Ոչ խոսք, ոչ ձայն՝ լռությունից բացի։ Այս սանձարձակ պատերազմում ոգեւորումի պատճառ չկա։ Մի պատեք նրանց այսօր հերոսի գերմարդկային հատկանիշներով։ Նրանք պարզ զինվորներ էին ու պատրաստ չէին հերոսության, անգամ Հերոսը պատրաստ չի լինում հերոսության։ Մահվան այս սեւ, անագորույն մահճում, միակ բանը, որ կուզենային մեր անբախտ զոհերը, թերեւս, ապրելն էր։ Մնացածը մենք ենք հորինել. մեդալ, կոչում ու խրախուսանք, ժողովրդի սեր ու հիշողություն… Որ չխելագարվենք։ Մի ասեք՝ դուք հավերժ կմնաք մեր սրտում, մաշված, դատարկ խոսքեր են։ Յարեն տիրոջն է ցավ տվել։ Զոհվածի հուսահատ, փշրված տիրոջ համար, զոհերն անվերադարձ են հեռացել, էլ չկան։ Վաղվանից, երբ բոլորդ ցրվեք, նրանք մենակ են մնալու այս ահռելի, անբուժելի, Աստծո կրակ ցավի դեմ։ Իրենք են ու գերեզմանի մելամաղձ լռությունը։ Եվ «ինչու, ինչի համար» անպատասխան հարցը, որը չունի հասցեատեր…

Ահավոր բան է պատերազմը. երեւի երեխա, զավակի կորուստ չապրած մարդիկ են հնարել…Ու մենք՝ գրողներս, հեռու ցավից ու զոհվելու վտանգից, բանաստեղծության լուսապսակով ենք զարդարել պատերազմ կոչված մարդկության այդ հրեշավոր անեծքը, զոհերին հերոսների ու լքվածների բաժանելով։ Պարգեւները պետության առաջնորդների հնարած արդարացումն է, որոնց որդիները հեռու են թնդանոթի միս լինելուց։ Գոնե մեր պատերազմում այդպիսի դեպք չեղավ։ «Ձեր որդին հերոսի մահով…»։ Մոր համար մեկ է, թե որդին գիտակցաբար, կյանքի կատարելիության մե՞ջ է զոհվել, թե՞ վարանել, անարի կասկածանքով է դիմավորել սեւ փամփուշտը… Իր զավակն է, իր ձագը ու մոր թեւերը չեն հասել նրան։ Չեմ արդարացրել զավակին Հայրենիքի պաշտպանությունից հեռու պահող ծնողին, բայց երբ ինձ պատկերացրել եմ որդեկորույս մոր վիճակում…ազնիվ խոսք, կուզեք, քարեր նետեք իմ վրա….

«Ֆիզուլու ճակատում մի զինվոր ունեինք, Աղդամից էր փախել, կռվում էր ադրբեջանցիների դեմ։ Հակառակորդի կողմից էլ իր հարազատ եղբայրն էր կռվում մեր դեմ։ Տղայի մայրը հայուհի էր եղել ու երկու ազգերի տղամարդկանցից երկու տղա էր ծնել։ Աղդամի անկումից հետո եղբայրները հայտնվել էին տարբեր ճակատներում։ Հայը՝ հայկական, ադրբեջանցին՝ ադրբեջանական։ Մարտերի կարճ դադարներին, երբ մենք հանգստանում էինք, երկու եղբայր առաջ էին շարժվում, այնքան, որ իրար լսեն, ու ձայն տալով խոսում էին, հարցնում իրարից, պատմում, հիշում էին իրենց տունը, մորը։ Ու վերջում միշտ զգուշացնում՝ տաք պահիր քեզ, չմրսես, փամփուշտից հեռու, չխփվես։ Երկու կողմերս էլ գիտեինք ու չէինք կրակում։ Ադրբեջանցուն վաշտից վաշտ էին փոխադրում, տեղափոխվելիս հայ եղբորը զգուշացնում էր բղավելով ու հայ եղբայրն էլ նրա ետեւից մեր կողմից էր ճակատից ճակատ տեղափոխվում, որ մոտ լինի եղբորը։ Մեր մոտից գնացին Մարտակերտի կողմերը, հետո չիմացա՝ ինչ եղավ նրանց հետ»։ Պատմում էր իմ հարազատ ընկեր, ղարաբաղցի Վալերի Բալայանն ու ես լաց էի լինում նրանց մոր բախտի ու որդիների դաժան ճակատագրի համար։ Աչքերիս առաջ հայտնվում էր ավերված դռան շեմին որդիներին մոլոր ու գլխահակ սպասող մայրը, ես ինձ դնում էի նրա տեղում ու ատում էի պատերազմը, հաղթանակն ու արդարությունը։ Մոր համար իր որդիները Հայրենիք էին, իսկ ինձ համար մայրն ազգություն չունի, ու ես հասկանում էի նրան։

Մեր օդաչուները չվերադարձան, նրանց բերեցին։ Բերեցին պատվով, զինվորին վայել մեծարանքով։ Ինքնազոհության գնացած մեր զինվորների ու սպաների անձնական քաջության գնով։ Մեր ցավի ու արյան հաշվին ընդամենը անձնական սակարանը երկկողմանի բարձրացնող զանազան կասպրչիկների համոզեցինք, որ դատարկ ու անարժեք են խաղաղ շփման վերաբերյալ «միջազգային ջանքերը», «հակամարտության խաղաղ կարգավորման» բերանացի, փուչ խոսքերը։ Որ երբ դանակը հասնում է ոսկորին, չար լեզուն քոքից պոկելու համար, հնամյա, դաժան օրենքն է գործի դրվում։ Լավ արեցինք ու շուտ պիտի անեինք։

Ես ռազմագետ չեմ ու խնդրում եմ, բացատրեք ինձ։ «Մեր ուղղաթիռն անպաշտպան վիճակում հակառակորդի համար հեշտ թիրախ էր դարձել՝ ոմն բարձրաստիճան հրամանատարի մեղքով, բայց մեղավորը ոչ միայն չի բացահայտվել ու պատժվել, այլեւ քրեական գործ չի հարուցվել երեք սպայի կյանք խլած այդ հանցագործության դեպքի առիթով»։ (Ժիրայր Սեֆիլյանի հոդվածից): Ոչ մի փորձագետ հակառակը չի պնդում, համր կասկածները, վիրավորանքն ու կորստի ցավը խառնվել են իրար, դարձել անքակտելի կծիկ, որի ծայրը առայժմ չի երեւում։

Լսո՞ւմ եք, սեւսիրտ մայրեր։ Բավ է ցույցեր ու հացադուլներ անեք նախագահի նստավայրի մոտ։ Նախագահն անբասիր մարդ չէ, ապարդյուն հույս մի փայփայեք։ Իսկ ժողովուրդն արդեն անտարբեր է, ուժ չկա. ո՞ր մի ցավին դիմադրի։ Դատարանը օրենքից ու արդարությունից վեր է, ծառայում է տերերին, զուր ջանքեր մի թափեք։ Եթե իրոք, ձեր որդին, ազգի անկեղծ զինվորն ու մեր երկրի պաշտպանը զոհվել է ոչ թե Հայրենիքի համար կարեւոր առաջադրանք կատարելիս, որն ուղղակի անկարող էր չկատարել, այլ նրան ուղարկել են մահվան ինչ-որ անկիրթ ելուզակի հրամանով, տեր կանգնեք ձեր դատին։ Որ «ինչու, ինչի համար» հարցն անհասցե չմնա… Այն ժամանակ գուցե այս ամբարտավան, զարհուրելի անկարող իշխանությունը հասկանա, որ իրեն փոխարինող միշտ կգտնվի։ Իսկ Հայրենիքի ամեն հատիկ անկեղծ զինվորը փոխարինող չունի, անփոխարինելի է։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՊՐԱՀԱ «Առավոտ» օրաթերթ 25.11.2014

http://www.aravot.am/2015/12/24/642919/

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert