Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Norkhosq.net-ը զրուցել է քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

«22 տարվա ընթացքում եղել է երկու մոտեցում»

-Պարո՛ն Սարգսյան, 1994թ-ի զինադադարի պայմանագրից հետո՝ շուրջ 20 տարի է՝ Հայաստանը բանակցությունների մեջ է: Որպես բանակցող կողմ՝ ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք:

– Արդյունքին պետք է նայենք: 22 տարվա արդյունքում մենք ունեցանք այն, որ ապրիլին պատերազմը վերսկսվեց: Դա ցույց է տալիս, որ էական արդյունք չունենք. Հայաստանն ու Ղարաբաղը նոր վտանգի տակ են հայտնվել:  Մինչ այդ մենք կարող էինք պնդել, որ 20 տարուց ավելի բանակցային պրոցեսն ապահովում է գոնե ստասուս քվո եւ խաղաղություն: Բայց պարզվեց, որ դա այդպես չէ: Դա նշանակում է, որ այն մոտեցումները, որ եղել են, խոցելի էին: Ինչո՞ւ, որովհետեւ մի փոքր թերագնահատվում էին այդ խնդրի էությունը, կողմերի մոտեցումները… Անընդհատ խոսվում էր նրանից, որ Մինսկի խմբի հովանու ներքո կարելի է հասնել փոխզիջումային տարբերակի… Բայց մի բան ոչ ոք հաշվի չէր առնում, որ 22 տարվա մեջ Ադրբեջանը երբեք չի ասել, որ ինքը փոխզիջումային տարբերակով համաձայն է այս խնդիրը լուծել: Եվ պարզ չի, թե ինչու էր հայկական կողմն անընդհատ պնդում դա:

Ես կարծում եմ, որ այս 22 տարվա ընթացքում 2 մոտեցում է եղել. մի մոտեցումն այն է, որ Մադրիդյան սկզբունքները թույլ էին տալիս ուղղակի ձգձգել իրավիճակը՝ հասկանալով, որ Ադրբեջանը երբեւէ համաձայնությունը չի տալու: Այսինքն՝ ոչ թե խնդիրը լուծելու ճանապարհով էին գնում, այլ՝ ձգձգելու, հույս ունենալով, որ պատերազմ չի լինի: Մինչ այդ եղել է մեկ այլ մոտեցում, որի մասին հիմա ավելի շատ է խոսվում, քան 90-ականներին՝ ինչ-որ ձեւով ազատվել այդ խնդրից՝ թողնել Ադրբեջանի կազմում:

91թ-ին, երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, եւ Սովետական միությունը քայքայվեց, ստեղծվեց ԱՊՀ կազմակերպությունը, դեկտեմբերի 25-ին պայմանագիր ստորագրվեց: Երբ մենք նայում ենք այդ փաստաթղթերը, տեսնում ենք, որ իմ նշած երկրորդ տարբերակն այնտեղ ամրագրված է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը, գոյություն ունեցող սահմանները՝ որեւէ կերպ չնշելով, որ գոյություն ունի Ղարաբաղի խնդիր: Սա ցույց  է տալիս, որ այն ժամանակ՝ 91թ-ի իշխող ուժը հույս էր կապում, որ սա էլ է լուծում: Բայց 92թ-ին եղավ պատերազմ: Ադրբեջանը բոլորի կողմից ճանաչվեց եւ իրավունք ստացավ օրինական ուժ կիրառելու, փորձեց կիրառել ու պարտվեց: Փաստորեն՝ տարածքն անցավ հայկական հսկողության տակ, բայց իրավունքները մնացին Ադրբեջանին:

-Այսինքն՝ մեր իշխանություններն այն ժամանակ չէի՞ն հաշվարկել, որ Ղարաբաղի ազատագրման հարց կարող է առաջ գալ:

-Գիտե՞ք, դա կարելի այդ մարդկանց հարցնել: Իրականությունն այն է, որ սկզբում դու այդ իրավունքները զիջում ես Ադրբեջանին, հետո նա ագրեսիա է անում, պարտվում է, բայց պարտվելուց հետո որեւէ բան չի փոխվում, որեւէ այլ պայմանագիր չի կնքվում, բացի 94-95թթ զինադադարի պայմանագրերից, որտեղ իրավունքների հետ կապված ոչ մի բան չկա: Այդ պայմանագրերի օբյեկտիվ կողմն այն էր, որ Ղարաբաղն իր ստորագրությունը դրել է դրանց տակ, սուբյեկտ է դարձել, որից հետո ծագել է Ղարաբաղի ստատուսի խնդիր, այսինքն՝ միջազգային հանրությունն ընդունել է, որ գոյություն ունի Ղարաբաղի ապագա ստատուսը ճշտելու խնդիր: Գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Արեւմտյան երկրները, Մինսկի խումբն ընդունում են, որ գոյություն ունի ստատուսի խնդիր, բայց այս ամենը՝ Ադրբեջանի տարածքում: Երբ ստեղծվեց Մինսկի խումբը, այնտեղ շարադրվեցին, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիր. 1-ին հերթին՝ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի փախստականների խնդիր, ինչ-որ տարածքների խնդիր, եւ Լեռնային Ղարաբաղի հայերի ստատուսի խնդիր: Դրանից հետո որեւէ բան չի փոխվել:

«Պահեր կային, երբ դա ուղղակի ծիծաղելի էր»

-Այս տարիների ընթացքում մեր դիվանագիտական դիրքերն ինչպիսի՞ն են եղել:

-Եթե դուք ճանաչում եք Մինսկի խմբի ներկայացրած բանաձեւը, նշանակում է՝ դուք այդ բանաձեւի շրջանակներում էլ շարունակում եք բանակցել: Անընդհատ խնդիր էր ծագում, որ պետք է փոխել մոտեցումը՝ հենց 92թ-ից, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը… Եթե մի երկիր՝ Հայաստանը, որ ՄԱԿ-ի անդամ է, ճանաչում է, դա արդեն կասակծի տակ է դնում Ադրբեջանի իրավունքը, իրավունքների վեճ է առաջ բերում: Բայց այդ քայլին որեւէ մեկը չի գնացել տարբեր փաստարկներով՝ վտանգավոր է, մենք կմեկուսանանք միջազգային ասպարեզում, կռիվ կլինի… Բայց պահեր կային, երբ դա ուղղակի ծիծաղելի էր: Օրինակ՝ 94թ-ին, երբ դրա մասին խոսվում էր, Ադրբեջանի Հանրապետություն գոյություն չուներ, ջարդված-փշրված բանակ էր: Անգամ այդ ժամանակ մարդիկ ասում էին՝ դե ո՞նց կարելի է ճանաչել…

Մինչդեռ դա մոտեցում էր, որի հիմքում իրավունքների վերանայման հարցն էր. հնարավոր չի իրավուքներն անընդհատ Ադրբեջանի ձեռքին թողնելով՝ բանակցել: Ինչի՞ շուրջ բանակցես: Հայաստանը բանակցելու որեւէ բան չի ունեցել եւ հիմա էլ չունի: Միայն ապրիլյան պատերազմից հետո, այն էլ միջազգային մեծ փոփոխությունների շնորհիվ, մի էլեմենտ մտավ. դա այն է, որ ամբողջ միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ Մինսկի խումբը եւ ՄԱԿ-ը, պնդեցին, որ Ղարաբաղյան խնդրի իրավական հիմքը 94 եւ 95թթ-ի պայմանագրերն են: Սա էական հանգամանք էր, որովեհետւ թույլ է տալիս վերանայել բանակցային սկզբունքները, դիրքորոշումները: Ինչու՞, որովհետեւ Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագիրը եւ պիտի հետեւի այդ պայմանագին: Եթե դուք զինադադարի պայմանագիր եք խախտում, դուք միջազգային իրավունք եք խախտում. դա թույլ է տալիս Հայաստանին պնդել, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչ ապրիլի 1-ն ունեցած դիրքերը: Ադրբեջանը չի վերադառնում: Այս դեպքում Ղարաբաղի բանակն ուժ կկիրառի, թե կբանակցի Ադրբեջանի հետ, որ նա խաղաղ ձեւով վերականգնի նախկին դիրքերը, սա պետք է լինի բանակցությունների թեման: Ուրիշ որեւէ բանակցային թեմա Հայաստանն ու Ղարաբաղը չունեն Ադրբեջանի հետ:

Ապրիլյան պատերազմից հետո մի պահ խոսվում էր դրա մասին, բայց Հայաստանը նորից հետ քաշվեց: Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եղած պայմանավորվածություններն էլ, փաստորեն, Ադրբեջանը չկատարեց: Ադրբեջանի կողմից դա նորություն չի, ամբողջ 22 տարի Ադրբեջանը նույն քաղաքականությունն է վարում՝ պաշտպանել այդ իրավունքները: Նրանց համար գերխնդիրը դա է՝ երբեք որեւէ բան չստորագրել,  ոչ մի իրավունք չզիջել Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանը տարածքը կորցրել է: Հայկական կողմը որեւէ դիրքորոշում չունի՝ ո՛չ եղել է, ո՛չ էլ կա: Միակ դիրքրոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումն է՝ «մենք հռչակել ենք անկախություն, սա մեր իրավունքն է, եւ մենք առաջարկում ենք մեզ ճանաչել»: Դրա դեմ ոչ ոք չի կարող խոսել, ուղղակի լռում են բոլորը:

«Մեր իշխանություններն անկախ չեն, մի քայլի գնալուց առաջ հազար տեղ հարցուփորձ են անում»

-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը նաեւ ապրիլից հետո առաջ քաշվեց, բայց դարձյալ հետեւողական չգտվեցինք: Ինչո՞ւ:

-Մեր իշխանություններն անկախ չեն, մի քայլի գնալուց առաջ հազար տեղ հարցուփորձ են անում, տեսնեն՝ էս մեկի շահին կխփի, չի խփի, եւ բոլոր տեղերից էլ շանտաժ ես ստանում, որ վատ կլինի… Եվ ամենակարեւորը՝ չհասկանալն է, մարդիկ չեն հասկանում դրա կարեւորությունը: Մտածում են՝ ի՞նչ տարբերություն կճանաչենք, չենք ճանաչի… Մեր քաղաքականության մեջ երբեւէ իրավունքի ուժն ու նշանակությունը ոչ ոք չի հասկացել: Քաղաքական մեծ անգրագիտություն է, գումարած՝ 1915թ-ի գենոցիդի սինդրոմներ, մեծագույն վախեր… Եվ դա բերել է կոնկրետ քաղաքական սխեմայի՝ իրավունքներից հրաժարվելու քաղաքականության: Այսինքն՝ մարդիկ համոզված են, որ ինչքան շատ իրավունքներից հրաժարվենք, այնքան ավելի անվտանգ կապրենք:

-Ի՞նչ կտար Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը:

-Ճանաչումը եւ դրա ռեալ ապահովումը Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է դարձնում, վեճի առարկա: Ֆիքսվում է, որ պետություններն ունեն տարաձայնություն այս հարցում: Խնդրի էությունն է փոխվում եւ դրա շուրջ միջազգային դիրքորոշումները:

-Ապրիլյան պատերազմից հետո «հողերի զիջման» հարցն առաջ քաշվեց: Եթե ընդունենք անգամ, որ դա դրսի ուժերից է պարտադրվում Հայաստանին, ինչու՞ մեր իշխանությունները չեն օգտվում հասարակական ընդվզման ռեսուրսից. ի վերջո, եթե 100.000 մարդ դուրս գա փողոց ու ասի, որ դեմ է տարածքների հանձնմանը, Հայաստանը դա կարող է որպես խաղաթուղթ օգտագործել միջազգային հանրության մոտ:

-Բայց ու՞մ ներկայացնեն: Գնում ես հովանավորի մոտ, ասում ես՝ մեր ժողովուրդը չի ուզում հողեր հանձնել: Նա էլ ասում է՝ «Գնա այնտեղ անկյուն կանգնիր: Ժողովուրդս ո՞րն է, այդ երբվանի՞ց են ժողովուրդները հարցեր որոշում: Չէ՝ գնացեք էդտեղից, մենք ուրիշ մարդ կնշանակենք»: Ի՞նչ ժողվուրդ, եթե դու քաղաքականություն չես վարում:

«Քաղաքականությունը պայքար է իրավունքների համար»

-Լեռնային Ղարաբաղն ինչո՞ւ դուրս մղվեց բանակցություններիից:

-Որովհետեւ մարդիկ չեն հասկացել, թե ինչ է նշանակում սուբյեկտ, ինչ է նշանակում՝ իրավունք… Մարդիկ չեն հասկանում, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, որ քաղաքականությունը՝ լինի թաղամասի քրեական աշխարհում թե միջազգային հարթակներում, պայքար է իրավունքների համար:

-Ինչո՞ւ հիմա քայլեր չեն արվում Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու համար:

-Ո՞վ պետք է անի, եթե նույն մարդիկ են: Այսօր նախագահի պաշտոնում նստած է մարդ, որը 94թ-ին ստորագրել է առաջին փաստաթղթերը: Ոչ մի նոր մարդ չկա, բոլորը նույն մտածողության մարդիկ են՝ որ պետք է լավ հովանավոր ունենալ, հովանավորին վաճառել ինչ-որ բաներ, որ ինքը մեզ զենք տա, որ չթողնի մեզ կոտորեն… 25 տարի նույն հոգեբանությունն է:

«Ահա թե ինչ է նշանակում սուվերենություն, իրավունք. երբ գալիս խոսում են քեզ հետ»

-Ի՞նչ կտար Լեռնային Ղարաբաղի «վերադարձը»:

-91թ-ին, երբ Հայաստանն անկախություն հայտարարեց Սովետական Հայաստանի սահմաններում, Լեռնային Ղարաբաղը ստիպված անկախություն հայտարարեց, ձեւավորվեց առաջին պառլամենտը… Չանցած 10 օր, ամբողջ աշխարհի ներկայացուցիչները եկան՝ առաջինը եկավ հարեւան Իրանի արտգործնախարարը, հետո Ռուսաստանի արտգործնախարարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը, Մինսկի խումբը… Ահա թե ինչ է նշանակում սուվերենություն, իրավունք: Երբ գալիս քեզ հետ խոսում են: Բայց երբ դու հրաժարվում ես դրանից, դու ընդամենը տարածք ես դառնում, ուրիշ խնդիրների կցորդ:

«Այն, ինչը մենք տվել ենք, պետք է հատ-հատ հետ վերցնենք»

-Տարիներ շարունակ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվում: Միգուցե դրանք սպառե՞լ են իրենց, գուցե այլ մոտեցումնե՞ր են անհրաժեշտ:

-Վաղուց է պետք: Ընդհանրապես ամբողղջ այս պայքարը պետք է լինի իրավունքները վերադարձնելու համար: Այն, ինչը մենք տվել ենք, պետք է հատ-հատ հետ վերցնենք՝ օգտվելով մեր դաշնակիցներից, միջազգային դիրքորոշումներից… Եթե դու քաղաքականություն ես վարում, ամեն ինչ ռեսուրս է, եթե ոչ՝ աստիճանաբար ամեն ինչ կորցնում ես:

 

Հարցազրույցը՝ Տաթեւիկ Սարգսյանի


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert