– Քո կարծիքով, մեր երկրում կա՞ օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարություն:

–Եթե լիներ, ապա դու այսօր բանտում չէիր լինի։

hetq.am, Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գրավոր հարցերին պատասխանել է հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, կինոգետ, հայագետ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը

Բարի օր, հարգելի Արծվի:

Մենք հեռակա ծանոթացել ենք չորս տարի առաջ իմ առաջին՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի միջոցով: Հետո հանդիպեցինք իրական կյանքում, սակայն այս կլոր բանտում՝ նորից ֆիզիկական անազատության մեջ: Դու եկել էիր իմ գործով թիվ ու համրանք չունեցող դատավարություններին, որոնցով ցանկանում եմ հասնել 20 տարվա գործի վերաբացման: Գիտեմ, որ ծանոթացել ես նաև իմ քրեական գործի նյութերին: Միասին մենք նաև ստեղծագործական աշխատանք ենք արել. խմբագրել ես իմ գրքերը, նաև միասին թարգմանություններ ենք կատարել:

Գիտեմ, որ հեռավոր 90-ականներին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր, դու հնարավորություն ունեիր ապրել ու ստեղծագործել Շվեդիայում: Այնուամենայնիվ, վերադարձել ես Հայաստան: Այժմ մեծացնում ես չորս զավակ, որոնցից ավագը` Արեգը, այսօր ծառայում է Արցախում:

Հետաքրքրություններդ բազմազան են, բայց յուրաքանչյուր բնագավառում բերում են այն կետին, որ քո անձնվեր և բավական բարդ աշխատանքի արդյունքում ստեղծում ես տարբեր երկրներում հայության ներկայության պատմությունը: Դարերի խորքից գտնում ես ականավոր հայորդիների: Հայեր, ովքեր օտարերկրյա պետություններում իրենց նշանակալի ներդրումն են ունեցել դիվանագիտության, գրականության, կինոյի և այլ բնագավառներում` չմոռանալով այս կամ այն կերպ օգնել իրենց պատմական հայրենիքի զավակներին:

Քեզ հրավիրում եմ հարցազրույցի, որը, կարծում եմ, նույնքան բազմաշերտ կլինի, որքան քո հետաքրքրություններն ու գործունեությունը:

–Սիրով ընդունում եմ հրավերդ, Մհեր։ Արդեն չորս տարուց ավելի է, ինչ մտածում եմ քո և քեզ բախտակից մյուս հայրենակիցներիս ճակատագրի մասին և պատրաստ եմ անել ձեռքիցս եկող ամեն բան՝ ազդելու համար ձեր ճակատագրի վրա։ Եկել է պահը, պիտի ասեմ. երբ նոր էի իմացել քո գործի մասին, ես էլ շատերի պես թերահավատ էի, ինձ մոտ էլ առաջանում էին անպատասխան մնացող հարցեր, քանի որ կային շատ հարցականներ և շրջանառվող լուրեր, որոնք չէին կարող չազդել գործից անտեղյակ մարդու վրա։ Սակայն երբ մի առիթով գնացինք դատախազություն և այնտեղ առիթ ստեղծվեց ծանոթացալ քո քրեական գործի նյութերին, արդեն ամեն ինչ պարզ դարձավ։ Այնպես որ թերահավատ յուրաքանչյուր ոք թող չշտապի եզրակացություններ կատարել՝ առանց անձամբ ծանոթանալու քո այդ չարաբաստիկ գործին, որի «սարքված» բնույթը և առկա սխալներն այնքան ակնհայտ են, որ դրանք հասկանալու համար պետք չէ իրավաբան լինել։ Եվ որպես քաղաքացի մեր պահանջը մեկն է՝ գործի վերաբացում և արդար դատաքննություն, ինչը, ավաղ, անսխալականության բարդույթով օժտված մեր արդարադատությանն այսօր ձեռնտու չէ։

– Քո կարծիքով, մեր երկրում կա՞ օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարություն:

Եթե լիներ, ապա դու այսօր բանտում չէիր լինի։ Վերջին տարիներին տեղեկանում ենք, թե ինչպես են որոշ, իրենց խոսքով ասած, «կռիշ» ունեցողներ օրը ցերեկով հանցագործություն կատարում ու մնում են անպատիժ, թղթերում ձևակերպվում է, որ նրանք, օրինակ, ինքնապաշտպանվել են: Այսինքն, մեկը կարող է 100 ապացույցով հիմնավորվող հանցանքի մեջ մեղադրվել, բայց անպատիժ մնալ, իսկ մյուսի հանցանքը կարող են, իբր, ապացուցված համարել մեկ ցուցմունքով ու պատժել: Այս ամենը տեսնելով` հասկանում ես, որ օրենքները կիրառվում են ընտրովի, նայած, թե որքան արտոնյալ կամ ոչ արտոնյալ է քաղաքացին։

– Հայաստանում քեզ զգո՞ւմ ես ազատ ու պաշտպանված:

–Կզգայի, եթե ունենայի բարձր հովանավորներ, եթե տեսնեի, որ արդարադատության նժարը շուռ չեն տալիս ուժեղի, հարուստի կողմը։ Պատմեմ, թե երբ առաջին անգամ անձամբ համոզվեցի այս հարցում։ Տարիներ առաջ իմ մոտիկ ազգականը կենցաղային հողի վրա վիճեց իր հարևանի հետ, նրանից ծեծուջարդ կերավ ու ընկավ հիվանդանոց։ Բնականաբար, գործ հարուցվեց, սակայն գործը երկար ժամանակ տեղից չէր շարժվում։ Այն ժամանակ չէինք հասկանում, թե ինչու ընթացք չի տրվում գործին, չէ՞ որ ամեն ինչ ակնհայտ էր. մի մարդ անգթորեն ծեծել է մյուսին, պատճառել է ծանր մարմնական վնասվածք, ուստիև պիտի համապատասխան պատիժը ստանա։ Սակայն դա վերաբերում է արդարադատության քիչ թե շատ կարգավորված համակարգ ունեցող երկրներին, մինչդեռ մեզ մոտ, ինչպես հետո պարզվեց, սպասում էին, թե որ կողմն իրենց ավելի շատ «կկերակրի», որպեսզի նրա օգտին էլ հարցը լուծեն։ Այդ ժամանակ ես հասկացա, որ մեր արդարադատության համակարգում մի բան այն չէ։ Համոզմունքս ավելի խորացավ, երբ խորհրդավոր հանգամանքներում մահացավ մեր ընկերուհիներից Լիլիթ Գուլյանի եղբայրը` Լևոն Գուլյանը (պատճառը մինչ օրս չի բացահայտվում), նրա դին հայտնաբերվել էր ոստիկանության շենքի բակում: Եվ երբ դրա դեմ խաղաղ բողոքի կամ մոմավառության էինք ելնում, ոստիկանությունը մեզ պատասխանում էր ցինիզմով և սպառնալիքներով։ Դե իսկ նման պայմաններում ինչպե՞ս կարող է մարդ իրեն ազատ ու պաշտպանված զգալ։

– Վերջին տարիներին մասնակցում էիր տարբեր քաղաքացիական շարժումների: Հետևում եմ լուրերին, բայց տեսնում եմ, որ փոքր խմբեր են պայքարում անարդարությունների դեմ: Ի՞նչն է պատճառը քո կարծիքով:

–Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ անկախության պայմաններում ամեն ինչ արվեց, որպեսզի մարդ զբաղվի միմիայն հանապազoրյա հացը հոգալով ու ժամանակ և տրամադրություն չունենա պայքարելու իր իրավունքների համար։ Հետո՝ մենք շատ հեռու ենք քաղաքացիական հասարակություն լինելուց։ Հայաստանում գործող միջազգային ինչ-որ կասկածելի կազմակերպություններ տասնամյակներ շարունակ, իբր, նվիրված են քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործին, մինչդեռ, իմ համոզմամբ, դրամաշնորհների միջոցով չէ, որ պիտի այդ նպատակին հասնել, այլ համապատասխան կրթական ու մշակութային քաղաքականության։ Հետո՝ անարդարությունների դեմ պայքարում է սրտացավ մարդը, մինչդեռ դարեր շարունակ մեր մեջ արմատավորվել է անտարբերությունը կողքինի հանդեպ։ Սրա ապացույցն է այն, որ մերոնք մաքուր են պահում միայն իրենց տունը, իսկ տնից դուրս կարող են հանդուրժել ամեն տեսակ փնթիություն։ Իմ տեղը տաք լինի՝ մնացածի մասին ես չեմ մտածում։ Կողքի գյուղում կոտորած է՝ ոչինչ, հուսանք, որ մեր գյուղին դա չի հասնի։ Մինչդեռ ինչպես դիպուկ ձևակերպել է Ժան-Ժակ Ռուսոն, «Մեկի հանդեպ գործված անարդարությունը սպառնալիք է մյուսների համար»։

– Արվեստագետի, մտավորական մարդու ձայնը, քո կարծիքով, լսելի՞ է իշխանությունների համար:

–Բացարձակապե՛ս։ Իշխանություններին ձեռնտու չէ ձայն ունեցող մտավորականը։ Քանի՞ անգամ ենք իշխանություններին ներկայացրել արվեստագետների ու մտավորականների ստորագրություններ՝ քո գործը վերանայելու խնդրանքով կամ Վարդան Պետրոսյանի գործով։ Եվ ի՞նչ։ Ձայն բարբառո յանապատի։ Իշխանություններին միշտ էլ ձեռնտու է գիտությամբ կամ մշակույթով զբաղվող մարդու այն տեսակը, որը պարում է իր դուդուկի տակ ու երբեք ոչնչից չի բողոքում՝ վախենալով զրկվել իր բաժին տաք անկյունից։ Ինձ համար նման մարդիկ ո՛չ մտավորական են, ո՛չ արվեստագետ։

– Դու լինում ես եվրոպական տարբեր երկրներում, շփվում ես եվրոպացիների հետ, ունես օտարերկրացի բազմաթիվ ընկերներ: Մարդու իրավունքների պաշտպանության առումով ինչպիսի՞ վիճակ ես տեսնում դրսում, նաև ի՞նչ տարբերություններ ես նկատում մեր ու եվրոպական հասարակությունների միջև իրենց իրավունքները պաշտպանելու հարցում:

–Գիտե՞ս, Մհեր, վերջին տարիներին պարտադրյալ ռուսամետության պատճառով  աշխատում են մեզ Եվրոպան ներկայացնել որպես մի սոսկալի բոբո, որ, իբր, այն կործանվում է, որ, իբր, այնտեղ տիրում է համատարած այլասերվածություն և անկում։ Ցավոք, դրան նպաստել են նաև մեր հայրենակիցներից շատերի կողմից արևմտյան աշխարհի որոշ մակերեսային կապկումները, որոնք, ինչ խոսք, խորթ են մեզ։ Սակայն դա չի նշանակում, թե Եվրոպայից մենք լավ բաներ չունենք սովորելու։ Առաջին հերթին՝ հենց մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Միայն այն փաստը, որ Արևմուտքում (նաև Ճապոնիայում) արդարադատությունը միշտ բաց է՝ վերանայելու իր անցյալը և հարկ եղած դեպքում շտկելու առկա սխալները, ամեն ինչ ասում է։ Գրեթե ամեն շաբաթ կարդում ենք մեզ բոբո ներկայացվող եվրոպաներում և ամերիկաներում հանիրավի դատապարտված և տասնյակ տարիներ անց ազատ արձակված բանտարկյալների վերաբերյալ։ Իսկ մեզ մոտ մինչև հիմա որևիցե դատական սխալ խոստովանե՞լ են։ Մի անգամ կարդացի, որ երկու տարի անց պարզել են, որ սպանության մեջ մեղադրվող անձն անմեղ է, բայց նրան ազատելուց առաջ վրան թմրանյութի գործ են սարքել, որպեսզի արդարացնեն իրենց կողմից մարդուն երկու տարի նստեցնելը։ Նման բան անհնար է եվրոպական երկրներում, լինելու դեպքում էլ իրենք կփոխհատուցեին՝ մարդու կյանքից խլած տարիների համար։ Ամոթ էլ է, դարեր շարունակ դեպի եվրոպական քաղաքակրթություն ձգտող և առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը իր երկրում ոչ մի անգամ համաներում չի անում։ Իսկ Ադրբեջանում շուտով բանտից ազատելու են 3500 դատապարտյալ։ Մեծ հանճար չպետք է լինել՝ հասկանալու համար, թե ուր կուղարկեն նրանց։ Իսկ մեր բանտերում պիտի մնան մարդիկ, որոնց մի մասը, ըստ հայտնի փաստաբան Ռշտունու, կրում են չափազանցված պատիժ և կամ բոլորովին անմեղ են։

– Սահմանադրական փոփոխություններով գրեթե բոլոր իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման նպատակով: Նաև տեղ-տեղ պետություն բառը փոխարինվել է հանրային իշխանություն ձևակերպմամբ: Որևէ խնդիր չէի տեսնի դրա մեջ, եթե պաշտպանության պարտականությունը չվերապահվեր հանրային իշխանությանը, իսկ, օրինակ, ընդերքն ու ջրային ռեսուրսները չհամարվեին պետության բացառիկ սեփականություն: Ինչպիսի՞նն է քո կարծիքն այս ամենի մասին:

–Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում կատարվող յուրաքանչյուր սահմանադրական փոփոխություն, ընդունված յուրաքանչյուր օրենք ծառայում է իշխանությունների, նրանց խնամի-ծանոթ-բարեկամների պաշտպանվածությունն ու արտոնյալությունը պահպանելու «սուրբ» գործին։ Երբ բնապահպաններով պայքարում էինք այս կամ այն անտառը չսպանելու համար, մեզ իշխանություններն անվանում էին գրանտակեր դավաճան՝ ասելով, որ իբր դրանք հանրային հարստություն են, որոնց շահագործումը ծառայելու է յուրաքանչյուրիս բարօրությանը։ Մինչդեռ ժողովուրդը շարունակում է դառը դատել, դատարկ նստել, քանի որ պետության բացառիկ սեփականությունից օգտվում են միայն պետական այրերը ու նրանց շրջապատը։

Մի հարց էլ կինոյից. բազմիցս դիտել եմ «Խոշոր շահում», «Կտոր մը երկինք», «Խնձորի այգին», «Թթենին» հայկական ֆիլմերը: Ըստ քեզ, այսօր մենք ունե՞նք նման մոգական ազդեցությամբ ֆիլմեր:

–Համաձայն չեմ, թե այդ ֆիլմերի ազդեցությունը մոգական է, բայց, ցավոք, այսօր գոնե ա՛յդ մակարդակի խաղարկային կինոնկարներ չունենք։ Մեր խաղարկային կինոյին այսօր լիարժեք ֆինանսավորումից զատ շատ պակասում են մի կողմից ռեժիսորական վառ անհատականությունները,  մյուս կողմից՝ գոնե անհավակնոտությունը։ Սակայն, ի տարբերություն, ասենք, հինգ տարի առաջվա, որոշ դրական տեղաշարժեր տեսնում եմ մեր այսօրվա խաղարկային կինոյում։ Տա Աստված, որ կրկին պատրանքաթափ չլինեմ։

Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար: Արեգին և բոլոր զինվոր տղերքին անփորձանք ծառայություն, մեր Հայրենիքին էլ խաղաղություն:

Ամուր սեղմում եմ ձեռքդ:

Արծվի Բախչինյանի լուսանկարները՝ նրա անձնական արխիվից

hetq.am/arm/news/68234/artsvi-bakhchinyan

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert