«Առաջին լրատվական»-ը զրուցել է Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, սփյուռքագետ Հրաչ Չիլինկիրյանի հետ:

Պարոն Չիլինկիրյան, Ձեր կարծիքով՝ հուլիսի 17-ին Երևանի սրտում սկսված իրադարձությունները ի՞նչ էին, ինչի՞ հետևանք էին։

– Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում, սկզբում ունենալով դրական զարգացումներ, հետագայում շատ բացասական և ոչ նպաստավոր զարգացումներ ունեցավ ինչպես ներքին կյանքում, այնպես էլ արտաքին աշխարհում։ Ներքին կյանքում հատկանշական են ոչ արդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու այլ բազում հարցեր։ Եվ այսօր, ինչպես տեսնում ենք, Հայաստանում շարունակվում են այդ բացասական երևույթները։ Տեղի ունեցած իրադարձությունները թերևս այնքան էլ անսպասելի չէին։  Սա նշանակում է, որ 25 տարվա ընթացքում չենք կարողացել  կառուցել այնպիսի երկիր, որ այդ անկախության 25-ամյակը հպարտությամբ տոնենք։ Սա բոլորիս համար մեծ ցավ է և մեծ բացասական երևույթ։

Անցած տարի համազգային մակարդակով անցկացրեցինք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ, որոնցից հարկ է հիշել կարևորագույններից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական մրցանակը, որով փորձ արվեց Հայաստանը ներկայացնել մարդասիրական գաղափարների, մարդասիրական շարժման երկիր։ Եվ ահավասիկ այսօր, երբ Հայաստանում նման իրադարձություններ են տեղի ունենում, մենք հասկանում ենք, որ մեր երկրում այնքան էլ չեն պաշտպանվում մարդու իրավունքները։

– Պարոն Չիլինկիրյան, Դուք խոսեցիք մեր նորագույն պատմության 25 տարիների բացթողումների մասին, բայց այսօր համատարած անվստահություն կա ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմադիր քաղաքական հատվածի նկատմամբ։ Տեղի ունեցածն, ըստ էության, քաղաքական համակարգի իսպառ չգոյության հետևանք է։  Տարբեր փորձագետերի կարծիքով՝ գործի դրվեցին զենքերը, քանի որ խոսքերն այլևս ասելիք չունեին և օգտակար չէին ստեղծված վիճակում։

– Այո, պետք է նաև նկատի ունենալ, որ այսօր ամբողջ աշխարհում փոխվել են ժամանակները։ Վերջին տասը տարիների ընթացքում փոխվել են քաղաքական պայքարի ձևերը, շարժումները։ Մենք, կարծես, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեծ մասամբ տակավին բավական հնացած մոտեցումներով ենք գործում։ Այսօր կա նոր սերունդ՝ Հայաստանի անկախությունից հետո, որի մտածողությունը այլ է, կան նոր տեխնոլոգիաներ, որոնք մարդուն հնարավորություն են  տալիս  տեղեկություններ ստանալ՝ մինչ պաշտոնական հաղորդագրությունները։ Այսինքն՝ մի կողմից՝ կան նոր հասարակական դրսևորումներ, որոնք տեղի են ունենում ընդհանուր աշխարհի փոփոխությունների ֆոնին, մյուս կողմից՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ, այնուամենայնիվ, զենքով գործողությունները Հայաստանում  վայելում են հասարակության աջակցությունը։ Սա հետաքրքրական է, քանի որ աշխարհում մարդիկ դատապարտում են,  դեմ են զենքով ուժի կիրառմանը։ Բայց Հայաստանում դա հավանության է արժանանում, ինչը նշանակում է, որ մարդիկ այնքան հոգնած են, որ նույնիսկ նման քայլերն են գովելի համարվում, իսկ երբեմն էլ՝ անհրաժեշտ։ Մենք այսօր ազգովի այնպիսի սահմանագծի վրա ենք, որ այլևս հնարավոր չէ խոսքերով, խոստումներով լուծել մեր ազգային խնդիրները։ Պետք է հավաքական մոտեցումով պաշտպանվեն Հայաստանի քաղաքացին և նրա հիմնարար իրավունքները։

– Մենք մշտապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ տեսել ենք Սփյուռքի բավական կրավորական կեցվածքը։ Սփյուռքը մշտապես իրեն դուրս է դրել Հայաստանի ներքին հարցերին միջամտելուց։ Հայաստանը մշտապես հույս է ունեցել, որ Սփյուռքը կմիջամտի, զորավիգ կլինի իր ներքին հարցերին։ Դա եղել է հատկապես 2008 թվականին, երբ Սփյուռքը և Հայոց եկեղեցին ժողովրդի կողքին կանգնելու փոխարեն՝ կանգնեցին իշխանության կողքին։ Դրան հաջորդեցին այլ իրադարձություններ, բայց բոլոր դեպքերում էլ Սփյուռքին Հայաստանի ներքի կյանքին խառնելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվել։ Արսինե Խանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը կարծես թե արմատապես փոխեց վիճակը, և Սփյուռքը կարծես թե այս անգամ  «Սասնա ծռերի» հետ տեղի ունեցածը բավական գրգռված ընդունեց. Սփյուռքի տարբեր համայնքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»։ Եթե փորձենք ի մի բերել այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, և հաշվի առնել այն հանգամանքը, որ տղաների մեջ կային նաև Սփյուռքի ներկայացուցիչներ, կարո՞ղ ենք ասել, թե ինչպես կարող է Սփյուռքը ներգրավվել այս թնջուկի և Հայաստանի համար օրախնդիր հարցերի լուծման  գործին։

– Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Պետք է նախ՝ ավելի մանրամանել, թե Սփյուռք ասելով ինչ ենք հասկանում։ Այս երկու շաբաթների ընթացքում շատ է խոսվում, որ Սփյուռքը պետք է նեցուկ կանգնի, իր ձայնը բարձրացնի։ Բայց պետք է հստակեցնել, թե ինչ է Սփյուռքը։ Սփյուռքը պետություն չէ, միահամուռ կառույց չէ։ Այսօր մենք խոսում ենք Սփյուռքի մասին, բայց շատ ընդհանուր պատկերացումներով։ Պետք է ավելի ճշգրիտ ձևով բնորոշել, թե ինչ նկատի ունենք՝ Սփյուռք ասելով։ Մի կողմից կարող եմ ասել, որ Սփյուռքը մասնակցել և հիմա էլ մասնակցում է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ նեցուկ կանգնելով։ Վերջին այդ դեպքերի մեջ, ինչպես դուք նշեցիք, ներգրավված էին նաև սփյուռքահայեր։ Հիմնական դեմքերը՝ Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը և այլք, սփյուռքահայեր են։ Հետևաբար այնպես չէ, որ Սփյուռքը լրիվ դուրս է Հայաստանի ներքաղաքական կյանքից։ Բայց խնդիրն այլ է. կրկնում եմ՝ պետք է ավելի ճշգրիտ ձևով խոսել Սփյուռքի, Սփյուռքի ներկայացուցիչների մասին։

– Կնշե՞ք, թե Սփյուռքի ո՞ր հատվածը կարող է միջամտել Հայաստանի ներքին հարցերին։ Եկեղեցի՞ն պետք է միջամտի, քաղաքական կուսակցություննե՞րը, թե՞ սրանից դուրս մի հատված, որի համար Հայաստանի ներքին խնդիրները, մարդու իրավունքները շատ ավելի կարևոր հարցեր կլինեն, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը։

– Այսօր ես, որ Սփյուռքի կյանքը երկար տարիներ ուսումնասիրել եմ,  կարող եմ ասել, որ Սփյուռք ասելով՝ պետք է հասկանալ 500 մարդ։ Սփյուռքը 500 հոգի է։ Չկարծեք, որ 6-7-8 միլիոն հայության մասին է խոսքը։ Պետք է մեր քննարկումների առանցքում լինի ղեկավարության խնդիրը։ Այսօր մենք Սփյուռքում ունենք ղեկավարներ, բայց չունենք ղեկավարություն։ Մարդիկ պաշտոններ, աթոռներ են զբաղեցնում, բայց միահամուռ, մտածված, համագործակցված քաղաքականություն չկա։ Յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր կառույց իր ղեկավարների հետ առանձին է զբաղվում այդ հարցերով։ Բայց ընդհանուր հարցերի լուծում փնտրող անձինք բացակայում են։ Այսօր Սփյուռքում էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Չկարծեք, թե Սփյուռքը Արևմուտքում է,  և ուրեմն խնդիրներ չկան։ Այսօր Սփյուռքի կառույցները այնքան էլ ժողովրդավարական չեն։ Այս անցնող 25 տարիների ընթացքում Սփյուռքը «հայաստանացավ»։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները փորձեցին Սփյուռքի բոլոր կառույցները իրենց շահերի համար ծառայեցնել։ Եվ Սփյուռքի այդ կառույցների ղեկավարները շատ տարված, զգացական  ձևով ենթարկվեցին այդ ճնշմանը։ Սփյուռքի «հայաստանացման» այդ գործընթացում դերակատարություն ունեցան երեք հիմնական կառույցներ՝ հատկապես Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, հայ ավանդական կուսակցությունները և բարեգործական ու մշակութային կազմակերպույուններ։ Այս բոլորը այս տարիների ընթացքում մեծ մասամբ ենթարկվեցին տարբեր ազդեցությունների։

– Սփյուռք ասելով՝ նկատի ունեք նաև հետխորհրդայի՞ն տարածքը։ Նկատի ունեք նաև այն հսկա դրամական հոսքերը, որոնք մենք ունենք հայ մեծահարուստներից, ովքեր ոչ միայն քաղաքական, այլև ազգակցական շղթաներով են կապված հայաստանյան իշխանություններին։ Եվ նաև արևմտյան՝ ավանդակա՞ն Սփյուռքը։ Ինչպես պետք է տարանջատենք նրանց։ Այդ 500-ի մեջ նկատի ունեք նաև նրա՞նց, թե՞ ոչ։

– Այո, հավանաբար ղեկավարները կան։ Իմ նշած այդ թիվն գիտական տվյալ չէ։ Բայց եթե փորձենք Սփյուռքի ազդեցիկ մարդկանց  և կազմակերպությունների ղեկավարների ցանկ կազմել, հազիվ 500 մարդու մասին լինի խոսքը: Պետք է ընդունենք, որ Սփյուռքի մասին խոսելիս պետք է  հոգնակիով խոսել։ Մենք այսօր ունենք սփյուռքեր տարածված բազմաթիվ երկրներում և տարբեր պայմաների մեջ ապրող: Եվ հետո՝ երբ  նայում ենք Հայաստանի քաղաքական դաշտին, ապա նկատում ենք, որ Սփյուռքում քաղաքական գործունեություն ծավալողները մեծ մասամբ Հայաստանի Սփյուռքն է, ոչ թե, այսպես ասած, ավանդական Սփյուռքը, որը ավելի ընդհանրական մոտեցում ունի Հայաստանի նկատմամբ։ Այսօր եթե Հայաստանից 1 միլիոնից ավելի է հեռացել, ապա սա արդեն լուրջ Սփյուռք է Հայաստանի համար։ Սա մեկ անգամ ևս գալիս է փաստելու, որ Սփյուռքը բազմակողմանի է, որից ավելի քաղաքականացվածը Հայաստանի Սփյուռքն է։ Իսկ ավանդական Սփյուռքը մեծապես զբաղված է Ցեղասպանության ճանաչման հարցով։ Իմ կարծիքով՝ այսօր մեր ընդհանուր ազգային կյանքի մեջ պակասում է երեք կարևոր խմբերի անհրաժեշտ մեկտեղումը՝ (ա) մտավորականության, (բ) կառույցների ղեկավարների և (գ)  մարդկանց ովքեր մեծ հնարավորություն կամ նյութական միջոցներ կամ կարողություներ ունեն։ Այս երեք խմբավորումները պետք է համագործակցեն իրար հետ, որպեսի ազգային գաղափարախոսություն ու  քաղաքականությունը հստակեցվի ։ Այսինքն՝ մենք մեր ազգային առաջնահերթությունները պետք է միասնաբար քննարկենք և ճշտենք, քանի որ այսօրվա աշխարհում խնդիրները համալիր լուծում են պահանջում։

– Պարոն Չիլինկիրյան, նախաձեռնություն սպասե՞նք Սփյուռքից, թե՞ այդ նախաձեռնությունը պետք է լինի Երևանից՝ պաշտոնական մակարդակով կամ քաղաքացիական սեկտորից՝ առաջարկելու, որպեսզի Սփյուռքը մասնակցի իր ներքին կյանքին։ Պետք է սպասել հրավերների՞, թե՞ այսօրվա իրադարձությունները չպետք է սպասեն հրավերների։

– Ինչպես նշեցի, Սփյուռքը պետություն չէ, ոչ էլ միահամուռ կառույց:  Բայց, Հայաստանը որպես պետություն շատ ավելի միջոցներ, հնարավորություններ և լծակներ ունի քան նույնիսկ ամենամեծ սփյուռքյան համայնքը: Մինչև հիմա Սփյուռքի նախաձեռնությունները, քաղաքական իմաստով, խոսքից ու բողոքից անդին  չի անցել:  Երկու տասնյակ տարիներ սփյուռքի աչքի առաջ մարդիկ քննադատություններ, բողոքներ և նամակներ են գրել, բայց հիմնական խնդիրները լուծված չեն:  Օրինակ՝ Շառլ Ազնավորը տարիներով բացեիբաց քննադատել է Հայաստանի իշխանություններին և իրավիճակը, բայց իր քննադատությունները լսելի չեն եղել իշխանությունների կողմից,  հակառակ Ազնավորի հանրային հայտարարություններին: Ավելին, իբր ՀՀ դեսպան՝թերևս ակնկալելի էր որ Ազնավորի խոսքերը ավելի ազդեցիկ էին կամ պետք է տեղ հասնեին: Բայց ոչ: Մի շարք  հանրահայտ արվեստագետներ նաև անցող տարիներին բողոքներ են ներկայացրել, բայց առանց դրական արդյունքի:  Սփյուռքը, մանավանդ ղեկավար դեմքերը, խոսքից գործնականի անցնելու համար անհրաժեշտորեն պետք է կառույցներ կամ գործընթացներ ստեղծի և հեռանկարային մոտեցումով լուրջ աշխատանք տանի: Խոսքերն ու անհատները մեծ ուժ չեն ներկայացնում, բայց կազմակերպ, լուրջ տեսիլքով ու անհրաժեշտ միջոցներ ունեցող կառույցները կարող են հավաքական կամքը կենսագործել:

Հայաստանի ներքաղաքական հարցերում առավել արդյունավետ կարող է ներգրավվել «հայաստանյան» սփյուռքը

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert