NewsBook-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

– Պարոն Մեսրոբյան, ՀՀԿ-ՀՅԴ ձևավորվող կոալիցիան կառավարման առումով ի՞նչ կտա մեր երկրին։

– Կոալիցիան մեր երկրին ոչ մի բան չի տա, որովհետև այն պրոցեսները, որոնք հիմա կան երկրում` 90-ական թվականից սկսած դրանք վերաբերվում են թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ տարբեր քաղաքացիական շարժումներին։ Մեզանում վանվում են արժանիները, հետևապես, երբ այս իրավիճակում կատարվում է որևէ փոփոխություն, լավագույն դեպքում ոչ մի բան չի փոխում։ Հիմա տեսեք՝ մենք կառուցեցինք անորակ ավտոմեքենա և ղեկին նստեցնում ենք տարբեր` լավագույն դեպքում խամ վարորդների, մեքենան անորակ է, վարորդն անորակ է, միայն դեմքերն են փոխվում, ի՞նչ եք սպասում խամ վարորդից, որը նստած է անորակ մեքենայի մեջ։

– Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀԿ-ՀՅԴ ձևավորվող կոալիցիայի արդյունքում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը, որը 4-րդ անգամ կստանձնի ԿԳՆ-ի պաշտոնը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

– Սա նշանակում է, որ մեզ մոտ ընդհանրապես կադրային քաղաքականություն գոյություն չունի, այն սիտուացիոն մի խնդիր է՝ այսպես կոչված ուժերի վերադասավորում, որի ընթացքում էլ Հայաստանը «բարեհաջող» մարում է։ Երկիրը վարի է գնում, մենք մարդկանց ազգանունների վրա լոտո ենք խաղում։ 1991 թվականից մենք ստեղծեցինք անարժանիների իշխանություն։ Սա նշանակում է, որ ինչքան մարդը քիչ արժանիքներ ունի, այդքան համեմատաբար հեշտ է իրեն բարձրանալ պաշտոններով վերև, իսկ սա իր հերթին միշտ բերում է նրան, որ երկիրը տարեցտարի ավելի շատ խնդիրներ է ունենում, որովհետև անարժանիներն ունակ չեն խնդիր լուծել։ Մենք չունենք «ազգի ոսկի հիմնադրամ», դա այն մեթոդն է, երբ տվյալ երկրի իշխանությունները կամ կառավարիչներն աշխարհով մեկ գտնում են և աչքի տակ են պահում տարբեր ոլորտներում իրենց ազգի արժանիներին, մենք նման բաների վրա թքած ունենք։ Դրա համար ես առաջարկում եմ կամաց-կամաց երկրորդ Ծիծեռնակաբերդի համար տեղ ման գալ։ Մենք հեռու ենք համակարգային մտածելակերպից այնքան, ինչքան խոզը «տուռնիկից»։ Մեր պատկերացումները ոչ մի ձև կապ չունեն այն վտանգավոր իրականության հետ, որտեղ մենք գտնվում ենք։

– Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացնելու են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 2014 թվականին վերոնշյալ երկու նախարարությունները միացրեցին, սակայն ինչպես տեսնում ենք, շատ չանցած կրկին բաժանում են, նմանօրինակ փոփոխությունները կառավարման առումով ինչի՞ կհանգեցնեն։

– Երբ որ միացնում էին, մարդիկ կային, որոնք վերլուծում էին երկու նախարարությունների միավորումը և տարբեր մտքեր էին ասում։ Դե, բնականաբար, միացման ժամանակ թքած կունենան, բաժանման ժամանակ էլ թքած կունենան։ Բացեք մեր ԶԼՄ-ները, բացեք Facebook-ը, տեսեք իշխանության պահվածքը, ընդդիմության պահվածքը, ես սկսում են կասկածել, որ զանգվածաբար մեզ դամարը տարել է, որովհետև քայլեր, մտքեր, վերլուծություններ անելիս կարծես, այլ երկրի մասին են խոսում, ես պարզապես զարմանում եմ` չե՞ք հասկանում, որ մեզ վրա վտանգ է գալիս։ Եվ այդ նախարարությունների հետ խառնել այդ ամենը, այստեղ ոչ մի լավատեսական բան չկա, երբ իրավիճակը թեժանում է թե՛ կադրային, թե՛ կառուցվածքային և թե՛ խնդիրները լուծելու հարցով քայլերը պետք է հաստատակամ լինեն։ Մի քանի տարվա մեջ երկու նախարարություններին միացնելը, հետո անջատելն, իմ կարծիքով, դրանով կարելի է մեր հոգեկան վիճակը ստուգել։ Ինձ արդեն չի հետաքրքրում հիմնավորումը թե՛ միացման, թե՛ անջատման իմաստով։ Գիտեք` ինչ սա նշաակում է, որ մարդը մահամերձ է և կայֆ է ստանում սելֆի անելուց։ Ես հոգեբուժարանի աշխատող չեմ, ես հրաժարվում եմ այդ հարցը մեկնաբանելուց։

Հարցազրույցը՝ Մանյա Պողոսյանի

http://newsbook.am

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert