Սևակ Արծրունի

Անցյալ տարիներին հայությունը ջանք չի խնայել վրացահայության և մասնավորապես՝ ջավախահայության իրավունքների նկատմամբ Միխեիլ Սահակաշվիլու վարչակարգի սանձազերծած անօրինական գործողությունների դեմ պայքարում:

Սահակաշվիլու անկումից հետո  զգալիորեն նվազեցին հայության նկատմամբ քաղաքական հալածանքների և  էթնիք խտրականության տանող կանխամտածված և կազմակերպված միջոցառումները: Թեկուզև վիրահայության և ջավախահայության էթնիք ինքնուրույնության տեսակետից Վրաստանում տակավին շատ բան կա անելու, (հայ-վրացական համալսարանի հիմնում, հայերեն լեզվի և հայկական մշակութային արժեքների պահպանում և այլն), սակայն ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումից, Ջավախքում հայության նկատմամբ քաղաքական և տնտեսական բռնությունների դադարեցումից հետո, դադարեցվեց նաև Սփյուռքում և Հայաստանում ազգային և մարդու իրավունքների պաշտպան շրջանակների կողմից բարձրացված բողոքի և դժգոհության ալիքը:

Վերջերս սակայն Ջավախքից հասնող տեղեկությունները մեզանում նորից տագնապ են առաջացնում: Այս անգամ սակայն խնդիրն էականորեն տարբեր է, և անհամեմատելի ավելի վտանգավոր՝ մեր երկրի և պետության անվտանգության համար:

Ըստ շրջանառվող հավաստի տեղեկությունների,  Չիլդիր/Աքթաշ-Կարծախ սահմանակետի բացումից հետո, Ջավախքում ահագնանում է թուրք- ադրբեջանական ներթափանցման գործընթացը:  Բոլոր առումներով՝  անշարժ գույքի օտարման, թուրքական ներդրումների, ընդ որում նաև թուրք- ադրբեջանական կրիմինալ շրջանակների ներթափանցման ուղղությամբ և այլն, Ջավախքում օրըստօրէ ավելի զգալի է դառնում թուրքիստական վտանգը:

Ոչ միայն ադրբեջանական, այլ նաև  մասնավորապես թուրքական հզոր կապիտալի ներհոսքը Վրաստան և հատկապես՝ Թիֆլիս ու Բաթումի, անհանգստացնում են արդեն վրացիներին:   Թե՛ տնտեսական, թե՛ ժողովրդագրական տեսակետից  թուրք էթնոսի ահագնացած աճը և վրացիների մոտ ժողովրդագրական բնական աճի մտահոգիչ անկումը,  վերջապես՝ Վրաստանի կենտրոնական վարչահամակարգում ադրբեջանական տնտեսական հնարավորությունների զգալի ազդեցությունը պետության քաղաքական որոշումների վրա, մտածել են տալիս, որ թուրք-ադրբեջանական տարածքային շարունակականությունը, Արցախի և Սյունիքի անառիկության պայմաններում, տասնամյակներ շարունակ արդեն իրականացվում է Վրաստանի հաշվին:

Այսինքն, Ջավախքում թուրքիստական ներթափանցմանը թուրք-հայկական պայքարի պրիսմակից  նայելն անիմաստ է, որովհետև հարցն ունի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական նշանակություն:

Այս պայմաններում մեր մտքում ծագում է վերևում նշված հարցը. Հայաստանի եւ հայության անվտանգության համար, ո՞րն է առաջնային՝ Ջավախքը թե՞ Վրաստանը:

Հայությունն  անցած տասնամյակներին գիտակցելով Վրաստանի աշխարհագրական կարևորությունը՝ անասելի ջանքերով նույնիսկ Գամսախուրդիայի և Սահակաշվիլու ժամանակ կարողացել է պահպանել հայ-վրացական հարաբերությունների անդորրը: Մեզանից յուրաքանչյուրն անշուշտ գիտակցում է, որ հզոր, բարգավաճ ու ժողովրդավարական Վրաստանն առաջին հերթին Հայաստանի տնտեսական զարգացման ու անվտանգության երաշխիքներից մեկն է:

Այս իմաստով անվարան կարելի է հաստատել, որ թուրք-ադրբեջանական ներթափանցումից ձերբազատված Վրաստանը ոչ միայն կայուն Հայաստանի, այլ նաև՝ հայկական Ջավախքի կայունության կարևորագույն նախահիմքն է:

Սակայն նվաճված, իր ինքնուրույնությունն ու իր տարածքի վրա պետական վերահսկողությունը կորցրած Վրաստանն անտարակույս մեծագույն վտանգ է, իսկ այս դեպքում հայությունը պարտավոր է ինքնուրույն լուծել Ջավախքի հայապահպանման և անտանգության երաշխավորման խնդիրը, և սա՝ ի գին ամեն բանի:

Հայ-վրացական համագործակցությունը Վրաստանի տարածքում թուրք-ադրբեջանական գերադասության դեմ, ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և պետությունների: Երբ Ռուսաստանը, քրդական ազգային ճակատը, Հայաստանը պայքարում են Թուրքիային տիրացած խորքային շրջանակների ծավալապաշտական ախորժակներին դեմ, այդ պայմաններում, Վրաստանը թույլ օղակ լինելու դեպքում, կարող է պատճառ հանդիսանալ ամբողջ Կովկասյան տարածաշրջանի ապակայունացման, իսկ դա, մեզ՝ հայության համար, հղի է հնարավոր անկանխատեսելի հետևանքներով:

Հայաստանի արևելյան և հարավային սահմաններն անառիկ են՝ շնորհիվ հայկական կայացած բանակի, որի ձևավորման համար համայն հայությունը ոչ մի ջանք չի խնայել: Սակայն Հայաստանի հյուսիսը թուրք-հայկական նոր փակ սահմանի վերածելու վտանգը, այն էլ՝ ջավախահայության հաշվին, կարող է լինել նույնքան, եթե ոչ ավելի վտանգավոր, քան՝ Արցախի կորուստի վտանգը՝ 1990-ականներին:

Այս փաստը պետք է գիտակցենք ոչ միայն մենք՝ հայերս, այլ նաեւ մեր դաշնակից ու հակառակորդ բոլոր պետությունները:

4 Փետրվար, 2016


 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert