Դաշնակցություն կուսակցությունը յոթ տարվա բացակայությունից հետո կրկին  կոալիցիա է կազմել Հանրապետական կուսակցության գլխավորած կառավարության հետ:

Ինչ խոսք, իհարկե կարելի էր նաև ողջունել նման համագործակցությունը, եթե այն կատարվեր դեմոկրատական և իրավական երկրում, ուր խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում չկատարվեին խախտումներ՝ ի շահ այս կամ այն անձի կամ կուսակցության: Բայց, ցավոք, իշխանությունների գործադրած վարվելակերպը մեզ ավելի քան իրավունք է տալիս կռահել, որ բոլոր ընտրություններում էլ խախտումներ են կատարվել և այսուհետ էլ կկատարվեն: Իսկ բոլորովին էլ տարօրինակ և բացառված չէ, որ դա արվում է կառավարության անդամների և նրանց դրածոների կողմից՝ ամրապնդելու ներկայիս իշխանության լծակներին մոտ կանգնած անձանց և նրանց մերձավորների ու «խնամի-բարեկամների» շահերը, որ դրանով օրեցօր ավելի է վհատվելու հայաստանաբնակ ժողովուրդը և գոյատեւման ելք է փնտրելու օտար ափերում: Պետք չէ մարգարե լինել՝ կռահելու համար, որ ի վերջո դրանով վտանգվում է երկրի ապագան և հենց իրենց՝ իշխանավորների իշխանական աթոռը: Բայց, ըստ երևույթին, իշխանություն բանեցնելու վայելքը, անձնական շահը, այնքան է արբեցրել նրանց, որ նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում այդ վերահաս վտանգը իրական համարել:

Այն, որ «Դաշնակցություն» կուսակցությունը իմանալով է Հայաստանի իշխանությունների հետ կոալիցիաի մեջ մտել, դա «օրինաչափ» է: Այո՛, դա ավելի քան «օրինաչափ» է, եթե աչքի առաջ ունենանք այդ կուսակցության բանեցրած քաղաքականությունը սփյուռքի հյուրընկալ երկրներում, որտեղ նրանք միշտ էլ համագործակցել են այդ երկրների ոչ դեմոկրատ իշխանությունների հետ՝ ի վնաս տեղի առաջադեմ ուժերի և աշխատավորության՝ հատկապես սփյուռքահայ աշխատավոր և Սովետական  Հայաստանին հարող հայության զանգվածների շահերին: Այն, որ նման քաղաքականությունը չի համապատասխանում կուսակցության կանոնադրության և ծրագրի ոգուն, կուսակցության լիդերներին չի էլ խանգարում. ասենք դա երբեք էլ նրանց չի խանգարել: Անցյալում նրանց գործունեությունը Իրանում, Լիբանանում և այլուր դրա ցայտուն ապացույցներից է, որը հակասում է իրենց իսկ կուսակցության կանոնադրությանը, որտեղ ասվում է.

«Հ. Յ. Դաշնակցության ընկերվարական իդեալն է այնպիսի հասարակության կերտումը, ուր մարդը ազատագրված կլինի ռասայական, կրոնականդավանական, ազգային, քաղաքական, ընկերային եւ տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից եւ շահագործումից:

Փոքրամասնության ձեռքում տնտեսական եւ քաղաքական իշխանության կենտրոնացման հետեւանքով հասարակության մեջ առաջացել են դասակարգային տարբերություններ, եւ խախտվել է ընկերային համերաշխությունը: Տիրապետող ուժերը, միակողմանի օրենքների եւ կարգերի հաստատումով, ամրագրել են իրենց իշխանությունը»:

Իհարկե, որ այս ամենը շատ գեղեցիկ խոսքեր են, բայց, ավա՜ղ, միայն խոսքեր: Ինչպե՞ս հասկանալ այս բոլորը, եթե նրանք ամենուր էլ համագործակցել և համագործակցում են վերոհիշյալ սկզբունքները ամենաբռնի կերպով ոտնահարող իշխանությունների հետ: Ինչպիսի՞ ժողովրդավարության, ինչպիսի՞ ընկերավարության մասին է խոսքը, երբ Հայաստանում անկախությունից հետո դրանք երբեք չեն գործադրվել և հույս էլ չկա, որ ապագայում կընտրվեն այնպիսի իշխանություններ, որոնք պատրաստ կլինեն պայքարելու վերնախավի դեմ՝ ներկայիս դրվածքը փոխելու համար: Ի շահ աշխատավորության և դեմոկրատիայի յուրաքանչյուր դրական փոփոխություն հանդիպելու է երկրի ռեսուրսները անխնա շահագործող, երկիրն անարգել ու անխնա տեր- տնօրինություն անող, միմիայն իրենց անձնական շահերը հաշվի առնող վերնախավի ամենաթունդ և բռի դիմադրությանը, ինչպես որ դա կատարվել է Հայաստանի նման ոչ դեմոկրատական կառույցներ ունեցող երկրներում ( վառ օրինակը ՝ՀՀ- ում  2008 թվականի մարտի մեկը):

Եվրոպական երկրների վերջին 150 տարիների փորձը ուսումնասիրելով՝ նկատվում է, որ յուրաքանչյուր երկրի առաջընթացի և զարգացման համար նախապայմանը դեմոկրատական կառույցների ստեղծումն է՝ լինի դա պետական կառավարման ոլորտում, թե՝ հասարակական: Այս երկրների ձախ և սոցիալ- դեմոկրատ կուսակցությունների երկարատև պայքարի փորձը ցույց է տվել, որ առանց նրանց ակտիվ գործունեության չէին իրագործվելու այն բոլոր  փոփոխությունները, որոնք բարելավելու էին աշխատավորության կյանքը, կրճատելու էին աշխատաժամերն ու նպաստելու էին այդ երկրների զարգացմանը: Այն, որ այդ կուսակցությունների լիդերներից շատերը այդպիսով իրենց կյանքն են վտանգել, դա փաստ է: Հայտնի է, որ ժամանակին կանցլեր Բիսմարկը իրականացրեց զգալի ռեֆորմներ, որոնք Սոցիալ-դեմոկրատների ծրագիրն էին համրվում, որպեսզի այդպիսով չեզոքացնի այդ կուսակցությանը: Իսկ Հիտլերյան բռնատիրությունը ավելի մեծ հարված հասցրեց այդ կուսակցությանը. հենց այն հանգամանքը, որ ազգայնամոլ ֆաշիստները իրենց կուսակցությունը անվանեցին «Գերմանիայի Ազգային Սոցիալիստական կուսակցություն», խոսում է այն մասին, թե որքան սիրված էր Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունը ժողովրդի և աշխատավորության շրջանում: Նման համեմատությունները ապացուցում են, որ Հ.Յ. կուսակցությունը երբեք և ոչ մի երկրում չի հետևել իր սկզբունքներին ու կանոնադրությանը, որտեղ մասնավորապես ասված է.

«Հ.Յ. Դաշնակցությունը հավատում է, որ ընկերվարության իդեալը անիրականանալի է՝ առանց ժողովրդավարության, իսկ ժողովրդավարությունը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարության»:

Ըստ Դաշնակցություն կուսակցության կանոնադրության և ծրագրի և ըստ այն փաստի, որ այդ կուսակցությունը միջազգային սոցիալ- դեմոկրատական կուսակցությունների ընկերության անդամ է, ապա կարելի էր սպասել, որ Դաշնակցություն կուսակցությունը, հետևելով այդ կուսակցությունների օրինակին, պայքարելու էր Հայաստանում աշխատավորության համար գոնե ինչ որ չափով տանելի պայմաններ ստեղծելու համար: Ո՛չ, ասես կանոնադրությունը կուսակցության լիդերներին չի վերաբերվում, այլապես Հանրապետականների հետ կոալիցիոն կազմելու ժամանակ նրանք կփորձեին, ինչ որ չափով, իրենց ծրագրից, կառավարության անելիք ծրագրերի ցուցակում մտցնել՝ մասնավորապես հետևյալ հատվածը.

«Ժողովրդավարությունը պայմանավորվում է օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատումով եւ փոխադարձ հակակշռումով»:

Այո՛, իրապես Հայաստանի նման երկրների համար օրենսդիր և գործադիր մարմինների սերտաճումը չարիքների մեծագույնն է: Այն փաստը, որ Հայաստանում ոչ մի իշխանավոր պատասխանատվության չի ենթարկվել և չի ենթարկվում իր չարաշահումների համար, ապացույցն է նման կացության:

Կանոնադրության մի այլ տեղում ասվում է.

«Առաջադրված տնտեսական համակարգը պետք է հատկանշվի արդարությամբ եւ վերջ դնի ընկերային բեւեռացմանը: Ընկերային արդարության տնտեսական անհրաժեշտ հատկանիշներն են` անհատի աշխատանքի իրավունքի երաշխավորումը եւ եկամուտների արդար բաշխումը` միշտ նկատի ունենալով հավաքականության տնտեսական բնականոն զարգացումը…»

 

Պարզ է, որ ներկայիս կոալիցիոն կառավարությունը երբեք չի ցանկանա նույնիսկ փորձեր կատարել, նման ծրագիր իրականացնել: Ոչ դեմոկրատական երկրներում երբեք վերնախավը կամովին չի զիջել իր դիրքերը, կամ կամովին չի հրաժարվել իր շահերից: Միակ ելքը կլիներ իշխանափոխությունը, սակայն այդ հեռանկարն էլ մեզ ոչ մի իրական հույս չի ներշնչում, որովհետև իշխանության լծակներին մոտ կանգնած անձերը միշտ էլ հոգ կտանեն, որ իրենք հաղթեն ընտրություններում: Բացի այդ, ներկայումս ավելի քան թույլ և տարանջատ է ընդդիմությունը, որը կկարողանար հայաստանաբնակ ժողովրդին և մեզ՝ հեռվից դիտողներիս, այլընտրանքի հույս ներշնչել: Ներկայիս քաղաքական դաշտում առկա ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկը չունի այնպիսի ծրագիր, այնպիսի շարժիչ ուժ, որի շուրջը կկարողանար համախմբվել հայ ժողովուրդը. դրա բացակայությունը ավելի քան մտահոգության առիթ է տալիս…

Վերջին քսանհինգ տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանի ժողովուրդը պատերազմի դաշտում այնքան փայլուն հաղթանակից հետո, խաղաղ պայմաններում քաղաքական բոլոր ասպարեզներում էլ պարտություն է կրել: Նա պարտություն է գրանցել պետականություն ստեղծելու հենց առաջին քայլերից. իշխանության գլուխ են անցել այնպիսի անձնավորություններ, որոնց մտահոգությունն է եղել նախ և առաջ սեփական շահերի և իրենց իշխանական աթոռի ամրապնդումը, և ոչ թե իրավական և ամուր պետականության հիմքերի արարումն ու ամրապնդումը: Նրանք, հենց սկզբից միայն իրենց անձնական շահը նկատի ունենալով, անկարող գտնվեցին անկախ տնտեսական քաղաքականություն վարել, որը կկարողանար դիմանալ և դիմակայել և՛ ներքին, և՛ արտաքին ճգնաժամային պահերին, և՛  ներկայիս  բոլոր մարտահրավերներին…

Սամվել Հովասափյան

Բեռլին, մարտ 2016

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert