա անցել առաջին զինված խմբերը: Թուրքիայում տոտալ ապստամբություն բարձրացնելու դաշնակցական ուտոպիան մինչեւ վերջ էլ արեւմտահայության գիտակցության մեջ մասսայականություն չի ունեցել: 2015 թվին նշեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Իշխանություն-Դաշնակցություն կոալիցիայի հիմքը դրվեց այդ առթիվ ընդունված համահայկական Հռչակագրով, որի ակցենտներն իդենտիկ են Դաշնակցության տեսլականին: Համագործակցություն հնարավոր է այն դեպքում, երբ տարբեր կուսակցությունների միջեւ գտնվում են գաղափարական ընդհանրություններ: Միայն թե շատ ապոկալիպտիկ է հնչում «ով Դաշնակցության հետ չի համագործակցում, ինքն է կործանվում» ֆորմուլան: Ուզես-չուզես, իսկույն մտածում ես. «Իսկ գուցե արեւմտահայության գենոցիդի պատճառներից մեկն էլ Դաշնակցության հետ չհամագործակցե՞լն էր»:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert