Թամար Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Ինչ բախտավոր աստղի տակ եք ծնվել, որ այսօր նախագահն եք աշխարհում ամենաներողամիտ, նաիվ, մի փոքր բանից խանդավառվող, քիչ բանով գոհացող, վտանգի պահին մի բռունցք դարձող, նահատակվող, մարտիրոսացող, միմյանց հասնող, միմյանց օգնող /հատկապես վտանգի պահին/ և էլի շատ ու շատ բարեմասնություններ ունեցող մի ազգի:

Ձեր կողքիններին ուզում եմ ասել, որ իրենց պարտքն է լինել ոչ թե ձե՛ր այլ պետության կողքին, էս երկրի կողքին, ինչպես էսօրվա նահատակված տղաները՝ ջահել, սիրուն,ազնվագույն աչքերով, ոնց որ հատուկ ընտրված, որ մարդ ավելի մղկտա: Այո՛, պարո՛ն նախագահ, այս երկիրը լավ երկիր է, քանի որ էդպիսի զավակներ ունի: Բա էդպիսի տղաների ապագան կարելի է՞ կասկածի տակ դնել սեփական Հայրենիքում, իրենց իսկ պաշտպանած հողի վրա, կարելի է՞ նրանց քվեն գողանալ կամ կեղծել, կարելի է՞ նրանց աշխատելու ու ընտանիք կազմելու հնարավորությունից զրկել սեփական հողի վրա: Թե դուք նրանց արժեքը հասկանում եք միայն այսպիսի պահերի: Կարելի է՞ նայել այն մարդկանց դեմքին, որ երկրորդ անգամ նույն ճակատամարտը մղելու էին գնում այս օրերին ու ասել «յա իրո՞ք», կարելի է նայել էդ ջահել տղաներին ծնող մայրերին ու ասել. «Ինչքան ուզենք, էնքան կխփենք»:

Պարոն նախագա՛հ, մենք ներողամիտ ազգ ենք, երևի ամենաքրիստոնյան բոլոր քրիստոնյաների մեջ, բայց չափից ավելի ներելն ու միամտորեն նորից հավատալը անխելքություն կլինի: Դուք նեղություն մի կրեք շնորհակալություն հայտնելու զինվորին իր քաջության համար, նրան շնորհակալ է պատմությունը ու պետությունը, իսկ դուք, բարեբախտաբար, ո՛չ մեկն եք, ո՛չ էլ մյուսը: Դուք ավելի լավ է՝ ներողություն խնդրեք: Այ, հենց սա էլ ուզում էի ասել ձեզ:

Սովորական հայուհի՝ Թամար Հովհաննիսյան

frunzik.com–ի ՖԲ էջից


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert