Առհասարակ, ցավոք, հայոց պատմության մեջ շատ չեն այն գործիչները, ովքեր զերծ մնալով կրոնական նախապաշարումներից` դաշնակցեցին այլադավան և մահմեդական իշխանավորների հետ` հանուն հայրենիքի ազատագրման ու բարգավաճման: Նրանք են Պապ թագավորը (370-374), Թեոդորոս Ռշտունին (7-րդ դար), Մլեհը և Դավիթ բեկը:

Հայ ռազմաքաղաքական մտքի զինանոցը հարուստ է քաջարի գործիչներով և հմուտ դիվանագետներով: Նրանց մեջ առանձնանում է Կիլիկյան Հայաստանի մեծ իշխան Մլեհ Ռուբինյանը: Ճկուն, խելացի, հնարամիտ և հայրենանվեր. ահա այսպես կարելի է հակիրճ բնորոշել Մլեհ Ռուբինյանին, չնայած, հայ կղերական գրականությունը նրան ներկայացնում է որպես անփառունակ և անարժան իշխանավորի:
Թե երբ է ծնվել Մլեհ իշխանը` պատմությունը լռում է: 1169 թվականին նա ժառանգեց Կիլիկիայի իշխանապետության գահը և կառավարեց վեց տարի: Սակայն այս կարճ ժամանակամիջոցում Մլեհ իշխանը կարողացավ արմատապես փոխել Կիլիկյան պետության արտաքին և ներքին կարգավիճակը, նպաստել նրա հզորացմանը և լավ նախապայմաններ ստեղծել Կիլիկիայում թագավորության հռչակման համար:
1080 թվականին Լեռնային Կիլիկիայի Կոռիկոս ամրոցում Բագրատունյաց թագավորության վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսերի (1042-1045) ազգականներից Ռուբենը Կիկլիկիան հռչակեց անկախ իշխանություն և հիմք դրեց Կիլիկիայի իշխանապետությանը, ինքն էլ գահակալեց որպես Ռուբեն Ա Ռուբինյան (1080-1095): Ռուբենի հաջորդները պայքարի ու արյան գնով ամրապնդեցին իրենց իշխանությունը` աստիճանաբար դուրս մղելով Կիլիկիայից բյուզանդացիներին և սելջուկներին: Պայքարն ավելի թեժացավ Լևոն Ա օրոք (1129-1137): Նա կարողացավ անգամ ջախջախել Անտիոքի դքսությանն ու ազատագրել Դաշտային Կիլիկիան:
Մլեհը Լևոն Ա իշխանի կրտսեր որդին էր:
1137 թվականին Բյուզանդիան հարձակվեց Կիլիկյան Հայաստանի վրա` նպատակ ունենալով խեղդել հայերի անկախությունը լեռնային այդ փոքր երկրում: Լևոն Ա հայոց զորքով պարտություն կրեց և գերևառվեց գահաժառանգ Ռուբենի հետ միասին: Նրանք երկուսով նահատակվեցին Կոստանդնուպոլսում: Մլեհը խուսափելով գերությունից` ապաստանեց Եդեսիայում` քեռու մոտ: Իսկ Լևոն Ա մյուս որդին` Թորոսը, կարողացավ փախչել գերությունից և վերադառնալ Կիլիկիա:
Շուտով Լևոնի որդիները` Թորոս Բ, Ստեփանեն և Մլեհը ապստամբում են Բյուզանդիայի դեմ և երկիրը դարձյալ ազատագրում գերությունից: Թորոս Բ ժառանգեց հայոց գահը (1139-1165), իսկ Մլեհը` սպարապետությունը: Որպես հայոց զորքի սպարապետ` նա ամենամեծ աջակիցն էր Թորոս Բ երկիրը օտարներից մաքրելու գործում:
Թորոս Բ լինելով շրջահայաց գործիչ և քաջ պատերազմող` միաժամանակ շատ տատանողական դիրքորոշում ուներ արտաքին քաղաքականութէյան հարցերում, մասնավորապես` նա շարունակ զիջումներ էր անում Կիլիկիայում հաստատված խաչակիրներին, որոնց ազդեցությունն օր օրի ուժեղանում էր երկրում: Դրա մեջ մեծ վտանգ տեսնելով` Մլեհը փորձեց պայքար ծավալել խաչակիր ասպետների դեմ: Սակայն Թորոս Բ չկամեցավ բաց առճակատման մեջ մտնել խաչակիրների հետ և եղբայրների, երբեմնի դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվեցին: Բանը հասավ նրան, որ Թորոս Բ արտաքին ճնշման տակ ստիպված էր Մլեհ իշխանին արտաքսել Կիլիկիայից:
1165 թվականին մահանում է իշխանաց իշխան Թորոս Բ և Մլեհը վերադառնալով Կիլիկիա` ժառանգում է իր օրինական իշխանությունը:
Նստավայր դարձնելով լեռնային Կիլիկիայի անառիկ Վահկա բերդը` Մլեհ իշխանը անմիջապես պատերազմ հայտարարեց Կիլիկիայում հաստատված խաչակիրներին և կաթոլիկ հոգևորականությանը: Նա ջախջախեց խաչակիրների բանակները, նրանց վտարեց Կիլիկիայից և խաչակիրների և կաթոլիկ հոգևորականների կալվածքները գրավեց հարքունիս:
1171 թվականին ի պաշտպանություն խաչակիրների` հանդես եկան Անտիոքի դքսությունն ու Երուսաղեմի թագավորությունը: Սակայն Մլեհը կարողացավ վճռական ճակատամարտում ջախջախել նրանց միացյալ ուժերը ևս:
Դաշինք կապելով Հալեպի հզոր ամիրա Նուր ադ-Դինի հետ` Մլեհը ոչ միայն ջախջախեց ու հալածեց խաչակիրներին Կիլիկիայից, այլև ջախջախեց բյուզանդական զորքերին, նրանց հալածեց Դաշտային Կիլիկիայից, գրավեց և իր երկրին կցեց Ադանա, Տարսոն քաղաքները: Սրանով Դաշտային Կիլիկիան վերջնականապես միացավ Կիլիկիայի իշխանությանը: Այս նվաճմամբ Մլեհն իր ազդեցության տակ առավ արևելք-արևմուտք ռազմավարական և առևտրական կարևորագույն ուղիները: Նա Նուր ադ-Դինի օգնությամբ ետ նվաճեց նաև հայ իշխանների ձեռքն անցած իր հայրական ժառանգությունը, ինչպես նաև արտաքին նվաճումների անցավ` նվաճած տարածքները կիսելով դաշնակցի հետ: Օգտագործելով հակասությունները արևմուտքի և արևելքի, քրիստոնեության և իսլամի միջև` Մլեհը հմտորեն շահում էր այդ պայքարում:
Իր կարճատև իշխանության շրջանում Մլեհը հասցրեց նաև նոր մայրաքաղաք հաստատել: Վերակառուցելով և ամրացնելով Սսո անառիկ բերդը` 1173 թվականին իր իշխանապետության մայրաքաղաքը տեղափոխեց այնտեղ:
Մլեհ Ռուբինյանը կտրուկ միջոցներով կարողացավ Կիլիկիայում հաստատել հզոր կենտրոնաձիգ իշխանություն` կայուն ու մարտական բանակով, որ ընդունակ էր ամեն պահի արժանի հակահարված տալ թշնամուն: Նա աչքի էր ընկնում ոչ միայն կառուցողական քաղաքականությամբ, երբեմն եթե հարկ էր լինում` դաժանությամբ: Նա դաժանությամբ ճնշեց իր դեմ ընդդիմացող իշխանների ելույթները և լատինամոլ ու կաթոլիկ հոգևորականների դավադրությունները:
Մլեհը հայ իշխանավորներից Պապ թագավորից հետո թերևս երկրորդն էր, ով համարձակվեց ձեռնոց նետել ժամանակին հայ իրականության մեջ քարացած կարծրատիպին, թե հայության միակ պաշտպանը քրիստոնեությունն է և քաղաքականությունը և կրոնական դոգմատիզմը միևնույն բաներն են: Նա հանուն իր երկրի շահերի դաշնակցեց հենց մահմեդական հզոր տիրակալի` Նուր ադ-Դինի հետ և պայքար սկսեց քրիստոնյա խաչակիրների դեմ: Ըստ էության` Մլեհ իշխանի համար առաջնայինը ազգն էր ու պետությունը: Ամեն ինչ հանուն ազգի և պետության, ոչինչ պետությունից դուրս: Ահա՜ նրա քաղաքական բանաձևը: Եվ հենց Մլեհը ստեղծեց քաղաքական և տնտեսական այն հիմքերը, որով էլ հետագայում նրա եղբորորդին` Լևոն Բ Մեծագործը (1187-1219) Կիլիկիան հռչակեց թագավորություն:
Այս ամենը չէր կարող դուր գալ խաչակիրներին, կաթոլիկ հոգևորականությանը և հայ լատինամետ ազնվականությանն ու հոգևորականությանը: Վերջիններս բանադրեցին Մլեհին և կոչեցին ՙսատանայի գործակից՚: Հայոց եկեղեցին Հայաստանի ապագան տեսնում էր սոսկ քրիստոնյա մեծ ու հզոր որևէ տերության հետ միայն, բացառելով սեփական հզորության և անկախության գաղափարը: Արդյունքում` կատարվեց ոճիր և Մլեհ իշխանաց իշխանը իր իսկ մայրաքաղաքում, արքունական պալատում զոհ գնաց նրանց նյութած դավադրությանը: Մլեհը զոհ գնաց այն մարդկանց` ում համար ազգը և հայրենիքը ստորադասված էին քրիստոնեությանը և կրոնական մոլեռանդությանը:
Մլեհից հետո Կիլիկիայի իշխանության գահն անցավ նրա կրտսեր` Ստեփանե եղբոր որդուն` Ռուբեն Գ (1175-1187), ով Մլեհի դիակը փառք ու պատվով ամփոփեց Մեծքար վանքում, իսկ դավադիրներին մահապատժի ենթարկեց:
Պատմությունը ցույց տվեց, թե որքան ճիշտ էր Մլեհ իշխանի բռնած դիրքը և քաղաքականությունը քրիստոնյա արևմուտքի նկատմամբ: Ցավոք, նրա օրինակը ուսանելի չեղավ, և 1375 թվականին մենք կորցրեցինք ևս մեկ պետականություն` հանուն հավատի: Առհասարակ, ցավոք, հայոց պատմության մեջ շատ չեն այն գործիչները, ովքեր զերծ մնալով կրոնական նախապաշարումներից` դաշնակցեցին այլադավան և մահմեդական իշխանավորների հետ` հանուն հայրենիքի ազատագրման ու բարգավաճման: Նրանք են Պապ թագավորը (370-374), Թեոդորոս Ռշտունին (7-րդ դար), Մլեհը և Դավիթ բեկը: Պապ թագավորը անիծվեց հայ կղերական պատմիչների կողմից` պիտակվելով որպես պիղծ և անօրեն և զոհ գնաց դավադրության: Թեոդորոս Ռշտունին դեռ կենդանության օրոք շատ հալածվեց և մեկուսացավ: Նրա պայքարը ըստ արժանավույն չգնահատվեց թե ժամանակակիցների, թե սերունդների կողմից: Մլեհը զոհ գնաց ապազգային կրոնամոլների դավադրության, իսկ Դավիթ բեկը մահացավ կասկածելի հանգամանքներում: Սակայն այս գործիչների կատարածը անուրանալի է հայ ժողովրդի ազատագրական պայքարի բովում: Ցավոք, պատմությունը միշտ չէ, որ արդար է և մենք դեռևս չենք կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը և հավատն ու կրոնը վեր ենք դասում ազգայինից ու պետությունից:

Վահե Անթանեսյան

http://tirar-travel.com/blog/?p=1384

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert