Վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մամուլին տված հարցազրույցում արտահայտել է մի անընդունելի համոզմունք, որ ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է կառավարություն:

Հարկ ենք համարում պրն. Փափազյանին իրականության դաշտ հրավիրել, հիշեցնելով, որ նա արտահայտել է միանգամից մի քանի ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր:

1. ՀՅԴ-ն սփյուռք չէ, և սփյուռքը ՀՅԴ չէ: Իրականում սփյուռքը բազմազան է, և որքան էլ որ ՀՅԴ-ն պատմականորեն սփյուռքում ունեցել իր կարևոր դերը և նշանակությունը, որը մենք ընդունում և հարգում ենք, այնուամենայնիվ չի կարելի նույնականացնել սփյուռքը և ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ընդամենը սփյուռքահայության մեկ մասն է, և դրանից ոչ ավելի: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ինչպես Դաշնակցության գործընկեր Հանրապետական կուսակցությունը Հայաստանն է մոնոպոլիզացրել, այնպես էլ ՀՅԴ-ն է սփյուռքը փորձում մոնոպոլիզացնել՝  իրեն ներկայացնելով որպես դրա միակ տերն ու տնօրենը:

2. ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը որևէ կերպ սփյուռքի ցանկությունների հետ կապ չունի: Այն պարզապես պայմանավորված է հայաստանյան ՀՅԴ վերնախավի իշխանական աթոռներ ձեռք բերելու պատեհապաշտությամբ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապօրինի ձևով իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը հարատևելու համար, և այդ ընթացքում հնարավոր ՀՀԿ ներքին և արտաքին մրցակցություններին դիմակայելու նպատակով, Սերժ Սարգսյանին հարկավոր են նոր դաշնակիցներ: Եվ այս դերում հայաստանյան դաշնակցական ղեկավարները տեսան իրենց՝ մոռանալով, որ իրենք այս նույն իշխանություններից հեռացել էին նրանց վարած հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման քաղաքականության պատճառով:

3. Երրորդ և ամենացավալի կեղծիքը այն է, որ պրն. Փափազյանը ՀՀ իշխանություններին ընդունում և ներկայացնում է որպես օրինական իշխանություններ, և հպարտանում է, որ իր կուսակցությունը դրա մաս է կազմում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել են ընտրակեղծիքների և արյան միջոցով, և շարունակում են իշխել ընտրակեղծիքների միջոցով: Դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեն, որը նույնպես ՀՅԴ-ն ներկայացնում է որպես հպարտության արժանի ձեռքբերում, ՀՀ պատմության մեջ ընտրակեղծարարության ամենախայտառակ դեպքերից մեկն էր:

Կեղծիքը, իշխանության ապօրինի զավթումը և դրան միանալը որևէ կերպ սփյուռքի հետ կապ չեն կարող ունենալ և սփյուռքի բարօրությանը չեն կարող նպաստել: Սփյուռքը երբեք չի ցանկացել և չի ցանկանա մաս կազմել ապօրինի, հանցագործ իշխանության, որը ոտնահարում է իրենց հայաստանյան եղբայրների և քույրերի իրավունքները և աղքատության է մատնում բնակչությանը:

Ափսոսանք ենք հայտնում՝ տեսնելով ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը, որը ընդունելի չէ ոչ սփյուռքում,  ոչ Հայստանում և ոչ էլ նույնիսկ շարքային ազնիվ դաշնակցականներից շատերի համար: Հարգելով հանդերձ սփյուռքում գործող ցանկացած կուսակցության և անհատի սեփական դիրքորոշումը, ՀՅԴ ղեկավարությանը առաջարկում ենք ՀՅԴ-ն չներկայացնել որպես սփյուռք և ՀՅԴ կուսակցական քարոզչությունը չներկայացնել որպես սփյուռքի դիրքորոշում:

Հարգանքներով՝

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպություն

www.armenianrenaissance.org

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert